Որտեղի՞ց է իրականում գումարը և ո՞վ է ստում
Գավառի քաղաքային բյուջեից հրապարակի վերակառուցման համար ոչ մի լումա չի տրամադրվել: Ամիսներ առաջ Արմնյուզի «ԳավառGate. որտե՞ղ են կորել միլիոնները`անհետացած գումարների փնտրտուքով. մաս 4» տեսանյութում Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը այլ բան էր պնդում:
Այս հայտարարությունից հետո ոչ մի կերպ հնարավոր չեղավ գտնել Գավառի քաղաքային բյուջեն, քաղաքապետարանի կայքում տեղադրված չէր, իսկ Տեղեկատվություն ստանալու հարցումները մնացին անպատասխան: Նույնիսկ հեռախոսով հարցման մասին տեղեկացնելը քաղաքապետարանը թողեց անպատասխան: Ստիպված դիմեցինք «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»՝ բյուջեի նախագիծը պահանջելու և ստանալու համար: Ամիսներ անց քաղաքապետարանը հարցմանը պատասխանել է, որ քաղաքային բյուջեից հրապարակի նորոգման համար գումար չի ծախսվել:
«Արմնյուզ» հեռուստաընկերությունը հետաքննություն էր արել և Գավառի հրապարակի վերակառուցման վերաբերյալ մի շարք չարաշահումներ բացահայտել: Պարզվել էր, որ անհետացել էին հրապարակի ծառերը և հայտնվել քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին պատկանող ռեստորանի բակում: Բացի այդ, պարզվել էր, որ հրապարակի նորոգման համար 2008 թվականի բյուջեով նախատեսված էր եղել 40 միլիոն դրամ, բայց դրանից 4 տարի անց սկսվել էր վերակառուցումը, որի համար 20 միլիոն դրամ տրամադրել էր կառավարությունը, այնինչ, փոխքաղաքապետը պնդում էր, որ 20 միլիոն էլ քաղաքային բյուջեն էր տրամադրել: