Հրայր Թովմասյան. Արժանապատվությունը իրավունքների հիմքն է
իմ գրասեղանը
Սիրում եմ իմ գրասեղանը: Ունեմ որոշ բաներ, որոնցից շատ դժվար եմ հրաժարվում. կարող է նաև գրիչ լինել: Իմ համակարգչից հրաժարվելը ինչ-որ հարազատ մարդուց հրաժարվելու պես մի բան է, շատ դժվար է, ցավագին եմ տանում, երևի թե պահպանողական եմ այդ առումով: Ինձ համար ամենահաճելի պահն է, երբ առավոտյան գալիս եմ աշխատանքի ու նստում եմ գրասեղանիս մոտ: Հատկապես արդյունավետ է իմ աշխատանքը երեկոյան ժամը 6-ից հետո, երբ աշխատակիցներն այլևս այստեղ չեն, հեռախոսազանգերին չեմ պատասխանում. այդ ժամանակ ավելի տրամադրող է:
պակասում է
Ամենամեծ բանը, որ պակասում է, ժամանակն է: Երբեմն ուզում ես ամեն ինչ հասցնել, բայց զգում ես, որ չես հասցնում: Չես հասցնում ինչ-որ բան կարդալ, չես հասցնում ինչ-որ մարդկանց հետ շփվել. ժամանակ չես գտնում: Տղաս 10 տարեկան է, բայց ուզում եմ, որ փոքր լինի, մի տեսակ չեմ ուզում, որ մեծանա. ես հիշում եմ, թե ոնց ծնվեց: Երեկ, երբ խանութից վերադարձա, խնդրեցի, որ տնից որևէ մեկն իջնի և ինձ օգնի: Տղաս օգնեց: Զգացի, որ ժամանակն անցնում է: Մնացած ամեն ինչը կարող ես ստեղծել, ամեն ինչ քո ձեռքում է՝ բացառությամբ ժամանակի:
անարդարություն
Երբեմն, իրոք, աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին որ մենք ուզում ենք. աշխարհում նաև արդարության պակաս կա: Երբեմն մտածում ենք` իսկ ինչո՞ւ այսպես եղավ: Ինչո՞ւ այս վթարը եղավ, ինչո՞ւ այս մարդն այսպիսի ճակատագիր ունեցավ. արդար չէ, բայց այդպիսին է կյանքը: Կուզեմ, որ մարդիկ չդժգոհեն, մարդկության ամբողջ պատմությունն է երևի արդարության համար պայքար: Հասարակության մեջ միշտ էլ լինելու է անարդարություն, և հասարակությունը միշտ էլ պայքարելու է արդարության համար: Այն հասարակությունները, որոնք շատ կմոտենան արդարությանը, կունենան հաջողություններ, առաջ կգնան ու կզարգանան, քաղաքական քարտեզում կլինեն հզորների մեջ: Դա է ցույց տալիս աշխարհի պատմությունը: Իսկ որոնք՝ ոչ, ապա ոչ:
ՄՈՆՈԼԳՆԵՐ
- Հովհաննես Մանուկյան. Քաղաքականությունից հնարավոր չէ հեռանալ
- Հովհաննես Մարգարյան. Հնարավոր չէ փող տալ և ասել` հավատա´ ինձ
անեկդոտ
Ես անեկդոտների մեծ սիրահար եմ, ընդհանրապես հումորային պատմությունների մեծ սիրահար եմ: Երևի 1000-2000 անեկդոտ կա, որոնք ես սիրում եմ ու կարող եմ օրերով պատմել, և երբ ինձ հետ ինչ-որ մեկը փորձում է պատմել: Եղել են նաև նման դեպքեր, որ Երևանից մինչև Թբիլիսի ամբողջ ճանապարհին անեկդոտներ եմ պատմել: Սիրում եմ պատմել, բայց սիրում եմ, որ անեկդոտը պատմում ես իրավիճակին համահունչ: Անեկդոտը տխուր իրականության զվարճալի խտացումն է: