Ի՞նչ արժե մահը Հայաստանում
Մարտունու միակ դիահերձարանի միակ դիահերձողը հունվարին տեղի ունեցած դեպքից հետո իր աշխատասնեյակում մկնդեղ է լցրել ու թակարդներ շարել: 84-ամյա տիկնոջ մարմինը հոշոտելը նրա պրակտիկայում առաջին դեպքն էր, որից հետո ստիպված էր երկարատեւ կոսմետիկ միջամտության դիմել:
Դիահերձարանում սառանարան չկա: Պաթոլոգոանատոմը ամռանը ստիպված է ավելի արագ մշակել մարմինները, որպեսզի դրանք չփչանան: Մարտունու ու հարակից գյուղերի միակ դիահերձարանում նույնիսկ տեղերն են սահմանափակ, 3-ից ավելի դիակ չեն կարող ընդունել:
84-ամյա տիկնոջ հարազատները չեն պատրաստվում դիահերձողին դատի տալ, նրան նույնիսկ չեն մեղադրում: Հասկանում են` պայմաններն են այդպիսին: Մարտունիում ու հարակից գյուղերում 5 տարի առաջ ընդհանրապես դիահերձարան չկար եւ տանն էին հերձում հանգուցյալին:
Նույնիսկ այս պայմաններով դիահերձումն ու դիակի մշակումն իր գինն ունի` գնացուցակը հենց մուտքի դռան վրա է: 12 հզր. 500 դրամ դիահերձումը, դիակի հարդարումը առանձին հաշիվ է. այս ծառայությունը արժի 35.000 դրամ:
Ի տարբերուիթյուն Մարտունու դիահերձարանի, Երեւանում դիահերձումն ու սգո ծառայություններն ավելի թանկ են, բայց ավելի լավ պայմաններ են առաջարկում: Միքայելյան մասնավոր հիվանդանոցում դիահերձումը 15 հազար դրամ է, դիակի հարդարումը՝ 30 հազար և հավելյալ հարդարանքի ծառայություններն արժեն 10 հազար դրամ: Բոլոր ծառայությունները միասին` 55 հազար դրամ:
Դիահերձումին հաջորդում է դագաղի ընտրությունը: Ամեն ինչ կախված է հանգուցյալի հարազատների ճաշակից, օգտագործվող նյութերի որակից եւ աշխատանքի ծավալից: Սգո սրահի վարձակալումը, հոգեհանգիստը և հուղարկավորությունը սգո սրահներում կազմում է 80-100 հազար դրամ: Երաժշտության գինն էլ է տատանվում. դուդուկ-կլառնետի ամեն ժամը` 20.000 դրամ, կվարտետը` 40 հազար : Քահանայի ծառայությունն արժի 25.000 դրամ: Դիատար մեքենայի գինը 20 հազար դրամ է, դիակը տեղափոխող անձնակազմի ծառայությունը՝ 25 000 դրամ: Ծաղիկները տեղափոխող մեքենայի վարձը՝ 5000 դրամ: Սգո սրահները տրամադրում են նաեւ հոգեհացի ծառայություն, մեկ անձի համար` 3500-ից մինչև 5000 դրամ:
Սովորաբար խնդրահարույց է լինում գերեզմանատեղի ընտրությունը: Օրենքով` շիրմավայրը հատկացվում է անվճար, սակայն հարակից ծառայությունները վճարովի են: Եվ այսպես` գերեզման փորելու համար պաշտոնապես պետք է վճարել 26 հազար 900 դրամ: Բետոնապատման համար` 11 հազար 800 դրամ, գերեզմանի ամսական խնամքի արժեքը 5000 դրամ է:
Հուղարկավորությունից 1 տարի անց գալիս է գերեզմանաքարը տեղադրելու ժամանակը: Այստեղ նույնպես ընտրության մեծ հանրավորություն կա: Կարեւոր են քարի տեսակն ու քանդակագործի երեւակայությունը:
Քարի համար պատվիրատուն վճարում է 2500 դոլարից մինչև 5000 դոլար: Համեստ քարի համար 200 հազարից 400 հազարն էլ է բավական:
Այսպիսով, Հայասատանում մահը միջին հաշվարկներով արժի 1 միլիոն 48 հազար դրամ: