Ջոնաթան Ֆրանզեն. «Խաչմերուկներ» / Newmag-ը հայերեն է հրատարակել 21-րդ դարի ամերիկյան վիպասանության գլուխգործոցը (թրեյլեր)
09/01/2025
2021 թվականին լույս տեսած «Խաչմերուկներ» վեպի հեղինակը համարվում է ժամանակակից ամերիկյան գրականության ամենահեղինակավոր ձայներից մեկը։ Ջոնաթան Ֆրանզենն իր գլուխգործոցը կոչել է «բոլոր առասպելների բանալին»։ Սա եռագրության առաջին մասն է, որը պատմում է 70-ականների ամերիկյան մի ընտանիքի Հիլդեբրանտների պատմությունը։ Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկներ» վեպը թարգմանվել է 35 լեզուներով և արժանացել է մի շարք գրական մրցանակների։
1959 թվականին Իլինոյսում ծնված Ջոնաթան Ֆրանզենը բակալավրի կոչումից հետո Բեռլինում շարունակեց ուսումը, վերադառնալով ԱՄՆ՝ սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան։ Նա գրում էր օրը ութ ժամ, զուգահեռ աշխատելով Հարվարդի համալսարանում և նույնիսկ հետևելով ամբողջ աշխարհի սեյսմիկ ակտիվությանը։
Ֆրանզենի գրական ճանապարհը սկսվում է 1988 թվականի «27-րդ քաղաքը» վեպով, բայց իրական համաշխարհային ճանաչումը գալիս է 2001 թվականի «Ուղղումներ» վեպով։ 42-ամյա հեղինակին գրական համաշխարհային ճանաչում բերած այս գիրքը հրատարակվել է մի քանի միլիոն տպաքանակով և ստացել Ամերիկյան ազգային գրական մրցանակ։
Ամերիկյան գրականության մեծագույն ծանրակշիռ անուն, որը մեկ գրքով կարողանում է փոխել մարդկային հարաբերությունների վերաբերյալ մեր ամբողջ պատկերացումները։ Սա մի գիրք է, որը ստիպում է վերանայել կյանքի բոլոր կարևոր հարաբերությունները։
Բարդ, խճճված ընտանեկան հարաբերություններ, հայրերի ու որդիների առճակատում, մարդկային թուլություններ ու հոգեկան ճգնաժամեր, կրոնական ու եկեղեցական նախապաշարումներ։ Ապրումներ, որոնք անխուսափելի են ու կրկնվում են ամեն սերնդի հետ նորից ու նորից։ Այս բոլորը՝ բացառիկ մարդկային պատմություններով, խորն ու իրական հերոսներով, որոնք կստիպեն մտածել ու խորհել, արժևորել ու ընդունել, ներել ու հասկանալ։
«Խաչմերուկներ» վեպը ներկայացնում է 70-ականների Ամերիկան՝ բարդ ու անմխիթար շրջանը։ Ինչպես հեղինակն է բնութագրում. «Յոթանասունականները վաթսունականների խումհարն էին։ Երիտասարդները կարծում էին՝ ինչ-որ բան կարող են փոխել, բայց յոթանասակունների երազանքները չիրականացան»։
Վեպում ներկայացվում են անխուսափելի դժվարություններ, միջանձնային ու հոգեբանական բախումներ։ Սթրեսը, մանկական տրավմաները, կյանքի ունայնությունը, ընտանեկան ճգնաժամը, էգոիզմն ու սիրո պակասը՝ այս բոլորը գրված են այնպիսի հոգեբանական խորությամբ, որ ստիպում է ընթերցողին նույնացնել իրեն հերոսների հետ։
«Խաչմերուկներ» վեպը նաև քրիստոնեական արժեքների, հավատի ու մեղքի մասին է։ Ֆրանզենը, չնայած որ ինքն իրեն նկարագրում է որպես «ծպտյալ անհավատ քրիստոնյա», այս վեպով ուզում է հիշեցնել քրիստոնեության նոր հեռանկարը։
Ֆրանզենի սիրելի թեմաներն են ընտանեկան հարաբերություններն ու մարդու միայնությունը։ Գոյության ճգնաժամն ու խոցելի հարաբերությունները, որոնք նա ներկայացնում է հոգեբանական խորը վերլուծությունների ու չափազանց իրական հերոսների միջոցով։ Ուշադրություն է դարձնում մանրուքներին ու դետալներին, գրում բարդ, բայց գրավիչ պատմություններ։
Ամերիկյան այս մեծ վեպը գրական արվեստ է ու 21-րդ դարի լավագույն ամերիկյան գործերից մեկն է, որը կստիպի վերանայել հարաբերությունները բոլորի հետ՝ կնոջ, ամուսնու, երեխաների, ծնողների, գործընկերների։ Այն բարդ է, ինչպես կյանքը։
Շնորհանդեսը սեպտեմբերի 5-ին է՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնին, ՀՀ Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում։ Վեպը կներկայացնեն գրքի խմբագիր Մարգարիտ Սարգսյանը, գրականագետ Անուշ Սեդրակյանը, Միջազգային հարաբերությունների դասախոս ու գրականության սիրահար Արամ Արարատյանը, Երևան ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը, շնորհանդեսի մոդերատոր՝ Newmag-ի մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյան։ Փառատոնին գիրքը կվաճառվի Newmag-ի տաղավարում ու հատուկ զեղչով։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)