Եթե ֆադու չես լսել, Պորտուգալիան չես տեսել իր ողջ հմայքով
Պորտուգալիայի մշակույթն ու Պորտուգալիա երկիրը սիրելու դրդապատճառները բազմաթիվ են: Այս երկրի մոգական ու մի տեսակ մանկական գեղեցկությամբ հիացել են Թոմաս Մանն ու Ռեմարկը, ովքեր իրենց սիրակարոտ ու արկածախնդիր հերոսներին ուղարկել են հենց Պորտուգալիա` Լիսաբոն: Քաղաք, որի սիրառատ փեշերի տակ այդ նույն հուսահատված հերոսները գտել են փրկություն, կարեկցանք, հանգիստ, սեր... Գտել են իրենց ճակատագիրը:
Ճակատագիրն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պորտուգալական մշակույթի հարուստ էջերում ու եվրոպական այս ամենաարևմտյան երկրով հիանալու ևս մեկ հանգամանք է: Ինչո՞ւ: «Ճակատագիրը» լատիներեն կլինի «ֆատում»: Հենց այսպիսի ծագում ունի հավանաբար պորտուգալական ֆադուն, որը մի բացառիկ երևույթ է:
Ֆադուն յուրահատուկ երաժշտական ուղղություն է, որը ծագել է, կատարվում է ու զարգանում միայն Պորտուգալիայում: Երևույթը զուտ պորտուգալական է, սակայն բազմաթիվ մասնագետներ համոզված են, որ այս, եթե կարելի է ասել, ուղղությունը որոշ դետալներ ակնհայտորեն փոխառել է արաբական, աֆրիկյւսն և բրազիլական մեղեդիներից: Գուցե այդպես է... Բայց ֆադուն այնքան է փոփոխվել ու համեմվել պորտուգալական համ ու հոտով, որ այսօր առաջին իսկ նոտաներից ճանաչելի է յուրաքանչյուրին, ով քիչ թե շատ ծանոթ է պորտուգալական ազգային մշակույթին և երաժշտությանը:
Լատինական ֆատումի հետ ֆադու բառի արմատական կապն անկարող էր ազդեցություն չունենալ ֆադու ոճի երգերի վրա: Պորտուգալացիները ֆադուի փոխարեն հաճախ ասում են «բառերով կամ երաժշտությամբ արտահայտված ճակատագիր»: Եվ իսկապես այս մելոդիկ, ռոմանտիկ ու տխուր երգերի տեքստերը, որոնք տարօրինակ ազդեցություն են գործում մարդկանց վրա, երբ զուգակցվում են պորտուգալական կիթառի անկրկնելի հնչյունների հետ, ամեն անգամ պատմում են երգի հերոսի ճակատագրի մասին:
Ի դեպ, պորտուգալական կիթառը տարբերվում է կլասիկից: Այն սրտաձև է, չափերով փոքր է, վեցի փոխարեն ունի տասներկու լար, ու հնչողությունն էլ բացարձակ այլ է, քան սովորական կիթառինը: Բոլորն այնքան սիրեցին ֆադու երգերը, որ սկսեցին հայտնվել կատակերգական, ծաղրական ու անգամ քաղաքական ֆադուներ: Սակայն ամենից փնտրվածը միշտ եղել ու մնում են սիրային երգերը, որոնք պարուրված են յուրահատուկ միայնության թախիծով ու գուցե նույնիսկ անհուսությամբ:
Եթե ձեռքիդ ափը դանակով խորը կտրես, բնականաբար անասելի ցավ կզգաս: Բայց կանցնի ժամանակ, ու վերքը կփակվի: Ցավը դեռ կմնա, բայց դե` կզգաս, որ անցնում է: Այ, դա ֆադուն է,-մի առիթով ասել է ֆադուի ամենաճանաչված երգչուհիներից մեկը` Մարիզան:
Երգչուհու խոսքերից գեղեցիկ կարող է հնչել երևի թե միայն նրա արարած ֆադուն: Ֆադուն նման է խոստովանության, այն ասես կատարող երգչի սրտագրությունը լինի (այսպիսի բառ չկա՞): Այս նուրբ, մելանխոլիկ ու անկեղծ երաժշտությունը կարող էր ծնվել միայն հեքիաթային Լիսաբոնի ոչ պակաս հեքիաթային Ալֆամա թաղամասում: