Գուժ Մանուկյան. Քանի դեռ չես շնչել բեմի փոշին, պատրաստ չես լուրջ դեր խաղալ
Դերասանը նման է մարզիկի, երբ չի խաղում, ժանգոտում է: Վերջին 15 տարիները բավական ծանր էին ստեղծագործող մարդկանց համար: Այդ առումով ես նույնպես բացառություն չեմ: Սակայն լճացման այդ տարիների ընթացքում կարողացա կերպարանափոխվել և նկարահանեցի «Գրիգոր Նարեկացի» ֆիլմը: Ռեժիսոր էի և դերակատար:
Ապշում եմ, երբ երիտասարդ դերասանները գալիս են ու միանգամից ցանկանում լուրջ դեր խաղալ: Կարծում եմ, քանի դեռ սկսնակը չի շնչել բեմի փոշին, նա պատրաստ չէ լուրջ դեր խաղալ: Սիրում եմ հանդիսատեսին: Հինգ հոգու համար էլ խաղում եմ այնպես, ինչպես կխաղայի հարյուր հոգու համար: Մոտ հիսուն տարվա դերասանական փորձ ունեմ, սակայն մինչև օրս մի փոքր վախ եմ ապրում: Երգչուհի չեմ, որ ֆոնոգրամման միացնեմ ու երգեմ:
1. Աշխարհի ամենասիրելի կետն ինձ համար իմ թատրոնն է, իմ բեմը, իմ փորձասենյակը: Կամ էլ երբ առաջարկում են ֆիլմում նկարահանվել, սիրում եմ նկարահանման մթնոլորտը, շունչը, տաղավարը: Մի խոսքով, իմ աշխատավայրը: Սրանք են ինձ համար հարազատ վայրերը:
2. Սիրում եմ իմ մեկ սենյականոց բնակրանի խոհանոցը, որի անկյունում փոքրիկ սեղան կա: Սա է իմ աշխատասենյակը: Այստեղ ես զբաղվում եմ նկարչությամբ: Դա իմ հոբբին է: Կտրվում եմ ամեն ինչից, դրսի միջավայրից, քաղաքական անցուդարձից: Ամբողջովին տրվում եմ նկարչությանը:
3. Սիրում եմ գիշերները զբոսնել, հատկապես անձրևի տակ: Անցնում եմ Աստաֆյան փողոցով և հիանում հրապարակով: Հին մարդ եմ, հիշում եմ հրապարակը, երբ այս նոր շենքերը դեռ չկային:
4. Շատ եմ սիրում մետրոն: Երբ նոր էին սկսել կառուցել, Աստծուն խնդրում էի երկար կյանք պարգևել ինձ, որ տեսնեմ, թե ինչպիսին է լինելու այն: Մինչև օրս պահել եմ մետրոյի նախագիծը: Ցավոք, այն ոչ ամբողջովին իրականացվեց:
5. Ընկերս Ավանում հողատարածք ունի, որը ես շատ եմ սիրում: Սիրում եմ հողը, ծաղիկները գուրգուրելը: Հուզվում եմ, երբ տեսնում եմ ծիլը, այն կարծես նորածին երեխա լինի` սիրո ու քնքշանքի կարոտ:
6. Սիրում եմ բնությունը, սիրում եմ անտառ: Երբ նոր էի ավարտել, Կապանի թատրոն հրավիրեցին: Այնտեղ չտեսնված բնություն է: Երիտասարդ էի, 20-21 տարեկան: Հիշում եմ, գնում էինք Խուստուփ լեռ` որսի: Մի հեքիաթային տեղ էր: Ամբողջը փշատերև անտառ էր: