FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ցանկանում ե՞ք ոչնչացնել որևէ մեդիա. Ահա, թե դա ինչ

Ցանկանում ե՞ք ոչնչացնել որևէ մեդիա. Ահա, թե դա ինչպես արեց մի ամերիկացի

Այս տարվա մարտին Gawker բլոգի ղեկավարությունը պարտվել է դատարանում հանրահայտ ըմբիշ Հալկ Հոգանին: Նախկին ըմբիշը մեղադրել է ընկերությանը իր մասնակցությամբ սիրողական և անձնական պոռնոտեսագրություն տարածելու համար՝ պահանջելով տասնյակ միլիոնավոր դոլարներ: Ինչպես պարզվեց, այդ և մի քանի այլ դատական հայցերն ընդդեմ Gawker-ի՝ ֆինանսավորել է նույն մարդը՝ Paypal-ի հիմնադիր, միլիարդատեր Փիթեր Տիլը: Մի քանի լրագրողներ գործարարի գործունեության մեջ նկատել են խոսքի ազատությունը սահմանափակող տարրեր, թեև պետք է նկատել, որ Gawker պարբերականը հայտնի է իր սկանդալային ոճով և անսկզբունքայնությամբ: Համառոտ ներկայացնում ենք պատմությունն ու հերոսներին:
Gawker-ը ամերիկյան սկանդալային ինտերնետային տաբլոիդ է: Այն հայտնվել է 2003-ին՝ բլոգի տեսքով: Այդ պահից ի վեր նրա շուրջ ձևավորվել է օնլայն կայքերի մի ամբողջ համակարգ (Gizmodo, Kotaku, Jezebel): Gawker-ը մասնագիտացած է շոու բիզնեսի աստղերի, ՏՏ ինդուստրիայի ներկայացուցիչների վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություններ տարածելու գործում: Մասնավորապես, նրանք տարածում են հայտնիների ինտիմ բնույթի և սեռական կողմնորոշումը բացահայտող լուսանկարներ և տեսանյութեր, որոնք մասամբ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով: Gawker-ին հաճախ քննադատում են լրագրողական էթիկայի նորմերին չհետևելու համար: Այդ վարքագիծը նրանց հաճախ կանգնեցնում է դատարանի առաջ:
Հալկ Հոգանը 140 մլն դոլարի փոխհատուցում ստացավ Gawker-ից: 2012-ի հոկտեմբերին Gawker-ը տարածեց անձնական տեսագրություն նախկին ըմբիշ և հոլիվուդյան դերասան Հալկ Հոգանի մասնակցությամբ: Վերջինս հայց ներկայացրեց դատարան և հաղթեց: 2016 թվականի մարտին դատարանը պարտավորեցրեց Gawker-ին վճարել 55 մլն դոլար նյութական, 60 մլն դոլար՝ բարոյական վնաս պատճառելու համար և 25 մլն դոլար տուգանք:
Ամենայն հավանականությամբ, Gawker-ը հայցից հետո չի կարողանա խելքի գալ: Պարտվելով հայցն ընդդեմ Հալկ Հոգանի, կազմակերպությունը հայտնվեց սնանկացման եզրին: Gawker-ը, թեև բողոքարկեց դատարանի վճիռը, որից հետո հնարավոր էր կրճատվեր նշանակված գումարը, սակայն պարտավոր էր անկախ բողոքարկումից, Հոգանին միանգամից վճարել 50 մլն դոլար: Սնանկացումից խուսափելու համար, կազմակերպության ղեկավարությունը ստիպված եղավ Gawker-ի մի մասը վաճառել ռուս մեծահարուստ Վիկտոր Վեքսելբերգին: Բացի այդ, Forbes-ի տվյալով, փաստաբանների ծառայությունից հաճախ օգտվելու և դատական տույժերի հետևանքով՝ ընկերությունը կուտակել էր միլիոնների հասնող պարտք: Հոգանի հաղթանակից հետո Gawker-ի դեմ սկսվեց դատական հայցերի ալիք:
Gawker-ի դեմ դատական հայցերը ֆինանսավորում է Փիթեր Տիլը: Մայիսի 22-ին Նյու Յորք Թայմսին տված հարցազրույցում Gawker-ի հիմնադիր Փիթեր Դենթենը կիսվեց այն համոզմամբ, որ Հալկ Հոգանի և մյուսների դատական հայցերը ֆինանսավորել է Սիլիկոնային հովտի ոմն ազդեցիկ գործարար, որը դժգոհ էր կազմակերպության հրատակչական քաղաքականությունից: Մայիսի 24-ին Forbes-ը հայտարարեց, որ այդ մարդը Paypal-ի հիմնադիր և Facebook-ը ֆինանսավորող Փիթեր Տիլն է: Ըստ կազմակերպության՝ Տիլի նպատակը ոչ թե եկամուտն էր, այլ վրեժը (մարդիկ հաճախ ֆինանսավորում են դատական հայցերը հատուցվող գումարից մասնաբաժին ստանալու համար). 2007 թվականին Gawker-ը գրել էր Տիլի հոմոսեքսուալիստ լինելու մասին: Սեռական կողմնորոշումը գաղտնի պահող գործարարը կազմակերպությանը համեմատել էր Ալ-Ղաիդա կոչվող ահաբեկչական խմբավորման հետ: Ելնելով այս ամենից, նոր հայցերն ընդդեմ Gawker-ի նույնպես ֆինանսավորում է Տիլը, որովհետև բոլոր գործերը վարում է նույն փաստաբանը:
Փիթեր Տիլն իր գործողությունները որակել է որպես մարդասիրական քայլ: Մայիսի 25-ին Նյու Յորք Թայմսին տված հարցազրույցում Փիթեր Տիլը հաստատեց, որ ինքն է ֆինանսավորել Հալկ Հոգանի հայցը, որպեսզի հաշվեհարդար տեսնի Gawker-ի նկատմամբ: Նրա խոսքով, կազմակերպությունը հրապարակում է այնպիսի նյութեր, որոնք ակամայից մեծ վնաս են պատճառում հայտնիներին՝ կործանելով նրանց կյանքն առանց հիմնավոր պատճառի: Տիլը պնդում է, որ Gawker-ի դեմ հայցը ֆինանսավորելը իր ամենամարդասիրական քայլերից մեկն է:
Տիլի մասնակցությունն ընդդեմ Gawker-ի վատ նախադեպ է ԶԼՄ-ների համար: Forbes-ի հարցմանն ի պատասխան վերլուծաբանները հայտնել են, որ Հոգանի հայցի հաջողությունը օրինակ կծառայի հարուստներին՝ ինչպես Փիթեր Տիլի դեպքում: Դատական այսօրինակ հայցերի ֆինանսավորումը թույլ կտա միլիարդատերերին, մեդիան, եթե ոչ լուծարել, ապա պահել մշտական վախի մթնոլորտում: Այսպիսի մարդկանց դեմ ոչ բոլոր խմբագրությունները կհամարձակվեն հրապարակել քննադատական հոդվածներ կամ գործարարի մասին լրագրողական հետաքննություն իրականացնել: Հատկապես, երբ հայցի ֆինանսավորումը կարելի է կազմակերպել անանուն՝ առանց ռիսկերի: Լրագրող և վերլուծաբան Ջոշ Մարշալը համարում է, որ այս կերպ հարուստ մարդիկ ձեռք են բերում ավելի մեծ ազդեցություն, քան լոբինգի շնորհիվ:
«Հնարավոր է ձեզ դուր չգա Gawker-ը, - գրում է Մարշալը, - քանի որ նրանք հրապարակում են այնպիսի նյութեր, որոնք ես կխուսափեի հրապարակել: Բայց եթե հարուստները կարողանում են, գաղտնի պահելով իրենց անունը, կործանել անցանկալի ԶԼՄ-ները` սա կդառնա խոսքի ազատության ամենամեծ սպառնալիքն ամբողջ պատմության ընթացքում»:
 

Տարածել