Հրաչյա Պողոսյան. Երևանը նման է մանուկի, որի գլուխն այնքան մեծ է, որ ի վիճակի չէ ուսերի վրա պահել
Քաղաքի կենտրոնը շատ գեղեցիկ է, վերջին տարիներին էլ բարեփոխվեց: Լցվեց ռեստորաններով, սրճարաններով, փողոցները դարձել են ավելի եվրոպական: Չգիտեմ` լա՞վ է, թե՞ ոչ: Երևի խանութների ցուցափեղկերն են գեղեցկացել: Ես ու ընկերներս շատ ջանք ենք թափել Երևանի կառույցների վրա: Հավանաբար իզուր չի անցել: Այդ կառույցների հետ այնքան հիշողություններ են կապված: Ես միշտ վատ եմ զգում, երբ բոլորը խոսում են միայն Երևանի մասին: Մոռանում են, որ Հայաստանը միայն Երևանը չէ: Երևանը նմանվել է մի փոքր մանուկի, որի գլուխն այնքան մեծ է, որ ի վիճակի չէ այն իր մանկական ուսերի վրա պահել: Շրջաններն անտարբերության են մատնված: Կոմունիստների ժամանակ գոնե ակումբներ էին կառուցում... Ամբողջ կյանքս ապրել եմ Երևանում, բայց երբ մտածում եմ սիրելի վայրերի մասին, մտքիս գալիս են Աշտարակը, Դիլիջանը: Իրոք, դժվարանում եմ ասել, թե որոնք են իմ սիրելի վայրերը:
1. «Ռոսիա» կինոթատրոն: Այն շատ սիրելի էր 70-80-ականներին: Դժբախտաբար այսօր այն դարձել է կեղտոտ շուկա: Չնայած, երբ նոր էինք սկսում այդ նախագիծը, այնտեղ շուկա էր: Բայց հետո այն վերածվեց մշակութային վայրի: Ցավալի է, որ այդ կառույցը նորից ձեռքից գնաց:
2. Համալիրը: Ես նախագծողներից մեկն եմ եղել: Սա մեր ստեղծագործական խմբի աշխատանքն էր:
3. Հրազդանի կիրճը, որը մենք ամոթալի կերպով կեղտոտում ենք: Որովհետև մեզ թվում է, թե ապագան շատ մշուշոտ է, մտածում ենք միայն ներկայի մասին, սրճարաններ ու ռեստորաններ ենք կառուցում միայն: Քաղաքի կենտրոնում այն բնության միակ անմշակ պատառիկն էր: Բայց դա էլ է քայքայվում: Մարդիկ շարունակում են կառուցել սրճարանները:
4. Հանրապետության հրապարակը: Սա աշխարհի լավագույն հրապարակներից մեկն է: Այն, ինչ սկսեց Թամանյանը, շարունակեցին Սամվել Սաֆարյանը, Մարկ Գրիգորյանը: Բոլորը մեծագույն վարպետներ էին:
5.Օպերայի հրապարակը նույնպես հրաշք է: Թամանյանի գլուխգործոցն է: Ճարտարապետության այս ոճը մնայուն է:
6. Կասկադը, որը ես շատ եմ սիրում: Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունն է:
newmag #06