BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Գերմանիա-Իրաք. Տարբերության նմանությունը

Գերմանիա-Իրաք. Տարբերության նմանությունը

Արևելագետի գլխավոր կանոններից մեկը, թերևս, արևմտյան օրինակների հետ համեմատությունից խուսափելն է: Նույնիսկ ֆիզիկայի օրենքները Արևելքում գործում են այլ տրամաբանությամբ: Բայց աշխարհին միագույն ու ձանձրալի նայող ստրատեգներն անգամ նման սխալ անելու իրավունք չունեին:
Խախտեմ կանոնը.
1918 թվականին Առաջին աշխարհամարտում պարտված Գերմանիային նվաստացնելը 20 տարի անց նվաստացնողների համար պատուհաս դարձավ: Ֆաշիստների հաջողության մեխը վիրավորված լինելն էր, առաջին հերթին` արհեստական աղքատությունից: Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ոչնչացրին Գերմանիայի տնտեսության հիմքը` ռազմական արդյունաբերությունը ու ինքնստինքյան գերմանացիներին մատնեցին գրեթե սովամահության: Նախկին բանվորները, արդյունաբերական հիմնարկներում հանգիստ աշխատողները, պատերազմից վերադարձած, ամեն ինչ կորցրած ու, միաժամանակ, պարտված գերմանացիները հաշտվել, բնականաբար, չէին կարող: Ու գտան հարցը լուծելու, փլուզված աշխարհը վերականգնելու ձևը: Ընտրեցին ֆաշիստներին:
Հիմա, 2003-ին Իրաքը, եթե չեմ սխալվում, աշխարհի 4-րդ ամենահզոր բանակն ուներ: Հարյուր հազարավոր իրաքցիներ կամ զինվորական էին, կամ էլ աշխատում էին զինվորական տնտեսության համար: Շատերը ուսում էին ստացել ԱՄՆ-ում, քանի որ Սադամը 80-ականներին պատերազմում էր արևմուտքի նորաթուխ թշնամի Իրանի հետ: Ոմանք սովորել էին նաև Խորհրդային Միությունում, խելացի, կազմակերպված, ռազմական գիտելիքներով զինված միջին օղակի զինվորականությունն ու սպասարկող արդյունաբերողները մի քանի ամսում հայտնվեցին փողոցում, առանց գործի, առանց հացի, Իրաքի դեպքում` նաև ջրի:






Գերմանական վիրավորվածության գինը ֆաշիզմն էր, արաբականինը` Իսլամական պետությունը: Համեմատելն, իհարկե, պարզունակ է, բայց նույնիսկ այդպիսի հայացքը բավարար է Իրաքի պատերազմի անհեռատեսությունը հասկանալու համար: Աղետը, թեկուզ այլ դրսևորումներով, կարելի էր գուշակել դեռ 10-ը տարի առաջ: Պետություն ոչնչացնելը դեռ երբեք անհետևանք չի եղել:
Հիմա Սիրիան: Նույն պատմությունն է, միլիոնավոր մարդկանց միակ ընդունելի աշխարհի փլուզումը նրանց դրդում է փնտրել նորը, գտնել արդարություն այնտեղ, որտեղ հնարավոր է: Ներգաղթյալների քանակն այս խնդրի մեջ նույնիսկ ծիծաղելի է: Սիրիայում այսօր մեծանում է պատանիների սերունդ, որը դպրոց չի հաճախում, տեսնում է լավի ու վատի բոլորովին այլ տարանջատում, իսկ նրանց ծնողները երեխաներին կերակրելու համար կառչում են ցանկացած հնարավորությունից: Ինչով են զբաղվելու նրանց երեխաները 10-ը տարի հետո:
Ահաբեկչաֆաշիստական նոր հրեշի ծնունդը կանխելու համար Եվրամիության երկրները ոչ թե պետք է դժգոհեն իրենց ընդհանուր բնակչության կես տոկոսը կազմող ներգաղթյալներից, այլ կազմակերպեն հնարավորինս շատ սիրիացիների տեղափոխումը Եվրոպա, անեն ամեն ինչ երեխաներին կրթելու, ծնողներին խաղաղ աշխատանք տալու համար: Այլապես կմեծանան միլիոնավոր ահաբեկիչներ կամ ֆաշիստներ, որոնց խեղված աշխարհընկալման վնասը 10-ը տարի անց կկրեն նրանցից այսօր դժգոհողները:

Տարածել