Հայաստանում անցկացվում է ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ-ՀԱՅԱՍՏԱՆ միջազգային բիենալեն (լուսանկարներ)
12/09/2024
Նոյեմբերի 18-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում բացվեց ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆ միջազգային բիենալեի երկրորդ թողարկումը։ Ցուցահանդեսը հանրության համար բաց է մինչև դեկտեմբերի 15-ը, ամեն օր 14։00-18։00։
Գրաֆիկ դիզայնի ասպարեզում սա Հայաստանի դեռևս միակ միջազգային լայնամասշտաբ միջոցառումն է։ Առաջին անգամ անցկացվել է 2022-ին ու հասցրել է գրավել միջազգային մասնագիտական կարևոր կառույցների և դիզայներների ուշադրությունը։ 2-րդ բիենալեն առանձնանում էր մասնակցության հայտերի առատությամբ և աշխատանքների բարձր որակով. ներկայացվել է 48 երկրից 425 հեղինակ՝ 925 աշխատանքով, իսկ նախազատման արդյունքում մրցութային փուլ են անցել 34 երկրի 142 հեղինակ՝ 170 աշխատանքով։ Հենց այդ գործերն էլ հայտնվել են ցուցահանեդեսում ու արժանացել միջազգային ժյուրիի գնահատականին։
Ցուցահանդեսից բացի, բիենալեի շրջանակում միջազգային ժյուրիի անդամները՝ Լեխ Մաևսկին (Լեհաստան), Նիկլաուս Թրոքսլերը (Շվեյցարիա) և Հենինգ Վագենբրեթը (Գերմանիա), ներկայացան դասախոսություններով։
Բիենալեի գործընկերներից է նաև Newmag հրատարակչությունը։ newmag.am կայքը զրուցել է միջոցառման համահիմնադիր, դիզայներ, արվեստագետ Էդիկ Պողոսյանի հետ։
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ-ՀԱՅԱՍՏԱՆ նախագիծը սկզբում որոշել էիք անցկացնել ամեն տարի, սակայն հետագայում այն վերածեցիք բիենալեի: Ի՞նչ նպատակներ և պատճառներ կան այդ փոփոխության առընչությամբ։
Առաջին թողարկման աշխատանքների ընթացքում, հասկանալի դարձավ, որ ահռելի աշխատանք է պետք կատարել, հատկապես, որ մենք որոշել ենք՝ պետք է ամեն առումով պահպանել միջազգային ամենաբարձր ստանդարտները մեր նախագծում։ Մյուս կողմից մտածեցի՝ մեկ տարվա ընթացքում, հնարավոր է , քիչ քանակով լավ պաստառներ արտադրվեն, այդ պատճառով որոշվեց, որ նախագիծը դառնա բիենալե՝ երկու տարին մեկ, որ և՛ ֆինանսական, և՛ մարդուժի առումով կարողանանք հստակ պատրաստվել, և ունենալ ավելի մեծ քանակով լավ հայտեր։
Բիենալեի կազմակերպիչները ինչպե՞ս են պահպանում կապը մրցանակակիրների հետ: Ի՞նչ մեխանիզմներ են օգտագործվում՝ մասնագետների շարունակական գործակցությունն ապահովելու համար: Նպատակ կա՞ արդյոք ձևավորելու մրցանակակիրների հատուկ համայնք, որը կնպաստի երկարաժամկետ մասնագիտական կապերի ամրապնդմանը։
Քանի որ մենք արդեն ունենք մասնակիցների մեծ բազա, կարողանում ենք բոլորի հետ կապի մեջ լինել։ Ես մտադիր եմ, որ այս բիենալեն դարձնել նաև գործակցությունների հարթակ, ոչ միայն մրցանակակիր դիզայներների, այլ նաև կարևոր ինստիտուցիաների հետ, և չեմ պատրաստվում բավարարվել միայն այս բիենալեով, շատ գաղափարներ կան, որ պետք է իրագործվի, բացերը շատ են, հուսանք կձևավորվեն ակտիվ խմբեր։ Դրա համար ժամանակ է պետք։ Իսկ մասնավորապես մրցանակակիցների հետ կապ ենք հաստատում ուղիղ, բայց մրցանակները հիմնականում փոխանցում ենք դեսպանատների խողովակով։
Ինչպե՞ս է ձևավորվել բիենալեի միջազգային ժյուրին: Ի՞նչ սկզբունքներով և չափանիշներով է կատարվել փորձագետների ընտրությունը։
Ժյուրին ընտրում եմ ես, քանի որ Իրանի փորձից ելնելով՝ և՛ ունեմ կապեր, և՛ տեղեկացված եմ հատկապես պաստառի միջազգային կարևորագույն դեմքերի մասին։ Այս երկու միջազգային ժյուրիի խմբերը ձևավորվել են այս սկզբունքով՝ պետք է ներգրավված լինեն միջազգային կարևոր բիենալեների ղեկավարներ, թատրոնի դաշտում ակտիվ դիզայներներ, գրաֆիկ դիզայնի կարևոր դպրոցների ներկայացուցիչներ և նրանք, որոնց հետ դեմ առ դեմ ծանոթանալը կարող է մեծ դեր խաղալ մեր ուսանողների և մասնագետների կարիերայի ձևավորման մեջ։
Այդպես ընտրում եմ 5 հոգի, քննարկելով պարոն Մկրտչյանի հետ, համաձայնության ենք գալիս։ Եվ սկսվում են բանակցությունները, որոնք տևում են բավական երկար, քանի որ հիմնականում այս մեծ դեմքրն ունենում են իրենց պահանջները, որ պետք է բանակցել, ու երբեմն լինում են դեպքեր, որ համաձայնության չենք գալիս, բայց ոչ թե գաղափարային մակարդակում, այլ հիմնականում ճանապարհածախսի ֆինանսական խնդիրների կամ իրենց զբաղվածության պատճառով։
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆ միջազգային բիենալեի Գրան պրիի մրցանակակիրը
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆ միջազգային բիենալեի լավագույն պաստառ
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ - ՀԱՅԱՍՏԱՆ միջազգային բիենալեի լավագույն պաստառ
Ինչպե՞ս են այս միջազգային նախագծերը նպաստում մեր մասնագետների պրոֆեսիոնալ աճին և ստեղծագործական մտածելակերպի զարգացմանը: Միջազգային ո՞ր ստանդարտներն ու նորարարական մոտեցումներն են առավել կարևոր այս համատեքստում։
Քանի որ Հայաստանում այս դաշտում չի եղել նման միջոցառումներ, ընդհանուր ազդեցություն կամ բանաձև ձևակերպելը օբյեկտիվ չի լինի։ Բայց մի բան ակնհայտ է, երբ այդ գործերը տեսնում ես էկրանին, օրինակ՝ գրաֆիկ դիզայնի մասնագիտացված առցանց հարթակներում, կամ դիզայների ինստագրամյան էջում, այն ընկալումն ու զգացողությունը չէ, երբ տեսնում ես մեծ, տպագրված պաստառը, դեմ հանդիման կանգնած։ Վերջիվերջո պաստառը քաղաքային մշակույթ է ու պետք է նյութականացվի, դուրս գա փողոց, ուղիղ շփվի դիտողի հետ, թեև հիմա պաստառները առցանց հարթակներից քիչ են իջնում դեպի իրական կյանք։
Այս նախագիծը լավ առիթ է դեմ առ դեմ շփվելու բազմաթիվ աշխատանքների հետ, առիթ ունենալ խոսելու և շփվելու այս ոլորտի մեծագույն դեմքերի հետ, որի առիթը, գուցե, երբեք չէր առաջանա։
Այս տարվա հայ մասնակիցների քանակն ու նրանց աշխատանքների ավելի բարձր որակն ապացուցում են, որ երիտասարդ սերունդը սկսել է աճել այս դաշտում։ Ես ուրախ եմ, որ կան երիտասարդ դիզայներներ, որ սկսել են հատկապես թատրոնների հետ աշխատել, և չեմ բացառում, որ այս բիենալեն էլ է նպաստել ինչպես իրենց աշխատանքի, այնպես էլ թատերական գործիչների ընկալման վրա, և գնալով նկատվում է պաստառի կարևորության համատարած ընկալումը։
Բիենալեի ժամանակ և ընթացքում ինչպիսի՞ արձագանքներ ստացաք հայ թատերական աֆիշների դիզայներներից: Նրանց համար ինչպիսի՞ փորձառություն էր այդ միջազգային նախագիծը։
Այս տարի ունեինք մասնակիցներ, որոնք եկան Հայաստան, բացմանն ու մրցանակաբաշխությանը և դասախոսություններին մասնակցելու։ Սա շատ ուրախալի փաստ է, որ մեր նախագիծը նաև նպաստում է, որ մարդիկ գան Հայաստան, իսկ մեր երկիրն ու ներուժը նորովի բացահայտելու առիթ է դառնում նրանց համար՝ մեդիաների տարատեսակ ինֆորմացիայից դուրս։ Հայաստանում ներկա օտարերկրացի դիզայներների զրույցներն ու փորձի փոխանակումը տեսնել ցուցասրահում և դրանից դուրս, մեծ ուրախության առիթ է։
Նման նեղ մասնագիտական միջոցառումները եզակի և արժեքավոր հարթակ են նրանց համար, ովքեր նվիրված են որոշակի ոլորտի: Այս միջոցառումները ներկայացնում են արվեստի այն ձևերը, որոնք այլ կերպ կարող էին չերևալ ավելի ժամանակակից թրենդների ստվերում: Բիենալեն նման միջոցառումների վառ օրինակ է։
Բիենալեն միայն մասնագետների համար չէ՝ այն նաև թատերասեր հանդիսատեսի համար է: Ինչպիսի՞ արձագանքներ ստացվեցին հասարակությունից, ովքեր գալիս են թատրոն՝ աֆիշների գրավչությամբ հմայված: Ինչպե՞ս ընկալեցին այս նոր ստեղծագործական մոտեցումները։
Արձագանքները շատ տարբեր են լինում, ցուցասրահում ռիլեր նկարելուց ու թիթիզանալուց, մինչև արժեքավոր կարծիքներ, թե՝ այս ցուցահանդեսից հետո ինչքան ակնհայտ է դառնում պաստառի կարևորությունն իրենց համար, և սկսում են ավելի ուշադրություն դարձնել դրանց։
Բոլոր դիտողների համար նաև հետաքրքիր է տեսնել լայն աշխարհագրությունով այսքան տարբեր ոճերով արված աշխատանքներո թատրոնների ու միջոցառումների համար մեկ հարկի տակ, և վստահ ենք՝ այն ազդելու է հանդիսատեսի ընկալման հորիզոնի ընդլայնման վրա։
Պաստառի դիզայներ հասկացությունը՝ որպես առանձին մասնագիտություն, ինչպե՞ս է ընկալվում և գործում մեր իրականության մեջ: Արդյոք գոյություն ունի՞ աֆիշմենի՝ որպես առանձին մասնագիտական ինքնության հստակ սահմանում։
Մեր նման փոքր երկրներում, երբ շուկան մեծ չէ, ցավոք, նեղ մասնագիտացումները շատ չեն լինում։ Բայց այլ տեղերում, այո՛, լինում են դիզայներներ, որ խորանում են ոլորտային որոշակի ճյուղերի մեջ և աշխատում են այդ ուղղութամբ, և պաստառը դրանցից մեկն է։ Բայց դա չի նշանակում, որ իրենք միայն պաստառ կարող են դիզայն անել, հիմնականում այս դիզայներները կատարում են նաև, օրինակ՝ գրքի շապիկի կամ երաժշտական փաթեթավորման դիզայն, քանի որ դրանք նույն մտածելակերպի մեջ են և պահանջում են նույնաձև մոտեցումներ։
Խորհրդային շրջանի թատերական աֆիշներն ստեղծվում էին նաև արվեստագետները, օրինակ՝ Մինասը: Արդի Հայաստանում ինչպե՞ս է փոխվել այս գործընթացը: Ովքեր են այսօր աֆիշների հեղինակները՝ իսկական արվեստագետնե՞ր, թե՞ պարզ տեխնիկական կատարողներ:
Թեպետ խորհրդային շրջանում գրաֆիկ դիզայնը չէր մեկնաբանվում արևմտյան ընկալումներով, այնուամենայնիվ, մեզ հասած գրաֆիկական վիզուալ ժառանգությունը կարևոր դեր ունի ժամանակակից գրաֆիկ դիզայնում։
Արևմուտքում դարից ավելի է, որ նկարչի և գրաֆիկ դիզայների ուղիներն անջատվել են իրարից, թեպետ երբեմն ընդհանուր եզրեր կարող են ունենալ, բայց առանձին զարգացումներ են ունեցել։
Քանի որ պաստառն ավելի հեղինակային աշխատանք է, քան օրինակ՝ բրենդավորումը, որ կարող է լինել թիմային ձևաչափով, հիմնականում արվում է հենց հեղինակի կողմից, այսինքն ինքը և՛ գաղափարի հեղինակն է, և՛ արտ-տնօրենը, և՛ կատարողը, ինչպես մեր այս տարվա երեք ժյուրիներն են աշխատում։ Բայց լինում են դեպքեր, որ գաղափարն ու արտ-տնօրինությունն անում է հեղինակը, բայց կատարող դիզայներն է այն ավարտուն տեսքի բերում՝ հեղինակի ուղղորդությամբ։
Հայաստանում թատերական աֆիշների դիզայներներն իրենց մասնագիտական կրթությունը և վերապատրաստումը որտե՞ղ են ստանում: Գոյություն ունե՞ն համապատասխան կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական և միջազգային չափանիշների աճին։
Անկեղծ՝ մանրամասն տեղյակ չեմ, բայց մեր բուհերն ունեն դիզայնի բաժիններ։ Պետք է նշել, որ կրթությունից բացի շատ կարևոր է ինքնակրթվելն ու փորձ ձեռք բերելը, որ դա հիմնականում արվում է դիզայներների անհատական նախաձեռնություններով։
Հայաստանում լինում են փոքր նախագծեր, որոնք հանդիպումների ձևաչափով են անց կացվում, այդ հարթակներն էլ են օգնում ինքնազարգացմանը։
Հայաստանի աֆիշների դիզայներներն ինչպե՞ս են դրսևորվում տարածաշրջանի այլ երկրների պրոֆեսիոնալների համեմատ: Մրցունա՞կ են մեր մասնագետները։
Ցավոք սրտի, հայկական պաստառային դիզայնը դրսում գրեթե չի երևում, չեն ճանաչում։ Մենք ունենք մրցունակ դիզայներներ, բայց մասնակցել է պետք հանրահայտ փառատոններին և բիենալեներին։
Կարող եմ ասել, որ նույնիսկ Հայաստանի սամհմանների մեջ կա այդ ծանոթության պակասը:
Ինչպե՞ս է թատրոնը նպաստում աֆիշների մշակույթի զարգացմանը և արխիվացմանը: Ո՞ր մեթոդներով են պահպանվում և օգտագործվում նախկին աֆիշները՝ որպես ստեղծագործական ժառանգություն և հաջորդ ներկայացումների ներշնչման աղբյուր: Գոյություն ունի՞ աֆիշների հավաքման և պահպանման կազմակերպված համակարգ։
Ես ուրախ եմ, որ բախտ ունեցա աշխատել այնպիսի թիմի հետ, որ ուզում էր Հայաստանում փոխել, վերականգնել թատերական պաստառների մշակույթը, խոսքը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինության մասին է։ 2017-ից մենք սկսեցինք հրաժարվել դերասանական կազմով, արդեն ավանդույթ դարձած պաստառներից, և գնալ ավելի կոնցեպտուալ և արվեստային, միաջազգայնորեն մրցունակ մոտեցումներին, որոնք չեն լինի դեկորի կամ դերասանական կազմի հայելի, կամ բառացի թարգմանություն ներկայացումից, այլ կլինեն առանձին միավոր, հանդիսատեսի ու ներկայացման միջև, կլանող և հրավիրող գործիք, ներկայացմանը հավելյալ արժեք ավելացնելով։
Նման մոտեցումներն ավելի ակնհայտ նկատվում են փոքր թատրոնների և թատերական խմբերի մոտ, օրինակ՝ Թեք տեղ և Թատրոն 8 խմբերի մոտ։ Նոր մոտեցումներ է կիրառում նաև Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Ինչպես նշեցի, համատարած է զարգանում այս մշակույթը։ Պաստառային արվեստը նոր թափ առավ նաև ռուս դիզայներների Հայաստան տեղափոխվելու արդյունքում, օրինակ՝ հանրահայտ Իգոր Գուրովիչի ներկայությունը, որն, ի դեպ, Երևանում բացել է գրաֆիկ դիզայնի համալսարան։
Առաջին թողարկման ժամանակ, որն արվում էր Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի շրջանակներում, մենք որոշեցինք ներկայացնել նաև արխիվային պաստառներ, և բացահայտեցինք, որ ոչ այնքան լավ է արխիվացվել բոլոր պաստառները։ Որոնք, որ փրկվել էին, թվայնացրեցինք ապագայի համար և ցուցադրեցինք ընտրանին։ Հետանկախության շրջանից, հատկապես 2000-ականների պաստառներից գրեթե ոչինչ չէր պահպանվել, ենթադրում եմ բաներային ազդագրերի տպագրության պատճառով։ Ե․ Չարենցի անվան Գրականության և Արվեստի Թանգարանում էլ են պահպանված շատ լավ նյութեր։ Այլ թատրոնների արխիվի մասին տեղեկություններ չունեմ։
Այս բիենալեին ավելի շատ գործընկերներ ունեք։ Ինչպե՞ս եք ընտրում գործընկերներ։
Ուրախալի է, որ բոլոր ծանր հանգամանքներով հանդերձ կան հիմնադրամներ և գործընկերներ, որ մշակույթի կողքին են։ Գործընկերների ընտրությունը կատարվում է բանակցությունների և երկկողմ համաձայնության արդյունքում։ Նվիրաբերությունների ձևաձափով ենք աշխատում, կամ բարտերային գործակցության, ունենք նաև մեզ հավատարիմ գործընկերներ, որոնք իրենց ծառայություններն են մատուցում բիենալեին զեղչային հիմունքներով։ Այս գործում մեզ օգնեց նաև մեր սիրելի գործընկեր Newmag-ը։
Թույլ տվեք առիթն օգտագործելով շանորհակալություն հայտնել մեր աջակիցներին․
JHM հիմնադրամին, որ մեր գլխավոր աջակիցն է, միջազգային աջակիցներին՝ գերմանական Goethe-Institut, շվեյցարական Pro Helvetia հիմնադրամ և Հայաստանում Լեհաստանի հանրապետություն դեսպանություն։
Շնորհակալ ենք հատուկ հովանավորներ Դաբլթրի բայ Հիլթն Երևան Սիթի Սենթրին, Երեմյան փրոջեքթսին և InVino ակումբին։
Խորին երախտագիտություն ենք հայտնում Մաշտոցյան Մատենադարանի, Փարաջանովի թանգարանի և Երևանի կոնյակի գործարանի Ararat թանգարանի տնօրինությանը։
Եվ բոլոր գործընկերներին, որ մեզ օժանդակեցին այս անգամ ևս բիենալեն իրագործել բարձր մակարդակով։
Զրույցն ամփոփենք արտասահմանյան Ձեր վերջին այցով։ Նnյեմբերի 29-ին Թեհրանում «Արվեստագետների տանը» տեղի ունեցավ հայ դիզայներների խմբային ցուցահանդես։ Պատմեք այդ իրադարձության մասին։
Աննախադեպ առաջարկ եղավ «Մոմայեզ» հիմնադրամից, որ Իրանի ժամանակակից գրաֆիկ դիզայնի հիմնադիր Մորթեզա Մոմայեզի 19-րդ հիշատակի տարելիցի դիզայնի միջացառումների շրջանակում կուրացիա անեմ հայկական պաստառների ընտրանին։
Սա հազվագյուտ առիթ էր, որ հայաստանյան դիզայներների գործերը ներկայանան երկրից դուրս, որպես առանձին ցուցահանդես։ Իմ առաջարկին ի պատասխան, որ պետք է ներկայացվի նաև այնպիսի աշխատանքներ, որ ստեղծված է հայոց տառերի հիման վրա, ստացա դրական արձագանք և 20 դիզայներից 39 պաստառ և 38 տառային նմուշնր ներկայացվեցին Թեհրանի արվեստագետների տանը, նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ը, «Հին ծանոթություն, նոր հանդիպում» խորագրով։
Այս ցուցահանդեսը բացահայտություն էր իրանցի հանդիսատեսի և մասնագիտական համայնքի համար, և ցուցահանդեսը ստացավ շատ լավ արձագանք, որին հաջորդեց բազում շնորհակալական նամակներ։
Սա գրաֆիկ դիզայնի երկրորդ լայնամասշտաբ ցուցահանդեսն էր Թեհրանում, որի կուրատորն էի, նախորդը՝ «Փարոս» ցուցադրությունը 2007-ին տեղի ունեցավ, երբ դեռ Հայաստան չէի տեղափոխվել։ Միջազգային ցուցադրություն հայոց տառերի գյուտի 1600-ամյակին նվիրված, որտեղ ներկայացվում էր տառագրային տարբեր աշխատանքներ Իրանից, Հայաստանից, Ֆրանսիայից, Անգլիայից, Իտալիայից։
- Լուսանկարները՝ ԱԿՏ մշակութային ՀԿ-ի։