Գնել Նալբանդյան. Մարդ լինելու շանսը վերուստ է տրված
Այս աշխարհի հետ ինչ որ բան այն չէ: Ակնհայտորեն: Աշխարհը, որը մենք ենք ստեղծել, արժանապատիվ մարդկանց համար չէ, այլ ճարահատյալների: Երբ արձակուրդ եմ գնում, ակամա շփվում եմ հասարակության հետ:
Շուկայում, խանութում, գետնանցումում, կանգառում ամեն օր շփվում եմ անծանոթ, բայց ազգակից մարդկանց հետ, որոնց համար սիրելը դժվար գործ է, դիմացինի մռութը ջարդելը՝ սովորական, փողոցում մարդկանց ժպտալը՝ հիմարության ապացույց, բոլորին հենց այնպես, ձեռքի հետ խաբելը՝ առօրյա, պարտքով փող ուզելն ու չտալը՝ հաջողված գործարք:
Բոլորն ուզում են ֆռռացնել ինձ: Հեշտ չէ իրենց համար. չէ՞ որ ես իրենցից խելոք եմ, բանիմաց ու շրջահայաց: Դժվար գործ է, անշուշտ: Բայց հաջողացնում են: Բոլորը: Անխտիր: Ես յուրաքանչյուրին տալիս եմ իր բաժին շանսը: Օգտագործում են, քամուն տալիս ու պահանջում երկրորդը:
Շանս նշանակում է 1 անգամ: Լավ՝ երկու կամ առավելագույնը՝ երեք: Ես չեմ կարող աջ ու ձախ շանս բաժանել: Այդքան շանս չունեմ: Մարդ լինելու շանսը վերուստ է տրված, ի ծնե: Բայց ես ինքս էլ չեմ կարողանում հարկ եղածին պես օգտվել ինձ ընձեռնված շանսերից: Մսխում եմ, քամուն տալիս ու սպասում ևս մեկ շանսի: Հեշտ գործ չէ, իհարկե, բայց, ցավոք, հաջողացնում եմ:
Եթե ես բիզնեսմեն լինեի, մարդկանց համար հավելյալ շանսերի արտադրություն կդնեի: Ինչպես նվեր կյանքերը՝ էլեկտրոնային խաղերում: Կարողացար մարդկանց հետ արժանապատվորեն շփվե՞լ՝ համեցիր շանսերի խանութ, ընտրիր լավագույնն ու օգտագործիր՝ ծրարը բացելուն պես: Կորցրի՞ր շանսդ՝ հերթ կանգնիր. քո պես 7 միլիարդ անհաջողակ կա աշխարհի երեսին: Պատկերացնո՞ւմ եք՝ 7 միլիարդ շանս աննպատակ կորչում է ամեն օր: Հաջողակներին չենք հաշվում. նրանց հետ երբեք չեմ շփվել: Այլ շփվել եմ անտեր, անխելք, անբախտ, անշանս արարածների հետ, որոնց միակ շանսը ավտոկայանում իրենցից ավելի վհատների ու անօգնականների մաշված գլխարկը թռցնելն է: Եվ անպատիժ ճողոպրելը:
Կարծում եք՝ հե՞շտ է 7 միլիարդ հոգու արանքը ճղելը՝ քո պես խեղճուկրակի գրոշանոց գլխարկը՝ թևիդ տակ:
newmag #70