Հրաչուհի Ութմազյան. Խաղաղ փոթորիկ եմ ուզում...
ոենեսանս
Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս ճիշտ այն ժամանակ, երբ պետք է գա, ու մենք երբեք ոչինչ ինքներս չենք որոշում: Կանխորոշված է... Ու եթե ես ծնվել եմ այստեղ ու ապրում եմ այսօր, ուրեմն պետք է հավատամ, որ սա է միակ ճիշտ տարբերակը: Կարևոր է, որ հասկանամ, թե ինչ ունեմ անելու այսօր ու այստեղ: Որն է ի՛մ գործը: Մարդ կա, որ պետք է լավ բժիշկ լինի, մեկը՝ վարորդ, մյուսը՝ գրող կամ մատուցող, որ հենց հանուն իրեն ամեն անգամ գաս այս սրճարան: Այսինքն՝ համար առաջին խնդիրը շրջապատող տարածության ու ժամանակի մեջ անելիքը հասկանալն է: Բայց երբեմն մտածում եմ, որ կուզեի ռենեսանսի դարաշրջանում ապրել: Ուղղակի սիրում եմ այդ ժամանակը, որը տիտանների կարիք ուներ ու որը ծնեց տիտաններ:
լույս՝ թունելի վերջում
Ես նպատակասլաց չեմ: Փորձում եմ միշտ զգոն լինել ու ժամանակից առաջ չընկնել: Փորձում եմ գնահատել ու գոհանալ օրվա բաժին հոգսերով ու ուրախություններով: Հակառակ դեպքում մարդու ներսում մի մեծ սև խոռոչ է առաջանում, որը լցնելն անհնար է: Այն կարող է խժռել քեզ:
...Հավատալ... հավատում եմ, որ լույսը թունելի վերջում երբեք չի մարում: Պարզապես դու կարող ես դադարել այն տեսնել: Քո ներքին խռովությունն ու խժդժությունը կարող է քեզ կուրացնել, իսկ ներքին աչքերը մաքուր պահելու համար շատ բան պետք չէ. ուղղակի ապրել ու ամեն առավոտ մտովի բաժակ բարձրացնել նոր սկսվող օրվա համար:
արտաշնչելով մաղձը
Դավե՞ր, նենգությո՞ւն... գուցե թիկունքիս այդ ամենը կա, բայց դեմառդեմ առայժմ չենք հանդիպել: Երջանիկ Եմ: Թեև միշտ էլ փորձում եմ չարին ժպիտով պատասխանել և թույլ չտալ, որ ինձ էլ չարացնեն: Իսկ կուտակված մաղձը, ձանձրույթն ու չարությունն արտաշնչելու համար առանձնանում եմ: Բոլորից: Նույնիսկ ամենասիրելի ու հարազատ մարդկանցից: Ինքս ինձնից հաշիվ եմ պահանջում, հետո կշռում, հիշում... Ինձ նայող աչքեր, որ տեսնում եմ կիսախավար դահլիճում, ժպիտներ, որ նվիրում են ինձ անցորդները: Ու տեսնում եմ, որ իրավունք չունեմ, պարզապես ամենավերջին հիմարը կլինեմ, եթե համարձակվեմ ուրանալ ունեցածս... Եղածն էլ շատ է...
երջանիկ եմ
Երջանկությունը... երբ վեր եմ ամեն ինչից, մաքուր ու կատարյալ... Սա մի քանի վայրկյան է տևում: Փորձում եմ նման պահեր ուրիշներին էլ նվիրել ու այդ ժամանակ առավել երջանիկ եմ: Անուշ պահեր շատ եմ ունեցել: Ծնողներս, հարազատներս, ընկերներս, հանդիսատեսը... Երջանիկ եմ, որ ես էլ կարողանում եմ գոնե մի քիչ ուրախացնել ու ժպիտ նվիրել նրանց:
սոսկ դուստր չեմ
Դժվար է եղել հենց սկզբից: Պարտավորեցնող ազգանուն, տատիկ, որի անունն ինձնից միշտ վեր է եղել: Անդադար պայքար՝ ապացուցելու համար, որ ես սոսկ դուստր չեմ: Մեծ բարդույթ էր, որը հաղթահարելու համար շատ ջանք ու ժամանակ պահանջվեց: Դժվար էր, բայց պետք էր գտնել այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք դրված էին իմ առջև հենց սկզբից: Եվ հեշտ չէ ինքդ քո աչքերի մեջ նայելը, համարձակություն է պետք: Դա այն պահերից է, երբ քեզ ոչ ոք չի կարող օգնել քեզնից բացի, իսկ եթե դու էլ չկարողանաս, ուղղակի կկորչես:
անկումը ցավոտ կլինի
Կան մարդիկ, որ իրենց տեղում չեն: Ամեն ինչից բացի, իրենք իրենց են դժբախտացնում: Հավակնություններն ու ցանկությունները պետք է գոնե մի քիչ համապատասխանեն կարողություններին: Պետք է կարողանալ սեփական հնարավորությունները ճիշտ գնահատել, թե չէ անկումը շատ ցավոտ կլինի: Մանկուց մայրիկս ինձ սովորեցրել է կազմակերպված լինել: Լող, դպրոց, երաժշտական պարապմունքներ, հյուրախաղեր՝ 8 տարեկանից: Ամեն ինչ հասցնելու համար պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք: Ու հիմա դա ինձ շատ է օգնում, որ հասցնեմ գործերս, բայց նաև ժամանակ ու ուշադրություն հատկացնեմ հարազատներիս ու ընկերներիս:
հայրս
Հայրս համար մեկ մարդն է իմ կյանքում, մայրիկիցս հետո... Միշտ ինձ համար ընկեր է եղել: Ծնողներս երբեք «վերադաս ինստիտուտ» չեն եղել: Ուղղորդել են, բայց չեն պարտադրել ու միշտ խոսել են որպես հավասարի հետ: Ու միշտ ինձ համար եղել են օրինակ: Նախ ընտանիքի օրինակ: Ընտանիք, որտեղ ծաղիկները երբեք առիթներով չեն լինում, որտեղ սերը տարիների ընթացքում միայն ավելի է թանձրացել:
Իմ հայրիկի մասին մարդիկ խոսում են ոչ միայն որպես դերասանի, արվեստագետի, նրան առաջին հերթին որպես մարդ են գնահատում ու սիրում: Եվ դա ինձ համար շատ ավելի պարտավորեցնող է ու պատասխանատու:
խաղաղ փոթորիկ
Իմ կողքին ուզում եմ տեսնել ուժեղ տղամարդու, որի հետ ես կլինեմ թույլ: Զենքս ինքնակամ վայր կդնեմ ու ինձ թույլ կտամ լինել թույլ: Ուզում եմ խաղաղություն ու համոզմունք, որ նրա ուսին միշտ կարող եմ հենվել: Չեմ ուզում միապաղաղություն: Կենցաղի զոհը դառնալ չեմ ուզում: Խաղաղ փոթորիկ եմ ուզում...