Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ Newmag-ը հայերեն է հրատարակել Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գիրքը (թրեյլեր)
04/14/2025

««Հրազդան» ստադիոն» գրքում մանրամասն ներկայացված է 1960-70-ականների հայկական ճարտարապետության գլուխգործոց «Հրազդան» ստադիոնը, նախագծման և կառուցման պատմությունը՝ «ձնհալի» դարաշրջանի համատեքստում։
70-ականների հայկական մոդեռնիստական ճարտարապետության իսկական գլուխգործոցը` Հրազդան ստադիոնը, հայկական ճարտարապետության պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։
Ստադիոնը գտնվում է Հրազդան գետի գեղատեսիլ լանջին, որից էլ ստացել է իր անունը: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1971-ի մայիսի 19-ին: 70 հազար հանդիսատես տեղավորող ստադիոնը դարձավ ոչ միայն սպորտային կառույց, այլև ազգային հպարտության խորհրդանիշ:
Ինչպես նշում է ֆուտբոլային աստղ Էդուարդ Մարկարովը, «Հրազդան» ստադիոն. Եվրոպան այդպիսին չունի. կան ավելի վատերը, կան ավելի լավերը, բայց նմանը չկա։ Օրիգինալ ստադիոն է: Եվ առաջին հերթին դա վերաբերում է ճարտարապետությանը: Հնարավո՞ր է մտնել այդ խաղադաշտ և չվառվել հաղթելու կրքով»:
Այս մարզադաշտում, առաջին անգամ երկրում, կիրառված է ֆուտբոլային դաշտի ստորգետնյա ջրումը, որը միաժամանակ ծառայում է նաև ցամաքուրդի համար։ «Հրազդանը» ունի տարածքների ֆունկցիոնալ հստակ գոտեվորում:
Ստադիոնի հեղինակներն են ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը, Կորյուն Հակոբյանը և Էդուարդ Թոսունյանը: Նրանք ստեղծել են ասիմետրիկ, երկհարկանի տրիբունաներով մի բացառիկ կառույց, որը հարմարեցված է լանդշաֆտային առանձնահատկություններին: Մարզադաշտի համահեղինակ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքերով՝ «Եթե չլիներ «Արարատը», չէր լինի Հրազդան մարզադաշտը։ Եթե չլիներ Հրազդան մարզադաշտը, չէր լինի «Արարատ» ֆուտբոլային թիմը»:
Չնայած իր պատմական և ճարտարապետական նշանակությանը, «Հրազդանը» այսօր չի շահագործվում ըստ նշանակության, և նախատեսվում է քանդել այն:
Newmag հրատարակչության ներկայացված բացառիկ աշխատությունն անգնահատելի ներդրում է հայկական ճարտարապետության պատմության ուսումնասիրության և պահպանման գործում: Ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանի նոր գիրքը ներկայացնում է ստադիոնի ճարտարապետական արժեքն ու նշանակությունը։
««Հրազդան» ստադիոն» գիրքը բարձրաձայնում է կարևոր հարցեր. ինչո՞ւ խորհրդահայ մոդեռնիզմի այս գլուխգործոցը դուրս մնաց մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ ունեցող կառույցների ցանկից, ինչո՞ւ այնտեղ այլևս ֆուտբոլ չեն խաղում, և արդյոք հնարավո՞ր է կանխել կառույցի քանդումը:
2020-ին Newmag-ը հրատարակեց Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան» գիրքը։ Բալյանը խորհրդահայ մոդեռնիզմի նշանավոր հետազոտող է, մոդեռնիզմի պատմության մասնագետ։ Ճարտարապետության Միջազգային ակադեմիայի անդամ է, պրոֆեսոր, ինչպես նաև ԽՍՀՄ և միջազգային մրցույթների դափնեկիր: Բալյանը ճարտարապետության և քաղաքաշինության վերաբերյալ ավելի քան 100 մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է:
Աշխատությունը ռուսերենից հայերեն է թարգմանել Անուշ Մուրդայանն է։ Գիրքը լույս է տեսել Գուրգեն Մուշեղյանի ընտանիքի ֆինանսական աջակցությամբ:
Կարեն Բալյանի հեղինակած գրքի հետ լույս է տեսել նաև հավելված՝ Գուրգեն Մուշեղյանը «Հրազդան ստադիոնի մասին»։ Գրքույկում տեղ են գտել ստադիոնի վերաբերյալ նրա հոդվածներն ու հարցազրույցները։ Ըստ ճարտարապետի դուստր, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Արաքսյան Մուշեղյանի, «Հրազդան» մարզադաշտը շատ կարևոր կառույց էր նրա համար.
«Գիրքը նվիրված է հայրիկիս՝ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակին։ Մարզադաշտը պոստմոդերնիզմի շրջանի կարևոր ճարտարապետական կառույց է, որը ստեղծման օրվանից մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ «Հրազդան» մարզադաշտը, որպես ճարտարապետական գլուխգործոց, նշվել է բոլոր հեղինակավոր ճարտարապետական հրատարակություններում։ Հաշվի առնելով այս բոլոր փաստերը՝ «Հրազդանը» չպետք է լինի այն վիճակում, որում գտնվում է հիմա։
Հուսով եմ, որ այս գիրքը նորից «Հրազդանի» նկատմամբ հետաքրքրություն կառաջացնի, որպեսզի այս թեման նորից դառնա ակտուալ ու մարզադաշտը նորից շահագործվի։ Գիրքը նաև շատ օգտակար կլինի երիտասարդ ճարտարապետների համար՝ ոչ միայն ճարտարապետական գլուխգործոցի կառուցման մանրամասներն իմանալու, այլ նաև գործին նվիրվելու, ժամանակի լավագույն մասնագտների աշխատելաոճն իմանալու համար»։
Շնորհանդեսն ապրիլի 15-ին է, 19:00, Common Ground Books & Spirits-ում։ Գիրքը կներկայացնեն մոդեռնիզմի պատմության մասնագետ Կարեն Բալյանը, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի դուստր Արաքսյա Մուշեղյանը, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը, լեգենդար ֆուտբոլիստ, 1970-ականներին «Արարատի» հարձակվող Էդուարդ Մարկարովը։ Միջոցառման մոդերատոր՝ լրագրող Մարկ Գրիգորյան։ Գրական իրադարձությանը ներկա կլինեն հայտնի ճարտարապետներ, սպորտսմեններ և ֆուտբոլիստներ:

Կարեն Բալյան
10800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
