Սեքսի, մամուլի ու Աստծո մասին. Չառլզ Բուկովսկու հարցազրույցը Շոն Պենին
Բարերի մասին
Վերջ բարերին, կուշտ եմ: Հանեք դրանք իմ գործերի ցանկից: Հիմա, երբ բար եմ գնում, սիրտս խառնում է, դռնից ներս եմ մտնում ու սկսում եմ փսխել: Ես շատ բարերում եմ եղել, չափից դուրս շատ: Հասկանո՞ւմ ես, էդ ամենը լավ է, եթե երիտասարդ ես: Երբ քեզ դուր է գալիս բռունցք թափ տալ ինչ-որ մեկի վրա, քեզ մաչոյի տեղ դնել` փորձելով մի անբարոյականի կպցել: Իմ տարիքում այդ ամենն էլ պետք չէ: Հիմա ես բար եմ մտնում միզելու համար: Չափազանց շատ տարիներ եմ ես այնտեղ անցկացրել:
Ալկոհոլի մասին
Ալկոհոլը հավանաբար Երկրի վրա գոյություն ունեցող ամենալավ բաներից է, և մենք երկուսս վատ հարաբերությունների մեջ չենք: Այն կործանիչ է շատեի համար, բայց ոչ` իմ: Այն ամենը, ինչ ստեղծում եմ, անում եմ, երբ հարբած եմ: Անգամ կանանց հետ: Գիտե՞ս, ես միշտ զուսպ եմ եղել սեքսի հարցում, բայց ալկոհոլը թույլ է տալիս ավելի ազատ լինել, սեքսուալ առումով ազատ: Թեթևացնող է, որովհետև ես, ընդհանուր առմամբ, նուրբ եմ ու ինքնամփոփ: Ալկոհոլը թույլ է տալիս լինել այնպիսի հերոս, որը լայնաքայլ անցնում է ժամանակի ու տարածության միջով` անելով այդ բոլոր հերոսական գործերը... Այնպես որ, այո, ես սիրում եմ այն:
Ծխելու մասին
Սիրում եմ ծխել: Ալկոհոլն ու ծխախոտը հավասարակշռում են իրար: Ծխում եմ, որ արթնանամ հարբեցողությունից, և գիտե՞ս` այնքան եմ ծխում, որ ձեռքերիս երկու ափերն էլ դեղնում են: Տեսնո՞ւմ ես` կարծես ձեռնոց դրած լինեմ... Գրեթե շագանակագույն են... Ու այդ ժամանակ ասում ես. «Գրողը տանի, ինչի՜ են նման իմ թոքերը: Աստված իմ»:
Կռիվների մասին
Ամենահաճելին, երբ կոտրում ես մեկի մռութը, որին չէիր էլ ուզում խփել: Մի անգամ նման մեկի հետ գործ ունեցել եմ: Նա ինձ վատ բաներ ասեց: Ես էլ, թե «Օքեյ, արի դուրս գանք»: Ոչ մի խնդիր չեղավ, հեշտությամբ գետնին փռեցի: Թպրտում էր` կոտրված քթով. «Սատանան տանի, դու դանդաղ էիր շարժվում, մտածեցի` հարցերդ հեշտությամբ կլուծեմ, ու երբ սկսվեց էս կռիվը, ձեռքերդ չհասցրեցի տեսնել, այնքան արագ էիր շարժվում: Ի՞նչ պատահեց»: Պատասխանեցի. «Չգիտեմ, ախպերս, ամեն ինչ սովորականի պես էր»:
Կատուների մասին
Լավ է շուրջը կատուների մի մեծ խումբ ունենալ: Եթե վատ ես զգում, նայիր կատուներին, ինքնազգացողությունդ կլավանա, որովհետև նրանք ամեն ինչ գիտեն: Գիտեն ամենն, ինչ կա իրականում: Նրանց ոչնչով չես զարմացնի: Նրանք ուղղակի գիտեն: Նրանք փրկիչներ են: Որքան շատ կատու ունես, այդքան երկար կապերս: Եթե 100 կատու ունես, տասն անգամ երկար կապրես: Մի օր այդ փաստը կբացահայտվի, ու մարդիկ սկսեն հազարներով կատուներ պահել և ապրել հավերժ: Դա իրոք որ ծիծաղելի է:
Կանանց ու սեքսի մասին
Կանայք... Մի երկու բառ ես ասում, ձեռքից քաշում. «Գնացինք, փոքրիկս», տանում ննջասենյակ... Ու նրանք գալիս են: Մի անգամ ընկնելով այդ ռիթմի մեջ` պետք է շարունակես շարժվել: Ջահելս, մեր շուրջն այնքա՜ն շատ միայնակ կանայք կան: Նրանք լավ տեսք ունեն, ուղղակի պետք է շփվել հետները: Նրանք նստած են այդպես մենակ, գնում են աշխատանքի, գալիս են աշխատանքից… Նրանց համար մեծ բան է, որ մի տղա լինի` նստի իրենց կողքին, խմի ու զրուցի. ահա հաճույքը: Այո, ամեն ինչ զիլ էր… ես էլ էի երջանիկ: Ժամանակակից կանայք գրպաններդ չեն ծակի, մոռացիր էդ մասին: Ես նրանց անվանում եմ կարելու խուլիգաններ: Միշտ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես պետք է, երբ թռնում ես նրանց վրայից: Ու լսիր, երբ անցնում ես էս ամբողջ պատմության միջով… մոռացիր դա: Ես դուրս եմ գալիս, նստում եմ մեքենան ու հեռանում` ուր պատահի: Մի գավաթ սուրճ եմ պատվիրում` որտեղ պատահի: Ամեն ինչ, բացի ևս մի կնոջից: Ենթադրում եմ նրանք միայն արտաքինով են տարբերվում, հը՞: Հիստերիան սկսվում է… Նրանք քանդված են: Դու հեռանում ես, նրանք չեն հասկանում. «Ո՞ւր ես պատրատսվում գնալ»: «Փոքրիկս, ես պոռնկանոց կփնտրեմ մի ուրիշ տեղ»: Նրանք կարծում են` ես կնատյաց եմ, բայց` ոչ: Դրանք միայն բամբասանքներ են: Նրանք միայն լսել են` իբր Բուկովսկին շովինիստ խոզ է, բայց նրանք զլանում են ստուգել սկզբնաղբյուրը: Իհարկե, երբեմն ես նրանց ոչ լավ կողմով եմ երևում, բայց այդպես վարվում եմ նաև տղամարդկանց հետ: Ես ինքնս ինձ հետ էլ եմ այդպես վարվում: Եթե մտածում եմ` էս ինչ բանը *** է, հենց էդպես էլ ասում եմ: Կապ չունի` դիմացս կի՞ն է, տղամա՞րդ, թե՞ երեխա: Կանայք այնքան նեղացկոտ են. կարծում են` յուրահատուկ են: Դա է նրանց խնդիրը:
«Առաջին անգամ»
Առաջին անգամն ամենից տարօրինակն էր: Նա ինձ սովորեցրեց այդ ամբողջ կեղտող հնարքները: … Ինձ դուր է գալիս նրանց հաճույք պատճառել, բայց… Լսիր, այդ ամենը գերագնահատված է: Սեքսը մեծագույն բան է, եթե ուրիշ ոչինչ չկա զբաղվելու:
Ստեղծագործելու մասին
Մի պատմվածք եմ գրել մեկի մասին, որը բռնաբարում է փոքրիկ աղջկա: Դրա համար մարդիկ մեղադրում են ինձ: Մի անգամ հարցրեցին. «Ձեզ դո՞ւր է գալիս փոքրիկ աղջնակների բռնաբարել»: «Իհարկե` ոչ: Ես լուսանկարում եմ կյանքը»: Ես խնդիրներ եմ ունեցել իմ շատ ստեղծագործությունների պատճառով: Մի կողմից` դրա շնորհիվ են վաճառվում, բայց մյուս կողմից էլ, երբ ես գրում եմ, գրում եմ ինձ համար… (Ծխախոտն է ներս քաշում): Սիրում եմ այս բանն անել: Քաշելն իմն է, մոխիրը` մոխրամանինը: Երբեք ցերեկը չեմ գրում: Դա նման է նրան, որ մերկ վազես խանութով: Բոլորը կարող են տեսնել քեզ: Իսկ գիշերը… այդ ժամանակ կարող ես աճպարարել:
Պոեզիայի մասին
Ես միշտ հիշում եմ միջնակարգ դպրոցը. բոլորը սկսում էին հրհռալ ու ծաղրել, երբ հնչում էին «պոետ» կամ «պոեզիա» բառերը: Եվ ես կարող եմ բացատրել ինչու: Որովհետև պոեզիան կեղծիք է: Այն չափազանց գերագնահատված է: Հնոտիք է: Գրեթե բոլոր բանաստեղծությունները հիմարություն են: Փչոցի, կրկնօրինակում: Բայց սխալ մի´ հասկացիր ինձ, եղել են մի քանի լավ պոետներ: Նրանցից մեկը չինացի է, անունը` Լի Պո: Նա կարող էր շատ զգացմունք, իրականություն և փորձառություն դնել 4 տողում, երբ շատ պոետներ դրա համար խզբզում են 12-14 տող: Ու նա էլ էր գինի խմում: Նա իր բանաստեղծությունները խարույկի էր տալիս, գցում գետն ու գինի խմում: Կայսրերը սիրում էին նրան, նրանք հասկանում էին` ինչ է նա գրում… Իհարկե, նա այրում էր միայն վատ բանաստեղծությունները (ծիծաղում է): Ի՞նչ եմ ես փորձում անել: Ներողություն եմ խնդրում: Փորձում եմ մի կտոր կյանք ներարկել գործարանի աշխատավորներին… Այն, ինչ շատ քիչ է պատահում բանաստեղծություններում: Այդպես էլ գրիր` ինչ ասում եմ. պոեզիան զիբիլ է, ամոթալի բան:
Սելինի մասին
Առաջին անագամ Սելինին կարդացի անկողնում պառկած, մի մեծ տուփ «Ռից» կրեկեր գրկած: Սկսեցի կարդալ ու ուտել կրեկեր, ու ծիծաղում էի, ու ուտում կրեկերը: Ամբողջ վեպը միանգամից կարդացի` դատարկելով «Ռիցի» տուփը: Ու փորձեցի վեր կենալ, ջուր վերցնել: Պետք է տեսնեիր այդ տեսարանը` չէի կարողանում շարժվել: Ահա թե ինչ է անում քեզ հետ լավ գրողը: Նա չարի պես մոտ է վերջդ տալու համար… Չնայած, վատերի դեպքում էլ նույնն է:
Շեքսպիրի մասին
Նա անընթեռնելի է ու էլի գերագնահատված: Բայց մարդիկ չեն ուզում էդ մասին լսել: Հասկանո՞ւմ ես, չես կարող «սրբությանը դիպչել»: Շեքսպիրին բերել են դարերի միջով: Կարող ես ասել. «Այ էն շան տղեն ոջլոտ դերասան է», բայց չես կարող ասել` Շեքսպիրը զիբիլ է: Եթե մի բան գոյություն ունի դարերով, ապա էդ բոլոր սնոբները բուսնում են դրա կողքին: Երբ սնոբները զգում են, որ ինչ-որ բան պաշտպանված է` կպչում են դրան: Ու երբ նրանց ճշմարտությունն ես ասում, վախենում են: Չեն կարող դա տանել: Դու հարձակվում ես նրանց մտածողության վրա: Տհաճ է:
Հումորի ու մահվան մասին
Վերջին լավ հումորիստը մի տղա էր` Ջեյմս Թյորբեր անունով: Նրա հումորն այնքան զիլ է, որ նրան ուղղակի անտեսեցին: Հիմա նրա նմաններին անվանում են բոլոր ժամանակների հոգեվերլուծաբան: Թյորբերից բացի ուրիշ մեկին չեմ կարող մտաբերել: Նրա հումորն այնքան ռեալ էր, որ ծիծաղից մեռնում էիր: Ու ես նրանից ինչ-որ բան ունեմ: Այն, ինչ կա իմ մեջ, չեմ կարող իսկական հումոր համարել: Կարող եմ ասել` հետաքրքիր սրամտություն է: Ես գրեթե տարված եմ դրանով: Կապ չունի ինչ է, ինձ համար ծիծաղելի է: Համարյա ամեն ինչ ծիծաղելի է: Մենք ամեն օր արտաթորում ենք, ծիծաղելի է: Չէ՞: Մենք միզում ենք, ուտում, մեր ականջներում կեղտ է հավաքվում, մազերը յուղոտվում են: Մենք պետք է խաչենք մեզ: Իրոք, զզվելի է ու հիմարություն, չէ՞: Ու կրծքներն էլ անպետք են, անպետք… Գիտես, մենք հրեշավոր ենք: Եթե հասկանանք դա, կկարողանանք սիրել ինքներս մեզ… Հասկացիր, ինչ անհեթեթ ենք` ամենուր թափթփված մեր աղիքներով, որոնցով կեղտ է հոսում այն պահին, երբ նայում ենք իրար աչքերի մեջ ու ասում «Ես քեզ սիրում եմ»: Ամեն ինչ մեր ներսում քարանում է, վերածվում կեղտի, բայց մենք երբեք գազ բաց չենք թողնի, երբ իրար հետ ենք: Ծիծաղելի է: Եվ հետո մենք մեռնում ենք: Բայց մահը արժանի չէ մեզ: Այն ոչ մի ապացույց չի ներկայացնում, մենք ենք ապացույցներ առաջ քաշում: Իսկ ծնունդը: Մենք արժանի՞ ենք կյանքի: Իրականում ոչ, սակայն պինդ ենք նստել կեղտի մեջ… Ինձ դա վրդովեցնում է: Ինձ վրդովեցնում է մահը: Ինձ վրդովեցնում է կյանքը: Ես վրդովվում եմ, որ այդ երկուսի արանքում եմ: Գիտե՞ս, քանի անգամ եմ փորձել ինքնասպան լինել (Լինդան հարցնում է` «Փորձե՞լ ես»): Մի շտապեցրու ինձ, դեռ 66 տարեկան եմ, ու դեռ աշխատում եմ: Երբ ինքնասպանի բարդույթ ունես, քեզ ոչինչ չի անհանգստացնում… Միայն չշեղվես ճանապարհից: Այսպես թե այնպես, բայց ինձ անհանգստացնում է: Ինչո՞ւ: Որովհետև դրա համար օգտագործում ես խելքդ, ոչ թե սիրտդ:
Մարդկանց մասին
Ես շատ չեմ նայում մարդկանց: Խանգարում է: Եթե երկար նայես մեկին, սկսում ես նմանվել նրան: Մարդիկ… Մեծ հաշվով կարող եմ առանց նրանց էլ յոլա գնալ: Նրանք դատարկում են ինձ, ոչ թե հակառակը: Ես ոչ մի մարդու նկատմամբ հարգանք չեմ տածում: Դրա պատճառով խնդիրներ եմ ունենում... Ստում եմ, բայց հավատա ինձ` դա ճշմարտություն է:
Փառքի մասին
Կործանիչ է: Պոռնիկ քած է: Ինձ բաժին է հասել ամենաքաղցր փառքը: Ես հայտնի եմ Եվրոպայում և անհայտ` այստեղ: Բախտավոր եմ: Փառքը իրապես սարսափելի է: Այն չափում է քեզ համընդհանուր չափիչներով, ու դրանից ուղեղը ավելի ցածր մակարդակով է սկսում աշխատել: Բանի պետք չէ: Լսարանն ընտրելն ավելի լավ է:
Միայնության մասին
Ես երեբք մենակ չեմ եղել: Պատահել է, որ սենյակում նստած մահու չափ վատ եմ զգացել, դեպրեսիայի մեջ եմ եղել, բայց երբեք մտքիս չի եկել, թե ինչ-որ մեկը կարող է դռնից ներս մտնել ու օգնել ինձ: Այլ կերպ ասած` միայնությունը մի բան է, որ ինձ որպես այդպիսին եբրեք չի անհանգստացրել, որովհետև ես միշտ զգում եմ այդ միայնության սարսափելի մարմաջը: Այն զգացվում է երեկույթի ժամանակ, ուրախ մարդկանցով լի մարզադաշտում, այնպես որ այնտեղ էլ մենակ եմ զգում: Իբսենին մեջբերեմ` «Ամենաուժեղը միշտ ամենից միայնակն է»: Դե գիտես` ինչպես է մարդկանց մոտ « Վաու, ուրբաթ երեկո է, իսկ դու ի՞նչ ես անում: Ուղղակի նստո՞ւմ ես այստեղ»: Այո: Որովհետև դրսում ոչինչ չկա: Միայն հիմարություն: Հիմար մարդիկ հավաքվում են հիմար մարդկանց հետ: Թող որ հիմարանան իրենք իրենցով: Երբեք չեմ ցանկացել երեկոյան ինչ-որ տեղ գնալ: Ես թաքնվել եմ բարերում, որովհետև չէի ուզում թաքնվել գործարաններում: Ես սիրում եմ ինձ: Ես ամենալավ զվարճանքն եմ, որ ունեմ: Եկեք ավելի շատ գինի խմենք:
Գեղեցկության մասին
Չկա գեղեցկություն ասվածը, հատկապես մարդկային դեմքի պարագայում, այն որ մենք անվանում ենք ֆիզիոնոմիա: Իբր, եթե քիթը շատ երկար չէ, ճակատը նորմալ է, եթե ականջները մեծ չեն, եթե մազերը երկար են... Դա համընդհանրացման միրաժ է: Մարդիկ մտածում են` որոշ դեմքեր գեղեցիկ են: Բայց այդպիսին չեն, մաթեամտիկորեն հավասար են զրոյի: Իրական գեղեցկությունը, իհարկե բխում է բնավորությունից: Այնքան կանանց եմ ասել, թե գեղեցիկ են... Սարսափելի է, նրանք ափսեի տեսք ունեին:
Մամուլի մասին
Ես նրանցից եմ, ում վրա սիրում են հարձակվել` «Բուկովսկին նողկալի է»,- դա զվաճացնում է ինձ: «Նա վատ գրող է», ես ժպտում եմ: Ինձ դուր է գալիս, կարծես սնվում եմ դրանցով: Մի օր մեկն ասեց` գիտե՞ս, քեզ դասավանդում են էսինչ քոլեջում, թե համալսարանում: Ծնոտս կախվեց: Չգիտեմ... Այդքան տարածված լինել` սարսափելի է: Զգում ես, որ ինչ-որ բան այն չես արել: Ես հաճույք եմ ստանում վատ բաներից, որ ասվում են իմ հասցեին: Դա մեծացնում է վաճառքը և բարկացնում ինձ:
Քաջության մասին
Այսպես կոչված խիզախ մարդիկ զուրկ են երևակայությունից: Նրանք չեն կարող պատկերացնել` ինչ կլինի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Իսկական քաջությունը ճնշում է երևակայությունը և ստիպում է անել այն, ինչ պետք է անել:
Վախի մասին
Ես ոչինչ չգիտեմ այդ մասին (Ծիծաղում է):
Աստծուն հավատալու մասին
Հավատը լավ բան է նրանց համար, ովքեր ունեն դա: Միայն թե պետք չէ ինձ ծանրաբեռնել դրանով: Ես իմ ջրագծի վարպետին ավելի շատ եմ հավատում, քան հավերժական կյանքին: Ջրմուղները լավ աշխատանք ունեն, նրանք նպաստում են կեղտահոսքին:
Ցինիզմի մասին
Ինձ միշտ մեղադրել են ցինիզմի համար: Կարծում եմ` ցինիզմը նման է թթված խաղողի: Թուլություն է, որ քեզ պահում է, որ հաղթահարես այն, ինչ տեղի է ունենում այս պահին: Այո, ցինիզմը որոշակի թուլություն է, ինչպես լավատեսությունը: Արևը շողում է, ճնճղուկները երգում են, ի՜նչ հրաշալի է: Սա նույնպես հիմարություն է: Իրականությունն ինչ-որ տեղ մեջտեղում է: Ինչ կա` այն կա: Այնպես որ, եթե պատրաստ չես սա ընդունել, վատ են գործերդ, ախպերս:
Հարցազրույցի մասին
Շփոթեցնող է, կարծես ձեռքերիցդ բռնել են: Այնպես որ, ես երբեք չեմ ասում ամբողջ ճշմարտությունը: Սիրում եմ մի քիչ խաղալ ու կատակել, մի քիչ էլ դեզինֆորմացիա եմ տալիս, որ ավելի ուրախանամ ու ցնդաբանություններ դուրս տամ: Եթե ուզում եք ճանաչել ինձ, մի´ կարդացեք իմ հարցազրույցները: Սա էլ: