Անգլիայի թագուհու համար պատրաստված "Cartier" վզնոցն ու բրենդի պատմությունը
Գոյություն ունի պարզ և տրամաբանական ճշմարտություն. հռչակավոր բրենդների պատմությունների խորքերում թաքնված են իսկապես հռչակավոր մարդիկ, որոնք, ժամանակին կարողանալով ճիշտ համադրել իրենց բնածին տաղանդը, խելքը և աշխատասիրությունը, հասան հաջողության: Այնպիսի հաջողության, որն իրենց մահից տասնամյակներ ու նույնիսկ հարյուրամյակներ անց էլ շարունակում է ուղեկցել իրենց ստեղծած բրենդին: Այդ մարդկանցից է Լուի Ժոզեֆ Կարտիեն՝ արքաների ոսկերիչը և ոսկերիչների արքան: Տաղանդավոր ոսկեգործին հենց այսպես է մեծարել Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ը Կարտիեի մշտական հաճախորդը և ընկերը:
Իսկ ամեն ինչ սկսվեց 1819 թվականին, երբ համեստ արհեստավորի ընտանիքում ծնվեց Լուի Ֆրանսուան` Լուի Ժոզեֆ Կարտիեի պապը: Լուի Ֆրանսուայի նկարչական ընդունակությունները դրսևորվեցին բավական վաղ, և նրա հայրը հույսը կտրեց, որ Լուին իրեն կփոխարինի արհեստանոցում: Լուիի առաջին ուսուցիչն էր ֆրանսիացի հայտնի ոսկերիչ Ադոլֆ Պիկարը: Նա Լուիին փոխանցեց իր բոլոր գիտելիքները, իսկ հետագայում նաև նրան վաճառեց իր արհեստանոցը: Բայց բիզնեսում հաջողության հասնելու համար բավական չէ տաղանդավոր նկարիչ լինելը, պետք է նաև օժտված լինել կոմերցիոն հոտառությամբ, ձեռնարկատիրական հզոր ներուժով: Այս բոլոր հատկանիշները բնորոշ էին Լուի Ֆրանսուային: Հասկանալով, որ ոսկերչի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է հարուստ հաճախորդներով՝ նա 1853-ին Փարիզի էլիտար փողոցներից մեկի՝ Նյով դե Պտի Շանի վրա բացում է նոր արհեստանոց: Շուտով Լուի Ֆրանսուայի հաճախորդն է դառնում Նապոլեոն Բոնապարտի զարմուհին: Լուին ճանաչում է ձեռք բերում Ֆրանսիայի վերնախավում: Եվ այդ ճանաչումը, ինչպես նաև Լուի Ֆրանսուայի հարստությունը, սկսում է օր օրի ավելանալ: Կարտիեի հաջողությունն ամենևին էլ պատահական չէր: Նկարչական բնատուր տաղանդով օժտված մարդ լինելով՝ նա չէր ընկրկում նորամուծությունների առջև, կարողանում էր զարմանալիորեն համադրել այնպիսի ոճեր, որոնք այդ ժամանակ համարվում էին անհամադրելի: Եվ սրա շնորհիվ էր, որ յուրաքանչյուր զարդ նրա ձեռքերում դառնում էր ոսկերչական արվեստի գլուխգործոց: Լուի Ֆրանսուան իր ամբողջ կյանքի գործը 1874 թվականին փոխանցում է որդուն՝ Ալֆրեդ Կարտիեին: Ալֆրեդն ընկերության ղեկավարումը ստանձնում է բավական դժվար ժամանակաշրջանում՝ Ֆրանսիայի երրորդ հանրապետության հռչակման օրերին, և հսկայական ջանքերի շնորհիվ է կարողանում պահպանել ընտանեկան գործը: Եվ 1898 թվականին Դե Լա Պե փողոցի վրա, որտեղ Փարիզի ամենաշքեղ խանութներ էին, բացվում է "Cartier"-ի նոր արհեստանոցը: Սա վկայում էր, որ "Cartier"-ն չէր պատրաստվում երկրի համար նույնիսկ ամենաբարդ ժամանակներում զիջել առաջատարի դիրքը:
"Cartier" ընկերությունը 1902-ին Լոնդոն է ուղարկում Անգլիայի թագուհի Ալեքսանդրայի համար պատրաստված վզնոցը, որն Անգլիայի թագավոր էդուարդ VII-ը պատվիրել էր իր պսակադրության առիթով: Պատրաստված լինելով բարձր օձիքի տեսքով` վզնոցը գրավեց բարձրաշխարհիկ կանանց ուշադրությունը. վզնոցի այս մոդելը հիացմունքի արժանացավ ու մեծ տարածում ստացավ: Սակայն ոչ ոք նույնիսկ գլխի չէր ընկնում, որ Կարտիեն այդպիսի հատուկ ձև էր տվել վզնոցին, որպեսզի այն թաքցներ թագուհու պարանոցի սպին: Հենց այս ժամանակահատվածում բացվում է "Cartier"-ի առաջին արտասահմանյան մասնաճյուղը, որը գլխավորեց Լուի Ժոզեֆ Կարտիեի եղբայր Ժակ Կարտիեն: "Catier"-ն 1904 թվականից դառնում է բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական մատակարարը: Հետագայում ընկերությանը նույն պատվին են արժանացնում 15 թագավորական ընտանիքներ:
Այս ֆիրման շարունակում է հետևել իր մշտական սկզբունքին. «"Cartier"-ից` նշանակում է լավագույնը»: Միայն լավագույն կաշիներից են կարված "Cartier"-ի պայուսակները, միայն լավագույն շվեյցարական մեխանիզմները պատիվ ունեն տեղ զբաղեցնել "Cartier"-ի ժամացույցների մեջ, միայն բնական յուղերի և էսենցիաների բույր են տարածում "Cartier"-ի օծանելիքները:
1996 թվականին` ֆիրմայի հոբելյանի կապակցությամբ, ստեղծվում է "Cartier"-ի նոր հավաքածուն` «Աշխարհի արարումը», որում ոսկերիչներն աշխատել էին ներդնել ողջ այն փորձը, որ իրենք կուտակել էին ֆիրմայի 150 տարիների ընթացքում: Քննադատներն այս հավաքածուն հռչակեցին XX դարի ոսկերչական արվեստ:
"Cartier"-ը ներառում է 14 արտադրակոմերցիոն ֆիրմաներ, որոնք հաջողությամբ շարունակում են Կարտիե ընտանիքի և լեգենդար Լուի Ժոզեֆ Կարտիեի գործը: Ու թեև գործունեությունը զգալի ընդլայնված է, "Cartier"-ն նախկինի պես շարունակում է առաջատար մնալ հենց ոսկերչական արվեստում: Այսօր "Cartier"-ի զարդերը վաճառվում են մոլորակի ավելի քան 5.000 խանութներում: Մեկուկես դար շարունակ ֆիրման ստեղծում է իրեր, որոնք արտահայտում են ժամանակի շունչը: Մինչև այժմ մի աներևույթ, անբացատրելի ուժով "Cartier"-ի զարդերը յուրաքանչյուրին ստիպում են հիանալ իրենցով և երազել իրենց մասին: Հենց այսպիսին է Cartier-ն` մեզ մշտապես ուղեկցող մշտական երազանքը:
Հեղինակ՝ Աստղիկ Աբրահամյան
newmag #07