Ի՞նչ հրատարակեց newmag-ը 2019 թվականին
Այս տարի newmag-ը հայերեն թարգմանեց և հրատարկեց 15 համաշխարհային բեսթսելլեր։ Դրանք ներկայացնում ենք ժամանակագրական հերթականությամբ։
1․ Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը | Լուկա Կայոլի
Լիոնել Մեսսին մոլորակի ամենաարդյունավետ, սառնարյուն, հետեւողական ու հարգված ֆուտբոլիստներից է: Այս ամենը եւ շատ ավելին կարող եք գտնել Լուկա Կայոլիի գրքում, որտեղ ներկայացվում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։ Գրքում տեղ են գտել նաեւ բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների եւ հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել նա: Ավելին, գիրքը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը։
2․ Աղջիկ ջան, ուշքի արի | Ռեյչլ Հոլիս
Դու է՞լ ես կարծում, թե բոլորի կյանքը ստացվել է, իսկ քոնը՝ ոչ: Եթե այո, ապա Ռեյչլ Հոլիսը քեզ ասելու բան ունի. սուտ է: Այս ոգեշնչող գրքում Ռեյչլը խոսում է 20 ստի եւ այն թյուրընկալումների մասին, որոնք հաճախ մեզ խանգարում են ուրախ եւ լեցուն կյանքով ապրել: Այդ ստերն այնքան ենք ներշնչել ինքներս մեզ, որ դադարել ենք դրանք նկատել: Ռեյչլը դառը ճշմարտությամբ եւ խրոխտ հումորով հետազոտում է այն կեղծ պնդումները, որոնք ժամանակին նրան ստիպել են իրեն համարել ոչ պիտանի: Նա ներկայացնում է այն գործնական քայլերը, որոնք օգնել են հաղթահարել կյանքի այդ շրջանները:
3․ 100 մոնոլոգ | newmag
Newmag-ի 100 մոնոլոգները մի քանի սերնդի հետաքրքիր ներկայացուցիչների փսիխոգենեզի ցուցիչներ են, որոնք ուղեկցվում են սև-սպիտակ լուսանկարներով: Այդ ֆոտոները զերծ են գունային խաբկանքից և մեր հերոսներին պատկերում են իրենց բնական հոգեվիճակում: Լուսանկարներն արվել են ըստ գործող անձանց խոստովանության տարեթվերի և այս գրքում չեն փոխարինվել նորերով: Նպատակը մեկն է. մեր ժամանակների հերոսներին պատկերել՝ պահպանելով իրենց ապրած օրերի դիմագիծը, ոչ հեռավոր անցյալին բնորոշ խոհերն ու հասարակական այն դերը, որը նրանք ստանձնել էին Newmag-ի համարներում հայտնվելու շրջանում: Ահա ինչու յուրաքանչյու մոնոլոգի կողքին արձանագրված են Newmag-ի համարը, ամիսը, ամսաթիվը: Բարի գալուստ անցյալ, բարի գալուստ 100 պարզ անհատականության բարդ ներաշխարհ:
4․ Սպանության հրամաններ | Թաներ Աչքամ
Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ իրար հաջորդող թուրքական կառավարությունները մշտապես ջանքեր են գործադրում հերքելու համար Ցեղասպանության պատմական փաստն ու դրան վերաբերող փաստաթղթային ապացույցները։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։
5․ Սիրո 5 լեզուները | Գերի Չեփմեն
Ավելի քան 10 միլիոն տպաքանակով վաճառք: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:
6․ Կյանքից կառչած | Շառլ Ազնավուր
Սա յուրահատուկ երկխոսություն է իր և ընթերցողի միջև: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը: Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջև շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին:
7․ Նեյմար | Լուկա Կայոլի
Լուկա Կայոլին՝ Մեսսիի եւ Ռոնալդուի մասին սպորտային բեսթսելլերների հեղինակը, պատմում է Նեյմարի անկասելի առաջխաղացման մասին՝ բացառիկ ու ուղիղ կապ հաստատելով նրա ընկերների, ընտանիքի, մարզիչների, թիմակիցների եւ երկրպագուների հետ: Գրքի լրամշակված տարբերակը պատմում է Աշխարհի գավաթի խաղարկությունների ժամանակ ֆուտբոլի նորագույն աստղի ապշեցուցիչ ելույթների, Բրազիլիայի հավաքականի պարտության, որում, թերեւս, մեծ դեր է խաղացել Նեյմարի՝ վնասվածքներով պարտադրված բացակայությունը, եւ «Պարի Սեն Ժերմեն» տրանսֆերի մասին։
8․ Գահերի խաղը. ինչպե՞ս հաղթել շախմատում | Տիգրան Պետրոսյան
Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։ Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային եւ ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը: Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։
9․ Ինչ է պոպուլիզմը | Յան-Վերներ Մյուլլեր
Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահը։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։ Գիրքը նաև ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ և ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։ Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու օրինակներ բերում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը:
10․ Ալի. աշխարհի արքան | Դեյվիդ Ռեմնիք
Ոչ ոք չի կարողացել Դեյվիդ Ռեմնիքից ավելի վառ, դրամատիկ ու խորապես նկարագրել Ալիին եւ նրա ժամանակաշրջանը, որին նա շունչ ու ոգի է տվել։ Պատմելով Ալիի անցած ճանապարհի մասին՝ Լուիսվիլի, Կենտուկիի մարզադահլիճներից մինչեւ Սոնի Լիստոնի եւ Ֆլոյդ Պատերսոնի հետ պատմական մրցամարտերը, Ռեմնիքը ստեղծել է նմանը չունեցող հարուստ կտավ: Նա հիանալիորեն կարողանում է փոխանցել սուր լեզու ունեցող մարզական լրագրողների եւ մարդասպան գանգստերների, մռայլ Լիստոնի, վախեցած Պատերսոնի, հանդուգն Նորման Մեյլերի եւ առեղծվածային Մալքոլմ Իքսի կերպարները:
11․ Snake. Ֆրանսիական ֆուտբոլի օձը | Առնո Ռամսե Գիրքը լույս է տեսել 2006-ի մայիսին ֆրանսերեն: Գրքի հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով: Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ եւ ինչու է ստացել SNAKE մականունը: Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու Հայաստան կա- տարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Գրքի գլուխների նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն եւ Ժան Ջորկաեֆը: Վերջաբանը գրել է ֆուտբոլիստի հայրը՝ Ժան Ջորկաեֆը: Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։
12․ Հիմա մասամբ գիտեմ | Փոլ Իգնեշիուս
Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։ Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։
13․ Աղջիկ ջան, մի՛ արդարացիր | Ռեյչլ Հոլիս
Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ Թե ինչպես, կիմանաք գիրքը կարդալով։
14․ Մեղմ շշուկով | Շառլ Ազնավուր
2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Կարծես «կինոյի լեզվով» գրված այս գիրքն իսկապես վավերագրական վեպ է: Նա պատմում է իր ստացած կյանքի դասերի եւ ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Խորհում է Շառլ Կրոյի երաժշտական մրցանակի մասին 20 տարի երազելու եւ այդ մրցանակից հրաժարվելու մասին։ Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի, ինքնագովազդի եւ, իհարկե, սիրո մասին։
15․ Մահաբեր ընտրություն | Փոլ Օֆիթ
Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլեւս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից:
Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին եւ պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները եւ քողազերծում պատվաստանյութերի հետեւանքների մասին սարսափ պատմությունները։ Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը։
Փոլ Օֆիթ
5800 ֏
Նկարագրություն
Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլևս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից:
Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին և պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները և քողազերծում պատվաստանյութերի հետևանքների մասին սարսափ պատմությունները։
Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)