C'est la vie. Այսպիսին է կյանքը
Երկու հաստաբուն ծառերի արանքում ծվարած Համազգային թատրոնի գտնվելու վայրը մատնում էր ծաղկեպսակների շարասյունը: Բազմագույն ծաղիկներից և ոչ մեկի վրա գույն չկար: Կարծես անձրևը տարած լիներ անորակ ներկաջուրը: Համազգային թատրոնի բակում համազգային խոնարհում էր: Ամեն ինչ՝ սև: Ու հենց այդ մռայլությունն էր, որ ստվերել էր ծաղիկների գույները: Աշնան գետի պես հոսում էր բազմությունը: Սևազգեստ մարդկանց շարժը պղտոր ալիքների էր նման: Թատրոնի դռներն անսանձ գետի անպատեհ պատվար էին հիշեցնում, որ կոտրում է հորձանքի արագությունը: Ում ասես, որ չտեսա: Բարևների տարափի տակ գլուխս սկսեց պտտվել:
Ճիշտ, ինչպես ֆիլմերում, որ գյուղից եկած մեկը հայտնվում է մեգապոլիսի սրտում ու մարդկանց չդադարող ալիքի տակ սկսում պտտվել իր իսկ առանցքի շուրջը:
Մինչև փորձում էի մտաբերել՝ որտեղից եմ հիշում մեկի դեմքը, հայտնվում էր նույնքան ծանոթ մյուսը, ու սկսում էի սևեռվել յուրաքանչյուրի հագուստի՝ ինչ-որ բան հիշեցնող շտրիխների վրա: Ինչպես փրկօղակ, որից կախվում ու ապագադ ես բռնում: Բոլորը մի տեսակ տարիքն առած էին երևում: Նույնիսկ անկնճիռ կանայք: Ողջագուրվում էին, ինչպես Հավլաբարում: Թևթևակի խոնարհվում ու շրթունքների ժուժկալ պրկումով ժպտում էին: Գալիս էին մեկական, խմբով, իրար թևանցուկ, ձեռք ձեռքի բռնած: Էքսցենտրիկ արդուզարդը միանգամից վկայում էր, որ աղջիկները դերասաններ էին՝ Սոս Սարգսյանի ուսանողները գուցե: Ծառս լինող երիվարների պես մեկ էլ մարդիկ կանգ էին առնում. ինչ-որ մեկը հանդիպել էր տասը տարի չտեսած կուրսեցուն կամ խաղընկերոջը: Իրար շոյող խոսքերով ողջագուրվում էին. «Չհիշեցի՞ր. Հասմիկն է: Բայց չես փոխվել, Գուրգե՛ն, հայացքդ նույնն է, աչքերիդ արտահայտությունը՝ նույնպես»: Հարցականով ու կոկետ պատասխանն ակնկալելի էր. «Մի քիչ ծերացել եմ, չէ՞»: Նախորդ հետիոտնին հազիվ տեղը բերած սևազգեստ ու հախուռն մտքերի մեջ գլխահակ հայացքով կինը միանգամից ճանաչում է դեմ դիմաց կանգնած տղամարդուն: Գրկախառնվում են: «Նիհարել ես»,- առաջին արձագանքն է: Կինը հեռանում է: Տղամարդը բամբասում է. «Չի էլ ամաչում, թողեց-գնաց Ամերիկա, հիմա համ էնտեղից ա թոշակ ստանում, համ էստեղից»:
Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ այդ լայնիրան, բարձրահասակ, էժան, բայց հակառակը փաստելու հավակնությամբ կոստյումով և կանանց վրայով խայտուն աչքերը սահեցնող տղամարդն էլ հնարավորության դեպքում կվազեր բոլոր երկրների թոշակների ետևից: Բայց նրան բախտ չի վիճակվել:
Նա շարունակեց խոսել ու խոսել սևազգեստ տիկնոջ ետևից` մեծ ուրախությամբ չտեղավորվելով տղամարդուն վայել լակոնիզմի սահմաններում: Տիկինը կորավ բազմության մեջ, իսկ տղամարդուն ինքս կորցրի:
... Արևը փայլում էր, բայց չէր ջերմացնում: Համատարած սևն արտացոլվում էր երկնքում ու, ինչպես արցունքոտ թուխպերը, խեղդում լուրթ պարանոցը:
Ո՞վ կմտածեր, որ այդ անամոք սևից քեզ կարող էին շեղել հավաքարարները: Անպատեհ վառ նարնջագույն ու պայծառ կանաչ գույներով ճողփացող համազգեստը բոլորի անորոշ ու թափառող հայացքների համար հարմար կանգառ էր: Նրանք նստած էին դիմացի շենքի մուտքի եզրաքարերին ու տնտղում էին անցնող-դարձողներին: Նրանք առանձին էին, կատարվածը նրանցից հեռու էր, նրանք այդ հոգեհանգստի դիտորդներն էին և ոչ մասնակիցը: Արմունկով իրար թևթևակի հրում ու ինչ-որ մեկին էին ցույց տալիս, քրթմնջում էին իրար ականջի, զսպված ծիծաղում: Ճանապարհային նշանի պես բոցկլտացող իրենց հագուստը սգակիրներին գոնե մեկ անգամ իրենց անտարբերությունը տեսնելու հնարավորություն էր տալիս: Հերթը հասնողի բնազդով ու մարդկանց ճնշման տակ մտա թատրոն: Երկար միջանցքներն ուրվագծող վառ մոմերը կորուստ էին բուրում: Մի կողմից` ժամանում, մյուսից հեռանում էին սգադեմ հյուրերը: Նրանց մեջ շատ պաշտոնյաներ կային: Նաև նախկին:
Ու հենց նրանք էին ճանապարհի կեսին մոռանում, թե ինչի համար են սև հագել, երբ հանդիպում էին գործող մեկին:
Մարդկային հոսքն ուղղորդող սև թավշե հյուսքանման պարանների երկու կողմերից բարևի ձեռքեր էին մեկնվում: Այդ ողջույնը, իհարկե, բարևով չէր ավարտվում: Հազիվ առիթ էր նախկին պաշտոնի նոր ձգտումների համար: Թատրոնի հենասյան պես` բեմին վեհ նիրհում էր Սոս Սարգսյանը: Դեմքը խաղաղ էր ու հագեցած: Անցա գլխահակ, ափսոսանքով աղոթեցի հոգու խաղաղության համար ու առջևիցս գնացողի հետքերով դուրս եկա շենքից: Շտապեցի տիկնիկային թատրոն: 15 րոպեից սկսվելու էր Նարեկ Դուրյանի բեմադրած «Սե լա վի» ներկայացումը: Նախապես էինք գնել տոմսը` վարպետի մահից առաջ: Ներկայացումն ավարտեցինք կրկնակի ծափերով: Վերջինը հրաժեշտի ու երախտիքի ծափեր էին: Նահապետի համար: C'est la vie.
Հեղինակ՝ Արփի Հարությունյան
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)