BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կրոնափոխվել հանուն սիրո. Հայկական իրական պատմությո

Կրոնափոխվել հանուն սիրո. Հայկական իրական պատմություններ

Արման Չիլինգարյան


23 տարեկանում ընդունել է իսլամ, որ կարողանա ամուսնանալ իրանուհու հետ, բայց աղջիկը մերժել է: Այժմ ընկերները նրան անվանում են Սաիդ, թեև իր հայկական անունը պահել է: Կրոնը փոխելուց հետո իր ծնողների հետ չի շփվում: Ղուրան չի կարդացել: Իրավաբան է, չի աշխատում, պատրաստվում է բնակվել Իրանում: Չցանկացավ ամսագրի համար լուսանկարվել:
-Կրոնս փոխեցի, որովհետև սիրահարվել էի: Դժվարությամբ արեցի այդ քայլը: Երկար մտածելուց հետո: Հանուն իմ սիրո, հանուն իմ ապագայի: Բայց հավատքը ինձ համար մեկն է` անկախ նրանից, թե կրոնն ինչ է կոչվում: Այդ աղջիկն ինձ հետ չամուսնացավ իր ընտանիքի պատճառով: Աղջկա ծնողները իմացել էին, որ ես կրոնափոխ եմ եղել, գիտեին, որ մուսուլման եմ հիմա, բայց դեմ էին մեր միասնությանը: Ինձ ասացին` դու ի սկզբանե քրիստոնյա ես եղել:  Իմ սիրած էակի համար շատ կարևոր էր իր ծնողների կարծիքը:
Աղջկա հետ ծանոթացել եմ համացանցով, շատ պատահաբար: Իրանում սեմինարի էի մասնակցում: Սկզբում ամեն ինչ շատ լավ էր` ֆեյսբուքով էինք շփվում, հետո` սքայպով: Ու հանդիպեցինք: Հետո եկա Հայաստան, բայց կրկին գնացի Իրան: Ամեն անգամ գնում էի իր համար, բայց նա չէր գալիս Հայաստան: Իրանում մենք չէինք կարողանում բացահայտ հանդիպել, գաղտնի էինք հանդիպում: Կրոնս փոխեցի իր խորհրդով, սակայն դա չօգնեց:
Մահմեդական ծեսերին ծանոթացա նրա միջոցով: Նա ինձ սովորեցնում էր ամեն ինչ. ինչն է կարելի ասել, ինչը` ոչ, որտեղ ինչպես պահեմ ինձ: Մի խոսքով, դարձել էր իսլամագիտության իմ դասախոսը: Պարսկերեն սկսեցի սովորել, երբ դպրոցական էի: Ամեն ինչ դուր էր գալիս այդ ժամանակ. լեզուների ուսումնասիրությունը ինձ համար ամեն ինչ էր: Ծնողներս ոչինչ չէին խնայում, որ ես կարողանամ պարապել: Նաև սկսեցի ուսումնասիրել այդ երկրի պատմությունը: Երևի հենց դա էր պատճառը, որ հաճախ էի այցելում Իրան:
Կրոնափոխությունից հետո շատ խնդիրներ առաջացան ընտանիքիս հետ, ընկերներիս հետ: Ծնողներս մինչև օրս չեն ընդունում ինձ, մենք չենք խոսում իրար հետ: Հիմա իմ շրջապատում միայն մի մարդ է իմ ամենամտերիմ ընկերը. նա հասկացավ ինձ ու ընդունեց այնպես, ինչպես ես կամ, անկախ կրոնից: Իմ ընկերները Իրանից Հայաստան տեղափոխված մարդիկ են: Նրանց հետ եմ ամեն օր, իրենք ինձ օգնում են ամեն ինչով:
Երբ աղջկա ծնողները դեմ եղան մեր ամուսնությանը, ես եկա Հայաստան, ծնողներիս խնդրեցի, որ միասին գնանք Իրան: Կարծում էի, թե աղջկա ծնողներն` իմ ծնողների հետ ծանոթանալուց հետո գուցե տան իրենց համաձայնությունը: Սակայն հաշտեցում չեղավ: Վերադարձա: Ու երբ պատրաստվում էի նորից գնալ Իրան, իմացա, որ իմ սիրած աղջկան ծնողներն ամուսնացրել են ուրիշ տղայի հետ: Նույնիսկ դրանից հետո եմ փորձել կապ հաստատել իր հետ, բայց ապարդյուն:
Հիմա մենակ եմ ապրում Երևանում, աղոթում եմ Կապույտ մզկիթում, իմ հանգստությունը գտնում եմ այնտեղ: Չեմ ուզում նորից մկրտվել ու դառնալ քրիստոնյա. իսլամ ընդունել եմ գիտակցաբար: Հիմա ամեն ինչ ինձ համար անցյալում է, արդեն 1 տարի է անցել, ու վերջապես որոշել եմ կյանքս շարունակել նոր էջից: Պատրաստվում եմ տեղափոխվել Իրան ու ապրել այնտեղ:  


Մուստաֆա Էսսա


Ընկերները նրան անվանում են եգիպտացի, քանի որ եկել է Եգիպտոսից: Հայաստանը նրա համար Եգիպտոսից չի տարբերվում:  30 ամիս առաջ եկել է աղջկա հետևից, նորը բացահայտելու համար ու հոր զայրույթի պատճառով:  28 տարեկան է, հեռահաղորդակցության ինժեներ է:
- Բազմաթիվ պատճառնել եմ ունեցել Հայաստան տեղափոխվելու համար, բայց հիմնական պատճառը իմ նախկին ընկերուհին է եղել: Պատճառներից մեկն էլ այն էր, որ ես «15 տոկոս» հայ եմ: Եվս մեկ պատճառ կար.  Եգիպտոսից ինձ արտաքսել են, որովհետև հեռուստատեսությամբ խոսեցի իմ կրոնական հայացքների մասին: Ես հայտնեցի, որ աթեիստ եմ. եգիպտոսցիների համար սա անընդունելի էր: Ես հիմա կապ չունեմ իմ ընտանիքի հետ, ես միայն երբեմն խոսում եմ մորս հետ:
Իմ սիրած էակի հետ հանդիպել եմ Եգիպտոսում, նոր տարվա երեկույթի ժամանակ: Նա այդ ժամանակ 2 օր Եգիպտոսում էր: Ես էլ էի գնացել այդ երեկույթին, տխուր նստած էի ընկերներիս հետ: Ներքին ձայնս ասաց, որ գնամ այն կողմ, որտեղ նա էր: Ամեն ինչ սկսվեց հենց այդպես: 2 տարի եգիպտոսում ենք հանդիպել, 3 տարի` Հայաստանում:
Երբ եկա Հայաստան, այստեղ ընկերուհուս հետ հարաբերությունները չստացվեցին, որովհետև ընտանեկան պատկերացումների և աշխարհընկալումների տարբերություններ կային: Աղջկա ծնողները չընդունեցին ինձ: Մարդիկ այստեղ կարող են ինձ սիրել, հանդուրժել, ես կարող եմ այստեղ հասնել բարձունքների, բայց երբ պետք է ամուսնանաս` բախվում ես այն փաստին, որ դու եգիպտոսցի ես: Հայկական շատ ընտանիքներ ավանդապաշտ են, ու իրենց համար անընդունելի է իրենց աղջկան կամ տղային օտար ազգի տղամարդու կամ կնողջ հետ տեսնելը:
Նա չի ամուսնացել, մենք հիմա լավ ընկերներ ենք: Մենք ընդունում ենք, որ մեր հարաբերությունները երբեք չեն կայանալու: Այդ սիրուց հետո ես դեռ չեմ սիրահարվել, հիմա կենտրոնացած եմ միայն աշխատանքիս վրա: Բաժանումից հետո որոշ ժամանակ փորձեցի հանգստանալ ու ոչ մի հարաբերություն չունենալ ոչ մեկի հետ: Այսօր կան աղջիկներ, որոնց հետ հանդիպում եմ, բայց չեմ ցանկանում, որ որևէ բան լինի մեր միջև:
Իմ տատիկը միշտ գնում էր եկեղեցի, մոմ էր վառում ու աղոթում: Ես կրոնով հիմա այնքան էլ չեմ հետաքրքրվում: Երեխա ժամանակ եղել եմ մուսուլման, բայց տոնել եմ իմ բոլոր այն տոները, որոնք տոնում էին քրիստոնյանները: Իմ կյանքի որոշակի ժամանակահատվածում եղել եմ մուսուլման և շատ պահպանողական եմ եղել այդ հարցում: 6 տարի առաջ սկսեցի հետաքրքրվել կրոններով ու հասկացա, որ պետք է լինեմ աթեիստ: Արդեն 3 տարի ոչ մի բանի չեմ հավատում:
 

Տարածել