BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Խալեդ Հոսեյնի. Օդապարու

[Շարունակությունը՝ գրքում] Խալեդ Հոսեյնի. Օդապարուկ թռցնողը

Գիրքը նվիրվում է իմ աչքի լույս


Հարիսին ու Ֆարահին և


Աֆղանստանի բոլոր մանուկներին:


Առաջին գլուխ


Դեկտեմբեր, 2001
Ես դարձա այն, ինչ այսօր եմ, տասներկու տարեկանում՝ 1975 թվականի ձմռան մի ցուրտ ամպամած օր: Հիշում եմ ճշգրիտ պահը, երբ փշրվող ցեխածեփ պատի տակ կռացած՝ թաքուն հետևում էի, թե ինչ է կատարվում ծառուղում՝ սառած առվի մոտ: Հին պատմություն է, բայց ես հասկացել եմ, որ ճիշտ չէ, երբ ասում են, թե անցյալը կարող ես թաղել: Որովհետև անցյալն իր ճանկերով մակերես է դուրս գալիս: Հիմա, հետ նայելով, հասկանում եմ, որ վերջին քսանվեց տարին ես այդ ամայի ծառուղուն եմ նայել:
Անցյալ ամռան մի օր Պակիստանից զանգեց իմ ընկեր Ռահիմ Խանը: Խնդրեց ինձ այցելել իրեն: Խոհանոցում լսափողը ականջիս կանգնած՝ ես գիտեի, որ զանգողը միայն Ռահիմ Խանը չէ. իմ անցյալի չքաված մեղքերն են զանգել: Լսափողը կախելուց հետո գնացի զբոսնելու Սպրեքըլզ լճի մոտ՝ «Ոսկե դարպաս» այգու[1] հյուսիսային մասում: Կեսօրյա արևը շողշողում էր ջրի վրա, զեփյուռը քշում էր տասնյակ փոքրիկ նավակներ: Վեր նայեցի ու տեսա երկնքում ճախրող երկու կարմիր օդապարուկ՝ երկար կապույտ պոչերով: Նրանք պարում էին այգու արևմտյան սահմանի բարձր ծառերից վեր, հողմաղացներից վեր, լողում էին կողք կողքի, զույգ աչքերի պես վերևից նայում Սան Ֆրանցիսկոյին, որը ես այժմ տուն եմ կոչում: Եվ հանկարծ գլխումս լսեցի Հասանի շշունջը. «Քեզ համար՝ թեկուզ հազար անգամ»: Օդապարուկի հետևից վազող, պռատ շրթունքով Հասանը:
Նստեցի այգու նստարանին՝ ուռենու մոտ: Մտորեցի այն բառերի մասին, որոնք Ռահիմ Խանն ասաց լսափողը դնելուց առաջ, որպես հետգրություն. «Կրկին լավը դառնալու հնարավորություն կա»: Ես նայեցի զույգ օդապարուկներին: Մտածեցի Հասանի մասին: Մտածեցի Բաբայի, Ալիի, Քաբուլի մասին: Մտածեցի այն կյանքի մասին, որն ապրել եմ մինչև 1975–ի ձմեռը, որը փոխեց ամեն ինչ և ինձ դարձրեց այն, ինչ ես այսօր եմ:

Երկրորդ գլուխ


Մեկ–մեկ, այդ ծառերի վրա նստած, ես Հասանին համոզում էի, որ իր պարսատիկով ընկույզ կրակի հարևանի միաչքանի գերմանական հովվաշան վրա: Հասանը երբեք չէր ուզում դա անել, բայց երբ ես խնդրում էի, իսկապես խնդրում, նա երբեք չէր մերժում: Հասանը երբեք ինձ ոչինչ չէր մերժում: Իսկ նրա պարսատիկը մահացու էր: Հասանի հայրը՝ Ալին, բռնում էր մեզ այդ գործին ու զայրանում, ինչպես կարող է զայրանալ Ալիի պես մեղմ մարդը: Նա թափահարում էր մատը և ձեռքով մեզ ծառից ներքև կանչում: Հետո վերցնում էր հայելին ու պատմում իր մոր ասածը, որ սատանան նույնպես հայելիներ է փայլեցնում՝ մահմեդականներին աղոթքի ժամանակ շեղելու համար: «Ու դա անելիս սատանան ծիծաղում է»,— միշտ ավելացնում էր նա՝ որդու վրա խոժոռվելով:րբ մանուկ էինք, Հասանն ու ես սիրում էինք բարձրանալ հորս տան բակի բարդիներին ու հայելու բեկորով տների վրա արևի լույսն անդրադարձնել՝ նյարդայնացնելով հարևաններին: Մենք նստում էինք իրար դիմաց երկու բարձր ճյուղերին, ներքև կախում մեր մերկ ոտքերը, շալվարներիս մեջ՝ լիքը չորացրած թութ ու ընկույզ: Թութ ուտելով՝ հերթով խաղում էինք հայելիով, իրար վրա թութ նետում, կչկչում, քրքջում: Հիմա էլ տեսնում եմ Հասանին այդ ծառի վրա, տեսնում եմ՝ ինչպես է արևը տերևների միջով կայծկլտում նրա գրեթե անթերի կլոր դեմքի վրա, որը նման է հղկված կարծր փայտից սարքած չինական տիկնիկի. նրա հարթ, լայն քիթն ու շեղ, բամբուկի տերևների նման նեղ աչքերը, որոնք, կախված լույսից, ոսկեգույն էին, կանաչ կամ նույնիսկ շափյուղայի գույնի: Հիմա էլ տեսնում եմ նրա փոքր ցածր ականջները և կոթուկի նման կզակը՝ պատահական մսե մի ելուստ: Եվ ճեղքված շրթունքը՝ միջնագծից մի քիչ ձախ, որտեղ չինական տիկնիկագործի գործիքը սայթաքել էր, կամ գուցե նա պարզապես հոգնած և անփույթ էր եղել:
«Այո՛, հայրի՛կ»,— կմկմում էր Հասանը, աչքերը խոնարհում ու ոտքերին նայում: Բայց նա երբեք ինձ չմատնեց: Երբեք չասաց, որ հայելին, ինչպես նաև հարևանի շան վրա ընկույզ կրակելը, միշտ եղել է իմ գաղափարը:
Բարդիներն աճում էին կարմիր աղյուսե ճանապարհի երկայնքով, որը տանում էր դեպի կռած երկաթից երկու դարպասները: Դրանք էլ իրենց հերթին բացվում էին դեպի հորս առանձնատունը տանող արահետը: Տունը աղյուսե արահետի ձախ կողմում էր, ետնաբակը՝ դրա վերջում:
Բոլորը միակարծիք էին, որ իմ հայրը՝ իմ Բաբան, կառուցել էր Վազիր Աքբար Խանի՝ Քաբուլի հյուսիսում նոր և հարուստ թաղամասի ամենագեղեցիկ առանձնատունը: Ոմանք այն կարծիքին էին, որ այն ամենագեղեցիկ տունն է ամբողջ Քաբուլում: Վարդի թփերով զարդարված լայն մուտքը տանում էր դեպի ընդարձակ տունը՝ մարմարե հատակով և լայն պատուհաններով: Նախշավոր խճանկարային սալիկները, որոնք Բաբան ինքն էր ընտրել Իսֆահանում, ծածկում էին չորս լողասենյակների հատակը: Պատերից կախված էին ոսկեգործ գոբելեններ, որոնք Բաբան գնել էր Կալկաթայում. կամարակապ առաստաղից կախված էր բյուրեղյա ջահը:
Վերևում իմ ննջարանն էր, Բաբայի սենյակը և նրա աշխատասենյակը, որը հայտնի էր նաև որպես «ծխելու սենյակ», և որից մշտապես ծխախոտի ու դարչինի հոտ էր գալիս: Այստեղ Բաբան ու նրա ընկերները Ալիի մատուցած ճաշից հետո թիկնում էին սև կաշվե բազկաթոռներին: Նրանք լցոնում էին իրենց ծխամորճերը (Բաբան դրան ասում էր «ծխամորճը չաղացնել») և խոսում իրենց սիրելի երեք թեմաներից՝ քաղաքականություն, բիզնես, ֆուտբոլ: Երբեմն ես խնդրում էի Բաբային, որ միանամ իրենց, բայց Բաբան միշտ կանգնում էր դռան մեջ: «Հենց հիմա հեռացի՛ր,— ասում էր նա,— հիմա մեծահասակների ժամն է: Գնա՛ գրքերդ կարդա»: Նա ծածկում էր դուռը, իսկ ես զարմանում էի, թե ինչու է նրա մոտ միշտ մեծահասակների ժամը: Ես նստում էի դռան մոտ, ծնկներս սեղմում կրծքիս: Երբեմն նստում էի այդպես մեկ ժամ, երկու, լսում էի նրանց ծիծաղը, խոսակցությունը:
Ներքևի հյուրասենյակն ուներ կորաձև պատ՝ հատուկ պատվիրված պահարաններով: Դրանց մեջ շրջանակավոր ընտանեկան լուսանկարներ կային. պապիկիս ու Մոհամեդ Նադիր Շահ թագավորի հին, 1931 թվականի հնությունից պուտավոր դարձած լուսանկարը՝ արված թագավորի սպանությունից երկու տարի առաջ. նրանք կանգնած են մեռած եղջերուի գլխավերևում՝ մինչև ծնկները հասնող երկարաճիտ կոշիկներով, հրացանները ուսերին: Մի նկար էլ կար իմ ծնողների հարսանեկան երեկոյից. սև կոստյումով քաջարի Բաբան և սպիտակ հագած մայրս՝ ժպտացող արքայադուստր: Սա էլ Բաբան՝ իր լավագույն ընկերոջ ու գործակցի՝ Ռահիմ Խանի հետ կանգնած մեր տան առջև, անժպիտ: Նկարում ես դեռ երեխա եմ, ու Բաբան ինձ գրկել է հոգնած ու մռայլ տեսքով: Ես հորս գրկին եմ, բայց մատներով բռնել եմ Ռահիմ Խանի ճկույթը:
Կորաձև պատը տանում էր դեպի ճաշասենյակ, որի կենտրոնում կարմրափայտ սեղան էր: Դրա շուրջը կարող էին հանգիստ տեղավորվել երեսուն հոգի, և քանի որ հայրս սիրում էր ճոխ հյուրասիրություններ, հենց այդպես էլ անում էին գրեթե ամեն շաբաթ: Ճաշասենյակի անկյունում հսկա մարմարե բուխարի էր, որի մեջ ձմռան ամիսներին միշտ կրակ էր բոցկլտում:
Մեծ ապակե սահող դուռը բացվում էր դեպի կիսաշրջանաձև ծածկապատշգամբ, որը նայում էր դեպի ետնաբակի երկու ակր տարածքը և բալենիների շարքերը: Արևելյան պատի երկայնքով Բաբան ու Ալին մի փոքր բանջարանոց էին տնկել. լոլիկ, անանուխ, պղպեղ ու եգիպտացորենի մի շարք, որն այդպես էլ չաճեց: Հասանն ու ես դրան ասում էինք «հիվանդ եգիպտացորենի պատ»:
Այգու հարավային մասում՝ զկեռենու ստվերում, ծառաների տունն էր՝ համեստ փոքրիկ կավաշեն հյուղակ, որտեղ Հասանն էր ապրում հոր հետ:
Հասանը ծնվեց հենց այդտեղ՝ այդ հյուղակում, 1964 թվականի ձմռանը, ընդամենը մեկ տարի անց այն բանից հետո, երբ մայրս մահացավ ինձ ծննդաբերելիս:
Այդ տանն իմ ապրած տասնութ տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ եմ մտել Հասանի ու Ալիի տունը: Երբ արևն անցնում էր բլուրների հետևը, ու մեր այդ օրվա խաղերը ավարտվում էին, իմ ու Հասանի ճանապարհները բաժանվում էին: Ես վարդի թփերի մոտով գնում էի Բաբայի առանձնատուն, Հասանը՝ կավաշեն հյուղակ, որտեղ ծնվել էր, որտեղ ապրել էր ողջ կյանքը: Հիշում եմ, որ այն անշուք էր, մաքուր, երկու կերոսինի լամպերով աղոտ լուսավորված: Սենյակի հակադիր կողմերում երկու ներքնակ կար, դրանց միջև՝ մաշված Հերաթի[2] գորգ՝ քրքրված եզրերով, եռոտանի աթոռակ, իսկ անկյունում՝ փայտե սեղան, որտեղ Հասանն իր նկարներն էր անում: Պատերը մերկ էին՝ բացի մի գոբելենից, որի վրա ուլունքահատիկներով ասեղնագործված էին «Ալլահ–ու–աքբար» բառերը: Բաբան էր այն գնել Ալիի համար Մաշադ կատարած իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ:
Այդ հյուղակում Հասանի մայրը՝ Սանաուբարը, ծննդաբերեց նրան 1964 թվականի ձմեռվա մի ցուրտ օր: Մայրս արյունաքամ եղավ ինձ ծննդաբերելիս, իսկ Հասանն իր մորը կորցրեց ծնվելուց մի շաբաթ հետո: Աֆղանստանում կասեին, որ Սանաուբարի ճակատագիրը մահից էլ վատ էր. նա փախավ թափառաշրջիկ երգիչների ու պարողների խմբի հետ:


Շարունակությունը՝ գրքում նախագծի մյուս գրքերը




Հասանը երբեք չէր խոսում մոր մասին, կարծես նա երբևէ գոյություն չէր ունեցել: Ինձ միշտ հետաքրքրել է՝ արդյո՞ք նա երազել է մոր մասին, մտածե՞լ է, թե ինչ տեսք ունի, որտեղ է, արդյոք ցանկանո՞ւմ է հանդիպել նրան: Կարոտո՞ւմ էր արդյոք նրան, ինչպես ես էի կարոտում մորս, որին երբեք չէի հանդիպել: Մի օր հորս տնից գնում էինք «Զայնաբ» կինոթատրոն՝ նոր իրանական ֆիլմ դիտելու, Իստիքլալ միջնակարգ դպրոցի կողքի ռազմական զորանոցների կարճուղիով (Բաբան արգելել էր այդ կարճուղիով գնալ, բայց նա այդ ժամանակ Ռահիմ Խանի հետ Պակիստանում էր): Մենք մագլցեցինք զորանոցը շրջապատող ցանկապատը, թռանք փոքրիկ առվակի վրայով ու հայտնվեցինք բաց ցեխոտ դաշտում, որտեղ փոշի էին հավաքում հին լքված տանկերը: Մի խումբ զինվորներ խմբվել էին տանկի ստվերում, ծխում էին ու խաղաթուղթ խաղում: Տեսնելով մեզ՝ նրանցից մեկը արմունկով հրեց կողքինին ու ձայն տվեց Հասանին:
— Հե՜յ, դո՜ւ,— կանչեց նա,— ես քեզ ճանաչում եմ:
Մենք նրան երբեք չէինք տեսել: Ամրակազմ մարդ էր՝ սափրած գլխով ու սև թրաշով: Նրա նենգ քմծիծաղը վախեցրեց ինձ:
— Քայլի՛ր, քայլի՛ր,— մրմնջացի ես Հասանին:
— Դո՛ւ, հազարա՛[3]: Ի՛նձ նայիր, երբ հետդ խոսում եմ,— բղավեց զինվորը: Նա ձեռքի ծխախոտը տվեց կողքի տղային, բութ մատով ու ցուցամատով շրջան կազմեց, իսկ մյուս ցուցամատը մտցրեց շրջանի մեջ՝ դուրս ու ներս, դուրս ու ներս:— Ես քո մորը ճանաչում էի, գիտեի՞ր դրա մասին, շատ լավ էի ճանաչում: Ես նրան ունեցել եմ հենց այս առվի մոտ:
Զինվորները ծիծաղեցին: Նրանցից մեկը նույնիսկ ծղրտաց: Ես Հասանին ասացի, որ շարունակի քայլել, շարունակի քայլել:
— Ի՜նչ քաղցրիկն էր,— քմծիծաղում էր զինվորը՝ մյուսների ձեռքերը սեղմելով:
Ավելի ուշ՝ մթության մեջ, երբ ֆիլմը սկսվել էր, ես լսեցի, որ կողքս նստած Հասանը հեծկլտում է: Այտերից արցունքներ էին գլորվում: Ես ձգվեցի տեղիցս, գրկեցի նրան, քաշեցի մոտս: Նա գլուխը դրեց ուսիս:
— Քեզ ուրիշի տեղն էր դրել,— շշնջացի,— նա քեզ դրել էր ուրիշի տեղը:
Ասում էին, որ Սանաուբարի փախուստը ոչ մեկին չզարմացրեց: Մարդիկ ապշել էին, երբ Ալին, որը Ղուրանն անգիր էր արել, ամուսնացավ Սանաուբարի հետ, որն իրենից տասնինը տարով փոքր էր. գեղեցիկ, բայց իր անբարոյականությամբ տխրահռչակ կին, որի անունն արժանիորեն արատավորված էր: Ալիի պես նա շիա մահմեդական էր և էթնիկ հազարա: Նա նաև Ալիի զարմիկն էր ու, հետևաբար, բնական ընտրություն ամուսնության համար: Այդ նմանություններից բացի՝ Ալին ու Սանաուբարը ոչ մի ընդհանուր բան չունեին և ամենաքիչը՝ արտաքնապես: Սանաուբարի չքնաղ կանաչ աչքերն ու կայտառ դեմքը, ասում են, անհամար տղամարդկանց է մեղքի մեջ գցել, իսկ Ալին ուներ դեմքի ստորին մկանների բնածին կաթված, որի պատճառով չէր կարող ժպտալ ու մշտապես մռայլ տեսք ուներ: Դեմքը քար կտրած Ալիին երջանիկ կամ տխուր տեսնելը տարօրինակ էր, քանի որ միայն նրա շեղ շագանակագույն աչքերն էին պայծառանում ժպիտով կամ լցվում թախիծով: Ասում են՝ աչքերը հոգու պատուհաններն են: Այս խոսքերն ավելի քան ճիշտ էին Ալիի դեպքում, քանի որ նա միայն աչքերով էր կարողանում արտահայտվել:
Ես լսել եմ, որ Սանաուբարի գրգռող քայլվածքն ու ճոճվող կոնքերը տղամարդկանց գցում էին անհավատարմության երազանքների մեջ: Միչդեռ Ալիի աջ ոտքը պոլիոմիելիտից ոլորվել, ատրոֆիայի էր ենթարկվել, մնացել էր ոսկորը պատող գունատ մաշկը, իսկ դրա տակ՝ թղթի պես բարակ մկանների շերտ: Հիշում եմ, մի օր, երբ ութ տարեկան էի, Ալին ինձ տարավ շուկա՝ նաան[4] առնելու: Ես քայլում էի նրա հետևից, քթիս տակ երգում ու փորձում նմանակել նրա քայլվածքը: Ես նայում էի, թե ինչպես էր նա, իր ոսկրոտ ոտքը քաշելով, աղեղնաձև շարժում անում, իսկ հետո ամբողջ մարմնով անհավանական ծռվում դեպի աջ ամեն անգամ, երբ ոտքը գետնին էր դնում: Հրաշք էր թվում այն, որ նա ամեն անգամ քայլ անելիս չէր ընկնում: Երբ փորձեցի այդպես քայլել, ուր որ էր՝ ընկնելու էի ջրանցքը: Դա ինձ ծիծաղեցրեց: Ալին շրջվեց ու տեսավ իմ կապիկությունը: Ոչինչ չասաց՝ ո՛չ այդ պահին, ո՛չ էլ երբևէ: Պարզապես շարունակեց քայլել:
Ալիի դեմքն ու քայլվածքը վախեցնում էին թաղամասի փոքր երեխաներին: Բայց իրական խնդիրը ավելի մեծ երեխաներն էին. փողոցում ընկնում էին հետևից, ծաղրում նրա կաղությունը: Ոմանք էլ նրան Բաբալու էին ասում, հրեշ: «Հե՜յ, Բաբալո՛ւ, այսօր ո՞ւմ ես կերել»,— գոռում էին նրանք ընդհանուր հռհռոցի տակ: «Ո՞ւմ ես այսօր խժռել, տափակաքիթ Բաբալու»:
Նրան «տափակաքիթ» էին ասում, որովհետև Ալին էլ, Հասանն էլ ունեին հազարաներին բնորոշ մոնղոլական դիմագծեր: Տարիներ շարունակ միակ բանը, որ ես գիտեի հազարաների մասին, այն էր, որ նրանք մոնղոլների հետնորդներն են ու մի քիչ նման են չինացիներին: Դասագրքերում նրանց մասին գրեթե ոչինչ չկար, իսկ նրանց պատմությունը հիշատակվում էր իմիջիայլոց: Հետո մի օր, երբ Բաբայի աշխատասենյակում նրա իրերն էի աչքի անցկացնում, գտա մորս պատմության հին դասագրքերից մեկը՝ գրված Խորամի անունով իրանցու կողմից: Փչեցի վրայի փոշին, հետս այդ գիշեր անկողին տարա ու զարմանքով հայտնաբերեցի հազարաների պատմության մասին մի ամբողջ գլուխ: Մի ամբողջ գլուխ նվիրված էր Հասանի ժողովրդին: Ես իմացա, որ իմ ժողովուրդը՝ փաշտունները, հետապնդել ու ճնշել են հազարաներին, իսկ նրանք էլ տասնիններորդ դարում փորձել են ընդվզել փաշտունների դեմ, սակայն փաշտունները նրանց «ճնշել են չլսված դաժանությամբ»: Գրքում գրված էր, որ իմ ժողովուրդը կոտորել է հազարաներին, քշել իրենց հողերից, այրել նրանց տներն ու վաճառել կանանց: Գիրքը նշում էր, որ փաշտունները ճնշում էին հազարաներին մասամբ նաև այն պատճառով, որ փաշտունները սուննի մահմեդականներ էին, իսկ հազարաները՝ շիա: Գրքում շատ բան կար, որ ես չգիտեի, բաներ, որ իմ ուսուցիչները չէին ասել: Բաներ, որ Բաբան էլ չէր ասել: Գրքում կային նաև բաներ, որոնք ես գիտեի. օրինակ, որ հազարաներին անվանում էին մուկ ուտող, տափակաքիթ, բեռնակիր էշ: Թաղի որոշ երեխաներ գոռում էին այդ բառերը Հասանի հետևից:
Հաջորդ շաբաթ դասից հետո ես ցույց տվեցի գիրքն իմ ուսուցչին և մատնացույց արեցի հազարաների մասին գլուխը: Նա թերթեց մի քանի էջ, քմծիծաղ տվեց, գիրքը հանձնեց ինձ: «Մի բան, որ շիաները լավ են անում,— ասաց նա՝ իր թղթերը հավաքելով,— դա իրենց որպես նահատակ ներկայացնելն է»: Շիա ասելիս նա այնպես ծամածռեց դեմքը, կարծես դա ինչ–որ հիվանդություն էր:
Չնայած ընդհանուր էթնիկ ժառանգության ու արյունակցական կապին՝ Սանաուբարը թաղի երեխաների հետ ծաղրում էր Ալիին: Լսել եմ, որ նա չէր թաքցնում Ալիի արտաքինի նկատմամբ իր արհամարհանքը:
«Բա սա ամուսի՞ն է,— հեգնում էր նա,— զառամյալ էշեր եմ տեսել, որ ավելի լավ ամուսին կլինեին»:
Ի վերջո մարդկանց մեծ մասը սկսում է կասկածել, որ ամուսնությունը Ալիի և նրա հորեղբոր՝ Սանաուբարի հոր միջև պայմանավորվածության արդյունք էր: Ասում էին, որ Ալին ամուսնացել էր զարմուհու հետ, որպեսզի օգնի վերականգնելու հորեղբոր արատավորված պատիվը, թեև հինգ տարեկանում որբացած Ալին ո՛չ ունեցվածք ուներ, ո՛չ ժառանգություն:
Ալին այդպես էլ երբեք վրեժ չլուծեց իրեն տանջողներից. ենթադրում եմ, մասամբ այն պատճառով, որ նա երբեք չէր կարողանա բռնել նրանց իր ծռմռված, քարշ եկող ոտքով: Բայց հիմնականում այն պատճառով, որ նա անզգա էր դարձել իր վրա հարձակվողների վիրավորանքների նկատմամբ. իր ուրախությունը, իր հակաթույնը նա գտավ այն պահին, երբ Սանաուբարը աշխարհ բերեց Հասանին: Ամեն ինչ շատ հեշտ էր տեղի ունեցել. ոչ մի մանկաբարձ, ոչ մի անեսթեզիոլոգ, ոչ մի բարդ սարքավորում: Մերկ ու կեղտոտ ներքնակի վրա պառկած Սանաուբարին օգնում էին միայն Ալին ու տատմայրը: Նա օգնության կարիք էլ չուներ, քանի որ նույնիսկ ծնվելիս Հասանը հավատարիմ էր իր բնությանը. նա անկարող էր վնասել որևէ մեկին: Մի քանի հառաչ, մի քանի հրում, ու Հասանը դուրս եկավ՝ ժպիտը դեմքին:
Շատախոս տատմայրը պատմեց հարևանի ծառային, որն իր հերթին պատմեց իրեն պատահած ամեն մեկին, որ Սանաուբարը մի հայացք գցեց Ալիի ձեռքի երեխային, տեսավ ճեղքված շրթունքը ու դառը ծիծաղեց:
«Էս էլ քեզ քո սեփական խելապակաս երեխան, որ քո փոխարեն ժպտա»: Նա հրաժարվեց նույնիսկ ձեռքն առնել Հասանին և ընդամենը հինգ օր անց փախավ:
Բաբան վարձել էր ինձ կերակրած ծծմորը, որ Հասանին կերակրի: Ալին մեզ պատմում էր, որ նա կապուտաչյա հազարա էր Բամիյանից՝ Բուդդայի հսկա արձանների քաղաքից: «Ի՜նչ քաղցր ձայնով էր նա երգում»,— պատմում էր մեզ Ալին:
Ի՞նչ էր երգում, միշտ հարցնում էինք ես ու Հասանը, չնայած լավ էլ գիտեինք. Ալին մեզ հազար անգամ պատմել էր: Մենք ուղղակի ուզում էինք լսել, թե Ալին ինչպես է երգում: Նա մաքրում էր կոկորդն ու սկսում.

Բարձր լեռան վրա կանգնած՝


Ես կանչեցի Աստծո Առյուծ՝ Ալիի անունը:


O՜, Ալի՛, Աստծո Առյո՛ւծ, մարդկանց թագավո՛ր,


Բերկրա՛նք տուր մեր վշտահար սրտերին:


Հետո նա հիշեցնում էր մեզ, որ նույն կրծքից սնված մարդկանց միջև եղբայրություն կա, որի առաջ անզոր է նույնիսկ ժամանակը:
Հասանն ու ես նույն կրծքից սնվեցինք: Մեր առաջին քայլերը արեցինք նույն բակի նույն մարգագետնում: Եվ նույն հարկի տակ էլ ասացինք մեր առաջին բառերը:
Իմ առաջին բառը Բաբան էր:
Նրա առաջին բառը Ամիրն էր: Իմ անունը:
Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ 1975 թվականի ձմռանը տեղի ունեցածի և հետագայում ամեն ինչի հիմքը դրվել է հենց այդ առաջին բառերով:
_________
[1]    «Ոսկե դարպասը» Սան Ֆրանցիսկոյում աշխարհի ամենամեծ զբոսայգիներից է՝ սեկվոյաների անտառով և արհեստական լճերով:

[2]    Հերաթը Աֆղանստանի հյուսիս–արևմուտքում է և հայտնի է XV դարի իր մանրանկարչության դպրոցով: Այն հիմնվել է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից և մինչ օրս համարվում է արվեստների և արհեստների կենտրոն:

[3]    Հազարաները թյուրքական քոչվոր ժողովուրդ են: Աֆղանստանում նրանց թիվը հասնում է մեկ միլիոնի: Բնակվում են հիմնականում կենտրոնական լեռնային մասում (Հազարաջաթ): Ի տարբերություն Աֆղանստանի հիմնական բնակչության, որոնք սուննի են, հազարաները շիա մահմեդական են և ունեն իրենց լեզուն (հազարագի): Հազարաները անկախ էին մինչ 1892 թվականը, երբ Աֆղանստանի էմիր Աբդուրահմանը նվաճեց Հազարաջաթը:

[4]    Նաանը թթխմորով պատրաստված տափակ հաց է, որը տարածված է արևելքում՝ Աֆղանստանից մինչև Հնդկաստան:

Տարածել