BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մոխրոտիկը մեր իրականությունում. ի՞նչ դասեր կարելի

Մոխրոտիկը մեր իրականությունում. ի՞նչ դասեր կարելի է քաղել հեքիաթից




Վերլուծե՛նք այս հեքիաթը՝  կյանքում մեր երազանքներին հասնելու համատեքստում


Այսպիսով, Մոխրոտիկը մարմնավորում է այն անհատին, ով ցանկանում է հասնել իր նվիրական երազանքին։ Արքայազնը հենց այդ երազանքն է։ Մոխրոտիկի խորթ մայրը և քույրերը ներկայացնում են այն խոչընդոտները, որ պետք է հաղթահարի  անհատն իր երազանքին հասնելու ճանապարհին։ Նման խոչընդոտներ են՝ կանխատեսելի կամ անկանխատեսելի  մարտահրավերները, առաջ եկած դժվարությունները, ձախողության վախը, այն վախը, թե ինչ են ուրիշները մտածում կամ մտածելու մեր մասին, ինքնավստահության պակասը, սեփական ուժերի նկատմամբ թերահավատությունը․․․


Այնպես, ինչպես Մոխրոտիկն էր ճնշվում իր խորթ մոր և քույրերի կողմից, նույն կերպ մարդիկ, ասես, շղթայվում են կյանքում իրենց հանդիպող խոչընդոտներով  և լռելյայն հնազանդվում դրանց։


Բայց սպասե՛ք․․․ չէ՞ որ Մոխրոտիկն էր օրինական սեփականատերը այն տան, որի ղեկավարումը ստանձնել էր իր խորթ մայրը։ Այո՛, հենց Մոխրոտիկն էր տան տերը, սակայն նա ինքնակամ ընդունել էր այդ տան մեջ ծառա լինելու դերը։


Նմանապես, յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքի լիարժեք տերը։ Սակայն, ինչպես Մոխրոտիկը, շատ մարդիկ ինքնակամ դնում են իրենց զոհի կարգավիճակում և թույլ են տալիս մարտահրավերներին ու խոչընդոտներին թևաթափ անել իրենց։


Գուցե Դուք չհամաձայնեք՝ ասելով՝ բայց չէ՞ որ դա Մոխրոտիկի մեղքը չէր․ պատճառն այն հանգամանքներն են, որում նա հայտվել էր։


Բացատրեմ իմ տեսակետը։  Մոխրոտիկն, ինչպես ցանկացած այլ մարդ, իր սեփական որոշումների և դրան հաջորդող գործողությունների արդյունքն է։ Համաձայն եմ՝ կյանքում կան շատ բաներ, որոնց վրա մենք ազդեցություն չունենք, ինչպես օրինակ՝ այն ընտանիքը, որում ծնվել ենք, այն սոցիալ-տնտեսական պայմանները, որոնցում մեծացել ենք, այն կրթությունը, որը ստացել ենք․․․


Իհարկե, այս ամենն այս կամ այն կերպ ձևավորել է Ձեր անհատականությունը։ Բայց չէ՞ որ գալիս է մի պահ կյանքում, երբ Դուք արդեն 2 տարեկան երեխա չեք, ով ամեն քայլափոխի խնամքի կարիք ունի, ով նոր-նոր է սովորում հաղորդակցվել մարդկանց հետ ու գրեթե ոչինչ չգիտի աշխարհի մասին։





 Նկարի աղբյուրը 


Գալիս է պահ կյանքում, երբ Դուք արդեն հասուն մարդ եք, ով ընդունակ է գիտակցված որոշումներ կայացնելու և դրանց հիման վրա գործելու։ Դուք ինքներդ եք որոշում՝ ում հետ ընկերություն անել, ինչպես անցկացնել Ձեր թանկարժեք ժամանակը․․․


Դուք ինքներդ եք որոշում արդյոք Դուք զոհ եք, թե Ձեր կյանքի տերն ու տիրակալը։


Այո՛, Դուք և միմիայն Դուք եք պատասխանատու կյանքում Ձեր կայացրած որոշումների համար։


Պատասխանատվությու՞ն։


Մարդկանց մեծամասնությունը պարզապես վախենում է այս բառից։ Պատճա՞ռը։


Ստանձնելով պատասխանատվություն սեփական կյանքի համար, Դուք պատասխանատու եք դառնում նաև Ձեր կայացրած յուրաքանչյուր որոշման համար։ Սա նշանակում է, որ չկա էլ ոչ մեկ և ոչինչ, ում Դուք երբևէ իրավունք կունենաք մեղադրելու։


Մի քիչ վախենալու է, չէ՞։


Վերադառնա՛նք Մոխրոտիկին։ Իմ կարծիքով, ոչ նրա խորթ մորը, ոչ էլ նրա քույրերին, չպետք է մեղադրել Մոխրոտիկի կյանքում ստեղծված իրավիճակի համար։ Միմիայն Մոխրոտիկն է պատասխանատու այդ իրավիճակի համար։Ուշադրությու՛ն, ես օգտագործում եմ «պատասխանատու», այլ ոչ թե «մեղավոր» բառը։


Այսպիսով՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել Ձեզ հետ անցյալում, ով է Ձեզ ցավ պատճառել, կամ որքան խոչընդոտներ կան Ձեր կյանքում այս պահին, աշխարհում կա միայն մեկ մարդ, ով պատասխանատու է այն կյանքի համար, որով Դուք ապրում եք այսօր։  


Այդ մարդը Դուք եք։


Դուք կարող եք ասել, չէ՞ որ Մոխրոտիկը հույսեր ուներ առավել լավ ապագայի նկատմամբ։ Նա երազում էր իր արքայազնի մասին։ Այո՛, նա երազում էր, բայց ոչ ավելին։ Նմանապես կան շատ մարդիկ, ովքեր երազանքներ ունեն իրենց ապագայի նկատմամբ, բայց ուրիշ ոչինչ։


Եվ ահա հեքիաթի մեջ է հայտնվում Կախարդական Փերին, ով մի վայրկյանում վերափոխում է Մոխրոտիկին իսկական արքայադուստրի։ Իմ ընկալմամբ՝ Կախարդական Փերին մարմնավորում է այն դրական փոփոխությունը, որը տեղի է ունենում անհատի կյանքում, ինչի արդյունքում նրա  երազանքը կյանքի է կոչվում։


Հեքիաթում Կախարդական Փերու հայտնվելը ամբողջ հեքիաթի ամենահուզական  պահերից է։ Այն պարզապես ստիպում է մեզ հավատալ հրաշքների։ Միևնույն ժամանակ հեքիաթի այս պահը ստիպում է մեզ հավատալ բոլոր ժամանակների ամենամեծ թյուրիմացություններից մեկին․ այն է, որ մեծ ձեռքբերումները կյանքում տեղի են ունենում միանգամից։ 


Դեռ մանկուց մարդկանց ստիպում են հավատալ, որ եթե դու այն ընտրյալներից ես, ով ծնվել է բախտավոր աստղի տակ, ապա մի օր, մի հրաշքով քո երազանքները կիրականանան։ Դուք կարող եք Ձեզ նեղություն չտալ՝ ինչ-որ բան ձեռնարկելով, որևէ բան անելով։ Հրաշքն ինքնաբերաբար կկատարվի։ Կարևորը հուսալն է և սպասելը։ Կարևոր կրկնություն՝


Չկա նման բան, ընկերնե՛ր։


Փոքրիկ պարզաբանում․ ես իսկապես հավատում եմ հրաշքների, իմ կյանքում շատ հրաշքներ եմ ապրել։ Միևնույն ժամանակ, ես հրաշալի գիտեմ, թե ինչեր են պահանջվել ինձնից այդ հրաշքներին ականատես լինելու համար։ Կարող եմ ազնվորեն փաստել, որ իմ կյանքում հրաշքներ սկսեցին տեղի ունենալ այն ժամանակվանից, երբ ես գիտակցաբար որոշում կայացրի դառնալ իմ Կախարդական Փերին։


Այդ ժամանակ ես կախարդական փայտիկ չունեի, բայց ես հավատում էի իմ երազանքներին։ Իմ հրաշքները չեն պատահել մի գիշերվա ընթացքում, ինչպես օրինակ Մոխրոտիկինը։ Այդ հրաշքներն ինձնից մեծ ջանքեր են պահանջել,  պահանջել են հաստատակամություն, կամք և վճռականություն։


Առջևում էլ ավելի մեծ երազանքներ են, էլ ավելի մեծ հրաշքներ, որոնց ես ականատես եմ լինելու։


Նույնիսկ եթե Կախարդական Փերին մի գիշեր ինձ հյուր գար և հնարավորություն տար մի հրաշքով իրականացնել իմ բոլոր երազանքները, ապա ես շատ մեծ շնորհակալություն կհայտնեի Փերուն, միևնույն ժամանակ կասեի, որ ցանկանում եմ ինքս իրագործել իմ երազանքները։


Մի քիչ խենթ է թվում, չէ՞։ Խենթության պատճա՞ռը։


Ինձ համար ոչինչ չի կարող համեմատվել այն երջանկությանը, որ ես զգում եմ, երբ հասնում եմ իմ նպատակին՝ սեփական ջանքերի, հաստատակամության ու վճռականության շնորհիվ։ Երբ հետ եմ նայում իմ անցած ուղուն, այնքան մեծ հպարտություն եմ զգում առաջ եկած խոչընդոտները հաղթահարելու, մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու, սխալվելու և սխալներիցս սովորելու, որպես անհատ զարգանալու, առավել հասուն ու գիտակից դառնալու համար, դառնալու համար այնպիսին, ինչպիսին ես այսօր եմ․․․


Ամենայն հարգանքով առաջարկում եմ, որ Դուք էլ դառնաք Ձեր իսկ կախարդական Փերին։ Վստահեցնում եմ՝ մեկը մյուսի հետևից ականատես եք լինելու նրան, թե ինչպես են հրաշքներն այցելում Ձեր կյանք։




Տարածել