Գ. Խանջյանի առաջին ու ամբողջական անհատական ցուցադրությունը. Ի՞նչով կզարմանաք
Անհամբերությունից քայլերս ավելի են արագանում: Նայում եմ ժամացույցին: Չէ՛, չեմ ուշացել: 5 րոպե կա: Բայց, մեկ է, շտապում եմ: Շարժասանդուղքը, թվում է, «Գաֆէսճեան» կենտրոնի երկրորդ հարկ սովորականից ավելի դանդաղ է բարձրանում, հետո «Խանջյան» սրահ տանող վերելակի դռներն էլ մի կերպ են բացվում: Իրականում ԳԱԿ-ում ամեն ինչ կարգին-սարքին է: «Վարդանանքի հայտնիներին» ուսումնասիրող երիտասարդ այցելուներ են սրահում, ցուցասրահի աշխատողներ: «Տիկին Խանջյանը դեռ չի՞ եկել»,- շունչս տեղը բերելով` հարցնում եմ: «Սասունցի Դավիթում» է՝ աստիճաններով կես հարկ վերև. դո՛ւրս եկեք պուրակ»:
Կարմրակապույտ երկինքը կախվել է մշուշոտ քաղաքի վրա: Երևանի տաք արևն է պատրաստվում մայր մտնել: Կասկադի քարե նստարաններից այդ տեսարանին հետևող կնոջ կողքով անցնում եմ ժպտալով: «Սեդա Խանջյա՞նն է»,- անցնում է մտքովս: Նախապես այլ կերպ էի պատկերացրել նկարչի դստերը` խստադեմ, ավելի տարիքով: Գուցե դժվա՞ր զրուցակից լինի: Վստահում եմ երևակայությանս ու մտնում ցուցասրահ: «Տիկին Խանջյանը Ձեզ դրսում է սպասում, հենց նոր անցաք նրա կողքով»:
Կարմիր սվիտերով, բոսորագույն շրջանակով ակնոցով, իրական տարիքից հաստատ ավելի երիտասարդ երևացող տիկին Սեդայի հետ զրույցը ստացվեց մտերմիկ, ինչ-որ տեղ ընտանեկան:
«Շատերը նշում են, որ հերթական ցուցահանդես է: Բայց այդպես չէ: Կյանքի օրոք հայրիկը անհատական ցուցահանդես չի ունեցել: Այս ցուցանմուշներից շատերն անձամբ ինքն էր ընտրել իր 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի համար: Այդպես էլ չկայացավ»:
Տիկին Խանջյանի հետ շրջում ենք Խանջյանի դեռ երբեք չցուցադրված էսքիզների, ինտերիերի դիզայնի, գրքային նկարազարդումների «աշխարհով»: Կանգնում ենք «Անլռելի զանգակատան» առաջ. «Մենք ապրում էինք Կիևյան փողոցում, Սևակը` Կասյանի վրա: Հաճախ էին հանդիպում: Մի անգամ էլ տրամվայում տեսնում են իրար, հայրիկն ասում է` ուզում եմ նկարազարդել «Զանգակատունը»: Պարույր Սևակն էլ դեմ չի եղել»:
Խանջյանը 1965-ին պետք է մասնակցեր գրաֆիկայի համամիութենական ցուցահանդեսին` ներկայացնելով Սևակի «Անլռելի զանգակատան» չորս նկարազարդում: Կոմիտաս, ցեղասպանություն, ազգային հարց… կոմունիստական վարչակարգի աչքից վրիպեցի՞ն, թե՞ հաղթեց արվեստը. «Էնտեղ շատ էին հավանել` դեռ չխորանալով՝ ինչի մասին է: Հայրիկի ազնիվ նկարչությունը, տաղանդի ուժը, անկեղծությունը, հայրենասիրությունն ու բարոյականությունը հաղթահարեցին շատ արգելքներ»:
1968-ին Երևանում նշվում էր Կոմիտասի 100-ամյակը: Գրիգոր Խանջյանի 9 գրաֆիկ աշխատանքից բաղկացած շարքը ցուցադրվեց Նկարչի տանը: Լույս տեսավ նաև Խանջյանի նկարազարդումներով «Անլռելի զանգակատան» երկրորդ հրատարակությունը: «Մարդիկ այնքան էին հավանել, որ մոմեր էին վառում Նկարիչների միության մոտ: Ստիպված եղան շուտ փակել ցուցահանդեսը` Կոմկուսի հետ խնդիրներից խուսափելու համար»,- պատմում է Սեդա Խանջյանը:
Գրքային գրաֆիկայի ժանրին Խանջյանն անցել էր 1950-ականներին: Ամեն ինչ սկսվեց Թումանյանով: Ստեղծեց «Գիքորի», հետո՝ «Անուշի», «Լոռեցի Սաքոյի» ու «Սասունցի Դավթի» նկարազարդումների շարքերը: «Գաֆէսճեան» կենտրոնում Խանջյանի անհատական այս մեծամասշտաբ ցուցադրությանը ներկայացված են Վարպետի ավելի վաղ շրջանի գրքային արվեստի աշխատանքները`շապիկներով, նախանկարներով ու վերջնանկարներով. «Այս նկարներով գրքերը նույնիսկ մոռացվել են, նկազարդումներն առաջին անգամ են ցուցադրվում»:
Մի պատից Թումանյանի «Գիքոր»-ն է կանչում «Էստի համեցեք», մյուս կողմից Աբովյանի «Վերք Հայաստանին» է ծորում, Գևորգ Էմինի «Սասունցիների պարից» կարծես ցուցասրահի հատակն է դողում, ու թե շրջվես, կլսես` ինչպես է Շիրազի գրչով «Սիամանթոն սեր երգում իր Խջեզարեին».
«Ում սրտի մեջ դեռ դատարկ է սիրո սափորն հայրենի՝
Եկեք տանեմ ձեզ Վանա ծով, որ աղբյուրն է Սիփանի»:Էրգրի ու հատկապես Վանի կարոտը կաթում է խանջյանական ամեն գծից ու գույնից: Իր խոսքով ասած` «ժողովրդի դարդ ու ցավի և ամենակարևոր պահերի նկարիչ լինելու» տիտղոսով կարգված նկարչի դուստրը պատմում է . «Իրեն հաճախ վանեցի էին ասում: Բայց հայրիկի ծնողները ծնունդով Երզնկայից են եղել: Երբ Սեպուհը և Վերգինեն ամուսնացել են, աշխատանք են առաջարկել Վանում: 1911-ին նրանք Երզնկայից տեղափոխվել են Վան: Այնտեղ ծնվել են երեք երեխաները` Հակոբը, Ռազմիկը և Մարին: 1914-ին ռուս մի զինվորական պապիկին ասել է. «էստեղ լավ բաներ չեն սպասվում, լավ կլինի՝ գնաք»: Նա վերցրել է իր ընտանիքը, ասում են` իրենց հետ մեծ թվով որբեր են բերել: Հայրիկը ծնվել է 1926-ին Երևանում»:
Քաղաքում ծնված ու մեծացած արվեստագետը պետք է ամբողջ կյանքում փնտրեր ու փառաբաներ ազգայինը: Այդ հետո, մեր օրերում ու մեզ համար արվեստաբանները կհռչակեն նրան էթնիկ մոդեռնիզմի մեծ վարպետ: Այնինչ 70-80-ականներին Գրիգոր Խանջյանը գրեթե կյանքի գնով, գրեթե անհավանական ճկունությամբ պայքարում էր էթնիկը պահելու համար. «Հայրիկը և Հովհաննես Շարամբյանն առաջին սերունդն էին այն նկարիչների, որոնք գիտակցում էին՝ ինչը ինչ նշանակություն կունենա: Առաջիններից էին, որ ժողովրդական արվեստի տարրեր, ազգային դետալներ սկսեցին օգտագործել իրենց աշխատանքներում: Կարպետներն էին, կուժերը, գդալները… Հետո եղավ առիթ` եկեղեցիների դռները վերականգնեց, շատերն էլ ուղղակի նորից նկարեց էսքիզներով»:
Խանջյանը Վազգեն Ա-ի առաջարկով 1966-ին դարձավ Մայր աթոռի հոգևոր և ճարտարապետական խորհուրդների անդամ: Նկարչի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի մտերմությունը տևեց 34 տարի: Նրանց գործակցության արդյունքն էին «Աստվածամայրը մանկան հետ» երկու նկարները՝ Էջմիածնի մայր տաճարի ու Նորքի զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու համար, երեք նկար («Աստվածամայրը մանկան հետ», «Խաչելություն», «Հարություն»)՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու համար: Խանջյանը ձևավորեց նաև Էջմիածնի կաթողիկոսարանի մի քանի սենյակների ինտերիերը: Կաթողիկոսի հետ նկարիչը եղավ ավելի քան քառասուն երկրում, ստեղծվեցին ճամփորդությունների գրաֆիկական շարքերը: «Վազգեն Ա-ն ու հայրիկը նման էին բնավորության որոշ գծերով, սկզբունքայնությամբ, իրենց սուր մտքով, իմաստնությամբ գտան իրար: Շատ լավ էին հասկանում միմյանց»,– պատմում է Սեդա Խանջյանը:
Հենց Վեհափառ հայրապետի խնդրանքով էր Վարպետը ստեղծել «Հայոց այբուբեն» ու «Վարդանանք» գոբելենները: Խանջյանը սկզբում նկարներն արել էր ստվարաթղթի երկու մեծ կտորների վրա: Հետո Ֆրանսիայում դասական տեխնիկայով հյուսվել էին գոբելենները: «Հայոց այբուբենի» ու «Վարդանանքի» երևանյան ցուցադրությունը 1981-ի ամռան ամենաթեժ իրադարձությունը դարձավ: Նկարիչների միությունը Խանջյանը կրկին վերածել էր ազգային սրբավայրի: Ցուցահանդեսից հետո գոբելենները կախվեցին Էջմիածնի կաթողիկոսարանում: Այդ մոնումենտալ գործերի որմնանկարի կերտումը Խանջյանը նախաձեռնեց նոր կառուցվող «Կասկադ» համալիրում: Վարպետն այստեղ աշխատեց 15 տարի՝ մինչև մահը՝ չհասցնելով ավարտել երրորդ մասը՝ «Վերածնունդը»: «90-ականներին տարվա մեջ երեք ամիս էր միայն կարողանում նկարել: Անհնար էր տաքացնել այդ մեծ սրահները: Բացի այդ՝ վատառողջ էր»:
Երկրաշարժը, պատերազմն ու երկրի սոցիալ-տնտեսական կյանքն անդրադարձան նկարչի վրա: Խորհրդային բռնակարգը հաղթահարած արվեստագետն առաջին անգամ իրեն անզոր էր զգում: «Փորձեց Ձորաղբյուրի մի շրջան վերցնել, վերականգնել տները: Հրազդանի կամրջի մոտ երեք-չորս փայտե է հայրիկը վերականգնել հայկական նախշազարդերով: Հիմա դրանք փակվել են զարհուրելի շենքերով: Եթե տեսներ, թե ինչ է կատարվում այսօր, ինձ թվում է` չէր դիմանա, ուղղակի չէր դիմանա: Բոլորը Խանջյանին գիտեին որպես սկզբունքային, խիստ մարդու: Իրականում շատ զգայուն սիրտ ուներ: Հայրիկի ուժի գաղտնիքը լավատեությունն էր: Պարզապե չէր հավատում, որ մարդը կարող է իր աչքերին նայելով ասել մի բան, հետո ուրիշ բան անել»:
Ավարտվում է Սեդա Խանջյանի հետ շրջայց-զրույցը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի խանջյանական սրահներում:Նա հեռանում է հոր մասին թարմացած հիշողություններով, ես շտապում եմ հետ` ցուցասրահներ` Խանջյանին իր ամբողջ վեհությամբ նորից դիտելու:
***
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և ՀՀ Պետական մրցանակների դափնեկիր. կոչումներն ու ճանաչումը ոչ մի ժամանակաշրջանում, ոչ մի իշխանության օրոք չփոխեցին Գրիգոր Խանջյանին: Ահա Վարպետի կյանքի մի քանի կանոններ` դստեր ներկայացմամբ.
- Հանգտանում էր աշխատելով, շատ արագ էր նկարում:
- Սկզբունքային մարդ էր շատ: Դա ընտանիքում նույնպես զգացվում էր: Չէի ասի՝ խիստ էր, ավելի շուտ կարգապահության պահանջ էր: Չէր սիրում անկարգություններ:
- Անտաբեր չէր կարող անցնել անարդարության կողքով:
- Իր գործերը շատ է նվիրել: Նվեր նկարները հիմա ավելի շատ են դրսում, քան մնացել են ընտանիքում:
- Եթե որևէ բիծ տեսնում էր, որ իրեն դուր չէր գալիս, տանը չէր պահում այդ նկարը:
- Չէր ընդունում միջակություն: Չէր ուզում, որ իր երեխաները հենց էնպես դառնային նկարիչ, որովհետև իրենց հայրն էր:
- Ասում էր` առհասարակ ինձ մի՛ առանձնացրեք ուրիշներից: Բոլորն էլ այդպես են. ամեն անգամ մի նոր բան սկսելիս երկնչում են՝ կկարողանա՞ն, թե՞ չէ:
- Ովքեր հոխորտում են, սուտ են ասում, նրանք բոլորն էլ վախենում են: Հետո է երևում՝ լա՞վ է, թե՞ չէ»:
newmag #75