BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ. Խ

[Շարունակությունը՝ գրքում] Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ. Խորհրդավոր պարտեզը

ԳԼՈՒԽ 1


ՄԵՆ–ՄԵՆԱԿ


Երբ Մերի Լենոքսին ուղարկեցին Միսելթվեյթ կալվածք՝ հորաքրոջ ամուսնու տանն ապրելու, բոլորն այն կարծիքին էին, որ նա իրենց տեսած ամենատհաճ երեխան էր: Իսկապես այդպես էր: Աղջիկը փոքրիկ, վտիտ դեմք ուներ, փոքրիկ, լղար մարմին, բարակ, ցանցառ մազեր ու խոժոռ հայացք: Մազերը դեղին էին: Դեմքն էլ դեղնած էր, որովհետև Հնդկաստանում էր ծնվել և, ինչ իրեն հիշում էր, հիվանդ էր: Հայրն ինչ–որ պետական պաշտոն էր վարում, մշտապես զբաղված էր, ու նա էլ դստեր պես շարունակ հիվանդ էր:
Մայրն աննման գեղեցկուհի էր, բայց խելքն ու միտքը խնջույքներ գնալն ու անհոգ մարդկանց հետ զվարճանալն էր: Նա երբեք էլ չէր ցանկացել փոքրիկ աղջիկ ունենալ: Այնպես որ հենց Մերին ծնվեց, մայրը նրան հանձնեց հնդիկ այայի խնամքին: Վերջինիս իսկույն բացատրեցին, որ եթե նա ուզում է՝ մեմ սահիբը[2] գոհ մնա, երեխային պետք է նրա աչքից հեռու պահի: Երբ Մերին հիվանդոտ, լացկան ու տգեղ նորածին էր, նրան մոր աչքից հեռու էին պահում, երբ նոր էր ոտքի ելել ու հիվանդոտ, դժգոհ երեխա էր, նրան շարունակում էին մոր աչքից հեռու պահել: Փոքրուց նա սովոր էր տեսնել միայն այայի ու հնդիկ ծառաների թուխ դեմքերը: Քանի որ նրանք միշտ ենթարկվում էին աղջկան ու թույլ տալիս, որ ամեն ինչ իր ուզածով անի, այլապես մեմ սահիբը կարող էր բարկանալ` լսելով երեխայի լացի ձայնը: Վեց տարեկանում Մերին աշխարհիս ամենաանսիրտ ու եսասեր երեխան էր` «իսկական խոզ»: Աղջիկն այնքան անտանելի էր, որ Անգլիայից եկած երիտասարդ վարժուհին, որը նրան գրել–կարդալ պետք է սովորեցներ, երեք ամիսը չլրացած՝ հեռացավ: Նրա փոխարեն եկած բոլոր մյուս վարժուհիները հենց սկզբից էլ հրաժարվեցին իրենց պաշտոնից: Եթե Մերին գրքեր կարդալ չսիրեր, թերևս այդպես էլ տառերը չսովորեր:
Մի անտանելի շոգ առավոտ, Մերին այդ ժամանակ մոտ ինը տարեկան էր, աղջիկն արթնացավ շատ անտրամադիր: Տրամադրությունն ավելի ընկավ, երբ տեսավ, որ մահճակալի մոտ կանգնած ծառան իր այան չէ:
— Դու ինչո՞ւ ես եկել,— հարցրեց նա անծանոթ կնոջը:— Թույլ չեմ տա` այստեղ մնաս: Գնա՛, այային այստե՛ղ ուղարկիր:
Կինը կարծես վախեցավ ու կմկմալով միայն ասաց, որ այան չէր կարող գալ, իսկ երբ Մերին զայրացավ ու սկսեց նրան հարվածել ու ոտքերով խփել, կինն ավելի վախեցավ և կրկնեց, որ անկարելի բան էր, որ այան գար միսի սահիբի մոտ:
Այդ առավոտ օդի մեջ ինչ–որ խորհրդավոր ու արտասովոր բան կար: Ծառաներից մի քանիսը չէին երևում, իսկ նրանք, ում Մերին տեսավ, խուսափում էին աղջկանից կամ գունատ, վախվորած դեմքերով շտապում էին հեռանալ: Ոչ ոք ոչինչ չէր բացատրում, իսկ այան այդպես էլ չերևաց: Ամբողջ առավոտ նա մենակ մնաց, հետո դուրս եկավ պարտեզ ու սկսեց վերանդայի կողքին` մի ծառի տակ, խաղալ: Մերին ձևացնում էր, որ ծաղիկներ է տնկում և հողի բլրակների մեջ կարմիր հիբիսկուսներ էր խրում: Գնալով նա ավելի էր չարանում ու քթի տակ մռթմռթում այն ամենը, ինչ պատրաստվում էր ասելու Սաիդիին` դայակին, երբ նա վերադառնար:
«Խո՛զ, խո՛զ, խոզի՛ զավակ»,— կրկնում էր նա: Խոզն ամենավիրավորական բառն էր, որ կարելի էր բնիկներին ասել: Ատամներն էր կրճտացնում` նորից ու նորից կրկնելով այդ բառերը: Հենց այդ պահին խարտյաշ մի երիտասարդի հետ վերանդա դուրս եկավ աղջկա մայրը: Նրանք խոսում էին տարօրինակ ցածր ձայնով: Մերին ճանաչում էր խարտյաշ երիտասարդին. նա ասես պատանի լիներ: Լսել էր, որ նա երիտասարդ զինվորական էր և բոլորովին վերջերս էր Անգլիայից եկել: Մերին ուշադիր նայեց նրան, բայց ավելի երկար նայեց մորը: Երբ նման հնարավորություն էր լինում, Մերին նայում էր մորը, որովհետև մեմ սահիբը, Մերին մորը հաճախ էր այդպես անվանում, բարձրահասակ, նրբակազմ ու շատ սիրուն կին էր` շատ գեղեցիկ հագուստներով: Մազերն ասես գանգուր մետաքս լինեին, քիթը փոքրիկ ու նուրբ էր, և կարծես բոլորին վերևից էր նայում, աչքերը մեծ ու ծիծաղկոտ էին: Մոր բոլոր զգեստները բարակ ու սայթաքուն էին: Մերին ասում էր, որ դրանք «ժանյակով լի» էին: Այդ առավոտ մոր հագուստներն ավելի «լի էին ժանյակով», քան երբևէ, բայց աչքերը բոլորովին ծիծաղկոտ չէին, այլ մեծ էին, վախեցած և պաղատագին նայում էին խարտյաշ երիտասարդ սպայի դեմքին:
— Ուրեմն ամեն ինչ այդքան վա՞տ է, այո՞,— Մերին լսեց՝ ինչպես էր մայրը հարցնում սպային:
— Սոսկալի է,— պատասխանեց երիտասարդը դողացող ձայնով,— ուղղակի սոսկալի է, տիկի՛ն Լենոքս: Դեռ երկու շաբաթ առաջ պետք է բլուրները քաշվեիք:
Մեմ սահիբը ձեռքերն իրար սեղմեց:
— Ա՜խ, գիտեմ, որ այդպես պետք է անեի,— բացականչեց նա,— մնացի, որ այդ տխմար ճաշկերույթին մասնակցեմ: Ի՜նչ հիմարն էի:
Հենց այդ պահին ծառաների հարկաբաժնից այնպիսի ողբալից աղաղակ լսվեց, որ կինը վախեցած ճանկեց երիտասարդի ձեռքը, իսկ Մերիի ամբողջ մարմնով դող անցավ: Ողբը գնալով սաստկանում էր:
— Ի՞նչ է դա, ի՞նչ,— տիկին Լենոքսի շունչը կտրվում էր:
— Մարդ մահացավ,— պատասխանեց երիտասարդ սպան:— Չէիք ասել, որ Ձեր ծառաներն էլ են վարակվել:
— Ես չգիտեի,— բացականչեց մեմ սահիբը:— Գնացի՛նք, գնացի՛նք:
Եվ նա շրջվեց ու վազելով տուն մտավ:
Իսկ հետո ահավոր բաներ տեղի ունեցան, և Մերին ամեն ինչ հասկացավ: Խոլերա էր սկսվել, այն էլ ամենածանր տեսակի: Մարդիկ ճանճերի պես ոչնչանում էին: Այան հիվանդացել էր հենց այդ գիշեր, և ծառաների հարկաբաժնում ողբ բարձրացավ, որովհետև նա հենց նոր մահացել էր: Մինչև հաջորդ օրը երեք ծառա ևս մահացան, իսկ մյուսները սարսափած փախան: Ամենուր տագնապ էր, բոլոր բունգալոներում` մահացող մարդիկ:
Երկրորդ օրվա իրարանցման ու շփոթմունքի ժամանակ Մերին թաքնվեց իր սենյակում, և բոլորը նրա մասին մոռացան: Ոչ ոք նրա մասին չէր մտածում, ոչ ոքի նա պետք չէր, տարօրինակ բաներ էին տեղի ունենում, որոնցից երեխան անտեղյակ էր: Ժամեր շարունակ նա լաց եղավ ու քնեց, ապա նորից լաց եղավ ու նորից քնեց: Գիտեր միայն, որ մարդիկ հիվանդացել էին, և տարօրինակ, սարսափելի ձայներ էր լսում: Մի անգամ մտավ ճաշասենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկար, թեև սեղանին անավարտ ընթրիքի մնացորդներ էին: Ասես ճաշողներն ինչ–որ պատճառով բոլորը միասին աթոռները մի կողմ էին հրել ու հեռացել: Մերին մի քիչ միրգ ու թխվածք կերավ և քանի որ ծարավ էր, մի գավաթ գինի խմեց: Գինին քաղցր էր, և աղջիկը չհասկացավ, որ այն շատ թունդ էր: Շատ շուտով գինուց քունը սաստիկ տարավ, և նա վերադարձավ մանկասենյակ ու նորից փակվեց այնտեղ` վախեցած այս ու այն կողմ շտապող ոտնաձայներից ու ճիչերից: Գինուց քունն այնպես էր տանում, որ չկարողացավ աչքերը բաց պահել: Պառկեց մահճակալին ու երկար ժամանակ էլ ոչինչ չլսեց:
Մինչ նա ընկղմված էր խոր քնի մեջ, շատ իրադարձություններ տեղի ունեցան, բայց Մերին չէր լսում ո՛չ լացի ձայն, ո՛չ էլ ներս ու դուրս անող մարդկանց ոտնաձայները, որոնք ինչ–որ բաներ էին տուն բերում կամ տնից դուրս տանում:
Երբ վերջապես արթնացավ, շարունակեց պառկել ու անթարթ նայել պատին: Բացարձակ լռություն էր: Այդքան լուռ երբեք չէր եղել: Հիմա ո՛չ ձայն էր լսվում, ո՛չ քայլերի աղմուկ: Գուցե խոլերան անցել էր, մարդիկ լավացել, և այդ ամբողջ իրարանցումն արդեն հետևում էր: Հիմա, երբ այան մահացել էր, ո՞վ էր հոգ տանելու իր մասին: Երևի նոր դայակ կգար, որը, հնարավոր է, նոր պատմություններ գիտեր: Հներից աղջիկն արդեն հոգնել էր: Մեռած դայակի համար նա լաց չեղավ. երբեք էլ ջերմ երեխա չէր եղել և առանձնապես ոչ ոքի էլ չէր սիրում: Համաճարակի պատճառով ստեղծված աղմուկը, իրարանցումն ու լացը վախեցրել էին նրան, իսկ հիմա բարկացած էր, որովհետև իր գոյության մասին ոչ ոք չէր հիշում: Մարդիկ այնքան վախեցած էին. ո՜վ էր մտածողը փոքրիկ աղջկա մասին, որին ոչ ոք չէր սիրում: Ամեն մարդ իր մասին էր մտածում: Բայց եթե բոլորն արդեն լավացել էին, իրեն անպայման կհիշեին ու կգային փնտրելու:


[Շարունակությունը՝ գրքում] նախագծի մյուս գրքերը՝ այստեղ




Սակայն ոչ ոք չեկավ: Մերին պառկած սպասում էր, իսկ տունը գնալով ավելի էր ընկղմվում լռության մեջ: Հանկարծ դռան խսիրի կողմից ֆշշոց լսվեց: Երբ Մերին ներքև նայեց, տեսավ մի փոքրիկ օձ, որ սողում էր հատակի վրայով ու թանկագին քարերի պես շողշողուն աչքերով իրեն նայում: Մերին չվախեցավ. գիտեր, որ անվնաս կենդանի էր և իրեն բան չէր անի: Օձը շտապում էր և սողալով դուրս սահեց սենյակից: Մերին տեսավ` ինչպես նա անհետացավ դռան տակ:
— Ինչ տարօրինակ լռություն է,— ասաց Մերին,— թվում է` բունգալոյում ինձանից ու օձից բացի ոչ ոք չկա:
Եվ հենց հաջորդ րոպեին սրահում, ապա վերանդայում քայլեր լսվեցին: Տղամարդու ոտնաձայներ էին: Քայլողները մտան բունգալո և սկսեցին խուլ ձայներով խոսել: Ոչ ոք նրանց չդիմավորեց, ոչ էլ միացավ նրանց խոսակցությանը: Թվաց` նրանք բացում–փակում են դռներն ու ստուգում սենյակները:
— Ի՜նչ ցավալի է,— ասաց ձայներից մեկը,— այդ սիրուն կի՜նը: Կարծում եմ երեխան` նույնպես: Ասում էին երեխա էլ ուներ, թեև նրան ոչ ոք չի տեսել:
Երբ մի քանի րոպեից նրանք ներս մտան, սենյակի մեջտեղում կանգնած էր տգեղ, բարկացած մի էակ, որը հոնքերի տակից իրենց էր նայում, որովհետև արդեն սոված էր ու իրեն անարդարացիորեն լքված էր զգում: Մտնողներից առաջինը բարձրահասակ զինվորական էր: Մերին մի անգամ տեսել էր նրան հոր հետ խոսելիս: Նա հոգնած ու մտահոգ տեսք ուներ, բայց երբ տեսավ աղջկան, այնպես զարմացավ, որ գրեթե հետ ցատկեց:
— Բա՛ռնի,— գոչեց նա,— այստեղ երեխա կա: Բոլորովին մենակ է: Եվ այսպիսի վայրում: Տե՜ր Աստված, ո՞վ կլինի սա:
— Ես Մերի Լենոքսն եմ,— ասաց փոքրիկ աղջիկը` տեղում լարված ձգվելով: Ի՜նչ անշնորհք էր այդ մարդը. իր հոր բունգալոն «այսպիսի մի վայր» անվանեց:
— Երբ բոլորը խոլերայով էին հիվանդացել, ես քնեցի: Մի քիչ առաջ եմ արթնացել: Ինչո՞ւ ինձ մոտ ոչ ոք չի գալիս:
— Սա այն երեխան է, որին ոչ ոք չի տեսել,— բացականչեց տղամարդը` շրջվելով դեպի իր ուղեկիցները:— Փաստորեն նրան մոռացել են:
— Ինչո՞ւ են ինձ մոռացել,— ասաց Մերին` ոտքը գետնին խփելով:— Ինչո՞ւ ոչ ոք չի գալիս:
Երիտասարդը, որին Բառնի էին անվանում, տխուր նայեց Մերիին: Աղջկան նույնիսկ թվաց, որ նրա աչքերին արցունքներ երևացին:
— Թշվա՜ռ երեխա,— ասաց նա,— մարդ չի մնացել, որ գա քեզ մոտ:
Ահա այսպիսի տարօրինակ ու անսպասելի ձևով Մերին իմացավ, որ ինքն այլևս ո՛չ հայր ունի, ո՛չ մայր. նրանք երկուսն էլ մահացել են: Նրանց մարմինները տնից դուրս էին տարել գիշերով, իսկ այն քիչ թվով հնդիկ ծառաները, որոնք խոլերայից փրկվել էին, շտապ հեռացել էին` չհիշելով անգամ միսի սահիբի գոյության մասին: Ահա` ինչու էր այդքան լուռ: Տանն իսկապես, նրանից ու օձից բացի, ուրիշ կենդանի շունչ չկար:

www.zangak.am 

Տարածել