Ինչո՞ւ էր 2019-ը պոպուլիստական տարի․ վերլուծաբանների բացատրությունը
Վերլուծաբանների պնդմամբ 2019-ը պոպուլիստական տարի էր ու, ընդհանրապես, մենք արդեն ապրում ենք պոպուլիզմի դարաշրջանում:
Քաղաքական դաշտում են հայտնվել նոր կերպարներ, որոնց քաղաքական կարիերան մի քանի տարի առաջ անհավանական էր թվում: 2019-ին նաև ամրապնդվել են հին սերնդի պոպուլիստների դիրքերը՝ ԱՄՆ-ում ու հատկապես Եվրոպայում:
Նրանց հաջողության բանաձևն ունի մի քանի կանոն:
Քաղաքական էլիտայի հանդեպ հիասթափությունների ֆոնին պոպուլիստները բարդ հարցերին հեշտ պատասխաններ են տալիս ու արդյունավետ լուծումներ խոստանում: Հաճախ, սակայն, գործը հստակ քայլերին չի հասնում ու սահմանափակվում է վարակիչ ելույթներով: 2019-ին ևս գործերին փոխարինեցին ճառերը: Այստեղ ամենաէականն այն է, որ ճառերից ոգևորվողները, որոնք հոգնել են կառավարման գործող դանդաղ համակարգերից, շատ արագ մոռանում են, թե ինչ էին խոստանում իրենց այդքան հաճելի ելույթներ պարգևողները:
2019-ին հաջողության հասած պոպուլիստները խոստացան նույնը՝ դառնալ ժողովրդի ձայնն ու կոտրել կառավարման չաշխատող համակարգը:
Ուղիղ ժողովրդավարության մասին խոստումները ևս պոպուլիստներին օգնում են ժողովրդի ինքնիշխանության պատրանք ստեղծել: Պոպուլիստներին միավորում է այն, որ իրենք են որոշում, թե ով է ժողովուրդը, իսկ ով՝ ոչ:
Վլադիմիր Զելենսկի – Երեք եթերաշրջան դերասան Զելենսկին հետևողականորեն ստեղծեց ժողովրդի ծառայի կերպարը: Հետո պարզվեց, որ երանելի նախագահը ֆիլմից գալիս է իրականություն: Այսօր արդեն իրական նախագահ Զելենսկին ֆեյսբուքյան ուղիղ եթերներում իր հետևորդներին առաջարկում է առաջադրել պաշտոնյաների իրենց թեկնածուներին: 2019-ինը Զելենսկիի համար դժվար տարի էր, բայց եղան նաև կարևոր ու իրական ձեռքբերումներ՝ Դոնբասում իրավիճակը կայունացավ, գերիները փոխանակվեցին, լուծվեց գազային հնգամյա հակամարտությունը:
Դոնալդ Թրամփ – Թրամփի գլխավոր տարբերանշանը անկանխատեսելիությունն է: 2019-ին ևս նրա ելույթներն ու որոշումներն այդպիսին էին: Նա տարբերվում է շատ պոպուլիստներից, քանի որ նրա աննորմալ թվացող խոսքը իսկապես գործի է վերածվում: Թրամփը 2019-ին շարունակեց խառնել ամբողջ Մերձավոր Արևելքը, իսրայելապատկան ճանաչեց Գոլանի բարձունքները՝ ստեղծելով միջազգային կարգուկանոնը ոտնահարելու ևս մեկ նախադեպ: Շարունակեց դաշնակիցներին հրապարակավ վիրավորելը ու հասավ իր նպատակին՝ ՆԱՏՕ-ի անդամները իսկապես սկսեցին ավելի շատ գումար ներարկել ընդհանուր բյուջե:
Բորիս Ջոնսոն – 2019-ին անկանխատեսելի էին նաև Բրեքսիթի շուրջ զարգացումները: Բրիտանական պահպանողական պոպուլիզմի դեմքը դարձավ երկրի վարչապետ: Բորիս Ջոնսոնը շարունակում էր պնդել, որ ճգնաժամային իրավիճակից մարդկանց կարող է հանել միայն այն առաջնորդը, որն այդ ամենի հիմքում է եղել: Արդյունքում նա հաղթեց նաև արտահերթ ընտրություններում, բոլորը մոռացան, թե ինչպես էր նա Բրեքսիթի քարոզարշավի ժամանակ կեղծ վախեր տարածում ցանկալի արդյունքին հասնելու համար: Այսօր արդեն պարզ է՝ Բրեքսիթն իրականություն կդառնա հունվարի 31-ին:
Այս քաղաքական գործիչների հաջողությունները գլոբալ ալիքի մի դրվագն են միայն: Վերլուծաբանները պոպուլիստական ալիքի նահանջ չեն կանխատեսում: 2020-ին այն կարող է իշխանության բերել ոչ միայն արդեն թրծված ճարտասաններին, այլև անփորձ, քաղաքականության հետ աղերս չունեցող, բայց հաճելի ու վարակիչ ելույթներ սփռող նոր գործիչների:
Յան-Վերներ Մյուլլեր
2900 ֏
Նկարագրություն
Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։ Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահը։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։ Գիրքը նաև ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ և ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։ Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու օրինակներ բերում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը: