BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Z սերունդ» կամ «Հարյուրամյակի սերունդ». ովքե՞ր են

«Z սերունդ» կամ «Հարյուրամյակի սերունդ». ովքե՞ր են նրանք և ինչո՞վ են յուրօրինակ

Պայմանականորեն «Z սերնդի»  ներկայացուցիչներ են կոչվում նրանք, ովքեր ծնվել են 1995-97 թվականից հետո: «Հարյուրամյակի սերունդ»-ը հաջորդում է  «Հազարամյակի կամ Y սերունդ»-ին: Ընդհանրապես սերունդների թեորեմի հիմնադիրները՝  Ուիլյամ Շտրաուսը և Նեիլն այս սերնդի սահմանագիծն են  համարել 2024-2025 թթ., հետևաբար «Հարյուրամյակի սերունդ»-ի մասին մեր եզրահանգումները կարող ենք կատարել հիմնավորապես ելնելով այն հանգամանքից, որ այն գտնվում է իր դրսևորան գագաթնակետում կամ ‹‹կյանքի›› մեջտեղում:
Դրան զուգահեռ, «Հարյուրամյակի սերունդ»-ի մասին պատկերացում կազմելիս, առավել ևս եզրակացություններ անելիս հանդիպում ենք շատ նրբությունների ու բարդությունների՝ կապված սերնդի ներկայացուցիչների վարքի ու բնավորության տեղային՝ լոկալ դրսևորումների հետ՝ կախված այն հանգամանքից, թե որ երկրում, ինչպիսի զարգացվածության հասարակարգում են նրանք ապրում:



Տեխնոլոգիապես հագեցած


 
Սա առաջին սերունդն է, որը չի տեսել կյանք առանց տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական հարթակների ու ցանցերի:

Նրանց համար անսովոր են երևույթներ, ինչպիսիք են՝ սպասել, մինչև ծնողները կվերջացնեն ու կանջատեն հեռախոսը, որպեսզի իրենք էլ զանգ կատարեն, օգտվել քարտային կատալոգներից կամ հայթայթել թուղթ ու գրիչ, որպեսզի ինչ-որ բան պահի տակ գրեն:

Ճաշակ և նորաձևություն


Ճաշակի և նորաձևության հարցում նրանք առաջնայնությունը տալիս են ոչ թե դասական, սերնդեսերունդ փոխանցված, կանոնակարգված հագուկապի նորմերին, այլ հարմարավետությանն ու հասարակին՝ բառիս ոչ հասարակ իմաստով:

Առանց քննադատության


«Հարյուրամյակի սերունդ»-ի ներկայացուցիչներն ավելի քիչ են դատում դիմացիններին, ավելի քիչ են ապրում դիմացինների կյանքով ու քննադատում  դիմացինի կատարած ընտրությունն ու նրա կողմնորոշումը:

Սա ընդհանուր առմամբ, բայց որոշ երկրներում, ելնելով տեղային մենթալիտետի ու ավանդույյթների դեռ ամուր ու  հիմնավոր լինելուց, շատ հարցերի մասին, ինչպիսիք են՝ նույնասեռականների ամուսնությունը, կնոջ մարմնի ազատությունն ու տրանսսեքսուալների գոյությունը հասարակությունում ու իրենց միջավայում, դեռ վաղ է եզրակացություններ անել: Մի փաստ ևս հաշվի առնենք. այն է, որ Z սերնդի ներկայացուցիչների տարիքն  այս պահին տատանվում է 17-22 տարեկանի սահմանում, հետևաբար դեռ ժամանակ կա հետևելու նրանց մոտեցումների զարգացմանն ու փոփոխություններին տվյալ հարցերում:

Ավելի պրագմատիկ


Z սերնդի ներկայացուցիչներն ավելի պրագմատիկ են:

Դրան զուգահեռ նրանք սիրում են ուրախանալ, հետաքրքիր ու բուռն ժամանակ անցկացնել ու կտրվել իրականությունից, բայց, ի տարբերություն իրենց նախկին սերնդի, պակաս երազկոտ են:


Դա բացատրվում է նրանով, որ լրատվական, տեղեկատվական դաշտի միջոցով գրեթե ամեն օր ականատես են լինում մահացությունների, ահաբեկչության դեպքերի անգամ այնպիսի վայրերում, որոնք նախկինում անվտանգ էին համարվում, լինի  դպրոց, համալսարան, թե ուղղակի ժամանցի վայր:

Պակաս ուշադիր ու կենտրոնացած


«Հարյուրամյակի սերունդ»-ի ներկայացուցիչները պակաս ուշադիր ու կենտրոնացած են, քան նրանց նախորդողները: Այս հանգամանքը բացատրվում է  համացանցի առկայությամբ:  Համացանցի՝ առավելապես սոցիալական ցանցերից ստացված ինֆորմացիայի հոսքն այնքան արագ է, որ քիչ ժամանակ է մնում դրա վրա կենտրոնանալու և  ֆիլտրելու համար:
Հետևաբար  Z-երի սերնդին բնորոշ է կարճ ժամանակում և արագ որոշումներ կատարելը, որն իր հերթին և վնաս է, և օգտակար:

Առավել նախաձեռնող ու ինքնուրույն


Հաջորդ կարևոր կետը աշխատանքի վերաբերյալ նրանց պատկերացումներն են: Հետազոտությունները հավաստում են, որ այս սերնդի ներկայացուցիչները առավել նախաձեռնող ու ինքնուրույն են: Աշխատանքի անցնում են դեռ վաղ տարիքից՝ սկսած 16-18, բայց դրան զուգահեռ աշխատանքի վրա փորձում են քիչ ժամանակ կորցնել: Հնչում է պարադոքսալ, բայց դա բացատրվում է հետևյալ կերպ.
Եթե Z սերնդի ներկայացուցիչը տեսնում է, որ ունակ է որևէ գործ անելու, ապա նա նախընտրում է պրագմատիկ լինել և արագ կատարել առաջադրանքը, իսկ մնացած ժամանակը ծախսել այլ զբաղմունքների վրա:

Մյուս կողմից էլ ինքնուրույնությունը տանում է նրան, որ փորձում են սեփական նախաձեռնություններն ու մտքերը վերածել գործի ու հենց իրենք ղեկավարեն այդ գործը, այլ կերպ ասած՝ սեփական բիզնեսը ստեղծել:

Անհատական, բայց տարրալուծված


Պայմանավորված գլոբալիզացիայով, որը մեծամասամբ հետևանք է ինֆորմացիայի արագ հասանելիության՝ նրանք փորձում են դառնալ անհատականություններ, դրան զուգահեռ տարրալուծվում են մասսաներին:
Դա դրսևորվում է հիմնականում  նորաձևությունում, բառապաշարի օգտագործման մեջ, մտքերի արտահայտելու առումով, ընտրած զբաղմունքներով:

Դրանով նրանք առանձնանում են նախորդ՝ Y սերնդից, բայց հետևողական չլինելու պատճառով հնարավոր է, որ անհատականության կորուստ լինի:

Առանց կարծրատիպերի


Այս սերնդի մոտ նկատվում է հոգնածություն նախկին ու քարոզվող համընդհանուր ճշմարտություններից ու օրենքներից:

Սա դրսևորվում է կրոնական սկզբունքներում՝ Նեո ուղղությունների ծագումը, պետության կառուցվածքի ու ղեկավարման հանդեպ՝ քաղաքացիական հասարակության ակտիվացում է դրսևորվում հիմնականում նախկինում փակ հասարակություններում ու պետություններում, անձնական հարաբերություններում՝ առավել ինքնուրույն են ու քիչ են կառչում կարծիքներից, հասարակության վերաբերմունքից:


Կարդացեք նաև․



Մեղավոր, բայց անմեղ


Այս ամենին զուգահեռ կա մի տենդենց, որն անհանգստացնող է: Համեմատելով նախկին սերունդների հետ՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նկատվում է ծնելիության անկում:  Դա առավել  ակնհայտ է եվրոպական երկրներում ու հիմնականում ոչ իսլամական հասարակություններում:
Բայց սրա «մեղքն»  ընկնում է ոչ թե նրանց, այլ նախորդ՝ Y սերնդի վրա:

Այս ամենով հանդերձ պետք է ընդունել, որ յուրաքանչյուր սերունդ և փորձում է, և հենց տարբերվում է նախորդից, որոշակի առումով դասեր է քաղում նախորդների սխալներից ու միշտ փորձում է առաջ նայել: Իսկ յուրաքանչյուր անձ բացի իր օրենսդրությամբ սահմանված իրավունքներից իրավունք ունի նաև անհատականության դրսևորման և օգնության՝ նախկին սերնդի ներկայացուցիչների կողմից:

Նյութի հեղինակը newmag-ի ընթերցող Դավիթ Սամվելյանն է։ 

Տարածել