Բարի վերադարձ տատիկի երկիր. Քշիշտոֆ Պենդերեցկու առաջին այցը Հայաստան
50-ականներին աշխարհին որպես ավանգարդիստ, մոդեռնիստ ներկայացած Պենդերեցկին այսօր արդեն քայլող դասական է ու կենդանի լեգենդ: Նրա երաժշտությունը կատարում են աշխարհի բոլոր անկյուններում, առանց Պենդերեցկու երաժշտական բոմոնդ չկա:
Այստեղ նրան սպասում էին 50 տարուց ավելի. Պենդերեցկին դեռ 1957 թվականին է ստացել Հայաստան այցելելու հրավերը: Բայց «Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը միայն տասնամյակներ անց կարողացավ լեգենդար Պենդերեցկուն բերել Հայաստան` պապերի (այս դեպքում` տատիկի) երկիր: Երբ Քշիշտոֆ Պենդերեցկին տիկնոջ հետ մասնակցեց Հայաստանի Նախագահի երդման հանդիսավոր արարողությանը, խոստովանեց, որ թեև մի բառ անգամ չհասկացավ, բայց տպավորված էր և' տեսածից, և' լսածից.
- Առաջին անգամ էր, որ լսում էի հայոց լեզուն: Զգացի, որ այս լեզվով ես պե'տք է իմ խոսքն ասեմ:
Թե ի՞նչ նկատի ուներ մաեստրոն, մի քանի օրից պետք է պարզվեր՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ: Հոգևոր երաժշտության վարպետը պատրաստվում էր մի մեծ օրատորիա գրել հայ եկեղեցական տեքստի հիման վրա: Եվ Վեհափառ հայրապետն առաջինն էր, որի հետ Պենդերեցկին խոսեց այդ մասին: Սուրբ էջմիածնի Մայր տաճարում մաեստրոն մոմ վառեց, հետո երկար կանգնեց Վեհարանի գանձերի առջև, հետո քթի տակ ինչ-որ մեղեդի մրմնջալով քայլեց դեպի մեքենան: Մտքերով դեռ կաթողիկոսի հետ էր:
- Ամենակարևորն ինձ համար տպավորությունն էր, որ շփվում եմ սովորական մարդու հետ, ով դիմացինին չի կաշկանդում իր վեհությամբ: Ամենայն Հայոց հայրապետը վերահաստատեց համոզմունքս, որ մենք բոլորս նույն Հոր զավակներն ենք՝ անկախ ազգությունից, դավանանքից ու մաշկի գույնից: