BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Զինվորի օրագիր - 15] Սիրել հեռվից, սոցցանցով ու

[ Զինվորի օրագիր - 15] Սիրել հեռվից, սոցցանցով ու չիզբուրգերով. ռոմանտիկան ու ծառայությունը

Սպաները հիմնականում ամուսնացած են, աշխատում են ընտանիքին մոտ, ապրում են զորամասին հարևանությամբ, սպայական շենքերում կամ վարձով: Երեկոյան տանն են, առավոտյան աշխատանքի՝ ծառայության: Ընտանիքից հեռու են զինվորները: Ժամկետայինների համար կարոտը ժամանակ չի ճանաչում: Սերն էլ: Սերը հատկապես: Բանակ գալիս են սիրո հասակում, փխրուն զգացմունքներով, սրտով, երևակայությամբ: Շատերն ասում են դժվար է անցնում 2 տարին, առաջին հերթին հենց սիրո բացակայության հետևանքով:
Մեր զորամասում բանակ միայն ես եմ ուշացած եկել, 25 եմ, ամուսնացած, ընտանեկան տարիներն աչքիս առաջ, ավելի հանգիստ, որ մատանին դրել, նոր եմ զորակոչվել: Մյուսները փշերի վրա են քնում, արթնանում: Ընկերուհիներ ունեն, բայց իրենք էլ, ընկերուհիներն էլ վստահ չեն, որ 2 տարի կսպասեն: Մինչև այսօր հետևում եմ, թե ինչպես են շփվում, ինչպես են սիրում, սպանում ժամանակը, որն այդպես էլ չի անցնում:
Քֆուր չանեք: Էլի եմ ասում, քֆուր չանեք:, - զանգից առաջ նախորդում է այս հրահանգը, բոլորն են ասում, բոլորին, զգուշացնում: Տարիներ առաջ, նույնիսկ մի քանի հարկանի հայհոյանքներ էին պտտվում՝ մոր կամ սիրած աղջկա հետ զրույցի ընթացքում անթույլատրելի բառապաշարի համար: Հիմա ամեն ինչ փոխվում է, հայհոյանքի բովանդակությունն էլ, ձևն էլ, նպատակն էլ:
Մեր զորանոցում սիրողներ գրեթե չկան, սիրահարվածներ ինչքան և ում ուզես: Բջջայինները զորամասում արգելված է, բայց «ռոմեոներն» ունեն: Վտանգավոր ժամերին պահում են՝ փայտե մանրահատակի տակ, խողովակների մեջ, նույնիսկ թաղում են հողում, գիշերը վերցնում, միացնում, լուսացնում: Հեռախոսը պահելու մյուս տարբերակները չեմ հրապարակի, դրանք ժառանագաբար փոխանցվում են լավերից լավերին, ընկերներից՝ նորեկներին, դեռ չբացահայտված են և արդյունավետ:
Գիշերը զորանոցը մութ է, դեմքերն են երևում, սմարթֆոնի լույսը ընկնում է երեսին: Զինծառայողներից շատերը գրում, տեքստեր են հավաքում ` խանգարելով մյուսներին: Շատ են եղել նաև վեճերը, տարաձայնությունները, մանավանդ, երբ մեկը մյուսի նկատմամբ քեն էր պահում:
Մեր օրերում ռոմեոներ այնքան էլ չկան, ռոմանտիզմը պակասել է: Հեռախոսն օգնում է ցանկացած պահի խոսել, կիսվել, պատմել: Սոցցանցերն էլ բոլոր հնարավորությունները ստեղծել են նույնիսկ առանց բառերի սերն արհատայտելու, առանց ստեղծագործելու, գեղեցիկ տողեր գրելու: Սրտիկներն ամեն ինչի փոխարեն լրացնում են սերը: Սիրո խոստովանություններն ավելի տպավորիչ էին տասը տարի առաջ, ավելի ստույգ 2010-ականներին, կամ ավելի վաղ: Երբ 18 տարեկան էի, սովորում էի ու ծառայությունս հետաձգվել էր մինչև կավարտեի բուհը: Այդ տարիներին ճանապարհում էի ընկերներիս: Նրանց խոստովանությունները երբեմն ինքս էի տեղ հասցնում:
_ Cheeseburger, կոկտեյլ, մետաղե սրտիկ՝ լցված վարդի թերթերով:  
Սրանք ամենայուրահատուկ պատվերներն են եղել, որ առաքել եմ: Ծաղիկներ, քաղցրավենիք լսել էի, փոխանցել, մինչդեռ fastfood-ով սեր մի տեսակ չէի պատկերացրել: Գուցե ճաշակի հարց է, մինչև այսօր էլ պատասխանը չեմ գտել, չեմ էլ հարցրել, գուցե դուք հուշեք՝ ինչ գործ ունի բուրգերը՝ սիրո կապոցում: Ընկերներիս սիրելիները նվերներն անպատասխան չեն թողել, գիրք էին ուղարկում, աղցան, նամակ, լուսանկար:



Զինվորի օրագրի նարոդ մասերը





Հիմա այլ է, զինվորը կարող է առցանց պատվիրել, առցանց նվիրել, առանց միջնորդի, լրացուցիչ խնդրանքի: Այդպես էլ անում են, նույնիսկ օնլայն արտասահմանյան խանութներից են գնումներ անում, հասցեագրում սիրելի աղջկան: Ընկերներիցս մեկն այդպես ակնոց ու ժամացույց էր գնել, ընկերուհուն կանանց միամսյակին նվիրել:
Վիրտուալ դաշտն ամենակարևորն է զույգերի համար, մինչդեռ նրանց խանգարողներին պետք է առերես տեսնել: Այս հարցում շատերն են նեղսրտում: Թե ինչպես սիրելին նստեց ավտոբուս, իջավ, համալսարան մտավ, խնջույքի մասնակցեց, չմոտեցան, չխոսեցին, ռեպլիկ չարեցին: Եթե լուրը հասել է, նրանից հեռու մնացեք: Այդ ժամանակ զինվորի հետ շփվել չարժե, նյարդային է, լարված, սպասողական: Մինչև որ պատասխան զանգը կստանան ու կլսեն՝ տանն եմ:
 
Երբ հայտնվում է երրորդ մեկը՝ զորանոցն իմանում է: Հակոբին կարմրած, արագ քայլերով, անհանգիստ վարքով առաջին անգամ տեսա: Դասակի ամենապասիվ տղան այդ օրը վանդակում հայտված գիշատիչ էր դարձել: Աղջիկն ասել էր, որ իրեն մոտեցել է մի երիտասարդ, առաջարկ արել, ծաղիկներ նվիրել: Բոլորով հավաքվեցինք, նստեցինք, քննարկեցինք: Գնալ չէր կարող, բացակայությունն անմիջապես կբացահայտվեր: Եվ երկրորդը՝ զինվոր է, եթե գնար ու մի դժբախտություն պատահեր, կորած էր Հակոբն էլ, մենք էլ, զորամասն էլ, ի վերջո, սիրելին էլ:
Որոշեցինք պարզել անկոչ սիրեցյալի ինքնությունը, բնակության վայրը, հետո մտածել քայլերի մասին: Այդպես էլ արեցինք: Գիշերը պառկեցինք, նա մնաց ծխարանում: Առավոտյան նրան ծխարանում տեսա: Չէր քնել, դեմքը գունատ, ատամները կրճտացնելով, գլխիկոր նստած, սպասում էր: Կեսօրին լուրը տեղ հասավ: Համարը գրեցինք, անունը, թաղը նույնպես: Հակոբին խնդրեցի չզանգել: Խոսեցինք տասը րոպե, բացատրեցի՝ չբղավել, չվատաբանել, գուցե չի իմացել, գուցե թյուրիմացություն է: Այդպես էլ եղավ: Աղջիկն այդ տղային էլ չտեսավ, Հակոբն էլ երեկոյան վերջապես քնեց:
Նամակներ գրում են քչերը, հազվադեպ, բայց գրում են: Անակնկալի համար, ընդամենը: Որևէ մեկն ընդհատված կապը դրանով չի վերականգնում, վաղուց դրա ժամանակն անցել է, պարզապես փորձում են ավելի հետաքրքիր լինել, տարեդարձը ձեռագիր շնորհավորել, նեղ անձնական երկտողով, գրիչով ասիմետրիկ վարդ նկարելով, դնելով ծրարի մեջ:
Տղերքը սևագիր էին անում, բերում էին, շտկումները ես էի անում, մի քիչ էլ գեղարվեստական դարձնում, վերադարձնում: Ծառայության տարիներին եթե բոլորը գրեին նամակներ, վստահ եմ շատերը կշարունակեին բանասիրական կրթությամբ:
Զինվորներն ամենաշատն են կարոտում, րոպե առաջ ցանկանում սիրելիին տեսնել, նույնիսկ մտերիմների հետ զրույցում՝ անկեղծանում են. Ամեն ինչ տալ հանուն կարճատև հանդիպման, մինչդեռ դեմ են, որ իրենց ընտրյալն այցելի ծառայության վայր: Կարոտը կխեղդեն և սառնասրտորեն կարգելեն աղջիկներին այցելել զորամաս, գուցե խանդն է, գուցե զգուշավորությունը, սակայն որևէ մեկը մինչև այսօր չի կատարել ընկերուհու ցանկությունը, ընդունել զորամասի այցելությունների սենյակում հանդիպելու առաջարկը: Ես էլ:
Պատճառը մի քիչ հայկական է ու պահպանողական, մի քիչ տղայական ու մի քիչ էլ արդարացված: Պատկերացրեք՝ զորամասում մի քանի հարյուր զինվոր է ծառայում՝ հիմնականում աղջկա կարոտ և իգական սեռի ցանկացած ներկայացուցչի մուտքը զորամաս՝ խրախուսելի չէ, նույնիսկ մեկ հայացքը կարող է վիրավորել, ընդ որում զինվորներն ավելի շատ վիրավորվում են պատկերացնելիս, քան հանդիպումների ընթացքում: Այդ պատճառով էլ սերը պահում են ատամներով, հոգու խորքում ու ստիպում իրենց էլ, սիրած էակին էլ սպասել մինչև բաղձալի հանդիպումը՝ միայն ու միայն հարազատ վայրում:
 

Տարածել