Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

«Բազմազան ու բազմերանգ». Newmag-ի գլխավոր դիզայներ

«Բազմազան ու բազմերանգ». Newmag-ի գլխավոր դիզայներ, արվեստագետ Էդիկ Պողոսյանը՝ 30-ամյա կարիերայի ցուցահանդեսի մասին (լուսանկարներ)

09/25/2025

newmag-y-n

Սեպտեմբերի 30-ին Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա Newmag-ի արտ-տնօրեն, ԹՈՒՄՈ ակադեմիայի գրաֆիկ դիզայնի փորձագետ-դասընթացավար, արվեստագետ, դիզայներ Էդիկ Պողոսյանի «Ներկատարյալ» խորագրով անհատական ցուցահանդեսը։

Էդիկ Պողոսյանը կամփոփի 30 տարվա դիզայներական գործունեությունը՝ ներկայացնելով իր ստեղծած գործերի ընտրանին՝ տարբերանշաններ, պաստառներ, գրքերի՝ բոլորին հայտնի շապիկներ, նկարազարդումներ և տառատեսակներ։ Արվեստագետի աշխատանքներն առանձնանում են յուրահատուկ նրբագեղությամբ՝ միահյուսելով իրանական հարուստ փորձն ու հայկական ջերմությունը։

«Ես մեծացել եմ Թեհրանում։ Իրանում ոչ միայն արվեստում, այլև առօրյա կյանքում առանձնահատուկ դեր ունի գեղագրությունը։ Պարսկական տառերի հետ աշխատելը պարզապես գեղեցիկ գրություններ ստանալ չէ։ Սա ավանդույթի վերածված վարժություն է՝ համեմված աներևակայելի մեդիտացիոն նուրբ աշխատանքով»,- հիշում է արվեստագետը՝ բացահայտելով, թե որտեղ են տեքստի ու տառերի նկատմամբ իր հոգատար վերաբերմունքի ակունքները։ Իրանական գեղագրության տեխնիկան հայկական տառերի հետ միաձուլելու որոշ գործեր արվեստագետն ունի և դրանցից մի քանիսը ևս ներկայացվելու են ցուցահանդեսում։

Դիզայների գործերում ակնառու կերպով երևում է նրա ստեղծագործական էվոլյուցիան՝ լուծումների փնտրտուքից մինչև բարդ բովանդակությունը պարզ ցուցադրելու ստեղծարար մաքառումը։

«Ինձ հետաքրքիր է դիտողին ներկայացնել կուլիսային վիճակը՝ էսքիզներ, օբյեկտներ, որոնք ստեղծել եմ, օրինակ, գրքի շապիկ ստանալու համար։ Հենց այդ հումքի մեջ է երևում այն ուղին, որն ի վերջո ավարտվում է կոնկրետ գործերով»։

Դիզայների աշխարհայացքի վրա հսկայական ազդեցություն է թողել մշակութային բախումը, որը նա ապրել է 2007-ին Հայաստան հայրենադարձվելուց հետո։ Իրանն ու Հայաստանը մեղմ ասած տարբեր աշխարհներ են, և իրանահայ արվեստագետին ապշեցնում էին կենցաղային մանրուքները, որոնք Հայաստանում ծնված-մեծացած մարդիկ գուցե չեն նկատում։

«Մի առիթով նստեցի այսպես կոչված маршрутка: Վարորդին ասացի․ «Կանգառում կանգնեք, խնդրում եմ»։ Ե՛վ վարորդի, և՛ ուղևորների հայացքներից հասկացա, որ ավելի լավ է բարձր գոռամ «Ստեղ մի տեղ պահի՛», այլապես կյանքս շատ կբարդանա»։

Մշակութային այս երևույթի՝ չոր շիտակությանը սովոր հասարակություն լինելու մասին խոսելով՝ Էդիկը նշում է, որ այսօր վիճակն անհամեմատ ավելի մեղմ է, քան 18 տարի առաջ։

Բազմազգ ու բազմակրոն Իրանից հետո միատարր Հայաստանին հատուկ երևույթները՝ Իրանի համեմատ ոչ այնքան բազմազան խոհանոցը, հումորը և ամենակարևորը՝ մտածողությունը արտասովոր էին թվում արվեստագետին։ Սա առաջին բախումն էր իրանական բազմազան միջավայրից Հայաստան տեղափոխվելուց հետո։ Բայց նաև հենց այդ հակասությունն էր օգնում տեսնել հաճախ անտեսանելի, չարտահայտված ու շատ արժեքավոր երանգներ ու երևույթներ։

«Երբ սկսեցի աշխատել Հայաստանում, հասկացա, թե ինչ հարստության մեջ եմ եղել, թե ինչ նստվածք է այն թողել և թե ինչ հարուստ մշակույթի կրող եմ՝ ապրելով բազմատարր մեծ երկրում։ Բազմազան ու բազմերանգ միջավայրում ապրելը մեծ հնարավորություն է, ինչը զգացի միայն Իրանից հեռանալուց հետո»։

Հեղինակի աշխատանքներում առանձնահատուկ տեղ ունի պատերազմի թեման։ Պատերազմները մանկուց ուղեկցել են նրան ու նրա ընտանիքին և ուղեկցում են առ այսօր։ Այս տարվա հունիսին Իսրայելը ռումբ էր նետել Թեհրանի հայաշատ թաղամասերից մեկի մոտ, որտեղ առ այսօր ապրում է նրա հարազատ քույրը։

«8 տարեկան էի, երբ իրան-իրաքյան պատերազմը սկսվեց։ Դպրոցում մթերք էինք հավաքում և ուղարկում ճակատ։ Ճակատագրի հեգնանքով, 44-օրյա պատերազմի ժամանակ նույնն անում էր 13-ամյա որդիս՝ իրենց դպրոցում»։

Նրա խոսքով, Իրանում չէր զգացվում, թե որքան մոտ է պատերազմը, իսկ Հայաստանում՝ հակառակը։ Այստեղ մոտ է ամեն ինչ։

Դեռ 2018-ին լուսանկարիչ Արեգ Բալայանի հետ Արցախում կազմակերպեցին բացառիկ նախագիծ՝ ներկայացնելով պատերազմի հետքերը կրող մարդկային պատմություններ և մետաղական ջարդոններ։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ Ստեփանակերտում և Երևանում։ 7 ամիս անց սկսվեց 44-օրյա պատերազմը։

«Գուցե աբսուրդ է, բայց կարծես մեղավորության զգացում ունեմ, որ իմ ամբողջ կյանքում՝ Իրանում ու Հայաստանում ինձ ու իմ հարազատներին առ այսօր մշտապես շրջապատում են պատերազմները, բայց ո՛չ ես, ո՛չ իմ հարազատները, ուղիղ վնաս չենք կրել դրանցից՝ ի տարբերություն շատ շատերի»։

Արտ-օբյեկտներից մեկն էլ հայտնվեց Նարինե Կռոյանի՝ հենց 44-օրյա պատերազմի մասին «Ճանճերի ժամանակը» վեպի շապիկին։ Էդիկ Պողոսյանի խոսքով, սա իր ստեղծած ամենասիրելի շապիկներից է։

Էդիկը մասնակցել է նաև Հայաստանի 3րդ սերնդի թղթադրամների դիզայնի մրցույթին, որոնց նմուշներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով Կենտրոնական Բանկի թանգարան։

Տարածել