Հակոբ Հակոբյան. Ալեքսանդրիա, Քահիրե, Փարիզ, եղել եմ Նյու Յորքում, բայց Երևանն էր ամենալավը
օրը սկսվում է
Մինչև քուն մտնելը հանկարծ վերջին րոպեին կարող է մի միտք մը գա կամ հիշեմ մի աշխատանք, որ պիտի փոխեմ, և դա գիշերն ինձ անհանգստացնում է, ուզում եմ, որ առավոտ ըլլա, որ արդեն սկսիմ: Կրնա այդպես սկսի օրը, գիշերվա մտածած մի աշխատանքով...
կուզեի
Ես չեմ ապրում, ինչպես որ ուզել եմ կամ ուզում եմ, այլ այնպես, ինչպես կարողանում եմ: Շատ բաներ մենք ուզում ենք կյանքի մեջ, բայց չի ստացվում, բայց ապրում ենք մեր կյանքը` ինչ չափով որ կարողանում ենք:
նպատակ, իդեալ, հայրենիք
Երևի 30 տարեկանից ես հասել եմ այն եզրակացության, որ ուզում եմ նկարիչ դառնալ: Եվ եթե նկարիչ դառնամ, այդ նկարչությամբ կարողանամ ապրել, իմ կյանքն ապահովել, ընտանիքս և դառնամ անկախ մարդ: Դա է երևի նպատակս, իդեալս դա է եղել: Նաև, քանի որ ծնվել եմ օտարության մեջ, ուզել եմ գալ հայրենիք: Դա էլ է ստացվել, որ 40 տարեկանից եկել եմ հայրենիք: Հասել եմ այն նպատակին, որ կյանքիս կեսին` 45 տարեկանից, ես արդեն կարողանում էի իմ նկարչությունով ապրել: Դա եղել է կյանքիս իդեալներից մեկը, հասնել այդ վիճակին և ըլլալ անկախ, չենթարկվել ուրիշ որևէ մեկին կամ ստիպված չլինել ուրիշի հետ աշխատել: Քանի որ արվեստի գործն անհատական վիճակ է, արվեստագետը կարիք չունի ուրիշներու հետ գործակցելու կամ օգնության, ինքը պիտի անի իր գործը մենակ, կստացվի կամ չի սւոացվի, ինչևէ, այդ է: Նա մենակ է աշխատում... Նկարը հո երկու հոգով չե՞ս անում, մենակ ես անում:
երջանկություն ասվածը
Երջանկություն բառը ես չեմ հասկանում: Այդպիսի մարդ չկա, որ բոլոր ուզածները ըլլան: Եթե այդպիսի բան ըլլար, դա կլիներ հրեշ մարդ: Մարդ ունենում է այնքան, որքան ստացվում է, և այդպես է կյանքը: Երջանիկ է այն մարդը, որ շրջապատի մեջ է, որովհետև մարդկային հարաբերության վրա է կյանքը, դուն քո շրջապատի հետ ես երջանիկ կամ դժբախտ կամ տխուր ես կամ ուրախ ես: Դե եթե այնպիսի միջավայր ըլլա, այնպիսի շրջապատ ըլլա, որ դու լավ ես զգում քեզ, քեզ չեն խանգարում կամ դու չես խանգարում, դա է: Իսկ երջանիկ բառը անորոշ բառ է:
անշահախնդիր ընկերներս
Միշտ փնտրել եմ ընկերություն, միշտ երագել եմ և ուզել եմ ընկերներ ունենալ: Շատ սիրել եմ ընկերներ ունենալ, մարդոց հետ ըլլալ, բաց ըլլալ, ուրախանալ իրենց հետ, ուրախացնել, ադիգա միշտ ուզել եմ և ունեցել եմ: Ընկերությունն այն է, որ շահախնդրություն չկա, որևէ հաշիվ չկա, որևէ հետին նպատակ չկա, բայց համակրում ես մարդուն: Բնությունը այնպես է ստեղծել մարդուն, որ չես կրնա բոլոր մարդկանց համակրել կամ սիրել, բայց կան մարդիկ, որ, չեմ գիդար` ինչու, իրենց համակրում ես, դուն էլ իրենց ես ձգում, իրենք էլ քեզ ձգում են, և սա է ընկերությունը: Եղել են էդ տեսակ մարդիկ, որ միանգամից ինձ ձգել են, դարձել են ինձ ընկեր, և այդպես էլ միշտ մնացել են:
սիրո բարձրագույն վիճակը
Սերը դժվար է բնութագրել: Մարդու հատուկ վիճակ է, զուտ մարդկային վիճակ է, որ դու հանդիպում ես մի մարդու, որ, չես գիդար` ինչու, ուզում ես նրա հետ ըլլալ, կուզես միշտ նրա կողքին ըլլալ, և որևէ հաշիվ, նպատակ այդտեղ չկա, նույնիսկ ֆիզիկական վիճակ չկա, ոչ էլ նյութական, այ չես գիդար` ինչու, ուզում ես այդ մարդու հետ ըլլալ: Դա սիրո բարձրագույն վիճակն է:
սխալների մասին
Իմ կյանքի մեջ կան պահեր, որ մտածում եմ, որ սխալ եմ ապրել, սխալ եմ արել, բայց չեմ կարող վերականգնել: Կարևորը այն է, որ եթե սխալ ես արել կյանքում, կարողանաս շտկել այն, չշարունակես: Ինձ դա հաջողվել է, պայքարել եմ, որ այն ժամանակի սխալը կամ կորուստը վերականգնեմ կամ ամբողջացնեմ, լրացնեմ տեղը: Երիտասարդ մարդը հատկապես շատ տպավորվող է, և տարիքով մարդը կրնա իր վրա ազդել: Երբեմն մեկ նախադասություն կարող է մարդու ամբողջ կյանքը շուռ տա, տանի մի ուղղությամբ, որով պետք չէ գնալ: Երիտասարդներ կան, որ շուտ տպավորվող են, երիտասարդներ կան, որ ավելի կայուն են կամ ավելի ինքնուրույն են: Անշուշտ, եղել են բաներ, որ գործել եմ ուրիշի ազդեցության տակ, և դրանք սխալ են եղել ինձ համար: Բայց քանի որ մենք մարդկանց հետ ենք ապրում, շփվում, մարդ չի կարող ապրի մաքուր, ստերիլ, ջրի պես ապրի, պետք է ունենա տպավորությունները, փորձությունները, լավ կամ վատ... Դա է կյանքը, և դրանով մենք սովորում ենք, կյանքը այդպես է մինչև վերջ:
գեղեցկության մասին
Գեղեցկությունը չենք կարող սահմանել, իմաստ չունի: Արվեստագետի համար, անշուշտ, կա գեղեցկության հատուկ վիճակ, որ արտահայտվում է ներդաշնակության մեջ, որ գործըներդաշնակ է: Դա գեղեցկության բաներեն մեկն է, քո ամբողջությունն է, որ ներդաշնակ է: Կա ֆիզիկական գեղեցկություն, իհարկե, որը չես կարող ժխտել, դա քեզանից էլ անկախ է, տեսնում ես մի կին կամ տղամարդ, ասում ես` էս ինչ բան է, հմայիչ կամ ձգող մարդ է: Բայց դրանից զատ, ֆիզիկական գեղեցկությունից բացի, որն ամեն մարդ տեսնում է, ուրիշ գեղեցկություն կա: Օրինակ` ուրիշի համար տգեղ մի բան մը կրնա գեղեցիկ երևիլ արվեստագետի համար: Կամ գեղեցիկ բան մը' ֆիզիկական, չհուզե արվեստագետին: Կա զուտ մարդկային հարաբերության մեջ գեղեցկություն, բնությունից տրված, և կա նաև մարդու հատուկ, արվեստագետի հատուկ գեղեցկության հասկացություն:
Երևանի մասին
Երևանի մասին խոսելը շատ դժվար և տխուր թեմա է: Մեր ժողովրդի հետ մի հրաշք բան պատահեց, երբ Հայաստան եկավ մի բացառիկ անձնավորություն, մի հանճարեղ մարդ, որը թվում էր, թե հայ էլ չի, ռուս է կամ եվրոպացի է, բայց եկավ Հայաստան ամենադժվար օրերում, երբ Երևանը ողորմելի մի գավառական քաղաք էր հետամնաց: Այդ մարդը Ալեքսանդր Թամանյանն էր, շատ մեծ մարդ, շատ մեծ մշակութային գործիչ, և այդ մարդը մեզ տվավ այսպես մի քաղաք, մի նոր քաղաք, նոր ժամանակի մի քաղաք: Եվ այդքաղաքը ուղղակի մի հրաշք էր: Նրա (Թամանյանի) որևէ գործը չի ավարտվել, չի ամբողջացել, ինչպես որ ինքը ուզել է: Բայց նա սկսեց Երևանի գլխավոր հատակագիծը, սկսեց կառուցել կառավարական տունը, օպերան, ունեցավ հետևողներ և ստեղծեց մի ունիկալ քաղաք: Փոքր Հայաստանը ունեցավ մի քաղաք, որը նման չէր ոչ մի ուրիշ քաղաքի, ո'չ Նյու- Յորքի, ո'չ Փարիզի, և դա մերն էր, մենք էինք, մեր քաղաքն էր:
Բայց մենք, դժբախտաբար, չենք գնահատած այդ մարդուն և այսօր իր ստեղծած քաղաքը քանդում ենք: Դա պարզապես թշնամու անելու բան է, որ այդ մարդուն գործը պղծե և ապականէ: Եվ դժբախտաբար այդ բանը պատահում է անկախության տարիներու մեջ: Ավելի մեծ հանցանք չենք անում այսօր, քան թե էդ մարդու ստեղծած քաղաքի, հիմնած քաղաքի ապականումը և այլասերումը: Սա ամենատխուր բանն է, որ ես կարող եմ ասել, և ամենաաններելի բանն է: Անկախության օրեն ի վեր ամենամեծ աղետը, որ եղել է, նախ հայ ժողովրդի թողնել գնալն է երկրից և այդ սքանչելի մարդու գործի պղծումը:
Ես եկել եմ մեծ քաղաքներից, Ալեքսանդրիա, Քահիրե, Փարիզ, եղել եմ Նյու Յորքում, բայց Երևանն էր ամենալավը: Ես որ Մարիոթի սրճարանում նստում եմ, չեմ կշտանում նայելով կառավարության շենքին, ժամերով կրնամ նայել այդ շենքին:
երազներս
Մեկ երազ կա, որ պատահում է վերջին տարիներում: Տարօրինակ երազ է: Դա, երևի, հոգեկան իրավիճակի արտահայտում է: Ես երազիս մեջ տեսնում եմ, որ ես Քահիրեում եմ, գիտեմ, որ Քահիրեում եմ, բայց այն տեղը, որտեղ գտնվում եմ այդ պահին երազիս մեջ, որևէ ծանոթ տեղ չի ինձ համար, ու ես մտածում եմ, որ եթե ես Քահիրեի այս կամ այն փողոցը հասնիմ, կկարենամ գտնեմ մեր տունը, քրոջս տունը: Եվ այդ տագնապի մեջ` այնտեղ հասնելու, մարդկանց հարցնում եմ, տրանսպորտ եմ բարձրանում, հարցնում եմ, թե այս տեղը հասնո՞ւմ է, այս տեղին մոտենո՞ւմ է, բայց զարթնում եմ, երբեք չեմ հասնում: Ասիգա, անշուշտ, մի տագնապ է, որ մի բան եմ ուզում անեմ, չի ստացվում կամ չի ստացվել: Մի մարդու, որ առաջ Երևանում ապրել է, իջեցնեն հիմա Հյուսիսային պողոտայում, պետք է որ այդպես ասի. «Ինչպե՞ս կրնամ երթամ հրապարակեն կամ ուրիշ տեղ»:
Շատ քիչ է պատահում, որ երազդ հիշում ես: Բայց ես գիտեմ, որ երազներով եմ ապրում գիշերը, տեսնում եմ: Լինում է, որ երազիս նկար եմ նկարում, բայց այդ նկարներն ինձ հետ կապ չունեն, մյուս օրը ես չեմ կարող էդ նկարը նկարել, ու նման չի իմ նկարած նկարներուն, ուրիշ ոճի է:
Հորս էի տեսնում մի ժամանակ: Ես շատ փոքր տարիքիս եմ կորցրել հորս` 7 տարեկանիս, իմ վրաս շատ մեծ ազդեցություն է թողել: Դա էլ հետաքրքիր երազ է, հորս տեսնում էի, իր գրկի մեջ նստած էի և լաց էի լինում, միշտ... Եվ նույն հագուստով էինք միշտ, և ես փոքր էի, միշտ 7 տարեկան էի: Եվ մի անգամ լաց չեղա երազիս մեջ և մտածեցի` վերջացա՜վ, պրծա, մեծացել եմ արդեն: Բայց մյուս անգամ նորից տեսա ու լաց եղա: Այդ երազը հստակ հիշում եմ, որ հորս եմ տեսնում, իր գիրկն եմ, իրեն գրկում եմ:
ամենադժվար բանը
Ես չէի ուզի, որ իմ գործիս մեջ մեկը միջամտեր կամ մի բան պարտագրեր ինձի, որ ես էլ ստիպված լինեի անել: Կամ խաբելը, ես չեմ սիրում սուտ խոսել: Ուզում եմ ասել ճշմարիտը: Շատ մարդիկ, մարդկանց մեծ մասը կարող է ստել, և դա ես համարում եմ բնական, որ ճիշտ չեն խոսում, դա մարդկային հարաբերություն է: Ես չեմ զարմանում դրանից, համարում եմ, որ կյանքն այնպես է, որ մարդիկ բնազդաբար կամ ինքնապաշտպանության համար չեն ասում որևէ բան ճիշտ կամ փոխում են մի քիչ կամ ի վիճակի չեն պատմել որևէ բան ճշտորեն, ինչպես որ եղել է: Եվ ես շատ անգամ լսել եմ, որ մեկին հետ եղել եմ, մի բան պատահել է, հետո բոլորովին ուրի՜շ բան է պատմել, դա ֆանտազիայի արդյո՞ւնք է, ի՞նչ է: Բնավորությամբ սահմանափակ մարդ եմ, սիրում եմ ճիշտը խոսել և ճիշտը ասել, չեմ սիրում սարքել, ձևացնել, որ մի բան գիտեմ, երբ չեմ գիտեր: Այ մեր ժողովրդում չկա սենց մարդ, որ ասի այս բանը չեմ կրնա կամ չեմ գիդար. չգիտե, բայց ասում է, որ տակից դուրս գա, դա էլ ձև է մարդու: Ես այդպես չեմ ասում, չեմ գիդեր, ուրեմն չեմ գիդեր, եթե պիտի տուժեմ անգամ, այդպես եմ ասում: Կարող եմ ստել մենակ ուրիշին ազատելու համար մի վիճակից, չասեմ մի բան, որ տեսել եմ, նրան ազատելու համար, ոչ թե ինձ ազատելու համար:
խորհուրդ երիաասարդներին
Կյանքը, բնությունը առատորեն մարդուն տալիս է երիտասարդություն: Հետո բնությունը կամաց-կամաց բոլորը հետ է վերցնում, մինչև բան չի թողնում իր տվածներից: Հիմա, երբ ես խոսում եմ ընկերներիս հետ, որոնք երիտասարդ չեն, բայց ինձնից շատ Երիտասարդ են, ասենք 50 տարեկան են, իսկ ես' 86, նրանց ասում եմ, որ արվեստագետը, որպեսզի կարո¬ղանա իրապես ստեղծագործել, պետք է երկար ապրի, որով¬հետև չի իմանում, թե 80 տարեկանում ինչ կարող է անի, 85- ին ինչ կարող է անի ու եթե 75-ին մահանա, չի էլ իմանա, ինչ կարող էր անել: Ես իրենց ասում եմ` այդքան մի սպառեք ձեր ուժերը և մի չարաշահեք, այլ ձեզ ձեր գործի համար խնայեք, որովհետև չեք իմանում, ինչ կարող եք ստեղծել ձեր ուշ տարիքին: Ինձի այդպես պատահած է, այդ պատճառով եմ այդ խորհուրդը տալիս: Շատ երիտասարդին կարելի չէ այդ խորհուրդը տալ, նա լիքն է էներգիայով, ուզում է վատնել, սխալներ է անում, մոլորության մեջ է ընկնում:
Դժվար է խորհրդով օգնել, խորհուրդները երկրորդական են, անձնական օրինակով է պետք օգնել մարդկանց: Դուն քու վարքագծովդ կրնաս օգուտ տալ ուրիշին, ոչ թե խոսքով: Եթե լավ, ճիշտ ես ապրում, օրինակ ես ծառայում:
ապրելու կանոններ
Ճիշտ ապրելու կանոններ չկան: Բայց ճիշտ է, երբ բնությունը քեզ ասում է` էս բանը մի խմիր կամ շատ մի ուտիր կամ այս բանը մի արա: Շատ բաներ կան, որ բնության մեջ մարդն է անում: Կենդանիները սխալ բան չեն անում, սխալ բան չեն ուտում կամ խմում: Ծայրահեղությունները միայն մարդուն հատուկ վիճակ են: Եվ քանի որ մարդուն հատուկ է բնության դեմ գնալը, չենթարկվելը բնությանը, բնությունը փչացնելը, ոչնչացնելը, ապա աշխարհը մենք` մարդիկներս ենք քանդում: Սի չարաշահիր բնության տվածը: Բնությունը դրել է մարդու մեջ բաներ, որ իրեն պետք է պահեն: Օրինակ` ուտելը կամ խմելը մարդուն պետք են ապրելու համար: Մարդ պիտի չափավորության մեջ ապրի, դա է ճիշտ ապրելը: Եթե դուն ամբողջ օրը նստած խմում ես կամ ուտում ես չափեն ավելի կամ չես խնայում մարմինդ, գիշերը չես քնում, ինքը մարմինը կասի` մի արա: Եթե մարդ ավելորդ բաներ չի անում, չափը չի անցնում, իր հարաբերությունների մեջ չափավոր է, չի խառնվում ուրիշների գործերուն, չի խանգարում ուրիշներուն, որ անեն մի բան, որ ուզում են, դա է ճիշտ:
հավատքի մասին
86 տարեկան եմ, մեկ տարվա մեջ, մեկ ամսվա մեջ արդեն կարող է մահանամ և գիտեմ, որ ծնվել եմ, լույսը տեսել եմ, գնալու եմ գետնի տակ, էլ չեմ տեսնելու: Աստված կա՞, չկա՞... ինձ չի հետաքրքրում: Խելքս հերիք չի՞ ինձ համար, որ ապրիմ ու այս աշխարհում դժոխքն էլ, դրախտն էլ ես ստեղծեմ իմ համար: Բայց ես պետք է ընդունիմ և հավատացած եմ, որ մեր կրոնը, մեր եկեղեցին եղել է մշակույթի կերտման օջախ, սա անտեսելը հանցանք է: Մենք ունենք մի եկեղեցի, որը մեզ միավորում է և պաշտպանում է մեր միասնությունը: Եվ այդ իմաստով, այո՜, ես հավատացյալ եմ, հավատում եմ մեր եկեղեցուն, կուզեմ, որ մեր եկեղեցին ուժեղանա, որ նորեն դառնա գիտության և մշակույթի օջախ: Եկեղեցին հոգևոր կենտրոն է: Դժբախտորեն, մեր մշակույթին մեծ հարված են հասցրել թշնամիները, ուզել են ոչնչացնել: Եվ ես կուզեմ, որ մեր եկեղեցին նորեն վերականգնվի իր ուժի մեջ, նորեն դառնա մտածողներու, արվեստագետներու կենտրոն: Մենք պետք է մեր եկեղեցին կարողանանք պաշտպանենք, որ նա ըլլա:
պառկած ես ու չես շնչում
Մարդու մեջ ավելի ուժեղ զգացում չի կրնա ըլլալ, քան մահվան վախը: Որովհետև գիտես, որ եթե դու մեռար, չկաս, որ եթե ուզում ես մնալ, պետք չէ մեռնիս: Ամեն մարդ է սարսափում մահից, ոչ միայն մարդ, ամեն արարած, որ գոյություն ունի: Բայց պետք չէ մտածել դրա մասին: Բայց չեմ կրնա ասել, որ սպասում եմ, որ մահը գա: Քանի ողջ ես, մահվան մասին չես կրնա մտածել, չես կրնա պատկերացնել, որ պառկած ես ու չես շնչում:
կարդալը մեծ հաճույք է
Կարդալ միշտ շատ եմ սիրել: Հիմա տարիքս չի թողնում: Առաջ, որ գիրք էի առնում և առաջին տողերից կլանում էր ինձ գիրքը, ասում էի` վա՜խ, սա պիտի վերջանա շուտով, ցավում էի, որ պիտի վերջանա, ուզում էի չվերջանա: Հիմա չեմ կարողանում շատ կարդալ, բայց ամեն օր մի քիչ կարդում եմ, մանր-մունր բաներ: Կարդալը մեծ հաճույք է:
Ես մելոման չեմ, բայց երաժշտություն սիրում եմ: Բոլոր արվեստներն եմ սիրում, բայց ամենից շատ նկարչությունը և գրականությունը: Երաժշտության մեջ գիտակ չեմ, որ կրնամ ասել` սա լավն է, սա վատն է: Նկարչության մեջ ավելի շատ, գրականության մեջ, որովհետև շատ եմ կարդացել: Անմիջապես առաջին տողից կարող եմ ասել, որ սա կեղծ գրող է, փուչ մարդ է, և գիրքը չեմ շարունակում: Իսկ եթե առաջին տողից բռնեց, ինձ տանում է մինչև վերջ: Սի ժամանակ աչքերս արդեն ցավում էին, բայց շարունակում էի կարդալ, որովհետև չէի կարող պոկվել, բայց հիմա այդ ուժը չունեմ: Նկարչությունը շատ եմ սիրում և ամեն տեսակ գործ սիրում եմ, նույնիսկ ամենագռեհիկ թվացող գործը, մետրոյի կայանի տակ դրված գործերը, դրանք էլ եմ սիրում: Էդ մարդը, որ նկարել է, մի բան է ուզել ասել, պետք է նայել, պետք չէ անցնել կողքով:
ստեղծիր ինչ կարողանամ ես
Այնքան որ հայ ժողովուրդը կա, պետք է արվեստ ստեղծի: Դոստոևսկին ասում էր, որ արվեստը մարդուց անբաժան բան է: Եվ եթե մեր հայ ժողովուրդը կա, հատկապես որ շնորհքով ժողովուրդ են հայերը, կարողություններ ունեն, պիտի շարունակեն, պիտի ստեղծեն: Մենք պետք է ստեղծենք ինչ կարողանում ենք: Եվ եթե դա ուրիշներին, ուրիշ ազգերին հետաքրքիր է, ապա շատ լավ է: Բայց կարևորը մենք ենք, մեզնից է ստեղծվում գործը, մեզ ենք ներկայացնում այնտեղ, և մեզ համար է:
newmag #12