Կաննի էրոտիկ ամփոփում. Ֆրանսուա Օզոնը բառացիորեն ցույց է տվել կնոջ ներաշխարհը
Ի՞նչ է ուզում կինը, ի՞նչ է զգում կինը, ի՞նչ է պատկերացնում կինը... Ակտիվ նկարահանող ռեժիսորները վերջին մի քանի տարվա ընթացքում փորձել են պատասխանել այս հարցին՝ ժամանակակից կնոջը տեղադրելով ազատ և անկախ, հարմարավետ և ապահովված խավի ինտերիերում (Elle, Nocturnal Animals):
Օզոնի նոր ֆիլմի հերոսուհին՝ 25-ամյա Քլոեն (Մարինա Վակտ), վերջին տարվա արթ-մեյնսթրիմի հոգեբանական խնդիրներ ունեցող հերոսուհիների պես, գեղեցիկ է և շրջապատված է գեղեցիկով, աշխատում է թանգարանում, տանն ունի սիրելի սև կատու։ Նաև ստամոքսի ցավեր ունի. ըստ գինեկոլոգի`խնդիրը հոգեբանական է: Նա սա բացատրում է ֆիլմի շոկային և անսպասելի բացման տեսարանում (բժշկական ապարատուրան պահում է լայն բացված, բաց վարդագույն հեշտոցը)։ Քլոեն սկսում է այցելել հմայիչ հոգեթերապևտ Պոլին (Ժերեմի Ռենյե): Մի քանի սեանսից հետո զույգը սկսում է հանդիպել և ապրել միասին, նույն բնակարանում։
http://www.youtube.com/watch?v=SUuDns5gn50
Հենց այդ` բնակարանային պահից սկսած, Օզոնի թրիլերը հիշեցնում է և՛ Պոլանսկու «Ռոզմարիի երեխան», և՛ Քրոնենբերգի էրոտիկա-հոգեբանական խաղերը, և՛ գուցե որոշ դրվագներում անգամ ալմոդովարական զգացմունքայնությունը։ Քլոեի հիվանդագին տարվածությունը Պոլով և, ինչպես քիչ անց պարզվում է սյուժեից, Պոլի երկվորյակ եղբայրով, աղջկան նետում է ֆանտազիաների, կասկածների և մոլեգնության գիրկը։ Մոր հետ բարդ հարաբերությունները, ժամանակին չստացված ընտանեկան ջերմությունն ու չստացած սերը Քլոեին գցում են սյուրռեալիստիկ չափման մեջ։
Թեման հին է, ինչպես ֆրանսիական կինեմատոգրաֆը: Օզոնը խաղում է հանդիսատեսի հետ, խառնաշփոթ սարքում, մանիպուլյացիայի ենթարկում։ Եթե ոչ վերջին սյուժետային թվիսթը (որի մասին մենք կլռենք, որպեսզի խուսափենք մեծ սփոյլերից), ապա ֆիլմն ուղղակի սովորական ֆրոյդական ցնորք է՝ սեքսուալ, անչափ էսթետիկ և գրավիչ, բայց ոչ այնքան խորը, որքան Քլոեի երևակայական հորձանուտը։
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)