Եթե սիրում եք ինտրովերտի, պետք է իմանաք…
Ինտրովերտները վստահ են, որ էքստրավերտները երբեք չեն հասկանա, թե ինչպես պետք է սիրել: Բայց մենք` ինտրովերտներս, կարող ենք պատմել, թե ինչպես ենք մենք սիրում:
1. Ինտրովերտները սիրելիի հետ լռում են
Մենք լռակյաց ենք, բայց բարձր ձայները մեր գլխում չեն լռում: Երբեմն մեզ սիրել` նշանակում է ուղղակի հարգել լռությունը, որը մեր բնականոն գոյատևման համար շատ կարևոր է: Մեզ պետք չեն հազարավոր բառեր, որպեսզի զգանք սերը: Մեզ պետք է, որ մեր սիրելին մեր կողքին լինի, լռի ու թույլ տա ինքներս մեզ հետ լինենք: Մենք վայելում ենք ձեր ներկայությունը լռությամբ:
2. Ինտրովերտները կարող են հանուն սիրո էքստրավերտ դառնալ
Իհարկե, մենք կարող ենք երբեմն լինել էքստրավերտ, բայց միայն հանուն այն մարդկանց, ովքեր շատ կարևոր են մեզ համար: Այնպես որ, եթե մենք համաձայնում ենք գնալ ինչ-որ աղմկոտ հարսանեկան երեկույթի, հաճելի կլինի, եթե գնահատեք մեր այդ նվերը: Հաջորդ օրը մեզ պետք է բավականին ժամանակ` միայնության մեջ լիցքավորվելու համար: Ու եթե զգանք ձեր աջակցությունը, հաջորդ անգամ մեր մենության գոտուց ավելի հաճույքով դուրս կգանք:
3. Ինտրովերտներն իրենց սիրտը բացում են միայն հատուկ մարդկանց առջև
Եթե մենք ընտրել ենք ձեզ, ուրեմն կարծում ենք, որ դուք արժանի եք: Դուք այն եզակի մարդկանցից եք, ում թույլ ենք տալիս տեսնել մեր իսկական` ներքին Ես-ը: Դա մեզ դարձնում է խոցելի, բայց որոշ մարդիկ արժանի են, որ մենք ռիսկի դիմենք:
4. Ինտրովերտները գնահատում են, երբ իրենց լսում են
Լսել` նշանակում է ցույց տալ ձեր սերը: Մենք խոսելուց առաջ շատ ենք մտածում: Եթե կիսվում ենք, ուրեմն` վստահ եղեք, որ դա 100 տոկոսանոց ճշմարտություն է: Բառերը մեզ համար ծանրակշիռ են: Երբ մենք ինչ-որ կարևոր բանի մասին ենք խոսում, իմացեք, որ շատ ժամանակ ենք ծախսել մտածելու, խորհելու ու հետո միայն արտահայտվելու համար: Ինտրովերտները կարողանում են լսել, և նրանց դուր է գալիս, երբ իրենց նույնպես հարգում են ու լսում:
5. Ինտրովերտ լինել` չի նշանակում ապրել առանց սիրո
Երբ սիրում եք ինտրովերտի, ամենայն հավանականությամբ, հաճախ եք զգում, որ նրա փոքր աշխարհից դուրս եք: Մենք կարծես լինենք մեր սեփական տիեզերքում: Բայց եթե մի օր զգացել եք մեր միջև խորը կապ, իմացեք, դուք ընդմիշտ կլինեք մեր տիեզերքի մասնիկը: Մենք շատ քիչ ենք ռիսկի դիմում ու մարդկանց այդքան շատ վստահում: Ոչ մի գաղտնիք չկա, մենք ոչինչ մեր մտքում չենք թաքցնում, պարզապես, մտածում ենք, խորհում: Դա մեր էության մասն է:
6. Ինտրովերտը հաճախ է սիրահարվում էքստրավերտի
Մենք հիանում ենք ու երբեմն նույնիսկ նախանձում ձեզ: Մենք հիանում ենք, թե ինչպես եք կարողանում մարդկանց հետ շփվել, հիացնել նրանց, մեզ դուր է գալիս այն թեթևությունը, որով հաղորդակցվում եք անծանոթ մարդկանց հետ: Հենց այդ պատճառով էլ մենք այդքան ձգտում ենք դեպի ձեզ: Բայց դա նաև մի քիչ վախեցնում է. դուք այն եք, ինչ մենք երբեք չենք լինի: Եվ հենց այդ պատճառով մենք անհանգստանում ենք, որ դուք շուտով կձանձրանք մեզնից:
7. Վիճելուց առաջ ինտրովերտին մի քիչ ժամանակ տվեք
Մեզ ժամանակ է պետք: Մենք ամեն ինչ վերլուծում ենք, մանրակրկիտ ընտրում բառերը: Այնպես որ, մեզ հետ հենց այնպես կռիվ անել չի ստացվի: Եթե մենք փորձում ենք լուծել բոլոր պրոբլեմները հենց այդ պահին, կռվի կնետվենք միայն, երբ պատրաստ լինենք դրան:
8. Ինտրովերտները երազում են հասկանալի լինել
Մենք հույս ունենք, որ մեր սիրելիները մեզ կհասկանան: Երբեմն մենք իսկապես շատ երկար ենք մնում մեր մտքերում: Երբեմն մենք շատ երկար ենք ինչ-որ բանի մասին մտածում, ու դա «կլանում է» մեզ: Սիրել ինչ-որ մեկին, ով հասկանում է մեզ, օգնում է մեզ կապը պահել այդ մարդու հետ: Եթե ուզում եք իմանալ, ինչ ենք մտածում, ուղղակի հարցրեք: Մենք շատ ենք գնահատում, երբ նկատում եք դա, ձգվում եք դեպի մեզ: Այդ ժամանակ մենք պատրաստ ենք լքել մեր փոքրիկ աշխարհը:
9. Ինտրովերտները սիրում են ուրախանալ
Մենք էներգիա չենք ստանում աղմկոտ հավաքույթներից ու ամբոխից, բայց մենք սիրում ենք ծիծաղել ու ուրախանալ: Ինտրովերտները հումորի լավ զգացում ունեն, որը բացահայտվում է, երբ վստահելի մարդկանց շրջապատում են: Լռել` չի նշանակում լինել ձանձրալի ու տաղտկալի:
10. Ինտրովերտներն ուզում են, որ դուք երջանիկ լինեք
Մենք գիտենք, որ մենք ուրիշ ենք: Մենք զգում ենք, որ տարբերվում ենք մյուսներից: Մենք չենք ակնկալում, որ մյուսները մեզ նման լինեն, ուրախանան այն ամենով, ինչը մեզ է ուրախացնում: Բայց մենք ուզում ենք ձեզ երջանկացնել: Մեզ համար կարևոր է իմանալ, որ դուք գոհ եք սոցիալական ակտիվության այն աստիճանից, որը մենք կարող ենք թույլ տալ մեզ: Դժվար է, մարդկանց տալ այնքան, ինչքան իրենց է պետք, բայց ոչ ավեիլ, քան մենք ունենք: Ոչ մի խորհրդավոր բան չկա: Ինտրովերտները հիմնականում հավատարիմ են, աջակցող ու խաղաղասեր: Եթե ինտրովերտը, որպես կյանքի ուղեկից, ընտրել է ձեզ, ուրեմն դուք ամենահրաշալի մարդն եք, դուք արժանի եք, որ մենք ռիսկի դիմենք` խոցելի դարձնելով մեր սիրտն ու հոգին: Շերտ առ շերտ վայելեք ձեր սիրելիի հոգու խորությունը: Եվ եթե դուք ինտրովերտ եք, մի վախեցեք ինքնամփոփ լինել ու միաժամանակ խորասուզվել սիրելի մարդու հետ հարաբերություններում: Ինտրովերտն ու էքստրավերտը կարող են շատ բան սովորել ու սովորեցնել, եթե շփվեն անկաշկանդ ու սիրով և հասկանան իրար: