[Շարունակությունը`գրքում] Ուիլյամ Շեքսպիր. Լիր Արքա
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
Փոթորիկը շարունակվում է: Գալիս են Լիրը և Խեղկատակը:
ԼԻՐ - Փչե՜ք, հողմե՜ր, ձեր այտերը պատռե՜ք, փչե՜ք
Եվ մոլեգնե՜ք, դո՜ւք, տարափնե՜ր ու հեղեղնե՜ր,
Թափվե՜ք, ծածկե՜ք աշտարակներ, հողմացույցներ:
Ծծմբայի՜ն, մտքից արագ հո՜ւր, սուրհանդա՜կ
Կաղնի ճեղքող կայծակների, մրկի՜ր ճերմակ
Իմ գլուխը, դո՜ւ, ամեն ինչ ցնցող ամպրո՜պ,
Խփի՜ր, հարթի՜ր երկրի կարծր գունդը, ճեղքի՜ր
Դու բնության կաղապարներն, իսպառ ջնջի՜ր
Ապերախտ մարդ ծնող սերմը:
ԽԵՂԿԱՏԱԿ - Օ՜, քեռի՛, ավելի լավ է` պալատի օրհնած
ջուր մի չոր տան մեջ, քան այս անձրևաջուրը` դրսում:
Բարի՛ քեռի, նե՛րս գնա, խնդրի՛ր դուստրերիդ օրհնությու նը.
սա մի գիշեր է, որ ո՛չ խելոքին է խնայում, ո՛չ հիմարին:
ԼԻՐ - Թնդա՜ սաստիկ, կրա՜կ, ժայթքի՜ր, անձրև՜, տեղա՜,
Անձրև՜, քամի՜, հո՜ւր ու որո՜տ, դուստրերս չեք,
Չեմ մեղադրում ձեզ, տարերքնե՜ր, չարության մեջ,
Ձեզ տերություն ես չեմ տվել, զավակ կոչել,
Պարտավոր չեք ինձ ենթարկվել,
ուստի թափվե՜ք Ժանտ հաճույքով.
ձեր ստրուկն եմ ես` այստեղ կանգնած,
Մի թույլ, հիվանդ, արհամարհված հեգ ծերունի...
Բայց դեռևս ձեզ կանվանեմ ստոր ծառաներ,
Որ զույգ անգութ դուստրերիս հետ մեկտեղել եք
Ձեր երկնածին զորագունդը` այսքան ճերմակ
Եվ այսքան ծեր մի գլխի դեմ: Օ՜ պղծություն...
«Շարունակությունը` գրքում» բաժնի բոլոր գրքերը
ԽԵՂԿԱՏԱԿ - Ով իր գլուխը ծածկելու համար տուն ունի, լավ գդակ ունի:
Եթե առնին տուն գտնի
Նախքան գլուխն` ապաստան,
Նա գլխի հետ կոջլոտի`
Ինչպես պագշոտ մուրացկան:
Եթե մեկը շփոթի
Ոտքի մատը սրտի հետ,
Կողբա ցավից իր կոշտի
Եվ չի քնի առհավետ:
Քանզի դեռ չի եղել մի գեղեցիկ կին, որը հայելու առաջ դեմքը չծամածռի:
Գալիս է Քենթը:
ԼԻՐ - Ո՛չ, ես պետք է տոկունության օրինակ տամ. Բան չեմ ասի:
ՔԵՆԹ - Ո՞վ է այդտեղ:
ԽԵՂԿԱՏԱԿ - Ո՞վ. մի արքա և մի պոչ, այսինքն` մի խելոք ու մի հիմար:
ՔԵՆԹ - Տե՛ր իմ, դո՞ւք եք, ավա՜ղ, գիշեր սիրողին էլ
Նման գիշեր դուր չի գալիս: Վախեցնում է
Ցասկոտ երկինքն անգամ մթնում շրջողներին,
Պահում որջում: Ես չեմ հիշում, թե կյանքումս
Լսած լինեմ հրի այսքան ճայթյուն, նման
Ահեղ ամպրոպ, անձրևախառն հողմի մռունչ:
Մարդու բնույթն այս սարսափին ու աղետին Չի դիմանա:
ԼԻՐ - Մեծ աստվածներն, ովքեր դժխեմ
Այս աղմուկը մեր գլխին են բերել, թող շուտ
Գտնեն իրենց ոսոխներին: Սոսկա՛, թշվա՛ռ,
Եթե քո մեջ դու սքողված հանցանք ունես
Եվ փախել ես արդարության խարազանից:
Թաքնվի՛ր, դո՛ւ, արյունո՛տ ձեռք, դո՛ւ, ուխտազա՛նց,
Դո՛ւ, թվացյալ պարկե՛շտ, սակայն արյունապի՛ղծ:
Դողա՛, ստահա՛կ, եթե, ծպտյալ ու կեղծ տեսքով,
Մահ ես նյութել: Խոր թաղված մե՛ղք, թաքստոցդ
Ճեղքի՛ր, խնդրի՛ր, որ այս ահեղ կոչնակները
Քեզ խնայեն. իսկ ես մեկն եմ` ավելի շատ
Մեղքից տուժած, քան մեղսագործ:
ՔԵՆԹ - Ա՜խ, գլխաբա՜ց.
Վեհապա՛նծ տեր, մոտակայքում մի խրճիթ կա,
Որ կլինի ձեր ընկերը փոթորկի դեմ:
Հանգի՛ստ առեք այնտեղ, մինչև վերադառնամ
Ես այն կարծր տունը, որը իր քարերից
Անգամ կարծր է, և ինձ հենց նոր, ձեզ փնտրելիս,
Ներս չթողեց: Պիտի գնամ, ուժով կորզեմ Նրանց ժլատ բարությունը:
ԼԻՐ Ես սկսում եմ Խելագարվել...
[Խեղկատակին] Արի՛, տղա՛ս, ո՞նց ես, տղա՛ս,Մրսա՞ծ. ես է՛լ:
[Քենթին] Հյուղակն ո՞ւր է, բարեկա՛մս,
Կարիքն ունի արտասովոր մի հատկություն.
Նա կարող է չնչին բանը դարձնել անգին:
Տա՛ր քո խրճիթ:
[Խեղկատակին] Խե՜ղճ խենթ, սրտիս մի մաս ունեմ,
Որ ցավում է դեռ քեզ համար:
ԽԵՂԿԱՏԱԿ [Երգում է:] Նա, ով մի քիչ ուղեղ ունի,
Պետք է, քամուն ու անձրևին,
Իր արժանի բախտն ընդունի,
Թեկուզ ամեն օր անձրևի:
ԼԻՐ - Ճիշտ է, տղա՛ս:
[Քենթին] Արի՛, մեզ տա՛ր այդ խրճիթը:
Լիրը և Քենթը գնում են: