Հրատարակվել են եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունները
Գրողների միությունում տեղի է ունեցել «Երկիրն է խոսում» թարգմանական ժողովածուների (ռուսերեն և գերմաներեն) շնորհանդեսը։ Ժողովածուներն ընդգրկում են եղեռնազոհ 10 հեղինակի` Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Զարդարյան, Երուխան, Թլկատինցի, Գեղամ Բարսեղյան, Տիգրան Չյոկյուրյան, Արտաշես Հարությունյան, գործերը:
Ռուսերեն և գերմաներեն ժողովածուների լույսընծայման նախաձեռնությունը «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ինն է։ Գրքերը լույս են տեսել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Ժողովածուները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ժողովածուների առաջաբանի հեղինակ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը շնորհանդեսին նշեց, որ ժողովածուները ձեռքն առնելիս երկու զգացում ես ունենում. նախ՝ մեծագույն ցավ, որ այդպիսի մեծ գրողների ենք կորցրել, մեկ էլ՝ հպարտության զգացում, որ այդպիսի մարդիկ ենք ունեցել։ «Այս ժողովածուները հուշարձան են այդ մարդկանց հիշատակին։ Այստեղ նրանց տառապանքի, ցավերի, ուրախության, գրականության մասին զրույց է բացվում։ Ընթերցողները կարող են պատկերացում կազմել, թե ինչ զոհեր ենք մենք տվել, ինչպիսի մշակույթ ենք կորցրել»,-ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության նշել է պարոն Գաբրիելյանը։