Լահուդներ. Լիբանանի հայ նախագահն ու նրա հայուհի ազնվական կինը
Լիբանանի Մարոնի համայնքի վերնախավում տիրում են ֆրանսիական բարքեր: Ֆրանսիական նրբաճաշակությունը, արվեստի տարբեր ճյուղերի հանդեպ հետաքրքրությունը, լեզուների իմացությունն անպակաս են Մարոնի շատ ընտանիքներից: Նրանց երեխաները դեռևս մանկապարտեզում սովորում են քաղաքավարության, բարեկրթության և վարվեցողության կանոնները, մայրենի լեզվից առավել սերտում են ֆրանսերենը: Եվ այս ամենը պատահական չէ: Լիբանանը երկար տարիներ եղել է Ֆրանսիայի գաղութ, և Ֆրանսիայի մշակույթը հիմնավորվել է այստեղ: Ֆրանկոֆոնի անդամ երկրների շարքում Լիբանանն առաջատար է, այստեղ անցկացվում են Ֆրանկոֆոնի բազում համաժողովներ և ցուցահանդեսներ: Ու այս ամենը` ի հակադրություն երկրի անկայուն վիճակին, պատերազմական վտանգներին և ներքաղաքական մշտական լարվածությանը:
Սա Լիբանանի կենսունակության գաղտնիքներից մեկն է,- ասում է Լիբանանի նախկին առաջին տիկին Անդրե Լահուդը, որին միշտ զարմացրել է, թե հերթական հարվածից հետո լիբանացին ինչպես է կարողանում ոտքի կանգնել և շարունակել արժանապատիվ ապրել:
Լահուդների տանը նույնպես տիրում է եվրոպական շունչը: Բնակարանը կահավորված է դասական հանգստավետ ոճով, արևելյան պճնանքից ու գունագեղությունից զերծ: Տիկին Անդրե Լահուդը մեզ դիմավորում է անձամբ: Մեզ սուրճ են հյուրասիրում. տանտիրուհին սուրճ խմելու սովորություն չունի, սակայն որպես հարգանքի նշան` մեզ ընկերանում է «քաֆեբլա»-ով («ճերմակ սուրճ», որն իրականում միայն ջուր է` լցված սուրճի գավաթի մեջ), որը նույնպես ֆրանսիական սովորույթ է: Բայց դժվար է այս ընտանիքը պատկերացնել որպես ամբողջությամբ այս կամ այն մշակույթը կրող: Լահուդների ուղիղ կեսը հայկական ծագում ունի: Երկրի նախկին նախագահ, Նորին գերազանցություն Էմիլ Լահուդի մայրը` Ադրինե Բադջակյանը, Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքներից էր և մինչև կյանքի վերջը խոսում էր միայն հայերեն: Հայուհի է նաև Էմիլ Լահուդի կինը` Ամատունիների ազնվականական գերդաստանից: Նա հաճախել է Լիբանանի Հռիփսիմյանց հայկական դպրոցը, սակայն հանգամանքների բերումով հեռու է մնացել հայկական միջավայրից, հայոց լեզուն ժամանակի ընթացքում տեղը զիջել է արաբերենին, ֆրանսերենին, անգլերենին: