«Իմ կռիվը» ՝ Շառլ Ազնավուր, ընթերցում է դերասան Խորեն Լևոնյանը (տեսանյութ)
Մայիսի 23-ին Newmag-ը ներկայացրեց Շառլ Ազնավուրի 7-րդ գիրքը՝ «Նոր երկիրը»: Այս գրքում զետեղված են Ազնավուրյան պոեզիայից 113 բանաստեղծություն: Մյուսները հերթով կհամալրեն 3 հատորները, որոնք լույս են տեսնելու մինչև 2024 թվականը: Շնորհանդեսին հրատարակչություն
«Իմ կռիվը» գործի խոսքը և երաժշտությունը պատկանում է հենց Շառլ Ազնավուրին, գրել է 1957 թվականին: Այն կատարել է նաև Շառլի քույրը՝ Սեդա Ազնավուրը։ Ազնավուրն այդ առիթով ասել է. «Երգ գրելիս երբեք ինձնից բաներ չեմ հորինել: Անընդհատ փնտրել եմ, և երբեմն հաջողվել է գտնել այն, ինչը կարող է գրավել ձեզ, կամ ինչը ոչինչ չի ասի ձեզ: Կարծում եք՝ գաղտնիքը կրկներգի՞ մեջ է: Վստահ չեմ. առաջին տողը պետք է գրավի ու տանի իր հետևից: Իսկ եթե դա տեղի չի ունենում, ուրեմն կդոփեք տեղում: Երբ ծնվում են բառերը, վերնագիրն ու երբեմն նաև բանաստեղծական առաջին տողերը, ամեն կերպ ձգտում եմ տեքստն ավարտուն դարձնել»:
Ազնավուրի համար գրելն իսկական հաճույք էր, ուսումնասիրում էր ամեն մի բառը, ծագումնաբանությունը՝ հենց բառարաններից գտնում ամենահին, չօգտագործվող տարբերակները և մի օր դրանք օգտագործում ամենահարմար առիթի դեպքում. ««Ավարտունը» ինձ համար բնավ «վերջնական» իմաստը չունի: Ավարտուն տեքստը, որը զուրկ է հմայքից, ոճից ու դեռևս անմշակ է, հեղինակի համար ոչ այլ ինչ է, քան հնարավորություն հաստատելու, որ գործը վատ չի ստացվել: Հետո ի՞նչ: Չմոռանանք, որ այն, ինչ մեզ կատարյալ է թվում երեկոյան, իսկական արժեք է ստանում հաջորդ օրը միայն»:
Ազնավուրը խոսոտվանել է՝ մի գործի բազմաթիվ օրինակներ հայտնվում էին աղբարկղ ու միայն ամենաիդեալականը համալրում իր պոեզիան: Երբեք թերի տեքստ չի պահպանել. դրանց տեղը դարակը չէր, այլ աղբամանը:
Իմ կռիվը
Միշտ եղել է
Իմ սրտի հետ,
Հավատիս հետ,
Որ ննջել է հոգուս խորքում:
Իմ կռիվը
Իմ մարմինը հոշոտել է բյուր բոցերով
Եվ իր կանչով, և իր կանչով
Ստիպել է, որ երազեմ երջանկության,
Սիրո մասին,
Մի կռիվ, որ բոլոր-բոլոր մահկանացու էակները
Իրենց հերթին
Միշտ մղում են ի հեճուկս վհատության,
Սիրո մասին,
Որը միակ բարիքն է, որ ի վերուստ են մեզ շնորհում
Օրեցօր ու ամեն վայրկյան,
Ավելի մեծ եռանդով ու մեծ հավատով:
Իմ կռիվը
Բոլոր մարդկանց լուռ պայքարն է
Հանուն իրենց իրավունքի
Եվ երջանիկ ապագայի:
Իմ կռիվը
Միշտ եղել է
Իմ սրտի հետ,
Հավատիս հետ,
Որ ննջել է հոգուս խորքում:
Իմ կռիվը,
Իմ մարմինը հոշոտել է բյուր բոցերով,
Եվ իր կանչով, և իր կանչով
Ստիպել է, որ երազեմ երջանկության,
Սիրո մասին,
Իմ կռիվը
Ես մղել եմ
Շատ կատաղի ու մոլեգին՝
Ուրախությամբ ունկնդրելով
Սրտիս ձայնին:
Իմ կռիվը,
Այդ կռիվը ես շահել եմ կյանքի գնով,
Որ ես ու դու
Սեր ունենանք:
Մի օր, այո, ես տվել եմ
Իմ կռիվը: