FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Գոդարի ու Տրյուֆոյի հետնորդը` Քսավյե Դոլան. ֆրանսի

Գոդարի ու Տրյուֆոյի հետնորդը` Քսավյե Դոլան. ֆրանսիական նոր կինոյի նոր աստղը

Քսավյեն չորս տարեկանում՝ հոր (Դոլանը հորը նկարագրում է այսպես՝ նա երաժիշտ է, կոմպոզիտոր, նկարիչ, դերասան...մի խոսքով արտիստ է՝ բոլոր հնարավոր ուղղություններով) նախաձեռնությամբ, հայտնվել է դեղատների ցանցի գովազդային հոլովակի նկարահանման հրապարակում և հանդես է եկել որպես մոդել։ Հինգ տարեկանում փոքրիկ Քսավյեն առաջին անգամ ելույթ է ունեցել կանադական հեռուստատեսությամբ, որից հետո փոքր դերերով հայտնվել է հեռուստասերիալներում և ֆիլմերում։ 2007-ին Էտյեն Դերյոզյեի ‹‹Ամառվա հայելու մեջ›› կարճամետրաժ կինոնկարում հանդես է եկել որպես պատանի, որը բախվել է իր սեքսուալության հարցին։ Դոլանի պատանեկան տարիների ամենանշանավոր դերը կարելի է համարել Պասկալ Լոժյեի ‹‹Նահատակներ›› ֆիլմում ստանձնած դրվագային դերը։ Քսավյեն 16 տարեկանում թողել է դպրոցը՝ չստանալով հիմնական կրթության ավարտական վկայական։
Դոլանը ինը տարեկանից պատմություններ էր գրում. այդ ժամանակ գրում էր պահապան հրեշտակների մասին, որոնք ուղարկվել են երկիր, որպեսզի պաշտպանեն հասարակ մահկանացուներին։ Նա ութ տարեկան էր, երբ մոր հետ դիտեց ‹‹Տիտանիկ›› (Titanic) ֆիլմը։ Քսավյեն ասում է, որ ‹‹Տիտանիկ›› ֆիլմը փոխել է իր մանկությունը, և քանի որ նա բավականին երազկոտ երեխա էր, այդ ֆիլմը դիտելուց հետո սկսել է մոդելավորել բեմական հագուստ․ այն ժամանակ, երբ մյուս երեխաները հոկեյ էին խաղում, նա հագուստ էր նկարում ու Լեոնարդո Դի Կապրիոյին նամակ գրում։
Դոլան ռեժիսորի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Ժան Լյուկ Գոդարը, Ֆրանսուա Տրյուֆոն, Միքելանջելո Անտոնիոնին, Լուիս Բունյուելը։ Դոլանը՝ իր ֆիլմերում, ազատորեն խաղում է գույների հետ, օգտագործում է զուգահեռ մոնտաժը, ռոք հիթերը հմտորեն համադրում է դասական երաժշտության հետ (ինչը, անկասկած, Դոլանը սովորել է Գոդարից): Եվ պատահական չէ, որ Դոլանի սիրելի ֆիլմերի ցանկի առաջին տեղում Ժան Լյուկ Գոդարի  ‹‹Խենթ Պիեռոն» (Pierrot le Fou) ֆիլմն է: Քսավյեն մեծ սեր ունի վինտաժային հագուստի հանդեպ, ինչում մենք կարող ենք համոզվել դիտելով նրա ‹‹Հորինված սեր›› (Les amours imaginaires)  ֆիլմը։  Նա, իր ամբողջ էությամբ, հեղափոխական է․ քարոզում է ազատություն, քարոզում է ազատ սեր և պայքարում է սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար։ Դոլանի հեղափոխական ոգին կարելի է տեսնել նրա բոլոր ֆիլմերում, բայց այն առավելապես արտահայտվում է իր՝  ‹‹Եվ միևնույնն է Լորենս›› (Laurence Anyways)  ֆիլմում։
Դոլանի կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում նորաձևությունը։ Նա ինքն է մոդելավորում իր ֆիլմերի հերոսների հագուստները և դրան մեծ կարևորություն է տալիս, քանի որ կարծում է, որ նախքան հերոսը կսկսի խոսել, հագուստը արդեն գրեթե ամեն բան ասել է  կերպարի մասին։ Դոլանը սիրում է հագուստ ստեղծել, սիրում է գեղեցիկ հագնվել և խենթանում է հագուստ գնելու համար․Դոլանը Լուի Վիտոնի գովազդային դեմքն է։
Դոլանը՝ իր ֆիլմերում, հմտորեն օգտագործում է երաժշտությունը, իսկ այն մեղադրանքին, թե իր ֆիլմերում երաժշտությունը շատ է՝ Դոլանը պատասխանում է, ասելով, որ այն ժամանակ, երբ ֆիլմերը համր էին, նրանցում միակ ձայնը երաժշտությունն էր․ երաժշտությունը օրգանապես կապված է ֆիլմի հետ և նա պատճառ չի տեսնում սահմանափակել այն։
Այս տարի սպասվում է Քսավյե Դոլանի յոթերորդ լիամետրաժ  ‹‹Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը›› (The Death and Life of John F. Donovan) ֆիլմին ` Նատալի Փորտմանի, Ջեսիկա Չեսթեյնի և Քիթ Հարինգթոնի մասնակցությամբ:

Հեղինակ` Աննա Եսայան

Տարածել