BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Մեզ համար գիրքը ժառանգություն է, որը պետք է փոխան

«Մեզ համար գիրքը ժառանգություն է, որը պետք է փոխանցել սերունդներին». «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյան

newmag-y-n

Փետրվարի 10-ին վաղ առավոտից Dvin Music Hall-ը կբացի իր դռները տարվա գրական ամենամեծ միջոցառման առջև: Այստեղ տեղի կունենա Newmag Winter Fest-2024 փառատոնը, որը մի ամբողջ օր բազմաժանր ու բազմազան միջացառումների շնորհիվ գրքասերների օրը կվերածի տոնի: Ժամանակա

-Ներկայացրեք, խնդրեմ, ինչու է Ձեր ընկերությունը հանձն է առել աջակցել ձմեռային փառատոնին:  

-Newmag Winter Fest-ը արդեն բարի ավանդույթ դարձած միջոցառում է: Newmag հրատարակչությունը տարին երկու անգամ կազմակերպում է գրքի փառատոն-համաժողովներ, այսպես ասած՝ ամառային և ձմեռային «թողարկումներով»: Փառատոնի ներկա, ձմեռային տարբերակի հյուրընկալման համար ընտրվել է Dvin Music Hall-ը. ինչպես տեսնում եք՝ առավել քան բարձրակարգ վայր, և համապատասխանաբար՝ գործին ձեռնամուխ են եղել մեծ թափով:

Դա լինելու է Գրքի մեծ ու գեղեցիկ տոն, որն իր շուրջ համախմբելու է ոչ միայն նպատակային լայն լսարան, այլև իր շրջանակներում միավորելու է նույն արժեհամակարգն ունեցող մարդկանց, այն արժեհամակարգը, որում գիրքն առաջատար դիրքերում է:

Փառատոնային ֆիեստան ընթանալու է ամբողջ օրը՝ գործնականում անընդմեջ, իսկ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։ Համաժողովի շրջանակներում տեղի կունենան նոր գրքերի շնորհանդեսներ, ընդ որում իրենց ստեղծագործությունները կներկայացնեն անձամբ հեղինակները: Բնականաբար, քանի որ սա առաջին հերթին գրքի տոնավաճառ է, ներկայացված ցանկացած գիրք հնարավոր կլինի գնել։ Իսկ իրականում գրքի փառատոնը մտածված է այնպես, որ իսկապես դառնա ժամանակակից արվեստի և մշակույթի կվինտեսենցիա։

Այն կբացի Արցախի պետական ջազ նվագախումբը։ Փառատոնի շրջանակում տեղի կունենա Տիգրան Ձիթողցյանի և Նուռի աշխատանքների ցուցահանդեսը: Սպասվում է պանելային լուրջ քննարկում, որի ընթացքում կարծարծվեն գրահրատարակչության հրատապ խնդիրները արդի աշխարհում, ապա կհաջորդի Ավետ Բարսեղյանի ստեղծագործական երեկոն՝ «Սեր է ուզուն» խորագրով: Ընդ որում այն կընդգրկի ոչ միայն բանաստեղծություններ հեղինակի կատարմամբ և պատասխաններ լսարանի հարցերին. Ավետի բանաստեղծություններով երգերը կկատարեն Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ն, Գոռ Սուջյանը... Մի խոսքով, ծրագիրը հագեցած է, և վստահ եմ, որ գրքի տոնն իսկապես կկայանա:

Ինչպես արդեն ասացի, Tovmasyan Foundation-ը հյուրընկալ բացում է Dvin Music Hall -ի դռները նպատակային լայն լսարանի համար: Իսկ մեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, Արդշինբանկն ու «Պրոֆայլ» ընկերությունը հանդես են գալիս որպես միջոցառման գլխավոր գործընկերներ։

-Որքանով տեղյակ եմ, «ԳեոՊրոՄայնինգ»-ը բնավ առաջին անգամ չէ, որ աջակցում է գրքի պատվին անցկացվող լայնածավալ միջոցառումների։  

-Այս ոլորտում մեր ներկայության պատմությունը սկսվում է 2012 թվականից, երբ Հայաստանը մեծ շուքով նշում էր Հայ գրատպության 500-ամյակը, որը սկիզբ է առնում 1512 թվականից. հենց այդ թվականին է Հակոբ Մեղապարտը Վենետիկում հրատարակել «Ուրբաթագիրքը»: Տարաբնույթ միջոցառումներ էին անցկացվում ամբողջ տարվա ընթացքում, բայց կազմակերպվեց նաև գալա-միջոցառում, որի գլխավոր հովանավորը դարձանք մենք: Այդ ողջ ծրագիրն անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, և Գրքի տարվա հովանավորներից մեկը լինելը մեզ համար մեծ պատիվ էր:

Այդ օրը Երևանը Բուենոս Այրեսից ստանում էր «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» փոխանցիկ տիտղոսը։ Հանդիսությունը սկսվեց Օպերայի և բալետի թատրոնի հրապարակից, որտեղ հանրահռչակ տենոր Անդրեա Բոչելլին ելույթ ունեցավ մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի հետ: Իսկ այնուհետ Մատենադարանի մուտքի առջևի հարթակում հավաքվեցին պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ ողջ աշխարհից, որոնցից շատերը գլխավորում էին կառավարությունների անդամները, քաղաքապետները, հավաքվել էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և համաշխարհային ճանաչում ունեցող գրողներ, հրատարակիչներ, գրադարանների տնօրեններ: Եվ Մատենադարանի պատերը դարձան «էկրան», որտեղ ներկայացվեց 3D ձևաչափով գեղեցիկ ֆիլմ՝ նվիրված հայոց գրերի և հայ գրքի պատմությանը: Այդ միջոցառումը մեզ համար առիթ դարձավ հրավիրելու մեր միջազգային գործընկերներին՝ ի դեմս բանկերի և ֆինանսական ինստիտուտների, և ցույց տալու Հայաստանը նրանց համար անհայտ տեսանկյունից. որպես հնագույն գրերից մեկի ակունք, որպես երկիր, որը գրքի հանդեպ սերը, նույնիսկ կասեի՝ գրքի պաշտամունքը փայփայել ու մեզ է հասցրել դարերի միջով։  

-Ձեր ընկերությունը, ես կասեի՝ մեգաընկերությունը, մասնակցում է միայն գրքի՞ն նվիրված մեգամիջոցառումների:

-Ամենևին: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, որը մեր գործարար զարգացման անքակտելի մասն է, շատ լուրջ տեղ են զբաղեցնում կրթական ծրագրերը։ Նման մի ծրագիր՝ «Այբբենարանից մինչև ինժեներական դիպլոմ» անվանումով, նվիրված աճող սերնդի դաստիարակությանը և կրթությանը, մենք իրականացնում ենք արդեն երկար տարիներ: Եվ գիրքն այստեղ հանդես է գալիս որպես կարևոր գործոն, եթե ոչ գլխավոր հերոս։ Բարոյական և հոգևոր արժեքների աստիճանակարգում գիրքն իսկապես առաջատար դիրք ունի, և սրանք լոկ գեղեցիկ բառեր չեն:

Ընկերության ղեկավարությունից մինչև շարքային աշխատակիցներ մենք ունենք ընդհանուր խոր գիտակցում, որ Գիրքը մարդկության մեծ ժառանգությունն է, որը պետք է պահպանել, զարգացնել և խնամքով փոխանցել սերունդներին:

Համապատասխանաբար, այս 17 տարիների ողջ ընթացքում մենք տարբեր ծրագրեր ենք իրականացրել տարբեր հրատարակչությունների հետ, աջակցել ենք Հայաստանում ՌԴ դեսպանատանը կից Ռուսական տան կրթական ծրագրերի շրջանակներում ռուսական ուսումնական գրականության հրատարակմանը, հանդես ենք եկել որպես տարբեր գրքերի հրատարակման հովանավոր։

Հրատարակչական ընըերությունների հետ մեզ կապում է նաև մանկական գրականության գծով աշխատանքը։ Ամեն տարի մանկական տոների համար մենք գրքեր ենք ընտրում որպես նվեր: Կոլեկտիվում նույնիսկ հատուկ ստեղծել ենք ծնողական կոմիտե, որը գլխավորում է, չզարմանաք, մեր գլխավոր տնօրենը։ Մենք ունենք աշխատողներ, որոնց երեխաները արտակարգ ինտելեկտուալ ընթերցասերներ են, և նրանց կարծիքը միշտ էլ ամենածանրակշիռն է լինում գրքերի ընտրության հարցում: Իհարկե, այստեղ մեզ շատ են օգնում նաև իրենք՝ հրատարակիչները. նրանց առաջարկությունները հնարավորություն են տալիս ընտրել գրքերն ըստ ճիշտ տարիքային խմբերի։ Նախապատվությունը տրվում է գեղարվեստական գրականությանը և մանկական տարբեր հանրագիտարաններին, գիտահանրամատչելի հրատարակություններին։

Այսօր շուկան առաջարկում է գրքերի շատ մեծ տեսականի. դրանք այսօր երգում են, նվագում, ցուցադրում 3D-պատկերներ։ Ահավասիկ, վերջերս հրատարակվել են «Մարդուկ-Ջարդուկը» և «Կարապի լիճը» գրքերը՝ երաժշտական նվագակցությամբ. սեղմում եք կոճակը, և հատվածներ են հնչում բալետից: Երեխաները պարզապես հրճված էին։ Այն մարզերի համար, որտեղ մենք ներկա ենք, այս տարիների ընթացքում գնել ենք ավելի քան 25 հազար գիրք։ Իհարկե, նման մեծածախ գնումներն աջակցում են Հայաստանի գրահրատարակչական ոլորտին։

-Նման մոտեցումն իսկապես «սիմֆոնիա» է հիշեցնում։ Եվ կարծես թե քարոզչությունն ի փառս Գրքի քիչ չէ, բայց մենք գնալով ավելի ենք գլխովին ընկղմվում այֆոնների մեջ...  

-Արդիական հարց է։ Մեր ընկերությունում իսկապես հիանալի հասկանում ենք, թե որքան են փոխվել միտումները. ողջ աշխարհը գնում է դեպի թվայնացում: Արհեստական ինտելեկտը գնալով ավելի բարձր է հայտարարում իր մասին՝ երկրաչափական պրոգրեսիայով։ Ըստ այդմ, ներդրողները նախընտրում են առավելապես դիջիթալ-ուղղությունները, և գրքային մշակույթը սկսում է զիջել դիրքերը։ Բայց մենք այնուամենայնիվ հավատում ենք, որ գիրքը հոգևոր առումով առողջ գենոֆոնդի երաշխիքն է, մեծ մշակույթի և մեծ գիտելիքների տիրապետումը, որն ընդգրկում է ամենալայն հորիզոններ, գիրքն այն ամենի սիմբիոզն է, որ ստեղծել է մարդկությունը իր գոյության պատմության ընթացքում և՛ մտավոր, և՛ հոգևոր իմաստով: Այսինքն՝ մեզ համար դա դասական, անվրեպ տարբերակ է։

-Ի դեպ, որպես մխիթարանք՝ նշեմ, որ մի անգամ Պոզներին տված հարցազրույցում արհեստական ինտելեկտի գծով ռուսաստանյան խոշոր մասնագետներից մեկը երկար ժամանակ բացատրում էր դրա առավելությունները, բայց ավարտեց հետևյալ խոսքերով. «50 տարի անց աշխարհը կկառավարեն մարդիկ, որոնք չեն հրաժարվել գիրք կարդալու սովորությունից»... Սակայն վերադառնանք Newmag Winter Fest-ին: Դրա սևեռակետում հենց հայ հեղինակների առաջմղումն է, թե՞ այնուամենայնիվ «ավելի լայն տեսածիրը»:  

- Ինչպես արդեն ասացի, Newmag Winter Fest-ում բազմաթիվ հայ հեղինակներ ներկայացնում են իրենց նոր գրքերը, և դա ոչ միայն լավ է, այլև շատ կարևոր: Բայց ոչ պակաս կարևոր են համաշխարհային բեսթսելլերների թարգմանությունները հայերեն, որոնք հայ ընթերցողին տեղյակ են պահում գրականության ոլորտում համաշխարհային իրադարձությունների, միտումների մասին: Այս առումով Newmag հրատարակչության գործունեությունը բավական բազմազան է. ամենահեղինակավոր աշխարհաքաղաքագետներից ու տնտեսագետներից մինչև երիտասարդ հեռանկարային գրողներ: Օրինակ, միջազգային բիզնես դպրոցի պրոֆեսոր Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրքը, որը պատմում է այն մասին, թե ինչպես են մարդիկ մտածում, ղեկավարում և հասնում նպատակներին միջազգային միջավայրում, թե որքան կարևոր է պատկերացում ունենալ մշակութային տարբերությունների մասին՝ միջազգային նախագծերում փոխըմբռնման հասնելու համար: Newmag հրատարակչատան շնորհիվ հայերեն լեզվով լույս տեսավ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ աշխատություններից մեկը՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը, որն ընդգրկված է «Բոլոր ժամանակների 100 լավագույն գիտական աշխատություններ» ցանկում: Սրանք հենց այն համաշխարհային առաջնային միտումներն են, որոնցից հայ ընթերցասեր հանրությունն անմասն չմնաց։ Համատեղ ջանքերով ծանրակշիռ աշխատանք են կատարել «Օրակուլ» և Newmag հրատարակչատները՝ ռուս հեղինակներին հայերեն թարգմանությամբ տպագրելու համար: Դրանք են՝ Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին», մշակույթի պատմաբան Սոլոմոն Վոլկովի  «Զրույցներ Վլադիմիր Սպիվակովի հետ» և այլ գրքեր։ Այս ամենը շատ կարևոր է:

Բարեբախտաբար, Հայաստանի գրահրատարակչական ոլորտի ղեկին կանգնած են մարդիկ, որոնք ոչ միայն շատ կիրթ են, այլև գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը. համենայն դեպս՝ այդպիսին են նրանք, ում ես ճանաչում եմ: Նրանք հաստատակամ ու սկզբունքայնորեն տանում են գրահրատարակչության ոլորտը զարգացման նախանշված վեկտորով։ Պետության և ազգի մասշտաբով կարևոր գործն առաջ մղելու համար պարզապես անհրաժեշտ է համախոհների միություն։ Հուսով եմ, որ Newmag Winter Fest-ը կդառնա համախոհների հենց այդպիսի միության հաջող արգասիք, հնարավորություն կընձեռի կրկին ու կրկին առաջ մղելու Գիրքը և դրա շուրջ համախմբելու հնարավորինս մեծ թվով մարդկանց:  

Զրույցը վարեց Սոնա ՄԵԼՈՅԱՆԸ

 

 

Տարածել