BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Քիմիական ռեակցիա Սիրիայում. ինչո՞ւ ԱՄՆ-ը ռմբակոծեց

Քիմիական ռեակցիա Սիրիայում. ինչո՞ւ ԱՄՆ-ը ռմբակոծեց սիրիական ավիաբազան և ինչ է սպասվում հիմա Ասադին

Հրթիռային հարվածից հետո ԱՄՆ մտադրությունները պարզվեցին: Հիմա քայլը Ռուսաստանին ու Իրանին է: Ի՞նչ կանեն նրանք: Սկսվում է նոր առևտուրը: Ակնհայտ է, որ որևէ մեկին օբյեկտիվ քննությունը չի հետաքրքրում: Ճիշտ այնպես, ինչպես նախորդ դեպքերում:
ԱՄՆ-ն ավելի քան հիսուն հրթիռ է արձակել Հոմս նահանգում գտնվող սիրիական բանակի ավիաբազայի վրա: Դա Նահանգների պատասխանն էր կառավարական բանակին, որը ապրիլի 4-ին քիմիական հարձակում էր կատարել Ջեբհաթ ան-Նուսրա  զինված խմբավորման վերահսկողության տակ գտնվող Իդլիբի վրա: Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) քննություն է սկսել: ԱՄՆ-ը չի կասկածում, որ խաղաղ բնակչության դեմ հարձակումն իրականացրել է սիրիական բանակը: Ռուսաստանը փորձում է քողարկել փաստերը՝ Դամասկոսին պաշտպանելու համար: Պուտինը ԱՄՆ գործողությունները որակում է «ագրեսիա ու միջազգային իրավունքի խախտում՝ մտացածին պատրվակով»: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Սաուդյան Արաբիան կիսում են Վաշինգտոնի տեսակետը:
Ամերիկյան ավիահարվածը հասցվել է ՄԱԿ-ի ԱԽ-ում անարդյունք խորհրդակցությունից կես ժամ անց: Ռուսաստանը դեմ է եղել անգլո-ամերիկա-ֆրանսիական բանաձևին: Թրամփը համբերություն չունեցավ սպասել դիվանագետական բանակցությունների ավարտին:
Ավիահարվածը կլինի միա՞կը, թե՞ Թրամփը մտադիր է Ասադի դեմ սկսել լայնածավալ գործողություն: Թվում է իրավիճակը կրկնվում է, ճիշտ այնպես, ինչպես 4 տարի առաջ Իրաքում. քիմիական հարձակում, որի զոհ դարձան տասնյակ խաղաղ բնակիչներ: Ի՞նչ է սպասվում Ասադին, այն, ինչ Սադամ Հուսեյնի՞ն. առանց ՄԱԿ-ի ԱԽ հավանության՝ ռազմական ուղղակի միջամտություն: Այն ժամանակ Ռուսաստանը գտավ ճգնաժամից դուրս գալու փոխզիջումային որոշում:
Հիմա իրավիճակը նորից նույն է, հարցը՝ նույնպես. ռազմական միջամտություն: Տարօրինակն է, որ Սիրիական հարցը սրվում է ճիշտ այն պահին, երբ թվում էր, թե միջազգային հանրությունը համախմբված պայքարում է ահաբեկչության դեմ:

Ինչ տեղի ունեցավ


Ամեն ինչ սկսվեց Reuters-ի հաղորդագրությունից, որը հղում անելով Լոնդոնում տեղակայված The Syrian Observatory for Human Rights-ին, նշվում էր, որ Իդլիբի շրջանը հայտնվել է սիրիական ու ռուսական ռազմական ինքնաթիռների հարվածի տակ. զոհվել է մոտ 60 մարդ, այդ թվում 11 երեխա. կիրառվել է «թունավոր գազ»:
Սկզբում ռուսական և սիրիական զինվորականները հերքեցին իրենց մասնակցությունը կատարվածին, սակայն ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ավիահարվածը հասցրել է սիրիական ավիացիան: Ռուսական տվյալներով, ոչնչացվել են գրոհայինների թունավոր նյութերի արտադրամասեր, որոնց արտադրանքն ուղարկվում էր Իրաք և որոնք օգտագործվել են Հալեպում:
Ավելի, Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ առաջին գրոհը եղել է առավոտյան ժամը 6-ին: Այն դեպքում, երբ սիրիական ռազմաօդային ուժերը հարձակվել էին ժամը 11:30-ին: Պաշտոնական Դամասկոսը և Մոսկվան հերքում են քիմիական զենքի օգտագործման փաստը:
Իրականում ի՞նչ է եղել առավոտյան 6-ին: Ո՞վ է պատասխանատու այդ հարձակման համար: Թերևս, որևէ աղբյուրին վստահել չի կարելի, անգամ՝ The Syrian Observatory for Human Rights-ին, որը տվյալները միշտ ընդդիմության օգտին են: Սակայն սա չի նշանակում, որ հարձակում չի եղել ու զոհեր էլ չեն եղել: Վկաները պնդում են, որ տեսել են, թե ինքնաթիռներից ինչպես են ռումբեր թափվել, որից հետո շենքից դեղին ծուխ էբարձրացել: Նրանք, ովքեր մոտակայքում են եղել, սկսել են խեղդվել: Ըստ որոշ աղբյուրների, զոհերի թիվը հասնում է մինչև 100:
Սա քիմիական զենքի կիրառման արդյուքում այդչափ շատ զոհեր գրանցած երկրորդ դեպքն է:
2013-ի օգոստոսի 21-ին արևմտյան և արաբական հեռուստաալիքները հայտնեցին  Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական գրոհի մասին, որից հետո ԱՄՆ նախագահ Օբաման Սենատին ու Ներկայացուցիչների պալատին ներկայացրեց բանաձևի նախագիծ, որը թույլ էր տալիս Սիրիայում սկսել ռազմական գործողություններ: Այդ ժամանակ Մոսկվան և Պեկինը դեմ եղան ռազմական միջամտությանը: Ռուս դիվանագետները հայտարարեցին, որ հարձակումը զինյալների սադրանքն է: Մոսկվան կարողացավ համոզել Դամասկոս միանալ Քիմիական զենքի արգելքի մասին կոնվենցիային և համաձայնել է երկրում իրականացնել միջազգային մոնիտորինգ, սահմանել վերահսկողություն: Արդյունքում արևմտյան կոալիցիան չդիմեց ռազմական գործողությունների: Այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց. «Մենք իրար հասկացանք՝ առանց ռումբեր բաց թողելու»: Կարևոր չէր, թե կողմերն ում մեղադրեցին հարձակման համար՝ Ասադի՞ն, թե՞ ընդդիմությանը: Գլխավորը՝ լուծվեց Սիրիայի տարածքից քիմիական զենքի դուրսբերման հարցը:
Ի հարկե, երաշխիք չկա, որ սիրիական իշխանությունների մոտ քիմիական զենք չի մնացել: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, թե գիտեն որտեղ է պահվում կառավարական ուժերի քիմիական զինանոցը: Բայց ապացույցներ չկան:  ՔԶԱԿ- և Himan Rights Watch հաշվետվություններում նշվում է, որ սիրիական կառավարությունը և «Իսլամական պետություն»-ը խաղաղ բնակչության դեմ բազմիցս են օգտագործել քիմիական զենք: Դա արել են անգամ 2013 թվականից հետո:
Եթե քիմիական զենք կարող է օգտագործել «Իսլամական պետություն»-ը, ապա ինչու նույնն չի կարող անել մեկ այլ ահաբեկչական կազմակերպություն, ասենք՝ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ը: Չէ որ նա, զինված ընդդիմության հետ զուգահեռ, վերահսկում է Իդլիբը: Այստեղ մեկ այլ թաքնված հարց էլ կա, որը շահարկում են ընդդիմադիրները՝ Ասադը որոշել է նման ձևով լուծել Հալեպից Իդլիբ փախած զինյալների հարցը: Բայց վրեժի համար արդյոք հարվածը թո՞ւյլ չէ: Ինչո ՞ ւ էր Ասադին դա պետք է, այն էլ հիմա, երբ հանգիստ էր իր ճակատագրի համար:

2013 vs 2017. տարօրինակ զուգադիպություն


2013-ի քիմիական հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նախապատրաստվում էր սիրիական խնդրի կարգավորման Ժնևյան հանդիպումը, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը սիրիական հիմնախնդրի մասին հազիվ էին սկսել նույն լեզվով խոսել: Քիմիական գրոհը ստիպեց ԱՄՆ-ին ու ՌԴ-ին նորից հայտնվել բարիկադների տարբեր կողմերում: Պատմությունը, կարծես, կրկնվում է: Փոխվել է միայն ԱՄՆ կառավարությունը:
Մարտին ԱՄՆ նոր վարչակազմը բավականին հստակ արտահայտվեց Սիրիայի ապագայի մասին: Վաշինգտոնի քաղաքականությունը Սիրիայում կլինի ահաբեկիչների դեմ պայքարը, այլ ոչ թե Ասադին իշխանությունից հեռացնելը: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ասել էր նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը, բայց առավել վառ արտահայտվել էր ԱՄՆ պետքարտուղարը. «Բաշար Ասադի մնալու կամ գնալու հարցը Սիրիայի ժողովրդի որոշելու հարցն է»:
Այս արտահայտությունն անուշադրության չմատնվեց: Առավել ևս, որ հայտարարությունն արվեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Չէ որ Թուրքիան Ասադին տապալելու ամենավառ կողմնակիցն է: Հիմա այնպիսի տպավորություն է, թե Անկարան հետ քայլ է արել, դավաճանել Ասադի հակառակորդներին: Այս տպավորությունն ավելի է ուժգնանում, երբ մարտի վերջին թուրքական իշխանությունները հայտարարեցին, որ իրենց գործողությունը Սիրիայում համարում են ավարտված: «Եփրատի վահան» հատուկ գործողությամբ սիրիա-թուրքական սահմանի երկայնքով ստեղծվում էր 25-կլիոմետրանոց բուֆերային գոտի: Բացի այդ, ԻՊ ջոկատները ոչնչացվել էին տարածքին մոտ գտնվող քաղաքներում: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն էլ հետևում էին, որ թուրքական ու սիրիական բանակների միջև միջադեպեր չգրանցվեն:
Թվում էր, թե Սիրիայում քաղաքացիական պատերազմը մոտենում է ավարտին: Ժնևյան բանակցային գործընթացը ընթացքի մեջ էր: Մայիսի սկիզբին նշանակվել էր հերթական հանդիպումը Աստանայում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է Սիրիայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի դրական համագործակցության մասին: Ապրիլի կեսերին նախանշվում է ԱՄՆ պետքարտուղարի այցը Ռուսաստան: Բնականաբար, նման իրավիճակը չէր կարող դուր գալ բոլորին, անգամ՝ ԱՄՆ-ում: Ոչ բոլոր էին կողմնակից հրաժարվել Ասադի վարչակազմը տապալելու մտքից: Հանրապետական սենատորներից մեկը Թրամփի վարչակազմի քայլը որակեց «Նոր խայտառակություն՝ ամերիկյան պատմության մեջ»:
Եվ հանկարծ, տեղի է ունենում քիմիական հարձակում: Ու նախագահ Թրամփը կտրուկ փոխում է իր դիրքորոշումը:
«Ասադի ռեժիմին դիմանալ անհնար է», - հայտարարում է Թրամփն ու հրամայում հարված հասցնել սիրիական ավիաբազային:
Ամեն հավանականությամբ, սա ԱՄՆ-ի առաջին քայլն է, որին կհաջորդեն մյուսները: ԱՄՆ-ը կանգ չի առնի: Հիմա Միացյալ Նահանգները միջոցներ է ձեռնարկում ձևավորել միջազգային կոալիցիա՝ Բաշար Ասադին հեռացնելու համար:
Թույլ տալ տապալել Ասադի վարչակազմը և ոչնչացնել սիրիական բանակը, որը զսպում է ԻՊ-ին ու Ջեբհաթ ան-Նուսրայի գրոհայիններին, Ասադին արժանացնել Սադամ Հուսեյնի կամ Մուամար Քադաֆի ճակատագրին, իսկ հետո՞ ... իսկ հետևանքների մասին ո՞վ է մտածելու:  
Սկսվում է նոր գործարք: Միջազգային հանրությունը պետք է համաձայնության գա: Այլապես, ինչ հաջողվել էր հասնել վերջին շրջանում, այդ թվում՝ ահաբեկիչների նկատմամբ ռազմական հաջողությունը, ջուրը կընկնի:
Հիմա շատ բան կախված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ոչ դյուրին հարաբերություններից:  Մինչև հրթիռային հարվածը կար պայմանավորվելու հնարավորություն: Այժմ դժվար է ասել: Տարբերակ չկա: Սիրիան դարձնել երկրորդ Իրաք կամ Լիբիա, ու սա շատ վտանգավոր է:
Թրամփին դրդողները շատ են, հատկապես  տարածաշրջանում, ասենք՝  Սաուդյան Արաբիան ու Իսրայելը: Պատահական չէ, որ արաբական լրատվամիջոցներն այս օրերին մեծ ուշադրություն էին դարձնում Իսրայելի արձագանքների վրա, գրում էին, որ հենց Իսրայելին է ձեռնտու այս վիճակը: Ու արաբական այս սուբյեկտիվ կարծիքն ունի ճշմարտության հատիկ: Ե՛վ Սաուդյան Արաբիան, և՛ Իսրայելը հույս ունեն վերջակետ դնել Ասադի իշխանությանը: Բնակաբանար, նրա հետ վերջ կդրվի նաև Իրանի ազդեցությունը տարածաշրջանում:  
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մեկնաբանելով ամերիկյան դիրքորոշումը, հայտարարեց. «Իսրայելը հույս ունի, որ ԱՄՆ վճռականությունը կանրադառնա ոչ միայն Դամասկոսի, այլ նաև Թեհրանի, Փհենյանի ու մյուսների վրա»:
Հիմա ամբողջ աշխարհի ուշադրությունը ուղղված է Մոսկվայի վրա: ԱՄՆ պետքարտուղարն է այցելել: Նրան ծանր բանակցություններ են սպասվում Մոսկվայում, ՌԴ ղեկավարությունը կոշտ դիրքորոշում է որդեգրել:
Կհաջողե՞ն արդյոք Թեհրանն ու Մոսկվան կանխել ամերիկյան սցենարով իրադարձությունների զարգացումը, դժվար է ասել: Բայց ակնհայտ է, որ քիմիական գրոհի վերաբերյալ օբյեկտիվ քննություն ակնկալելն անիմաստ է, իրականում դա որևէ մեկին պետք չէ: Սիրիայում տասնյակ զոհեր, մարդու իրավունքների, միջազգային նորմերի կոպիտ խախտումներ շատ են եղել, սակայն դրանք միշտ էլ երկրորդ պլան են մղվել:

Աղբյուրը

Տարածել