Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին
IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը փոխել է Տաթևը՝ այն դարձնելով տարածաշրջանի մշակութային, զբոսաշրջային և հոգևոր կենտրոն։ Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Տաթևի վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծումը։ Ամբողջական վերականգնումից հետո եկեղեցին վերաբացվել է այցելուների համար։
Եկեղեցու վերաօծման արարողությունն իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ։
«Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը հնարավոր դարձավ բարերարների այն խմբի շնորհիվ, ովքեր համախմբվել են IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շուրջ։ Առանց նրանց ջանքերի այս սրբազան գործը հնարավոր չէր լինի իրագործել։ Այս ուրախալի օրը հնարավոր դարձավ նաև շինարարների, նախագծող ճարտարապետների տքնաջան աշխատանքի շնորհիվ»,- ասել է Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ շնորհավորելով հավաքվածներին և տաթևացիներին եկեղեցու վերականգման և վերաօծման առթիվ։
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI դարի 80-ականների վերջում՝ հնագույն վանական դամբարանի վրա խոյացող պարսպի վրա։ Անցած դարում եկեղեցին երկու անգամ տուժել է. 1931 թվականին վնասվել է երկրաշարժից, իսկ 1968-ին` քանդվել նոր սեյսմիկ ցնցումներից։
Կարդացեք նաև.
Ռուս եկեղեցին խզել է Կոստանդնուպոլսի հետ կապերը
3 պատճառ, թե ինչու է եկեղեցիները անվանական հայկական գորգերով պատելը կարևոր
Հայաստանը դառնում է արշավականների զբոսավայր. կատարյալ չէ, բայց տեսարանները… Օ՜հ…
Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնելիս IDeA հիմնադրամը սերտ համագործակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ մշակույթի նախարարության հետ: 2016 թվականի օգոստոսին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության կողմից եկեղեցու վերականգնման պլանի հաստատումից հետո, մեկնարկել էին վերականգնման աշխատանքները։ Աշխատանքների արդյունքում վերականգնվել և նախնական տեսքի է բերվել եկեղեցու թմբուկը և գմբեթը, փոխվել են եկեղեցու ծածկասալերը, քարտեզագրվել են եկեղեցու ճաքերը։ Ամբողջությամբ վերանորոգվել է եկեղեցու առաջին հարկաբաժինը և տանիքը։ Լուծվել է եկեղեցու ջրահեռացման և ջրամեկուսացման խնդիրը, որի պատճառով առաջ տեղումներից գոյացած ջրերը լցվում էին եկեղեցու առաջին հարկ՝ առաջացնելով նոր ճաքեր։
«Տաթևի վերածնունդ» ծրագիրը IDeA հիմնադրամի խարսխային ծրագրերից է։ Այն գործարկվել է 2008 թ․-ին՝ համադրելով ավանդական բարեգործությունը, հանրօգուտ ներդրումները, ինչպես նաև տեղական համայնքները զարգացնելու սոցիալական ներդրումները։ Տաթևի վանական համալիրի վերականգնումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի առանցքային բաղադրիչն է: Բացի վերականգնման աշխատանքներից և վանական համալիրի շուրջ գտնվող ենթակառուցվածքների զարգացումից, ծրագիրը նպատակ է հետապնդում պահպանել Տաթևի վանքի մշակութային ժառանգությունը ու նպաստել համալիրում հոգևոր կյանքի զարթոնքին»,- ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։
Վերականգնման աշխատանքներին զուգահեռ IDeA հիմնադրամը գործընկեր գերատեսչությունների հետ շարունակում է Տաթևի վանքը և Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկելու հայտի նախապատրաստումը։ Այս աշխատանքին կցվել են ոլորտի առաջատար մասնագետներ և միջազգային փորձագետներ։
«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել և վերականգնել վանական համալիրի բոլոր՝ թե եկեղեցական, թե օժանդակ կառույցները:
Հոկտեմբերի 16-ին լրացել է նաև «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում կառուցված «ՏաԹևեր» ճոպանուղու գործունեության ութերորդ տարեդարձը։ «ՏաԹևեր» ճոպանուղու գործունեության ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը։
«ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի (5752 մ)։ Այն նաև ռեկորդ է սահմանել որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամսում) կառուցված ճոպանուղի՝ չնայած տեղանքի բարդ աշխարհագրական պայմաններին և կլիմային: Ճոպանուղու գործարկումը բազմապատկել է Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը։ Շահագործումից ի վեր ճոպանուղու ծառայություններից օգտվել է ավելի քան 750 հազար մարդ, իսկ Սյունիքի տարածաշրջանում բացվել է ավելի քան 25 հյուրատուն և հյուրանոց։
«Տաթևի վերածնունդ» ծրագրի մասին
Ծրագիրը բաղկացած է երեք մեծ նախաձեռնություններից՝ Տաթևի վանական համալիրի վերականգնում, տարածաշրջանի համայնքների զարգացում և զբոսաշրջային ոլորտի զարգացում։
Վանական համալիրի վերականգնումը նախատեսում է վանքի շինությունների վերականգնում միջազգային չափանիշների համապատասխան, Տաթևի վանական համալիրի, Որոտան կիրճի, Տաթևի անապատի ընդգրկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, վանական համալիրի կրթական և հոգևոր կյանքի վերածնունդ։
Խթանելով տարածաշրջանի համայնքների զարգացումը՝ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը ձգտում է ստեղծել նոր աշխատատեղեր, զարգացնել տարածաշրջանում ենթակառուցվածքները և աջակցել տեղի ֆերմերներին և ձեռնարկատերերին: Ծրագրով նախատեսվում է նաև «ՏաԹևեր» ճոպանուղու հարակից տարածքի զարգացում՝ հյուրանոցների, խաղահրապարակների, արշավային երթուղիների, ճամբարների, տեղեկատվական կենտրոնի և այլ նախագծերի իրականացում:
«Տաթևի Վերածնունդ» ծրագրի շրջանակում ստեղծվել է 77 մշտական, 253 ժամանակավոր աշխատատեղ։
[gallery ids="54272,54273,54274,54275,54276,54277,54278,54280,54281,54282,54283"]