Լիլի Հովեր. «Իմ մանկության Barbie-ն նվիրելու եմ ապագա դստերս»
newmag-ն ու աշխարհահռչակ MATTEL կորպորացիայի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ Մարլի ընկերությունը բացառիկ մի նախագիծ են իրականացնում, որը հայ աղջնակներին ու նրանց ծնողներին առաջարկում է իրագործել երազանքները Barbie-ի հետ: Հիմնական գաղափարն ուղղված է ոգևորելու և ներշնչելու երիտասարդ աղջիկներին, որպեսզի վերջիններս հետևեն իրենց երազանքներին: Չէ՞ որ իրականում Barbie-ն պարզապես տիկնիկ չէ, նրա առաքելությունն աղջիկներին օգնելն ու քաջալերելն է, որպեսզի նրանք կարողանան բացահայտել իրենց անսահմանափակ հնարավորություններն ու սովորել, որ յուրաքանչյուր երազանք կարելի է իրականացնել, եթե իսկապես հավատում ես այդ երազանքի ուժին։
Նախագծի համար ընտրվել են իրենց մասնագիտություններում հաջողության հասած կանայք, որոնք իրենց փորձով օրինակ են դեռահաս աղջիկների համար և ցույց են տալիս, որ յուրաքանչյուր ոք կարող է լինել այն, ինչ երազում է: Այս անգամ Barbie տիկնիկների հետ ունեցած իր պատմությունը մեզ բացահայտեց Լիլի Հովերը: Լիլի Հովերը հայ էկրանի ամենասիրված դեմքերից է: Նա «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի հաղորդավարուհիներից է:
- Հիշո՞ւմ եք Ձեր մանկության առաջին Barbie-ն: Կպատմե՞ք նրա մասին:
- Իմ կյանքում խաղալիքների հարցում միշտ շատ շռայլ է եղել ավագ մորեղբայրս։ Հիշում եմ, որ նա հաճախ էր ճամփորդում և միշտ բացառիկ տիկնիկներ էր բերում ինձ և քույրերիս։ Նաև Barbie-ներ։ Նրա նվիրած խաղալիքները մինչև հիմա մնում են շատ լավը և չկրկնվող։ Մեր Barbie-ները սովորաբար միկրոֆոնով էին, հավանաբար երգչուհիներ էին, ամեն դեպքում խոսք և ձայն կրողներ էին։
- Ո՞վ է Ձեզ նվիրել առաջին Barbie տիկնիկը:
- Հավանաբար նորից մորեղբայրս: Նա սիրում էր երջանկացնել մեզ, «երես տալ» և նվիրում էր լավագույնը։
[gallery columns="2" ids="50354,50355"]
- Ձեր Barbie-ն ունե՞ր մասնագիտություն:
- 90-ականներին արդեն հրաշալի էր նման շքեղ տիկնիկ ունենալը, հաճախ մասնագիտությունն արդեն անկարևոր էր դառնում։ Դրանք սովորաբար շլացուցիչ փայլով տիկնիկներ էին՝ երեկոյան զգեստներով, ինքնատիպ սանրվածքով։ Խոսափող ունեին ձեռքներին։ Հավանաբար ուղեկցող տարր էր: Երբ առաջին անգամ միկրոֆոն վերցրի ձեռքս, մեծ պատասխանատվություն զգացի։ Միայն հիշում եմ, որ երազում էի Barbie-ի պես սլացիկ և գեղեցիկ կազմվածք ունենալ։ Ապշեցուցիչ ու զարմանալի է, որ շուրջդ փնտրում ես նման հարդարված վարսերով, գեղեցիկ զգեստներով աղջիկների ու չես գտնում։ Barbie-ին ձգտման չափանիշ էր:
- Ինչպե՞ս կարող է Barbie տիկնիկն ազդել երեխայի մասնագիտական կողմնորոշման վրա: Այն Ձեզ օգնե՞լ է կողմնորոշվել այդ հարցում:
- Իմ մասնագիտության ընտրությունն այլ պատմություն ունի, բայց ինձ հավանաբար հավելյալ կանացիություն է փոխանցել այս հրաշք տիկնիկը։
Հիմա, երբ առավել հստակ եմ պատկերացնում տիկնիկների դերը երեխայի զարգացման ճանապարհին, զարմուհուս և ընկերներիս աղջիկներին գեղեցիկ Barbie-ներ եմ նվիրում: Դրանք բարի դիմագծերով են, խնամված, ինքնավստահ և կանացի:
- Ի՞նչ խաղ էիք խաղում Ձեր Barbie տիկնիկի հետ։
- Ես դրանք հիմնականում խնամքով պահել եմ՝ համարելով «անգին գանձ»։ Առավելագույնը զգեստն եմ փոխել կամ վարսերը հարդարել։
- Դուք հաղորդավարուհի եք, անընդհատ էկրանին եք, և Ձեզ շատերն են տեսնում հեռուստատեսությամբ: Ձեզ երբևէ նմանեցրե՞լ են Barbie տիկնիկի:
- Հավանաբար միայն ընդգծված շեկ վարսերի պատճառով։ Բացի դրանից, առաջին Barbie տիկնիկի անունն էլ էր Լիլի։ Այդ մասին ինձ ծնողներս են պատմել: Երբ վերջերս նյութ էի պատրաստում Barbie-ների մասին, ինքս էլ կարդացի և հասկացա, որ ծնողներս ոչինչ չեն հորինել:
- Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր մեծ երազանքներ ունեն, սակայն վախենում են դրանք իրականացնելուց:
- Վախ չկա, այն վառ երևակայություն է։ Պետք է ուղեղում ամրացնել մեծ կոճգամով, որ վախը մտացածին երևույթ է, պատկերացում է մի բանի մասին, ինչը չի եղել և հաճախ չի էլ լինելու։ Վախենալու փոխարեն կրկնեք «ես կարող եմ» լավագույն արտահայտությունը։ Եվ ուրեմն, ինչո՞ւ վախենալ, երբ շուրջդ արևոտ է։
Կարդացեք նաև․
- Սիրուշո․ «Չկա որևէ նախապայման. պիտի լինես այնպիսին, ինչպիսին կաս»
- Մարիաննա Պողոսյան. «Երբեք, երբեք մի՛ մոռացեք Ձեր մեծ երազանքի մասին»
- Լուիզա Ղամբարյան․ «Անկախ տարիքից՝ պետք է հավատալ երազանքին»
- Հուրի Գեբեշյան. «Հետևե՛ք երազանքներին»
- Կարելի՞ է ասել, որ Դուք հասել եք նրան, ինչին ձգտում էիք: Եթե հնարավորություն ունենաք վերադառնալու անցյալ, ի՞նչը կփոխեք:
- Ես իմ ցանկությունների ուղիղ կես ճանապարհին եմ։ Շատ ձգտումներ ունեմ, մեծ նպատակներ, որոնց պետք է հասնեմ աշխատանքում և անձնական կյանքում։ Այնպես որ, հիմա ավելի քան ջանում եմ հեռուստադիտողի համար և պատրաստ եմ ավելին անելու։
[gallery columns="2" ids="50353,50352"]
Ինձ դաստիարակել են այնպես, որ միայն չարածի՛ համար է պետք մտահոգվել, քանի որ ժամանակը սահում է։ Այդ «տևական ափսոսանքը» թույլ չի տալիս առաջ ընթանալ և մարդուն քայքայում է ներսից։ Միշտ պետք է գիտակցել, որ ամեն ինչ կարելի է փոխել, շտկել: Անթերի մարդիկ և պատմություններ չկան։ Ինձ առավել քան դուր է գալիս «հիմա»-ն, քան անց-յալում թողածը։
- Հիմա ունե՞ք Barbie տիկնիկներ: Եթե այո, ի՞նչ եք անում դրանց հետ: Թողել եք միայնա՞կ, պահարանո՞ւմ:
- Մանկությանս Barbie-ն դարակում է, խնամքով պահված։ Նվիրելու անդիմադրելի ցանկություն ունեմ, հաճախ ուզում եմ նվիրել, բայց մի միտք թույլ չի տալիս անել դա. պետք է աղջիկ ունենամ և տիկնիկս նվիրեմ նրան: Ինձ համար այդ Barbie-ն միայն տիկնիկ չէ, այն նաև մանկության փոքրիկ դրվագ է:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։