Doing Business զեկույց. Հայաստանը 41-րդն է, և պետք է լուծել շինթույլտվության, սնանկության ու հարկերի խնդիրները
Եկող տարի գործարար միջավայրի բարելավման համար Հայաստանը երեք ցուցանիշ պետք է բարելավի՝ շինթույլտվությունը, սնանկության ճանաչումն ու հարկերի վճարումը: Այս ոլորտներում Հայաստանը ցածր դիրքում է: Այս տարվա զեկույցում շինթույլտվությունը գտնվում է 98-րդ տեղում, սնանկությունը՝ 95, հարկերի վճարումը` 88-րդ: Փոխնախարարը հայտնեց, որ վերանայելու են շինթույլտվությունները:
«Կներդրվի դրանց էլեկտրոնային համակարգ, ինչը կավելացնի թափանցիկությունը», - նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը:
Համաշխարհային բանկի Doing Business 2019 զեկույցում նշվում է, որ Հայաստանը պետք է լուծի խնդիրները նաև սնանկության մասով: Օրինակ՝ կան ֆինանսական դժվարություններ ունեցող ձեռնարկություններ, որոնք լուծարվում են, և պարտատերերը չեն կարողանում գումարներն ամբողջ ծավալով հետ ստանալ:
«Պետք է այնպես անել, որպեսզի ձեռնարկությունը ֆինանսական առողջացման միջոցով շարունակի իր գործունեությունը», - տեղեկացրեց Ալբերտ Բաբայանը :
Հարկերի վճարում: Սա վերաբերում է ԱԱՀ դեբետայինն մնացորդների վերադարձմանը:
«Պետք է հաշվի առնել, թե որքան ժամանակ է պետք դեբետային մնացորդները վերադարձնելու համար», - տեղեկացրեց Բաբայանը:
Կարդացեք նաև.
Հայկական արտադրության «Սարի Թեյ»-ը վաճառվում է ԱՄՆ-ում
Միլիարդատեր Ստյուարտ Ռարի աներևակայելի պատմությունը. «զվարճանքի թագավորին» գնահատում է Թրամփը
10 նշան, որ շատ եք ծախսում
Զեկույցում գնահատվում է նաև էլեկտրականության միացման ցուցիչը: Նախկինում տնտեսվարողը էլեկտրականությանը միանալու համար նախ պետք է գնար Հայաստանի էլեկտրական ցանցեր, դիմում ներկայացներ, կնքեր միացման պայմանագիր, հետո որոշ ժամանակ անց կնքեր մատակարարման պայմանագիր:
«Հիմա կարող է գնալ Հայաստանի էլեկտրական ցանցեր, ստանալ միակողմանի ստորագրված պայմանագիր և, ըստ ժամանակացույցի, միանալ հոսանքին», - ասաց փոխնախարար Բաբայանը:
Ալբերտ Բաբայանի խոսքով՝ եթե Հայաստանը հաջողությամբ իրականացնի այս աշխատանքները, եկող տարվա զեկույցի առաջին քսանյակում հայտնվելու, նույնիսկ տասնյակին մոտենալու մեծ շանս կունենա: