Գրքի երևանյան փառատոնին Newmag-ը կներկայացնի Տիգրան Հայրապետյանի 2-րդ գիրքը՝ «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» (թրեյլեր)
2022-ի սկզբին Newmag-ը ներկայացրեց Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գիրքը: Այստեղ հավաքված են հրապարակախոսի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները: «Պատերազմ և քաղաքականությունը» քառահատոր հրատարակության առաջին գիրքն էր: Հոտեմբերի
1990-ականների քաղաքագիտական մտքի ամենավառ դեմքերից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածներն ու վերլուծական նյութերը տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ Մոտ 400 հրապարակումների հեղինակի գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ ու հատկապես հիմա չափազանց արդիական է: Նրա գրքերում տեղ են գտել ինչպես արդեն հրապարակված, այնպես էլ անտիպ էջեր:
2-րդ հատորում ներկայացված են համընդհանուր աշխարհաքաղաքականության միտումները և Ռուսաստանի անցյալն ու ներկան, նորանկախ Հայաստանի խնդիրներն ու Ղարաբաղյան հակամարտության շուրջ արժեքավոր վերլուծություններ: «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքի գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարևորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արևմուտքի և Միջին Արևելքի հետ։
«Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գիրքը բաղկացած է 2 խորագրից՝ «Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը» և «Աշխարհքաղաքական ծուղակ»: Դեռ 30 տարի առաջ Հայրապետյանը տեսնում էր, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ կտրուկ քայլեր կանի միայն, երբ Ռուսաստանը վերջնականապես կհեռանա Եվրոպայից, Արևմուտքը կլուծի արաբա-մահմեդական աշխարհում իր խնդիրները և կհաստատի Թուրքիայի գերիշխանությունը։ Հենց այդպես էլ եղավ՝ Ռուսաստանը 2000-ականներից սկսած հեռացավ Եվրոպայից, Արևմուտքը վերջնականապես ու հիմնովին լուծեց արաբական աշխարհի հետ իր հաշիվները, Թուրքիան էլ հզորացավ։
Քաղաքագետը կանխատեսել էր նաև, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում կշարունակվի այնքան, մինչև Ադրբեջանը վերածվի ժամանակակից պահանջներին համապատասխանող զորանոցի, ժողովուրդն էլ՝ ամեն տեսակի պատերազմի պատրաստ զինվորի. «Ադրբեջանը կարող է տիրել Լեռնային Ղարաբաղի, գուցե նաև հայկական, վրացական և հյուսիս-կովկասյան տարածքներին․ սրանք միայն առաջին պատառներն են, որ պետք է բացեն նոր ռազմաքաղաքական հրեշի ախորժակը»։
Քաղաքագիտական արժեքավոր վերլուծությունների ժողովածուն հրատարակվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ: «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի մեծ դահլիճում: Մուտքն ազատ է: