Հնարավո՞ր է փրկել Երևանի ճարտարապետական դեմքը. Հանդիպում քննարկում ԱրտԲրիջում (լուսանկարներ)
Շարունակվում է Newmag-ի և «ԱրտԲրիջի» գրական հանդիպումների շարքը։ Այս անգամ սեղանի շուրջ ճարտարապետներն էին, թեման՝ «Հնարավո՞ր է փրկել Երևանի ճարտարապետական դեմքը»։ Բանախոսներն էին ճարտարապետներ Դավիթ Ստեփանյանը, Աշոտ Սնխչյանը և Ռոման Գրիգորյանը։ Քննարկման
Երևանի ճարտարապետական դեմքը փոխելու համար նախ և առաջ պետք է տալ խնդրի հստակ գնահատականը՝ որն է դա, հետո միայն փնտրել այն փրկելու ուղիները. «Պետք է մեկ առ մեկ ասվի, հաստատվի, թե որն էր սխալը և մի կարմիր գիծ պետք է քաշել։ Հասկանալ, որ չի կարելի քանդել արժեքավոր շինությունները, չի կարելի մեկը մյուսի գլխին ինչ-որ բաներ կառուցել, չի կարելի քաղաքն անչափ խտացնել, չի կարելի փոխել եղած կերպարը ու հազար ու մի այսպիսի այլ հարցեր։ Դրա համար ճարտարապետի մասնագիտությունը պետք է կարողանա ինքն իրեն ֆիլտրել, կարողանա լավը վատից բաժանել։ Իսկ դրա համար էլ պետք է կարողանա սկզբից հասկանալ, թե որն է լավ, որը՝ վատ։ Գնահատականը պիտի անպայման տրվի»։
Ըստ պրոֆեսոր Բալյանի, Ճարտարապետությունն ուղղագրության պես է, սխալը պետք է ուղղել ըստ կանոնի, իսկ ակնհայտ սխալները շատ են. «Այսօր մենք խոսում ենք երևանյան իրավիճակի մասին, Երևանի դեմքի մասին։ Եվ շատերը հարցումներ ունեն, խնդիրներ ունեն այդ դեմքի կորստի, անբավարար լինելու հետ կապված։ Եթե ավելի պարզ խոսեմ, մեծ սխալներ են արվել։ Իսկ որո՞նք են այդ սխալները։ Մասնագիտորեն պիտի դրանք հաստատվեն եւ ոչ թե պոպուլյար մակարդակով։ Որպեսզի պատվիրատուն, իսկ պատվիրատուն իշխանությունն է, իմանա, որ այ, այս բաները սխալ են։ Այսօր դրա պատասխանը չկա»։
Կարեն Բալյանը քննարկման կեսից խոսքը փոխանցում է երիտասարդ ճարտարապետներին՝ նրանց հերթն է, իրենք պետք իրենց խոսքն ասեն։ Ճարտարապետ Աշոտ Սնխչյանի խոսքով, նախ դիմագիծը խաթարում են նորակառույցները. ««Խրուշչովյան» շենքերը պետք է պահել ու արդիականացնել, քանի որ դրանք ավելի հարմարավետ են, քան նորակառույցները։ Պետք է ընդամենը ամրացնել ու գեղեցկացնել»։
Բացի այդ, ըստ Սնխչյանի, նախ պետք է միասնականացնել շենքերի արտաքին տեսքը, պետք է լայնանա քաղաքը. «Օրինակ՝ Դուրյան թաղամասը փաստացի Երևանն է, բայց նախագծված չէ, Դարձել է թանկ գյուղ առանց ընդհանուր կոնցեպտի։ Մայրաքաղաքի մայթերը պետք է լայնացնել: Իմ կարծիքով Երևանին ամենաշատը տգեղացնող, տհաճ դարձնող բանի մասին մենք ընդհանրապես չենք խոսում: Դրանք բազմաթիվ բնակելի շենքների առաջ տված պատշգամբներ, պատուհաններ, բակում սարքած ավտոտնակներ, որոնք ի վերջո անմիջականորեն մեր քաղաքի մասին է: Դրա համար քաղաքական կամք ու լուծումներ են պետք, որ ինչ-որ ճարտարապետներ առաջարկեն ու շտկվի: Քաղաքի ճարտարապետության համար աընդունելի է, որ մի շենքի ճակատի վրա առաջին հարկում գտնվող ամեն մի խանութ որոշի իր ճակատն ինչ ձևի պետք է լինի՝ սալահատակ, սպիտակ ներկած թե ոսկեգույն ծաղիկներով, դա անթույլատրելի է»։
Ըստ ճարտարապետների, երևանյան ամեն մի նորակառույց նշանակում է ևս մեկ դատարկվող գյուղ Հայաստանում։ Պետք է խրախուսել ներդրումները և հրապուրիչ շինարարությունները հենց մարզերում։
Կարեն Բալյան. «Հիմա Երևանում է կենտրոնացած շինարարությունը, որը շատ լուրջ ռազմավարական խնդիր է մեր երկրի համար, Երևանը դատարկում է երկիրը, ձգում է իր մեջ: Այդ սահմանը միայն հրացանով մարդը չի պահում, սահմանը նաև ապրող մարդկանցով է պահվում: Մեր երկիրը պետք է կառուցապատվի, ոչ թե դրանք լինեն ամայի տարածություններ: Թշնամին հեշտությամբ մտնում է մեր երկիրՆախկինում քաղաքը կառուցելու նպատակ կար, լիներ դա ավտորիտար, թե ազգային քաղաք կամ ազատ քաղաք, ինչպես 60-ականներին, բայց կար գաղափար ու նպատակ, դրանք ես հակադրում եմ այսօրվա բիզնես նպատակին: Այսօրվա կառուցապատումը տեղի է ունենում այսպես. ինչ-որ մի տարածք տրվում է մի մարդու, և նա այդ ամբողջ տարածքը պարտադրում է, որ ճարտարապետը լրացնի քառակուսի մետրերով, իսկ թե դա ինչպես կլինի, ոչ ոքի չի հետաքրքրում»։
Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի բնորոշմամբ, դեմքի ու դիմագծի պահպանման համար պետք է նախ երկարաժամկետ պլանավորում. «Պետք է հասկանալ, թե քաղաքի ծերացման առումով ինչ պետք է անել, ինչ պահել ու պահպանել։ Պետք է սառեցնել ամեն կարգի շինարարություն։ Քաղաքի ճարտարապետական տեսքի առումով իմ կանխատեսումները բացասական են, ես միանշանակ պնդում եմ, որ ոչ մի բան էլ չենք կարող անել, չենք կարող փրկել Երևանի ճարտարապետական դեմքը: Հիմա Հայաստանի փրկության հարցն է առաջնահերթ, ուր մնաց Երևանի: Ժամանակին կոնֆլիկը ի վերջո ազգային ճարտարապետության վերաբերյալ, կարծիքները խիստ տարբեր են եղել մասնագետների մոտ։ Բայց եղել է մի հավասարազոր մակարդակ, և այդ կոնֆլիկտը նորություններ է ծնել: Այժմ այդ կոնֆլիկտը ահավոր մակարդակի վրա է, շենքերի ծերացումն ու այս ամենը հաշվի առնելով, պետք է քաղաքի ծերացման ժամկետ մշակվի, պետք է փորձենք նոր տեղի ունեցած փոփոխությունների մեջ հարմարեցնել, ինչը կլինի երկարատև ու ուտոպիստական ծրագիր, որովհետև Թամանյանի ժամանակ այդ աստիճանի չէր, մեծ հաշվով շատ բան զրոյից էր կառուցվում, պահպանելով միջուկը»։
Ճարտարապետ Ռոման Գրիգորյանի հարկավոր են ռադիկալ քայլեր, որ պետք է ցուցաբերի ապագա քաղաքապետերից որևէ մեկը։ Մեկ այլ խնդիր, որը կարևորում է ճարտարապետը, հուշատախտակներն են. «Այլ խնդիր են ճարտարապետական փոքր նմուշները։ Օրինակ՝ հուշատախտակները։ Օրերս բացված Ռաֆայել Քոթանջյանի հուշատախտակը ուղղակի սոսկալի է։ Իդեպ, նաև տառասխալներով է»։
Իսկ ինչպես ներկա ճարտարապետները կկատալոգավորեին Երևանը՝ մյուս մայրաքաղաքների համեմատ.
Ռոման Գրիգորյան. «Կորուսյալ հնարավորությունների քաղաք»։
Դավիթ Ստեփանյան. «Մեգապոլիսի ամբիցիայով վատ ընդօրինակում»։
Աշոտ Սնխչյան. «Հետխորհրդային ձախողված քաղաք»։
Կարեն Բալյան. «21-րդ դարի վերնակուլյար՝ ճարտարապետություն առանց ճարտարապետի»։
Հանդիպմանը մասնակցում էին հեղինակավոր ճարտարապետներ։ Քննարկումը տևեց երեք ժամ, բուռն զրույցը շարունակվեց «Արտբրիջի» բակում՝ ևս մեկ ժամ։