BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Արդյո՞ք նրան կործանեց հայկական բնավորությունը և ին

Արդյո՞ք նրան կործանեց հայկական բնավորությունը և ինչո՞ւ ոչ ոք չփրկեց արքայադուստր Դիանային. Բացահայտ մեղադրանքներ

Մեքենաների լույսեր: Մոտոցիկլետները ընթանում էին Փարիզի փողոցներով սլացող Լիմուզինի հետևից: Ամեն ինչ ավարտվեց մի թունելում: Ուելսի արքայադուստր Դիանան, նրա սիրեկան Դոդի Ալ-Ֆայեդն ու նրանց վարորդն այլևս ոչինչ չեն կարողանա պատմել:

Էրլ Չարլզ Սպենսեր, Դիանայի եղբայրը. «Ես միշտ էլ մտածում էի, որ ի վերջո լրագրողները կկործանեն նրան: Նրա արյունն այժմ բոլոր խմբագիրների ու հրատարակիչների ձեռքին է»:

Մինչեւ այդ մամուլն  արձանագրում էր ամենահավանական ու անհավանական էպիզոդներն ու պատմությունները, արարքները, որ արել էր, կամ նույնիսկ չէր էլ մտածել անել: Հենց այդ ընթացքում նա դարձել էր լրագրողական հոդվածների գլխավոր ու ամենադոմինանտ հերոսը: Լրատվամիջոցները հասցրել էին նրան մեղադրել հազարավոր սիրավեպերի համար: Հասցրել էին հիվանդացնել Բուլեմիայով ու անորեքսիայով:
Սիրահար զույգը պատրաստվում էր փախչել: Դրսում սպասում են պապարացիները, որոնք ամեն ինչի պատրաստ են սկանդալային մեկ կադրի համար, իսկ Դիանայի հետ չկար հանդիպում առանց սկանդալի: Դուրս գալիս վարորդն անգամ բարձրաձայն հեգնեց, որ այս անգամ իրենց հնարավոր չէ հասնել: Սա ճակատագրական խոստովանություն էր: Հետո պիտի պարզվեր, որ վարորդի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմում էր 1,8 տոկոս: Մի՞թե սա զուգադիպություն էր:
Մոհամեդ Ալ-Ֆայեդ , Դոդի Ալ Ֆայեդի հայրը. «Հանելուկ է: Ես կարծում եմ, որ որդիս իր բնական մահով չի մահացել ու մինչև դա չապացուցեն ինձ, ես չեմ հանգստանա»:

Պապարացիները շաբաթներ շարունակ հետևում էին Դիանայի ու իր նոր բոյֆրենդի հարաբերություններին:  Հասարակությունը նրան, իր բոլոր քայլերի մեջ աջակցում էր, պաշտպանում ու ընդունում: Հանդուրժում էր անգամ նրա մուսուլմանական ծագում ունեցող զուգընկերոջը: Հենց դրանով ու հենց այդ շրջանում Դիանան սկսել էր իրեն երջանիկ զգալ ու ապրել ինքն իր համար` իր կյանքով: Երջանիկ լինելու մասին Դիանան արդեն հասցրել էր պատմել ընկերուհիներին:
Լեդի Էլզա Բոուկեր,  Դիանայի ընկերուհին. «Նա ասաց. «Ես երբեք այսքան երջանիկ չեմ եղել: Իմ հանդեպ ուշադիր են, ինձ ձեռքերի վրա են տանում: Ես դա առաջին անգամ եմ զգում»:

***


Սանդրինհեմյան պալատը Բրիտանիայի թագուհու ամենասիրելի բնակավայրն է: Հենց այստեղ է նա իր ընտանիքի հետ նշում ծննդյան տոներն ու թագավորական հանդիսությունները: Սանդրինհեմը Բրիտանական միապետի մի մասն է եւ համարվում է Անգլիայի ամենահարմարավետ ամրոցը:
Հենց այստեղ էր սկիզբն ու այստեղ 1961-ին  ծնվեց համաշխարհային գործիչ ու հումանիստ արքայադուստր Դիանան, Լեդի Դին կամ Դիանա Սպենսերը: Հիմա նրա ծննդավայրը նաեւ զբոսաշրջիկների ամենասիրելի  վայրն է` այցելությունները սկսվում են ապրիլին, ավարտվում` նոյեմբերին:
Դիանայի տատիկը` Լեդի Ֆերմոյը, ու թագուհու մայրն էին, որ ցանկանում էին Ուելսի արքայադստեր ու Բրիտանական թագաժառանգի ամուսնությունը: Տարիներ անց բոլոր թերթերի գլխագրերում օրվա սենսացիան էր սպասվող ամուսնության մասին: Երիտասարդ դաստիարակչուհին դարձավ երկրի գլխավոր նյուզմեյքեր:
1981-ի հուլիսին արքայազնն ու իր ընտրայլը վերջապես ասացին այնքան սպասված «այոն»: Դա տասնամյակի հարսանիքն էր, բայց արդեն այդ ժամանակ շատ բան հարթ չէր ընթանում: Զույգը Բրիտանիա նավով մեկնեց մեղրամսի: Հենց մեղրամսին ու հենց նավի վրա գույները անսպասելի խտացան ու ինչ-որ բան հուսահատեցրեց Դիանային:
Ռիչարդ Կեյ, լրագրող. «Մի անգամ Չարլզի օրագիրը ընկավ գետնին ու դրանից դուրս թռավ Կամիլայի լուսանկարը: Հետո, երբ Դիանան մտածում էր` ինչու չհաջողվեց ամուսնությունը, հասկանում էր, որ ամեն ինչ սկսվեց հենց մեղրամսից»:

Արքայական ընտանիքը ամեն ինչ վարպետորեն քողարկում էր եւ ցույց չէր տալիս, որ նորակազմ ընտանիքը ճգնաժամի մեջ է: Ամուսնությունից մեկ տարի անց Դիանան անգին նվեր մատուցեց ամբողջ երկրին`նա լույս աշխարհ բերեց առողջ թագաժառանգ:
20-րդ դարի սկզբին ժամանակի ամենածայրահեղական ու ամենավիճելի հեղինակն ու գիտնականը` Զիգմունդ Ֆրոյդը առաջին անգամ խոսեց Սուբլիմացիայի` էներգիայի փոխակերպման մասին: Այն պաշտպանական մեխանիզմ է, որով սեքսուալ ցանկությունները փոխակերպվում են` սոցիալապես անհրաժեշտ այլ նպատակներ իրագործելու համար: Մասնագետները պնդում են, Դիանայի մոտ հենց սուբլիմացիա էր` նա դեպրեսիան փոխակերպում էր հանրային գործունեության:
Որքան ազատ է Անգլիայի հասարակ քաղաքացին, նույնքան նախապաշարված է թագավորական արքունիքը: Այն ամենաազատ եւ միեւնույն ժամանակ ամենակոնսերվատիվ երկիրն է աշխարհում: Լեդի Դին իր ներքին ազատությամբ ու սուբլիմացիայի շնորհիվ սկսել ու շարունակում էր փշրել թագավորական կարծրատիպերը:
Որպես կանոն, թագավորական ընտանիքներն ունեն հատուկ վարքականոններ եւ հաճախ նրանց աղջիկները չեն դիմանում ու փախչում են: Ժամանակակից աշխարհն ու շտամպները անընդհատ կոնֆլիկտի մեջ են:
Արքայադուստր Դիանան ու իր ամուսինը ընդհանուր գրեթե ոչինչ չունեին: Դիանան իսկական սրտերի թագուհի էր եւ նա, միայն նա էր կարողանում ցավակցել դժբախտներին: Նա ուներ մի հատկանիշ, որն ամենից շատ է պակասում ժամանակակից աշխարհում` անձնազոհ էր:
Դիանան վստահ քայլում էր իր ընտրած ճանապարհով: Բայց չար լեզուները, մամուլը, պապարացիները նրա հոգատարությունը հաճախ համարում էին ինքնագովազդ, բայց դա ավելին էր, քան ինքնագովազդը. վտանգավոր էր:

Որտեղ էլ նա հայտնվեր, մեծարում էին նրան: Նա ուշադրության կենտրոնում էր` ի տարբերություն արքայազնի: Արքայազն Չարլզի սիրավեպի մասին բոլոր թերթերն էին գրում եւ ամբողջ աշխարհը գիտեր: Բոլորը խոսում էին, թե արքայազն Չարլզը ինչպես է սիրավեպի մեջ մտել Կամելա Պարկեր Բոուզի հետ:
Դիանան ամենաշատ նկարահանվող կինն էր աշխարհում: Նա չէր կարողանւմ ազատվել ստվերներից: Երկրորդ երեխայի ծննդից հետո Դիանայի ամուսնությունը արդեն քայքայման եզրին էր: Ամբողջ աշխարհն էր տեսնում, որ նա լուրջ հիվանդ է: Նախ ինքնասպանության փորձը, ապա ապօրինի կապը ձիավար Ջեյմս Խյուիտի հետ: Նրա կենսագրականի հրատարակմանն ի պատասխան` Չարլզը սկանդալային հարցազրույց տվեց:
Ռիչարդ Քեյ,  լրագրող. «Այդ հարցազրույցից հետո թագուհին գլուխը կորցրեց: Նա առանձին նամակներ գրեց Չարլզին ու Դիանային` պահանջելով բաժանվել»:

Արքունիքը  հասկացավ, որ փլվում է ամբողջ արքունական համակարգը, որովհետեւ այն չունի ֆունկցիոնալ իշխանություն: Իշխանությունը մարդկանց գլխի մեջ է: Մի կողմից թագուհու պահանջը, մյուս կողմից հենց Դիանայի նախաձեռնությունը: Ճոխ հարսանիքից 15 տարի անց տանջալի ամուսնությանը վերջ դրվեց:
Թվում էր Դիանան իր երջանկությունը զավակների մեջ էր գտնում, բայց նրան այդ հաճույքից էլ զրկեցին: Թագուհին պնդեց, որ թոռների դաստիարակությունը հանձնվի իրեն: Այնուամենայնիվ, ճակատագիրը Դիանային պարգևեց մի ժպիտ` Դոդի Ալ-Ֆայեդին` միլիոնատեր փլեյբոյին: Նրա հայրը եգիպտոսցի բիզնեսմեն էր, բայց միշտ երազել էր, որ իրեն բրիտանացի համարեն:
Ի՞նչ տեղի ունեցավ այն գիշեր իրականում: Խա՞ռն էին արդյոք հատուկ ծառայության աշխատակիցները: Վարկածները շատ են: Փաստն այն է, որ Դիանայի մահից մի քանի օր առաջ նա խոսեց քաղաքականության մասին, իսկ արքունիքի ներկայացուցիչներին արգելված է այդ թեմայով խոսել: Դա Դիանայի նախավերջին ինտերվյուն էր: Նա շփոթվել էր ու զղջացել, բայց արդեն ուշ էր, թերթերը տարածել էին նրա խոսքը:
Ամերիկահայ պրոֆեսոր Լեւոն Թոփազյանը արքայադուստր Դիանայի սպանության նոր ու սենսացիոն վարկած առաջ քաշեց վերջին շրջանում: Նրան սպանել է հայկական բնավորությունը: Ըստ նրա` Լեդի Դին մոր կողմի նախատատը հնդկաստանի հայ է եղել` Էլիզա Ֆորբեզյան: Նրա կարծիքով Դիանան իր խառնվածքով եւ բնավորությամբ տիպիկ հայուհի էր: Ըստ պրոֆեսորի` Արքայադուստրն իր հայկական խառնվածքով անգլիական թագավորական ընտանիքում ընկալվում էր որպես օտարածին, չափազանց անզուսպ եւ ագրեսիվ:
Այնուամենայնիվ, գործը փակված է: Բոլոր փաստերը խոսում են դժբախտ պատահարի մասին, չնայած պատվիրված սպանության կասկածները չեն փարատվել ու պահպանում են իրենց կենսունակությունը: Անգամ վթարից հետո ամեն ինչ հնարավոր էր փոխել, բայց անհասկանալի պատճառներով ոչ ոք չփորձեց, կամ թույլ չտվեցին փորձել փրկել արքայադստերը: Նա կարող էր եւ ողջ մնալ:
Ֆիլիպ Բրյուեր, դատական բժիշկ-փորձագետ. «Նրան հիվանդանոց հասցրին վթարից 1 ժամ 41 րոպե անց միայն: Կարծում եմ` դա մահվան պատճառներից մեկն էր: Նա կարող էր ողջ մնալ, եթե ժամանակին ցուցաբերվեր առաջին բուժօգնություն և, եթե նա մի քիչ ավելի շուտ հասներ վիրահատարան: Իսկ դա հնարավոր էր»:

Դիանայի մահը ցնցեց աշխարհը: Բրիտանացիները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ով էր իրենց իրական թագուհին: Սրտերի թագուհին: Լոնդոնի փողոցներում Միլիոնավոր մարդիկ ողբում էին նրա մահը: 2.5 միլիարդից ավելի մարդիկ ամբողջ աշխարհում հեռուստացույցով հետևում էին լեգենդի վերածված կնոջ հողարկավորության արարողությանը:
Դիանան  համաշխարհային գործիչ էր, որը կյանք մտավ արտաքուստ երջանիկ, բայց իրականում դժբախտ: Ապրեց սիրած տղամարդու հետ, որն իրականում ուրիշին էր սիրում ու նույնքան դժբախտ ու ողբերգական վախճան ունեցավ: Գրեթե Շեքսպիրյան վախճան:
Բայց սերունդները նրան երկար կհիշեն, միայն նրա առաջ քաշած երեք տեսությունների համար. առաջին` կարեւոր չէ ինչ սոցիալական անցյալ ունեք, թագուհի, արքայազն, կարեւորը մարդն է: Երկրորդ` նա կարողացավ հաշտեցնել ընտանեկան մոդելը: Եվ երրորդ նա ցույց տվեց իրական բարեգործության կոնցեպցիան: Նա պարզապես փող բաժանող չէր: Նա բարեգործ էր:

Տարածել