Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Ինքնագիր 11-ի շնորհանդեսը (լուսանկարներ)
09/09/2025
Գրքի երևանյան միջազգային փառատոնին Newmag-ը ներկայացրեց «Ինքնագիր» գրական հանդեսի 11-րդ համարը։ Ամսագիրը հրատարակվել է «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ։
«Ինքնագիր» հանդեսի խմբագիր, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը պատմեց, թե ինչպես են ընտրվել այս համարի հեղինակներն ու ստեղծագործությունները. «Հեղինակների ընտրությունը հատուկ քաղաքականություն է։ Կան արդեն հայտնի գրողների գործեր, կան մաև մարդիկ, որոնք ընդհանրապես գրող չեն, ունեն այլ մասնագիտություն ու հրատարակվում են առաջին անգամ։ Կան նաև երիտասարդ հեղինակներ, միջին տարիքի ստեղծագործողներ։ Նախորդ համարի գործերը կոնկրետ թեմատիկ ուղղություն ունեին, այս համարում թեմաները տարբեր են, բայց այն կարող ենք կոչել մեկ բառակապակցությամբ` հետցնցումների գրականություն։

Ներկայացրել ենք տեկտոնիկ սալերը, որոնք տեղի են ունենում հետպատերազմական շրջանում։ Գրողի համար այսօր շատ բարդ է գրել, լինել ազնիվ։ Գրականության տեսլականն ինձ համար նույնպես շատ կարևոր է։ Մի գործ ունենք, ամբողջ էջին ստորակետներ են։ Դա հեղինակի տեսակետն է։ Մենք անընդհատ նոր բաներ ենք փնտրում, բայց նաև շատ լուրջ ենք վերաբերում գրականությանը»։

Ինքնագիր 11-ի հեղինակներից Էդգար Մարտիրոսյանը գրել է գրախոսություն ֆիլմի մասին։ Էդգարը սովորել է Հայաստանից դուրս, վերջին 7 տարիներին ստեղծագործել ու սովորել է ոչ հայերեն. «Հայերենից մի քիչ հեռացել եմ, քանի որ վերջին յոթ տարիներին գրել, խոսել ու սովորել եմ ոչ հայերեն։ Մտքերը, որ կան իմ հոդվածում, գրել եմ հայերեն, դրանք, կարծես, անցած յոթ տարիների իմ մտորումների թարգմանությունները լինեն»։

«Ինքնագիր» հանդեսում առաջին անգամ հրատարակված Ռուզան Գրիգորյանն ասում է, որ ինքն 90-ականների պոետ է, խոսել է ավագ սերնդի երազանքներից ու սերունդների մասին. «Ինչո՞ւ եմ գրել. պատերազմից հետո աղմուկը շատ էր, խոսքի կարիք կար։ Երբեք չեմ մտածել իմ փորձառության մասին, երբեք չեմ մտածել տարիքի մասին։ Պատերազմում զոհվածներն ինձ շատ մոտիկ սերնդի ներկայացուցիչ էին, նույնիսկ իմ երեխան կարող էին լինել»։

Արամ Դովլաթյանը կինոգետ ու ռեժիսոր է, Ինքնագրում հրատարակել է պատմվածք։ Արամը խոսեց կինոյի ու գրականության լեզվի տարբերության մասին. «Գլխավոր տարբերությունը դրամատուրգիական ու մասսայական մտածողության տարբերությունն է։ Ցանկացած ֆիլմում կա պրոդյուսերի ստվերը։ Կինոռեժիսորը ստեղծագործական գործընթացում կաշկանդված է, ի տարբերություն գրողների, որոնք ավելի ազատ են։
Հենց դրանով էլ տարբերվում են կինոյի ու գրականության լեզուները։ Ժամանակակից հայ կինոյի խնդիրներից մեկն այն է, որ մեր կինոն հեռացել է գրականությունից։ Առաջին հայկական ֆիլմն ուներ գրական հիմք։ Հայ գրականությունն է ծնել հայ կինոն»։

Բանստեղծ Մարինե Պետրոսյանի ստեղծագործությունները նույնպես կան ամսագրում։ Բանաստեղծուհին վստահ է, որ արվեստը պատից կախելու ու գրքում հրատարակելու համար չէ, այն կյանքը փրկելու համար է. «Անցյալ տարի հրատարակել եմ 7-րդ գիրքս։ Նայեցի բանաստեղծություններս ու հասկացա, որ դրանք շատ տարբեր են։ Առաջին գիրքրս Անկախության առաջին տարիներին է հրատարակվել։ Հիմա կարդում եմ ու ջղայնանում եմ։ Լրիվ ուրիշ իրականություն է, հաղթանակի տարիներ էին, ու ես ասում էի, թե հաղթանակն ու պարտությունընույնն են։
Բայց տարիների ընթացքում գտել եմ ձևը, որ իմ բանաստեղծություններում մտնի իրականությունը։ Ինձ համար այսօր քաղաքականությունն ամենապետքականն է։ Դա է որոշելու՝ մենք ապրելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այսօր Հայաստանի ճակատագիրը որոշվում է քաղաքականությամբ։ Ես ինձ համարում եմ խոսքի մարդ, ու խոսքը կարող է Հայաստանում բան փոխել»։

Ինքնագիր 10-րդը Newmag-ը հրատարակել էր 2023 թվականին։ Ամսագիրը լույս էր տեսել նորից «Վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ։
Կարդացեք նաև
Ինքնագիր
3800 ֏
Նկարագրություն
«Ինքնագրի» այս նոր համարն ինչ-որ առումով մարմնավորում է հետցնցումային գրական որոշ միտումներ, որոնք ասես քարտեզագրում են նոր իրականության տեկտոնիկ սալերը։ Համարում կտեսնեք, թե գրական լաբորատորիայում ինչպես են փորձարկվում ու մոդելավորվում կյանքի նոր ձևեր ու աշխարհներ՝ «դրսում» ստեղծված հրաշապատումից ու գիտաֆանտաստիկից մինչև «ներսի» մտային ու զգացական այլընտրանքներ։ Կտեսնեք հայտնի ու միանգամայն նոր հեղինակների՝ առաջին փորձն անող երիտասարդներից մինչև հասուն տարիքում գրելը որպես խոսքով ապրեցնելու գործողություն որդեգրածների։ «Ինքնագիր» #11-ը կամրջում է անցյալի կորուստներն ու նոր ներկա ստեղծելու կամքը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)