Ինչո՞ւ է Ջոն Քերին կողմ ԱՄՆ «փափուկ» քաղաքականությանը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը հատկապես վերջին տարիներին աչքի է ընկնում, ամերիկյան քաղաքական տերմինաբանությամբ ասած, soft power սկզբունքով: Քիչ ագրեսիվ ու քիչ հավակնոտ, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն միտված: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին այդ փոխզիջումային ու «ոչ կոշտ» քաղաքականությունն իրականացնողն է ու նախագահ Օբամայի գաղափարակիցը: Իր քաղաքական կենսագրության ընթացքում պետքարտուղար Քերին մշտապես հակված է եղել խուսափել ռազմական լուծումներից` ընդդիմանալով պատերազմի սանձազերծմանը:
Նրան կարելի է դասել այն պետական գործիչների շարքին, որոնց պատկերացումները պատերազմի ու խաղաղության մասին ձևավորվել են ոչ թե զեկույցների կամ գրքերի միջոցով, այլ պատերազմը սեփական աչքերով տեսնելու և այն սեփական մաշկի վրա զգալու հետևանքով: Վիետնամի պատերազմի տարիներին երիտասարդ Քերին անցել է զինվորական ծառայություն, մի քանի անգամ գործուղվել Վիետնամ, մասնակցել մարտերին և անգամ վիրավորվել ու պարգևատրվել: Ուստի նա լավ է պատկերացնում պատերազմի ու խաղաղության գինը:
Ապագա պետքարտուղարն իր քաղաքական առաջին քայլերն արել է հենց հակապատերազմի շարժման հենքի վրա` իր շուրջը համախմբելով Վիետնամի պատերազմի վետերաններին` իր գաղափարակիցներին, ու պահանջելով դադարեցնել պատերազմը: Նա անգամ որպես բանախոս հանդես է եկել ԱՄՆ Սենատի լսումներին ու վկայել Վիետնամի պատերազմի տարիներին ամերիկյան զինվորների կատարած հանցագործությունների մասին: Հետագայում`2004-ին, երբ Քերին դարձել էր նախագահի թեկնածու (Ջորջ Բուշ Կրտսերի դեմ), հանրապետականները կասկածի տակ դրեցին Քերիի զինվորականի կենսագրությունը, իսկ Սենատի հանձնաժողովի նիստին տված նրա վկայությունը սկսեցին ներկայացնել որպես ազգային դավաճանություն:
Օբամայի վերընտրությունից հետո Ջոն Քերին՝ որպես խաղաղության հետևողական կողմնակից, իդեալական թեկնածու դարձավ պետքարտուղարի պաշտոնում: Այսօր հանրապետական թևն ամեն կերպ քննադատում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը` այն անվանելով անատամ, չափից դուրս խաղաղասեր կամ պարտվողական, բայց ակնհայտ է, որ Օբամա-Քերի զույգի վարած քաղաքականությունը միտված է միջազգային խնդիրների խաղաղ կարգավորմանը և դրա միջոցով ԱՄՆ պետական շահերի պաշտպանությանը:
Կարդա նաև
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)