Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Դանիել Գլաթաուեր. «Հավե

[Շարունակությունը՝ գրքում] Դանիել Գլաթաուեր. «Հավերժ քոնը»

Փուլ առաջին
1.
Երբ նա իր կյանք մտավ, Յուդիթը ծակող ցավ զգաց, որն անմիջապես անցավ:
Նա.
— Ներողություն:
Յուդիթ.
— Ոչինչ:
Նա.
— Այս հրմշտոցը…
Յուդիթ.
— Այո՛:
Յուդիթը հարևանցի հայացք նետեց նրա դեմքին, ինչպես օրվա մարզական լուրերն են դիտում:
Ընդամենը ուզում էր պատկերացում կազմել մեկի մասին, ով Ավագ հինգշաբթի օրը պանրի լեփ–լեցուն բաժնում ուրիշի կրունկն է տրորում: Յուդիթը փոքր–ինչ զարմացավ. նա նորմալ տեսք ուներ, այդտեղ եղածների նման, ո՛չ ավելի լավ, ո՛չ ավելի վատ, ո՛չ ավելի արտասովոր: Ինչո՞ւ պետք է ամբողջ բնակչությունը Զատկի առթիվ պանիր գներ: Ինչո՞ւ հենց այս վաճառատանը, այս ժամին:
Դրամարկղի մոտ նա, դարձյալ նա դրեց իր ապրանքները Յուդիթի կողքին՝ հոսքագծի վրա: Յուդիթը նրան յուրահատուկ հոտի, թավշակաշվե շիկավուն բաճկոնի մի թևքի շնորհիվ նկատեց: Ո՛չ: Նրա դեմքն ամենևին չէր էլ նկատել, բայց նրա ձեռքերի ճարպիկ, նպատակային և ճկուն շարժումներն իրեն դուր եկան: 21–րդ դարում էլ դեռ հրաշք էր թվում, որ քառասունն անց տղամարդը սուպերմարկետում հավաքում, դասավորում և փաթեթավորում է, ասես միշտ է այդպես արել:
Գրեթե պատահականություն չէր, որ նա ելքի մոտ կանգնել էր, որպեսզի Յուդիթի համար դուռը բաց պահեր և փայլեր իր պայծառ հիշողությամբ:
Նա.
— Եվս մեկ անգամ ներողություն Ձեր ոտքը տրորելու համար:
Յուդիթ.
— Ա՜խ, արդեն մոռացել եմ:
Նա.
— Ո՛չ, ո՛չ, ես գիտեմ՝ դա կարող է ահավոր ցավեցնել:
— Այնքան էլ ցավոտ չէր:
Նա.
— Լա՛վ, լա՛վ:
Յուդիթ.
— Այո՛:
Նա.
— Դե ուրեմն:
Յուդիթ.
— Այո՛:
Նա.
— Տոնական լավ օրեր եմ մաղթում:
— Նմանապես:
Վաճառատանը նմանատիպ զրույցները Յուդիթը շատ էր սիրում, բայց այսուհետ սա հերիք էր:
Յուդիթի՝ նրա հետ կապված վերջին միտքը յոթ կամ ութ հսկայական դեղին բանանափնջի մասին էր, որը նա իր աչքերի առաջ փաթեթավորեց, տեղավորեց: Եթե մեկը հինգից յոթ կամ ութ բանան է գնում, տանը հաստատ երկու-երեք կամ չորս քաղցած երեխա ունի: Կաշվե բաճկոնի տակից նա հավանաբար հագել էր ծիածանի գույներով, վանդակավոր, գործած բաճկոնակ: «Նա իսկական ընտանիքի հայր է,— մտածեց Յուդիթը,— մեկը, ով չորսից հինգ կամ վեց անձի համար լվացք է անում ու կախում չորացնելու՝ կիսագուլպաները, երևի, զույգերով շարած, և վայ նրան, ով նրա փռած լվացքը կխառնի»: Յուդիթը տանը մի հաստ սպեղանի կպցրեց կարմրած կրունկին: Բարեբախտաբար աքիլլեսյան ջիլը կտրված չէր. ամեն դեպքում Յուդիթն իրեն առանց դրա էլ անխոցելի էր զգում:
 
2.
Զատիկն անցավ ինչպես միշտ. շաբաթ կեսօրից առաջ՝ այցելություն մայրիկին:
Մայրը.
— Ինչպե՞ս է հայրդ:
Յուդիթ.
— Ես չգիտեմ, ես կեսօրից հետո եմ նրա մոտ լինելու:
Շաբաթ կեսօրից հետո՝ այցելություն հայրիկին:
Հայրը.
— Ինչպե՞ս է մայրդ:
Յուդիթ.
— Լավ է, ես նրա մոտ էի կեսօրից առաջ:
Կիրակի կեսօրին՝ այցելություն եղբորը՝ Ալիին, գյուղ:
Ալի.
— Ինչպե՞ս են մայրիկն ու հայրիկը:
Յուդիթ.
— Լավ են, ես երեկ նրանց մոտ էի:
Ալի.
— Նրանք կրկին միասի՞ն են:
Զատկի երկուշաբթի Յուդիթն ընկերներին իր մոտ ընթրելու էր հրավիրել: Թեև երեկոյան պիտի գային, բայց արթնանալուն պես նա սկսեց պատրաստվել: Նրանք վեցն էին՝ երկու զույգ, երկու ամուրի: Ամուրիներից մեկը՝ անհույս, մյուսը՝ ինքը: Ուտեստների արանքում բովանդակալից զրույցներ եղան՝ հիմնականում վիտամինների պահպանմամբ ուտեստների պատրաստման ձևերի ու գինեքարի հեռացման նորագույն մեթոդների մասին: Հոմոգեն խումբ էր, ժամանակ առ ժամանակ անգամ ըմբոստացող (պատերազմի, աղքատության և ֆուագրայի[1] դեմ): Նոր կախված յուգենդշտիլյան ջահն[2] ապահովում էր ջերմ լույս և սիրալիր դեմքեր: «Դիվայն Քոմեդին» ժամանակին այս առիթով թողարկել էր իր վերջին սկավառակը:
Իլզեն իր Ռոլանդին նույնիսկ ժպտաց, Ռոլանդը երկու վայրկյան մերսեց նրա աջ ուսը՝ չնայած այն փակ տարածությանը, որտեղ ամեն օր կրքերի դեմ նետեր են արձակվում տասներեքամյա ամուսնական կյանքից ու երկու երեխաներ ունենալուց հետո: Մյուս՝ ավելի երիտասարդ զույգը՝ Լարան և Վալենտինը, դեռ ձեռքերն ամուր բռնելու փուլում էին: Մերթընդմերթ Լարան երկու ձեռքով գրկում էր նրա մատները՝ գուցե նրան ավելի ամուր պահելու համար, ասես դա իրեն երկար կհաջողվեր: Գերդը իհարկե կրկին ամենասրամիտն էր, բոլոր խնջույքների մշտական զվարճացնողը, որը չոր, պարփակված մարդկանց շփման մեջ ավելի անկաշկանդ և խիզախ դարձնելու առաքելությամբ էր մեծացել: Ցավոք, նա նույնասեռամոլ չէր, թե չէ Յուդիթը սիրով կհանդիպեր նրա հետ մենակ՝ անձնական հարցեր վստահելու համար, ինչը հնարավոր չէր ամուսնական զույգերի շրջապատում:
Նման երեկոների վերջում, երբ հյուրերը հեռանում էին, և միմիայն ծխի ամպերն էին նրանց մասին հիշեցնում, Յուդիթն այսպես՝ ինքն իր և օգտագործած սպասքի կույտի հետ մտերմիկ շրջապատում, միշտ ստուգում էր, թե ինչպես էր իրեն զգում: Եվ անշուշտ պարզ էր, որ մեկ ժամ խոհանոցում աշխատելը, պատուհանները բացելն ու սենյակը թարմ օդով լցնելը, խոր շունչ քաշելը, գլխացավի դեմ կանխարգելիչ մի հաբ արագ ընդունելը և ապա վերջապես սիրելի բարձը գրկելն ու այն միայն առավոտյան ժամը 8–ին բաց թողնելը կյանքի ավելի բարձր որակ էին: Դա միանշանակ ավելի լավ էր, քան ենթադրյալ հարբած, խրոնիկ լռակյաց, ընտանեկան կյանքի համար չստեղծված, օգնել–հավաքել չցանկացող «կողակցի» հոգեկան աշխարհը ստիպված ներթափանցելը՝ ստուգելու համար, թե արդյոք նա հույսեր փայփայում էր կամ մտավախություն ուներ, որ սեքսը հավանաբար դեռ կստացվի: Այս սթրեսից Յուդիթն ուզում էր խուսափել: Միայն վաղ առավոտյան ժամերին էր երբեմն տղամարդու կարիք զգում իր կողքին՝ վերմակի տակ: Բայց այդ մեկը չպիտի լիներ ինչ–որ մեկը, նույնիսկ ինչ–որ հավանական մեկը, այլ հաստա՛տ մեկը: Եվ այդ պատճառով, ցավոք, նա չէր կարող իր ծանոթներից լինել:
3.
Յուդիթը հաճույքով էր գնում աշխատանքի: Եվ եթե այդպես էլ չէր, ինչպես լինում էր ամեն անգամ տոնական օրերից հետո, ապա փորձում էր ամեն հնարավոր պատրվակ՝ իրեն հակառակում համոզելու: Ինչևէ, իր սեփական ղեկավարը ինքն էր, նույնիսկ եթե երբեմն ցանկանում էր, որ դա լիներ մեկ ուրիշը, անփույթ մեկը, ինչպես, օրինակ՝ իր աշկերտ Բիանկան, որին միայն մի հայելի էր հարկավոր լիովին զբաղված լինելու համար: Յուդիթը մի փոքր բիզնես ուներ տասնհինգերորդ թաղամասի Գոլդշլագ փողոցում: «Բիզնես» բառը թեև ավելի ձեռնարկատիրական էր հնչում, քան էր, բայց նա սիրում էր իր լամպերի խանութը: Աշխարհի ոչ մի տեղի հետ նա այն չէր փոխի: Դեռ մանկության տարիներին դա աշխարհի ամենագեղեցիկ անկյունն էր՝ լի շողշողուն աստղերով և փայլփլող գնդիկներով, միշտ պայծառ լուսավորված, մշտապես տոնական: Պապիկի շողշողացող թանգարանում՝ բաց երկնքի տակ, նա ամեն օր Ծննդյան տոներ էր նշում:



Շարունակությունը՝ գրքում շարքից կարդացեք նաև․



Տասնհինգ տարեկանում բարձրադիր կանթեղների հսկողության տակ տնային առաջադրանքները կատարելիս Յուդիթն իրեն զգում էր ասես ոսկե վանդակի մեջ, նույնն էր նաև ամենաինտիմ երազները տեսնելիս՝ պատի և առաստաղի լուսամփոփների լույսով հեղեղված: Եղբոր՝ Ալիի համար այն չափազանց լուսավոր էր, նա խուսափում էր լույսից և մեկուսանում էր մութ սենյակներում: Մայրը կատաղի պայքար էր մղում սնանկության և իր իսկ ճնշող, նախաձեռնողական դժկամության դեմ: Հայրն արդեն նախընտրել էր կիսախավար պանդոկները: Ի վերջո երկուսն էլ համերաշխ, փոխադարձ համաձայնությամբ բաժանվեցին: «Փոխադարձ համաձայնությունը» Յուդիթի իմացած ամենազարհուրելի արտահայտությունն էր. դա դեպի վեր ծռված ծիծաղող շրթունքների վրա չորացած և անշարժացած արցունքն էր: Ինչ–որ ժամանակ անց մայրիկի բերանի անկյուններն այնքան էին ծանրացել, որ ընկան և ընդմիշտ մնացին ներքևում:
Երեսուներեք տարեկանում Յուդիթը ստանձնեց լամպերի հնացած խանութի տնօրինությունը: Վերջին երեք տարիներին այն նորից սկսեց փայլփլել, ոչ այնքան երփներանգ, ինչպես պապիկի շլացուցիչ տարիներին, բայց վաճառքն ու վերանորոգումը բավականին լավ էին ընթանում, որպեսզի Յուդիթը մայրիկին պարգևատրեր տանը մնալու համար: Դա միանշանակ լավագույն փոխադարձ համաձայնությունն էր, որի արդյունքում նրան հեռացրել էր իրենից:
Զատկին հաջորդող երեքշաբթի առանձնապես առևտուր չկար, և նա հիմնականում անցկացրեց ետնասենյակում՝ գրասենյակային թույլ լույսի ներքո. այդ գործը լոկ պարտադրանք էր, որը պահանջում էր հաշվապահությունը: Բիանկայի մասին ժամը ութից մինչև տասնվեցը ընկած ժամանակահատվածում ոչինչ չլսեց, հավանաբար վերջինս այդ ժամանակ շպարվում էր: Այնուամենայնիվ, ապացուցելու համար, որ այդ օրը ներկա էր, փակվելու ժամից քիչ առաջ հանկարծ գոռաց.
— Տիկի՛ն շեեեեեեեֆ:
Յուդիթ.
— Խնդրում եմ, ոչ այդքան բարձր: Եթե ինձ ասելու բան եք ունենում, եկե՛ք այստեղ:
Բիանկա (այժմ նրա կողքին).
— Այստեղ մի տղամարդ է Ձեզ հարցնում:
Յուդիթ.
— Ի՞նձ: Ի՞նչ է ուզում:
Բիանկա.
— Բարևել:
Յուդիթ.
— Ահա:
Դա բանանի մարդն էր: Յուդիթը նրան ճանաչեց խոսքերի բովանդակությունից:
— Ես ուզում էի միայն Ձեզ բարի օր ասել: Ես այն մարդն եմ, որը Զատկից առաջ «Մերկուր»–ում Ձեր կրունկին էր բարձրացել: Ես Ձեզ առավոտյան այստեղ մտնելիս տեսա:
Յուդիթ.
— Եվ Դուք այդտեղ մինչև հիմա սպասում էիք, որ ես կրկին դո՞ւրս գամ:
Եվ ակամա քրքջաց: Նրան այդ ամենը զվարճալի թվաց: Բանանի մարդն էլ ծիծաղեց, նույնիսկ շատ գեղեցիկ, հարյուրավոր փոքր կնճիռներով պատված երկու փայլփլող աչքերով և մոտ վաթսուն շողացող սպիտակ ատամներով:
Նա.
— Իմ գրասենյակը այստեղից միայն մի քանի փողոց է հեռու: Դե, ես էլ մտածեցի…
Յուդիթ.
— Կասեք՝ բարի օր: Սիրալիր է: Ինձ զարմացնում է, որ Դուք ինձ ճանաչել եք:
Նա բոլորովին էլ չսեթևեթեց, այլ ասաց միանգամայն լրջությամբ:
Նա.
— Դուք իրականում չպետք է զարմանաք:
Այժմ նա տարօրինակ կերպով նայեց Յուդիթին՝ ութ բանանով ընտանիքի հոր համար տարօրինակ երանելությամբ:
Ո՛չ, դա այն պահը չէր, երբ Յուդիթը գիտեր ինչ անել: Նրա այտերը շիկացան: Պետք է անհապաղ զանգահարեր, նա դա հասկացավ ձեռքի ժամացույցի սլաքներին նայելով:
— Դե ուրեմն:
Յուդիթը.
— Այո՛:
Նա.
— Շատ ուրախ էի:
Յուդիթը.
— Այո՛:
Նա.
— Գուցե դեռ կտեսնվենք:
Յուդիթը.
— Եթե երբևէ լամպի կարիք ունենաք,— և ծիծաղեց՝ իրավիճակի ողբերգականությունն իր ասածի վրա փոխադրելով: Բիանկան մոտեցավ, այս անգամ բոլոր ժամանակների ամենահարմար պահին:
— Կարելի՞ է, տիկի՛ն շեֆ:
Նա ասաց, որ ժամանակն է տուն գնալու: Բանանի մարդու համար էլ դա ազդանշան եղավ, որ պետք է գնալ: Դռան մոտ նա ևս մեկ անգամ շրջվեց և ձեռքով արեց, ինչպես կայարանում, բայց ոչ թե ինչպես հրաժեշտի ժամանակ, այլ ինչպես մեկին դիմավորելիս:
 
[1]  Սագի լցոնած լյարդի պաշտետ (ծնթ.՝ խմբ.):
 
[2]  Յուգենդշտիլյան ոճը 20-րդ դարասկզբին Ավստրիայում տարածված արվեստի մոդեռնիստական ոճ է (ծնթ.՝ խմբ.):
 
 

Տարածել