«Ցնդածների» տանը. Լիլ` ֆրանսիական ներդաշնակության քաղաք
Լիլում պաշտում են հնությունները, ինչպես չեն պաշտում Տիրոջը: Եկեղեցիները մարդաշատ չեն, բայց գեղեցիկ են, խորհրդավոր` Աստծո բոլոր տների նման. Փարիզի Աստվածամոր տաճարի «հյուսիսցի զարմիկներն» են: Այստեղ ինչպես էլ վերակառուցեն, հնության հանդեպ ոչ մի ոտնձգություն. «հին է` ուրեմն սուրբ է»: Ռեստորանի վերածված ներքնաշորերի հին խանութից բարեկազմ մանեկենուհիներին չեն վտարել. անշարժ կանգնած են ապակե ցուցափեղկերի ետևում կամ պառկած` ինչ-որ անկյունում: Հին ցուցանակներն էլ են թողել` «տրիկոտաժե վարտիք», «մետաքսե գիշերանոց»...
Երևի մտածել են` մերկ գեղեցկուհիները կգրգռեն հաճախորդների ... ախորժակը,- մանեկենուհինների ներկայությանը փորձում է ինչ-որ իմաստ տալ ազատ լրագրող Պասկալը. նա արդեն քառասուն րոպե սպասում էր իր պատվիրած ապուրին:
Ընդմիջման ժամին այնքան շատ հաճախորդ է լցվում ռեստորան, որ եթե նույնիսկ մանեկենները շունչ առնեն և օգնեն մատուցողներին, էլի չեն հասցնի... Բայց «գաստրոնոմիական» այս խենթությունը ընդամենը «գարնիր» է: Լիլից ոչ հեռու` Ռուբե քաղաքում, թանգարան են դարձրել հին լողավազանի լքված շենքը` գրեթե ոչինչ չփոխելով: Լողացեք արվեստի բոլոր հոսանքների մեջ... Թանգարանի «լողախցիկներից» մեկում կհանդիպեք Պիկասոյին, «հանդերձարանում»` Սերկիս Դիրանյան անունով, հավանաբար, պոլսահայ նկարչի, ավազանի մեջ` հայտնի ու անհայտ քանդակագործների: Թանգարանի աշխատակցուհի տիկին Ժակարը համարձակվում է Լուվրի հետ ոտք մեկնել. «Պիկասոյի պատկերազարդումներով հախճապակե սպասքի մոտ միշտ այնքան շատ մարդիկ են հավաքվում ... այնպես, ինչպես Լուվրում հռչակավոր «Մոնա Լիզայի» առջև: Մեկ ամսում առնվազն հիսուն հազար այցելու ենք ունենում»: Ափսոս, որ ոչ դա Վինչին և ոչ էլ Պիկասոն գոնե 1/1000-ով հայ չեն... Թանգարան-լողավազանում «Համամ» (թուրքական μաղնիք) յուղանկարի տակ Դիրանյան ստորագրությունը երևի մի տասն անգամ կարդացի: