Վրաստանում համընդհանուր զինապարտություն է գործում: Սակայն եթե դուք փող ունեք, պետք եղած կապեր կոմիսարիատում կամ գոնե ծանոթ-քահանա, դուք միանգամայն կարող եք խուսափել զորակոչից: Աղքատների և կապեր չունեցողների բախտն ավելի քիչ է բերում. նրանք մեկ տարով ստիպված են հրաժարվել իրենց սովորական կենսաձևից, աշխատանքից, ընտանիքից և փոխարենը, շատ հնարավոր է, ծառայության ավարտից հետո այդպես էլ կրակել սովորած չլինեն:
Այսօր նա ասում է, որ զինվորական գործ ծառայության ժամանակ չեն սովորեցրել: «Ամեն օր մի քանի կիլոմետր վազում էինք, մի քանի անգամ տարել են կրակելու և վերջ: Այնուհետև մեզ ուղարկեցին տարբեր օբյեկտներ»,- ասում է Գեորգին:
Կարճ զինվորական պատրաստությունից հետո Գեորգին մեկնել է Թբիլիսիի պետական հիվանդանոցներից մեկի պահակախումբ: Երեք օրը մեկ 24 ժամով հերթափոխի է դուրս եկել, որի ընթացքում 3 ժամից ոչ ավել է հաջողվել քնել: «Այդ ժամանակը մեկ դրական կողմ ուներ. ես հասկացա, որ երբեք այդպիսի աշխատանքի չեմ գնա: Ֆիզիկական աշխատանքն ավելի լավ է», – ասում է Գեորգին:
«Սովորեցրու և զինիր». թե ինչպես էր ստեղծվում պրոֆեսիոնալ բանակը
90-ականների սկզբին՝ Վրաստանի անկախության վերականգնումից հետո, երկրի զինված ուժերը համալրվում էին զորակոչի նախկին՝ խորհդային, սկզբունքով: 2002թ–ին սկսվեց ԱՄՆ կողմից ֆինանսավորվող «Սովորեցրու և զինիր» ծրագրի իրականացումը, որի ընթացքում ամերիկացի ինստրուկտորները 2 հազար վրացի զինվորական են պատրաստել: 64մլն դոլար արժողությամբ ծրագրի արդյունքում Վրաստանը ստացավ լավ պատրաստված զինվորների, որոնք աշխատավարձ էին ստանում և իրենց մասնագիտությունը հեղինակություն վայելող էին համարում: Այդպես Վրաստանում հայտնվեցին պայմանագրային զինծառայողների առաջին ստորաբաժանումները:
2003թ–ի «Վարդերի հեղափոխությունից» հետո նոր իշխանությունները առաջնահերթություններից մեկը հայտարարեցին զինված ուժերի ուժեղացումը:Սահակաշվիլիի կառավարությունը խոստացավ կարճ ժամանակում բանակը լիովին պրոֆեսիոնալ հիմքերի վրա դենլ: Սակայն դա տեղի չունեցավ:
2005թ–ին Վրաստանի զինված ուժերում սովորական զորակոչին զուգահեռ ռեզերվի համակարգ ստեղծվեց: Բոլոր 18-40 տարեկան զինապարտները տարին մեկ անգամ 18-օրյա զինվորական հավաքներ էին անցնում: Երեք անգամ անցկացված հավաքներ անցածներն ազատվում էին ժամկետային ծառայության զորակոչից:
Սակայն ռեզերվի համակարգի թերություններն ի հայտ եկան 2008թ–ի օգոստոսյան պատերազմի ժամանակ. գլխավոր խնդիրը պահեստազորի պատրաստության ցածր որակն էր և ստորաբաժանումների անկազմակերպ լինելը: Նախորդ կառավարությունը փորձեց դասեր քաղել և բարեփոխել համակարգը, սակայն 2012թ–ին «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո պահեստազորը լուծարվեց, և պահեստազորի զինվորկանների զինվորական հավաքները դադարեցվեցին:
Սակայն վերջերս իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստվում են վերականգնել պահեստազորային ծառայությունը:Պաշտպանության նախարարությունն արդեն նախապատրաստել է «բոլորովին նոր» համակարգի հայեցակարգը:
Վրաստանում զինծառայողների ընդհանուր թիվը պարբերաբար փոխվում է: Վերջին 8 տարվա ընթացքում անձնական կազմի թվաքանակը կայուն կազմում է 37 հազար մարդ:
Ի տարբերություն ժամկետային ծառայության զորակոչիկների, պայմանագրային զինծառյողները մրցույթ են անցնում և պետության հետ պայմանագիր կնքում 4 տարի ժամկետով: Պրոֆեսիոնալ զինվորականների աշխատավարձը մոտ հազար լարի է (400 դոլարից մի քիչ ավել), ինչին գումարվում են տարբեր արտոնություններ:
2008թ–ի օգոստոսյան պատերազմից հետո շատ փորձագետներ սկսեցին խոսել այն մասին, որ պետությունը պետք է շեշտադրում անի առաջին հերթին պրոֆեսիոնալ բանակի վրա, չնայած այն բանին, որ պետությունը կհրաժարվի զորակոչից, քչերն էին հավատում: Եվ դա իր պատճառներն ունի:
Զորակոչ Վրաստանի բանակ և ինչպես դրանից խուսափել
Վրաստանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացի 18-27 տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են բանակում 12-ամսյա ժամկետային ծառայություն անցնել: Բացառություն են արվում նրանց համար, ովքեր օրենքով նախատեսված հստակ պատճառ ունեն: Մասնավորապես, դա
- առողջական խնդիրներն են,
- ծանր կամ միջին ծանրության հանցագործություն կատարելը,
- այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելը,
- առանձնահատուկ տաղանդի առկայությունը. hետաքրքիր է, որ մարդու մոտ տաղանդի առկայությունը պետք է հատուկ հրամանով հաստատի վարչապետը:
Հնարավոր է զորակոչի հետաձգում, օրինակ, եթե զինապարտը սովորում է բուհում, կամ հիվանդության պատճառով: Ինչպես նաև, եթե հոգևորական է դարձել կամ երկուսից ավել մանկահասակ երեխաներ ունի: Օրենքի համաձայն՝ հետաձգելու համար կարելի է վճարել, դա տարեկան 2 հազար լարի արժե:
Վրաստանում զորակոչիկները սովորել են ճարպկորեն օգտագործել այդ բացառությունների ցանկը: Օրինակ, JAMnews-ը գտել է մի երիտասարդի, որը պատմել է, որ բանակում ծառայելուց նրան փրկել է ծանոթ քահանան: «Քահանան ինձ օգնեց, պաշտոնական նամակ գրեց այն մասին, որ ես սարկավագ եմ և ծառայություն եմ անցկացնում: Դրանից հետո ինձ հանգիստ թողեցին, այլևս ծանուցագրեր չեն ուղարկում», – ասել է 23-ամյա երիտասարդը:
Իսկ մյուսներին զինկոմիսարիատում «ճիշտ» ծանոթություններն օգնել են խուսափել ծառայությունից:
Զինկոմիսարիատում JAMnews-ի աղբյուրը պատմել է, որ զորակոչիկները հաճախ իրենց վնասվածքներ են պատճառում. «Օրինակ, ծխախոտով այրում են մարմնի տարբեր մասերը, փորձում են մինչև բժշկական հանձնաժողովին ներակյանալը նիհարել, հոգեկան շեղում խթանել: Շատ բաներ են լինում»:
Իր պատմությունը մեզ պատմեց նաև Իլյա Շիմշիլաշվիլին, որն օրենքով խուսափել է զինվորական ծառայությունից: Իլյան ավարտել է Վրաստանի ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Ազատ համալսարանը, և ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է մյուս բուհը: Ընդհանուր նա 4 բուհ է ավարտել միայն նրա համար, որ խուսափի բանակից:
«Իմ անվերջանալի ուսանողություըն 12 500 լարի նստեց ինձ վրա (ավելի քան 5 հազար դոլար): Մի մասն իմ գրպանից եմ մուծել, մի մասը վճարել է պետությունը գրանտերի տեսքով: Իրականում ես չպետք է սովորեի այդքան համալսարաններում: Վնաս կրեցինք և ես, և պետությունը», – ասում է Իլյան:
Իսկ նրանք, ովքեր վճարում են զորակոչը հետաձգելու համար, հաճախ վարկ են վերցնում բանկից, ինչն ինքնըստինքյան բեռ է դառնում նրանց ընտանիքների համար:
Սակայն հետաձգումը կարելի է գնել միայն մինչև 25 տարեկանը: Դրանից հետո խուսափելու ամենաարդյունավետ միջոցը ֆիկտիվ ուսումն է, իսկ ամենագայթակղիչ միջոցը՝ 2 տարով անվճար ֆակուլտետում մագիստրատուրա սովորելն է (դրանք ընդհանուրն տասն են):
Արդյունքում ստացվում է, որ բանակ են գնում ամենաաղքատները, որոնք ոչ գումար ունեն, ոչ էլ հարկ եղած կապեր:
Զինված պահակները
Գործող համակարգի համաձայն՝ ամեն տարի զորակոչը վերաբերում է 6-7 հազար մարդու: Զորակոչն իրականացվում է տարին երկու անգամ՝ գարնանն ու աշնանը:
Իրենց կարիքների համար զորակոչիկներին հավաքագրում է երեք գերատեսչություն՝ պաշտպանության նախարարությունը, ՆԳՆ–ն և պատիժների իրականացման նախարարությունը: Զորակոչիկների միայն 25%-ն է զինված ուժերում հայտնվում: Օրինակ, 2015թ–ին 6400 զորակոչիկներից 1600-ն են բանակում հայտնվել: Մնացածը՝ ՆԳՆ կից ոստիկանական պահակազորում կամ բանտերի պահակախմբերում: Նրանք զինվորական պատրաստություն գրեթե չեն անցնում և ծառայում են՝ այդ թվում պահպանելով մասնավոր օբյեկտներ կամ անվճար կամ 75 լարի խորհրդանշական աշխատավարձով (մոտ 30 դոլար):
«Ես անգամ նորմալ կրակել չգիտեմ, մեկ տարի պահակ եմ աշխատել», – հիշում է Նիկան, որը ծառայությունից մի քանի ամիս առաջ է վերադարձել:«Աշխատավարձը» հերիքում էր աշխատավայր հասնելու և մի քանի տուփ ծխախոտ գնելուն:
JAMnews-ի հարցումը Թբիլիսիում: Երիտասարդությունը դեմ է զորակոչի գործող մոդելին:
Իշխանությունների փաստարկները. զորակոչիկներն էժան են
Յուրաքանչյուր կառավարություն իշխանության գալուց հետո իր նպատակ է հռչակում ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցում կատարելն ու զորակոչի լուծարելը: Դեռևս 2014թ–ին պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ դա տեղի կունենա 2017թ–ին: Ավելի արմատական հայտարարություն արեց պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ նախորդ տարի նշելով, որ զինված ուժերը հրաժարվում են զորակոչիկներից:
Ճիշտ է, նրան այդ պաշտոնում փոխարինած ներկայիս նախարար Լևան Իզորիան կրկին վերականգնեց զորակոչը: Գլխավոր պատճառն, ինչով իշխանությունները դա բացատրում են, այն է, որ համընդհանուր զինապարտության պարագայում պետությունն ավելի քիչ գումար է ծախսում պաշտպանության վրա: Իզորիայի խոսքով՝ մեկ պայմանագրային զինծառայողը տարեկան պետության վրա 26 հազար լարի է նստում, իսկ զորակոչիկը՝ միայն 9 հազար:
Պաշտպանության խորհրդարանական կոմիտեի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին ի պաշտպանություն զորակոչի պրակտիկայի օրինակ է բերել Իսրայելը: Սակայն նրա ընդդիմադիրները հիշեցրել են, որ Իսրայելում զորակոչիկները որակյալ պատրաստություն են անցնում, այլ ոչ թե աշխատում են որպես պահակներ: Եվս մեկ փաստարկ ի օգուտ զորակոչի. բալթյան երկրների փորձը, որտեղ զորակոչը գործում է Էստոնիայում և վերջերս վերականգնվել է Լիտվայում:
http://www.youtube.com/watch?v=d7wumh4UReQ
Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլին՝ զորակոչի համակարգի ծրագրավորվող բարեփոխման մասին, 2015թ.
Ընդդիմության փաստարկները. դրամաշորթություն և անվճար աշխատուժ
Քաղաքացիական հատվածում, ինչպես նաև քաղաքական ընդդիմությունում այսօր գրեթե միաձայն քննադատում են զորակոչի առկա մոդելը: Հանրության մի մասը հանդես է գալիս ամբողջապես պայմանագրային բանակի օգտին, մի մասը՝ մոդելի կատարելագորման:
Պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին JAMnews-ի հետ զրույցում կտրուկ քննադատեց գործող պրակտիկան: Նա կարծում է, որ առաջին հերթին ծառայության ժամկետը պետք է կրճատվի մինչև 6 ամիս: Պետք է նաև դադարեցվի զորակոչիկներին որպես պահակ օգտագործելը, և նրանք լիարժեք զինվորական պատրաստություն պետք է անցնեն:
«Կոռուպցիայի աղբյուր և դրամաշորթություն», — JAMnews-ի հետ զրույցում զորակոչի գործող մոդելն այսպես է բնութագրում «Գիրչի» քաղաքական շարժման առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն: Նրա խոսքով՝ «պետությունը խախտում է մարդու հիմնարար իրավունքները և քաղաքացիներին օգտագործում է ինչպես բյուջեն լցնելու համար, այնպես էլ որպես անվճար աշխատուժ»:
«Գիրչի» լիբերալ շարժումն արշավ է կազմակերպել բանակի զորակոչը չեղարկելու նպատակով, այդ թվում՝ ակցիաներ է անցկացրել և տեսանյութեր տարածել:
«Ելքը պահեստազորի լավ կազմակերպված համակարգն է՝ եվրոպական անալոգների օրինակով: Այդպես պետությունն ավելի ռացիոնալ կօգտագործի փողերը,իսկ քաղաքացիները կսովորեն ռազմական գործը», – եզրակացրել է փորձագետը JAMnews-ի հետ զրույցում:
http://www.youtube.com/watch?v=4mUlTHpUcIU