FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Սեղանի հակառակ կողմում] Էդնա Սեն Վինսենթ Միլեյ. ի

[Սեղանի հակառակ կողմում] Էդնա Սեն Վինսենթ Միլեյ. ի՞նչ ալկոհոլ էր օգտագործում կրքոտ սիրային նամակների հեղինակը

Հետաքրքիր է՝ ի՜նչ հազվադեպ կարելի է բարի մոտ տեսնել միայնակ մարդկանց։ Թվում է, թե ի՞նչ տարօրինակ բան կա, որ միայնակ գաս, խմիչք պատվիրես ու անցկացնես երեկոն։ Իրականում այդ տեսարանին ավելի քիչ կարելի է հանդիպել, քան կարծում եք։ Միայնակ նստած մարդիկ արժանանում են հարցական հայացքների և առիթ են տալիս, որ մյուսները գուշակեն, թե ինչ է կատարվում նրանց կյանքում։
Ես, ընդհակառակը, սիրում եմ միայնակ հյուրերին. մասնավորապես, քանի որ նրանց հետ միշտ կարելի է փորձարկել նոր կոկտեյլներ կամ պարզապես առաջարկել այն, ինչ վաղուց ուզում ես պատրաստել։ «Between the Sheets»-ի հեղինակը բանաստեղծուհի Էդնա Սեն Վինսենթ Միլն էր։ Նա սիրում էր դեմ գնալ կանոններին, պահանջում էր, որպեսզի բոլորն իրեն անվանեին Վինսենթ, այլ ոչ Էդնա, գրում էր 20-րդ դարի ամենակրքոտ սիրային նամակները և փայլում էր գրական ամենահեղինակավոր երեկույթներին։
Էդնան հայտնի դարձավ 20 տարեկանում, երբ իր առաջին բանաստեղծություններից մեկն ուղարկեց «The Lyric Year» մրցույթին, ու, չնայած բոլոր մասնակիցները «Վերածնունդը» ճանաչեցին հաղթանակի արժանի, Էդնան ստացավ միայն 4-րդ մրցանակը։ Այսպես սկսվեց նրա կյանքի տասնյակ ամպագոռգոռ դրամաներից առաջինը. ցավոք, ամբոխների վրդովմունքն այդպես էլ չփոխեց ժյուրիի որոշումը։ Փոխարենը գրական աշխարհն առաջին անգամ լսեց այն անունը, որը տասնամյակներ շարունակ պիտի ասոցիացվեր հանճարեղ պոեմների, անամոթ սեթևեթանքի ու անմնացորդ նվիրման հետ, լիներ սիրուն, աշխատանքինթե խմիչքին։



Սեղանի հակառակ կողմում շարքից 



Ճիշտ պահին լռելու անկարողությունն ու հակառակվելը առհասարակ բնորոշ էին Էդնային։ Նրա բնավորության այս գիծը կա՛մ մոլեգնության էր հասցնում մարդկանց, կա՛մ ստիպում էր ինքնամոռաց սիրահարվել նրան։ Տղամարդկանց առաջին հայացքից գրավում էր Էդնայի անբռնազբոս վարվելակերպը: Նա կարողանում էր տպավորություն թողնել, թե իր լայն ժպիտն ու փայլուն աչքերը հենց իր կողքի տղամարդու համար են: Այդ համոզմունքից դըրդված՝ տղամարդիկ պատրաստ էին ամեն բան դնել նրա ոտքերի տակ։ Միևնույն ժամանակ կանանց շըրջանում Էդնան առաջացնում էր ճիշտ հակառակ զգացմունքները Մեծ մասամբ այդ նույն պատճառով։ Նրա շարժուձևը թվում էր արհեստական, խանդավառությունը՝ մանրակրկիտ պարապած դերասանական խաղ, ու միայն ձեռքից միշտ անպակաս խմիչքն էր փոքր-ինչ մխիթարում պարկեշտ կանանց. ի վերջո, գոնե այս հարցում նրանք գերազանցում էին այս հարբուհուն։
Այնուամենայնիվ, տարիների ընթացքում գտնվեց մի կին, որը ոչ միայն չէր ատում Էդնային նրա անկախ բնավորության համար, այլև նույնիսկ ի վիճակի եղավ սիրահարվել նրան։ Էդիթ Մեթիսոնն անգլո-ամերիկյան ծագմամբ դերասանուհի էր: Տարիներ առաջ օրինակելի ընտանիք էր կազմել, բայց չկարողացավ անտարբեր մնալ Էդնայի անդիմադրելի, անպատկառության հասնող հմայքի հանդեպ։ Առաջին կրքոտ համբույրին հաջորդեցին տասնյակ առավել տարփալի նամակները։ Դրանցում Էդնան նույնիսկ չէր փորձում թաքցնել այդքան շատ պատճառներով անընդունելի կապը։
«Ես կանեմ այն ամենը, ինչ դու կուզես։ Սիրի՛ր ինձ, խնդրում եմ, քանի որ ես քեզ պաշտում եմ։ Ես կարող եմ լինել քո ընկերը Բայց երբեք, խնդրում եմ, երբեք մի՛ փորձիր լինել իմ հանդեպ բարի կամ հանդուրժել իմ սերը։Սա կեղծ հեզություն չէ. խնդրում եմ, հավատա՛ ինձ։ Հեզությունն առհասարակ ինձ բնորոշ չէ։ Իմացի՛ր, որ ես սովորաբար որևէ մեկի այսպես չեմ դիմում։ Ես այժմ իրականն եմ ու հպարտորեն հանձնում եմ ինձ քեզ»:
Եվ իրոք, Էդնան սովոր էր լսել կրքոտ սիրո խոստովանություններ, անհույս սիրով տոչորվող տղամարդկանց աղերսանքներ։ Նա կանգնում էր սենյակի կենտրոնում, որպեսզի զգար, թե նվիրումով, սիրով ու հեշտանքով լըցված հայացքներն ինչպես են շոյում իր մարմինը՝ ասեղնագործ կոշիկներից սահելով մարմարե սառնություն արձակող մաշկի վրայով ու հասնելով մինչև հախճապակե լուսամփոփների ներքո կրակի պես բոցկլտացող մազերը։ Բայց երբեք ոչ մի կնոջ ու ոչ մի տղամարդու նա թույլ չէր տվել ծնկի բերել իրեն և երբեք չէր սիրել ավելի, քան սիրել էին իրեն։ «Վերածննդի» շուրջ բարձրացած խառնաշփոթից հետո Էդնային սկսեցին հրավիրել գրական ամենամոդայիկ երեկույթներին։ Դրանցից մեկի ընթացքում, երբ նրան խնդրեցին ասմունքել իր աղմկահարույց գործը, Էդնան ամենքին հմայեց իր գայթակղիչ սոպրանոյով։ Այնքան, որ հյուրերից մեկը տեղում առաջարկեց ֆինանսավորել նրա ուսումը «Վասար» քոլեջում։
Ուսմանը զուգահեռ նա շարունակում էր գրել: Այս շրջանում նա միայն գրում էր, գնում երեկույթների, սեթևեթում, խմում ու անցողիկ սիրախաղեր սկսում։ Չի կարելի ասել, որ Էդնան հատուկ էր կոտրում սըրտերը, ամենևին։ Նա պարզապես սիրում էր սեթևեթանքի ալիքներ տարածել ամբողջ սենյակով, սընվում էր մարդկանց ցանկությունից և սնում էր իր գրականությունը՝ օգտագործելով այդ սերն ու տենչանքը։ Էդնան միշտ անում էր ամեն ինչ՝ իր աշխատանքը զարգացնելու և լսելի դարձնելու համար։ «Մարդիկ սիրահարվում են ինձ. նրանց սերն ինձ միաժամանակ ձանձրացնում է, շողոքորթում, հոգնեցնում է և ոգևորում»,- գրում էր նա։
Քսանականներն ալկոհոլի թմբիրով ողողված խնջույքների շարան էին, ու Միլեյի կյանքն էլ լի էր իրադարձություններով. անհամար կապեր տղամարդկանց ու կանանց հետ, աբորտներ, հաճախակի այցելություններ արտասահման, երբ նա կարող էր որոշել ամիսներ շարունակ թափառել Ալբանիայով կամ գնալ ընթրիքի Փարիզ իր բազմաթիվ արվեստագետ ընկերներից մեկի հետ։ Դրա հետ միասին գրական կյանքն առավել բեղմնավոր էր, գրքերը շարունակում էին հրատարակվել։
Իր կյանքի հենց այս շրջանում էլ, համաձայն լեգենդի, նա ստեղծեց իր կոկտեյլը։ Հերթական գինարբուքի ընթացքում, երբ արյան մեջ ալկոհոլի պարունակությունն արդեն անցել էր բոլոր նորմերը, Էդնան բարձրացրեց սեթևեթանքով լի աչքերն ու պահանջեց, որ իր երկու բաժակակիցները գրկեն իրեն մեկը վերևից, մյուսը ներքևից։ Ինքն իսկ հրճվելով իր հրաշալի կատակից՝ նա սկսեց հռհըռալ և ճչալ, որ երկու սավանների միջև է։ Պատմությունը, իհարկե, ավելի ծիծաղելի չէ, քան ցանկացած արբած կատակ, որ գիշերը թվում է անգերազանցելի, իսկ առավոտյան զարմանալիորեն կորցնում է հմայքը։ Ծիծաղելի թե ոչ, բայց «Between the Sheets»-ը մտավ համաշխարհային դասական կոլտեյլների ցուցակ։


Կոկտեյլ Between the Sheets

  • Կոնյակ

  • «Triple sec» լիկյոր

  • Սպիտակ ռոմ

  • Թարմ քամած լիմոնի հյութ




Էդնայի շքեղ հասարակական կյանքը շարունակվեց մինչև 1923-ըԱյդ տարի Էդնան դարձավ երրորդ կինը, որին Պուլիցերյան մրցանակ շնորհվեց պոեզիայի ոլորտում: Այդ տարի նա «ի վերջո հոգնեց սրտեր կոտրելուց» և հանդիպեց սուրճ ներմուծող մի դանիացու։ Դրանով Էդնան վերջ դրեց իր անկանոն սեռական կապերին ու անվերջ երեկույթներին։ Այժմ Էդնան իր օրերն անցկացնում էր աշխատելով, ազատ ժամանակը նվիրում էր իրենից 12 տարի մեծ ամուսնու հետ սակավաբառ զրույցներին։
Այսպես շարունակվեց հինգ տարի, մինչև գրական ուղևորության ժամանակ Էդնան հանդիպեց 22-ամյա Ջորջ Դիլոնին՝ սեփական համոզմամբ դեռևս չբացահայտված տաղանդի, իսկ իրականում բացահայտ միջակ բանաստեղծի։ Նրա թախծոտ, դառնացած աչքերն ու մեղմ ժպիտն ալեկոծեցին Էդնայի ձանձրացած հոգին, ու նա սկսեց գործել։ Տարիների ընթացքում կուտակված կիրքը նրան դարձրեց անկառավարելի ու հաստատակամ։ Նա պատրաստ էր ամեն ինչի, որպեսզի ստանար այն ամբողջ սերը, որ կարող էր տալ երիտասարդ սիրեկանը։ Ջորջը շուտով հոգնեց դրանից ու թողեց Էդնային:
Բանաստեղծուհին վերադարձավ տուն՝ իրեն սպասող ամուսնու մոտ։ Սա Էդնայի վերջին մեծ կիրքն էր։ Հաջորդիվ նա միայն փորձում էր վերագտնել իր երբեմնի հայտնիությունը։ 1932-ին նա սկսեց ռադիոհաղորդում: Տրվելով անցյալի հիշողություններին՝ նա կարդում էր իր պոեմները և պատմում իր արկածները։ Նրա կյանքի մանրամասները ոգեշնչում էին կանանց, գայթակղում տղամարդկանց։ Ցավոք, նրա փառքի օրերն անցել էին, ու Էդնան դա շատ լավ գիտակցում էր։ Նա առավել տրվեց խմիչքին ու թմրանյութերին. մինչև ճաշը Էդնան հասցնում էր խմել երկու ջին տոնիկ, մեկ մարտինի, մեկ գարեջուր, ընդունել մորֆին ու ծխել մեկ տուփ գլանակ։ Ու շարունակում էր գրել նույնքան անկեղծ և նույնքան հուզիչ։ Նրա ամեն տողը կարդացողի սիրտը լցնում էր անսահման տխրությամբ՝ թողնելով անբացատրելի թեթևության ու հանգստության համահուշ։



Ես կտիրապետեմ ինձ կամ կլռեմ,


Չեմ պղծի կատարելությունն իմ սուգով,


Գեղեցիկ է այս օրը, և հոգ չէ՝ ով կմեռնի։


Էդնայի վերջին անավարտ բանաստեղծությունը





Այսօրվա հյուրս հավանեց կոկտեյլն ու հմայվեց Էդնայի պատմությամբ. կարելի է համարել, որ այսօր ես կատարեցի իմ պարտքն ու կարող եմ ինքս ինձ էլ պարգևատրել մի բաժակ «Between the Sheets»-ով։ Գուցե և Էդնայի սեթևեթանքն այցելի՞ ինձ, իսկ հետո էլ ո՞վ գիտի՝ ինչպես կավարտվի երեկոն։

Հեղինակ՝ Սոնա Գասպարյան

Տարածել