JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Էրդողանը` կատաղած ու անկառավարելի. Թուրք-գերմանակա

Էրդողանը` կատաղած ու անկառավարելի. Թուրք-գերմանական նոր սկանդալը կարող է դառնալ համաեվրոպական ֆլեշմոբ ընդդեմ Անկարայի

Թուրքիայի նախագահին նորից մեջբերում է ամբողջ եվրոպական մեդիան: Էրդողանը դարձյալ անզուսպ մեղադրանքների տարափով է ելույթ ունեցել:
- Ես կարծում էի, թե Գերմանիան նացիզմն անցյալում է թողել, բայց սխալվել եմ: Գերմանիայում քաղաքային իշխանությունների գործողությունները ոչնչով չեն տարբերվում նացիստական մեթոդներից: Դուք մեզ ժողովրդավարություն եք սովորեցնում, սակայն մեր նախարարներին թույլ չեք տալիս հավաքներ անցկացնել ձեր երկրում, - հայտարարել է Էրդողանը` սկիզբ դնելով թուրք-գերմանական հարաբերություններում ամենալուրջ սկանդալներից մեկին: 
Ամեն ինչ սկսվեց, երբ մարտի առաջին օրերին Գերմանիան, Ավստրիան և Նիդեռլանդներն արգելեցին իրենց տարածքում Թուրքիայի իշխանամետ գործիչների քարոզարշավը: Նրանք քարոզում էին Թուրքիայի նոր Սահմանադրության օգտին և ակնկալում էին եվրոպաբնակ ու քվեարկելու իրավունք ունեցող թուրքերին ձայներին ու աջակցությանը:
Մերժումից հետո Էրդողանը լուռ էր: Նա դիմացավ գրեթե մեկ շաբաթ: Հունից դուրս դուրս եկավ, երբ գերմանական երեք քաղաքների (Քյոլն, Գագենաու և Ֆրեխեն) իշխանությունները չարտոնեցին թուրք նախարարների հավաքները: Էրդողանը զգայուն է, որովհետև ապրիլին սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նրա քաղաքական կարիերայի ամենակարևոր փուլն է, նոր Սահմանադրությունը՝ մի քանի տարի փայփայած ու ամենաորոշիչ նախաձեռնությունը: Դրանով առաջին հերթին Թուրքիան անցնում է կառավարման նախագահական համակարգին և միայն ու հենց այս հեռանկարով 2014-ի օգոստոսին Էրդողանը ստանձնեց նախագահի պաշտոնը:






Այս իմաստով Գերմանիայի քարոզչությունը Էրդողանի համար իսկապես կարևոր է, քանի որ այդ երկրում ապրում է Թուրքիայի 1.5 միլիոն քաղաքացի: Թուրքական ծագում ունի 3 միլիոնից ավելի բնակիչ: 
Եվրոպական քաղաքները հանրահավաքներն արգելելու երեք պատճառ են նշում: Նախ՝ անվտանգությունը՝ հաշվի առնելով հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին արդեն եղած սպառնալիքները: Երկրորդ՝ նախընտրական շրջանում թուրք քաղաքական գործիչների կողմից ակտիվ կիրառվող ծայրահեղական թեզերն ու եզրերը: Երրորդ՝ Ստամբուլում ձերբակալվել է Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի, թուրք լրագրող Դենիզ Յուջելը՝ քրդական ահաբեկչական կազմակերպություններին հարելու, ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով: Այս ձերբակալությանը հետևեց Գերմանիայի կանցլերի պահանջը՝ ազատ արձակել Յուջելին, ապա Անկարայի հայտարարությունը, թե Յուջելը Գերմանիայի լրտեսն է, Գերմանիան՝ ահաբեկչության հովանավոր:
Նույնիսկ այս մեղադրանքներից հետո կանցլեր Մերկելը հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Յըլդըրըմի հետ՝ փորձելով կանխել հարաբերությունների հետագա սրումը: Սակայն Էրդողանն առաջին անգամ չէ ցույց տալիս, որ իր զայրույթը կարող է տապալել ամիսների դիվանագիտական աշխատանքը: Հիմա արդեն Գերմանիայում Էրդողանի վարքն անընդունելի են համարում նաև որպես ՆԱՏՕ-ի դաշնակից:
- Հրեշային քայլ Բոսֆորի բռնապետի կողմից,- Քրիստոնեա-սոցիալական միության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերի ձևակերպումն է: Երկրի արդարադատության նախարար Հայկո Մաասն էլ Էրդողանի ելույթը խայտառակություն է որակել: 
Meeting ban-ը (թուրք գործիչների հանդիպումների արգելքը) վերածվում է համաեվրոպական արձագանքի: Եվրախորհրդարանում մի քանի պատգամավորներ պահանջել են թույլ չտալ Թուրքիայի նախագահի մուտքը Գերմանիա ու Եվրամիություն: Էրդողանը պատասխանել է՝ Գերմանիա կգնա, երբ ցանկանա, իսկ եթե չթողնեն, ոտքի կհանի ամբողջ աշխարհը: Ավստրիայի կանցլերն ընդհանրապես կոչ է արել արգելել թուրք քաղաքական գործիչների հավաքները Եվրամիության ամբողջ տարածքում: Նիդեռլանդներում երկրի իշխանություններին կոչ են արել արգելել բոլոր թուրք պաշտոնյայի մուտքը երկիր, քանի դեռ Թուրքիայում չի ավարտվել նախընտրական քարոզարշավը: Ավելին՝ նաև անցանկալի մարդ հայտարել:
Եվրոպան չի աջակցում Էրդողանի նոր Սահմանադրությանը: Երբ այն դեռ թուրքական մեջլիսում էին քննարկում, Եվրամիության պաշտոնյաները հայտարարում էին՝ փոփոխություններով Էրդողանը բռնապետությունն է ամրացնում, ոչ թե ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը:

Տարածել